Չինաստանի ու այնտեղ ապրող հայերի մասին [Մելանի Սարգսյանը պատմում է] - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Չինաստանի ու այնտեղ ապրող հայերի մասին [Մելանի Սարգսյանը պատմում է]

Մեր նախկին ու հիասքանչ լրագրող Մելանի Սարգսյանն արդեն մի քանի ամիս է՝ ապրում ու աշխատում է Չինաստանում։ Եվ քանի որ հիմա այնտեղ լարված վիճակ է մահացու վիրուսի պատճառով, և քանի որ շատերին է հետաքրքիր՝ ինչ են անում հայ երիտասարդներն այնտեղ, որոշեցինք զրուցել Մելանիի հետ, որպեսզի նա մեզ պատմի ողջ իրականությունն այդ չքնաղ երկրի ու օրերիս խնդիրների մասին։


Չինաստան ջան

Նախ սկսեմ նրանից, որ Չինաստանն ամեն մարդու սրտով չի լինի, ինչպես ցանկացած այլ երկիր: Կոնկրետ ինձ՝ ասիական մշակույթի սիրահարիս համար Չինաստանը բազմաթիվ լավ հնարավորությունների, համեղ ուտելիքի, բարեհամբույր ու շուտ քնող մարդկանց, ապահով մետրոյի, սիրուն տղաների ու գունավոր լույսերի երկիր է:

Ես ապրում եմ Չինաստանի մշակութային մայրաքաղաք համարվող Սիան քաղաքում․․․

․․․որտեղ բնակչությունը 7 միլիոնից ավելի է, ու էս կարճ ժամանակում, որ հասցրել եմ էնտեղ անցկացնել, ոչ մի անգամ չեմ հանդիպել էնպիսի չինացու, որը պատրաստ չի անծանոթին օգնել, եթե դրա կարիքը կա ու եթե անգլերենին քիչ թե շատ տիրապետում է: Չնայած եթե անգամ չգիտեն, ձեռք ու ոտքով հասկացնում են ինչ պետք է, թե ինչքանով կհասկանաս՝ էդ արդեն քո խնդիրն է:

Ի՞նչ կա Չինաստանում, որ չկա էլ ոչ մի տեղ… էս հարցին բացարձակ պատասխան տալը մի քիչ դժվար է, բայց երևի իրոք կասեմ Չինական Մեծ պատ. ոչ մի տեղ հաստատ 21 կմ եկարություն ունեցող չինական պատ չկա: Հա ու մեկ էլ TaoBao՝ օնլայն խանութ, որտեղ կա ԱՄԵՆ ԻՆՉ:

 

ծայրահեղ տարբերություններն ու նմանությունները

Իրականում ասեմ, որ չինացիներն ու հայերն իրար բավականին նման են: Նման ենք հյուրասիրությամբ, շատ հարցերում նույն մտածելակերպով, ծնողների կողմից հաճախ հնչող՝ շուտ ամուսնանալու խնդրանքներով, մեծերի հանդեպ ունեցած հարգանքով, ուշ ժամերին փողոցներում եղած ապահովությամբ:

Ամենամեծ ու ծայրահեղ տարբերությունը Չինաստանի ու Հայաստանի միջև ինձ համար կոմունալ ծախսերի վճարումն է: Հայաստանում շատ պարզ է՝ ուղղակի ամսվա կտրվածքով օգտագործում ես ինչքան ջուր/գազ/լույս ուզես, իսկ ամսվա վերջում ուղղակի օգտագործածիդ համար վճարում ես: Իսկ Չինաստանում՝ Սիանում, էդպես չի:

Առաջին անգամ հիշում եմ՝ ոնց էի ապշել: Ուրեմն, դու էնտեղ ունես ջրի, լույսի ու գազի համապատասխան քարտեր, որոնց վրա պիտի գումար նստեցնես քո շենքի գույքային գրասենյակում, կամ հավելվածով: Հետո էդ քարտի վրա եղած QR կոդն անց ես կացնում խողովակների վրա տեղադրված համապատասխան մինիսարքով: Գումարը միանգամից դառնում ա լույս/ջուր կամ գազ ու կարող ես օգտագործել միչև սպառվելը՝ ինչքան ամիս, որ կձգի:

Մեկ այլ ՄԵԾ տարբերություն է տրանսպորտը:

Չինաստանում էդ մասով ուղղակի դրախտ է. ավտոբուսները գալիս են շուտ-շուտ ու դատարկ, անգամ խցանում չեմ տեսել Սիանում: Մյուս ծայրահեղ տարբերությունը մաքուր օդն է, որը կոնկրետ Սիան քաղաքում բացակայում էլ: Էդ աղտոտված օդային շերտը նույնիսկ չի թողնում, որ անզեն աչքով աստղերին նայես. 4 ամիս է, ոչ մի աստղ չէի տեսել, լուսինը լրիվ մենակ էր: Բայց Պեկինում ու մի շարք այլ չինական քաղաքներում աստղեր տեսնելը հնարավոր է, էնպես որ պետք չէ հիասթափվել:

Հա ու ամենակարևոր ու ինձ համար ուղղակի ցնցող տարբերությունը քթերն են:

Չինացիներն ուղղակի ՍԻՐԱՀԱՐՎԱԾ են մեծ քթերի ու մեծ քիթ տեսնելու դեպքում չեն թաքցնում իրենց հիացմունքը: Նույնիսկ գնում ու տարբեր վիրահատություններ են անում մեծ քիթ ունենալու համար, մինչդեռ էսօր Հայաստանի ճնշող մեծամասնությունն անում է հակառակը:

Ողջ աշխարհը Չինաստանից կարող ա սովորել․․․

․․․աշխատասիրություն, սպասարկման ոլորտի շատ նորմեր, հարմարավետություն ամեն հարցում ու ապահովություն: Էս մարդկանց մետրոն անգամ ամենաապահով վայրերից է, էլ ինչի՞ մասին է խոսքը: Գնացքի տակ ուզես էլ, չես ընկնի, որովհետև ամեն ինչ ապակիներով փակ է՝ ԱՊԱՀՈՎ: Հայերն էլ կարող են քաղաքը մաքուր պահելու ու հարմար երթևեկություն ստեղծելու քաղաքականությունը սովորել: Հա ու անընդհատ գոլ ջուր խմելը. օգտակար է:

Հայերը Չինաստանում․․․

․․․հիմնականում սովորում ու/կամ աշխաատում են: Աշխատանքը, որը հիմնականում տարբեր տարիքի մարդկանց անգլերեն դասավանդելն է, բավականին լավ վարձատրվող գործ, եթե ունես համապատախան գիտելիքներ ու մի քիչ էլ փորձ: Աշխատանքային պայմանները տարբեր մարդկանց համար տարբեր են լինում, դրա համար հստակ ինչ-որ համընդհանուր բան ասել չեմ կարող, բայց կա մի բան, որը կարծում եմ ընդհանուր է Հայաստանից ու այլ երկրներից Չինաստան եկած ու աշխատող մարդկանց համար․ հարմար, լավ պայմաններ, քանի որ չինացիներն առանձնահատուկ լավ վերաբերմունք ունեն արտասահմանցիների հանդեպ:

ծիծաղելի ու արտասովոր իրավիճակներ․․․

Օրինակ փողոցում քայլելիս մեկ էլ մի անծանոթ չինացի կգա ու կսկսի հիացած խոսել քթիդ մասին, եթե իհարկե քիթդ հայկական քիթ է: Ես սկզբում չէի հասկանում՝ ձե՞ռք էին առնում, թե՞ իրոք հավանում են նման քթեր, բայց չէ. իսկապես սիրում են մեծ քթով ու մեծ աչքերով մարդկանց: Եթե սպիտակամաշկ էլ ես, ուրեմն ավելի լավ քեզ համար՝ դու աստղ ես իրենց շրջանում:
Կգան հետդ կնկարվեն, իրենց էրեխեքին կդրդեն, որ իմացած անգլերենը քեզ ցույց տան: Բայց շատ բարեհամբույր ու քյութ են, դրա համար մերժելը շատ դեպքերում դժվար է:
Ծիծաղելի պատմության մեջ կարող ես հայտնվել նաև լեզվի պատճառով, որովհետև չինացիների մեծ մասն անգլերեն չգիտի ու ինքս շատ եմ հայտնվել ահավոր ծիծաղելի դեպքերի կենտրոնում, որոնցից միշտ ուրախ ու նոր ընկերներով եմ դուրս էկել:

Խոհանոցային տարբերությունների պատճառով էլ․․․

․․․պակաս չես ծիծաղի կամ ուրախանա կամ էլ տխրի ու քաղցած մնա: Բայց եթե հիշես ասել «բույաոլա»՝ «կծու չեմ ուզում», ուրեմն ամեն ինչ, շատ հնարավոր է, լավ դասավորվի:
Ամեն դեպքում ասիական մշակույթ սիրող մարդու համար Չինաստանը դառնում է երկրորդ տուն, որտեղ անսահման հետաքրքիր հիշողություններ կարող ես ստեղծել, եթե իհարկե վատ չտրամադրվես տեղացիների հանդեպ, կամ ավելի վատ` լինես ռասիստ: Ուղղակի պետք ա բաց միտք ունենալ:

վիրուս, խուճապ․․․․

Ես շատ թեթև ու կասկածանքով եմ վերաբերվել ու վերաբերվում այս հարցին, գուցե սխալ մոտեցում է, բայց դե… լինելով լրագրող՝ սովորում ես կասկածել ամեն ինչի:

Չինաստանում իսկապես կա զգուշություն: Հասարակական վայրերի մեծ մասը փակ է, փողոցում շատ մարդիկ չկան, դուրս եկողներն էլ պարտադիր դիմակ են կրում, մետրոյում ստուգում են ջերմությունդ ու շատ ավտոբուսներ չեն աշխատում: Բայց սա ուղղակի Չինաստանի ընտրած ձևն է վիրուսի տարածումը կանխելու համար:

Իսկ ինչ վերաբերում է ճանաչում ձեռք բերելու համար արվող էժանագին հոլովակներին, թե իբր ուտելիք չկա խանութներում, սով է, ամեն ինչ ահավոր է և այլն, էդ ուղղակի հիմարություն է: Ուտելիք Չինաստանում շատ կա, ու ներկա պահին էլ մարդիկ դրանից չեն նեղվում: Ինձ ծանոթ չինացիների հետ երբ զրուցում եմ, զգում եմ, որ իրենք էլ են հանգիստ, հիմնական խուճապը մեծ մասամբ դրսից է գալիս:

Էսպես ասեմ․․․

Չինաստանում բնակվում է մոտ 1,5 մլրդ մարդ, իսկ շատ տվյալների համաձայն՝ կորոնավիրուսից Չինաստանում մահացել է 910, ու բուժվել 3000 մարդ: Տոկոսային հաշվարկով մահացածների թիվը իրոք փոքր է, եթե հաշվի առնենք նաև, որ մահվան ելքերը հիմանականում բարձր տարիքի կամ խրոնիկ հիվանդություն ունեցող մարդկանց մոտ է գրանցվել:

Հիմա աշխարհի շատ երկրներում վիրուսային «հոսքեր» կան․․․

․․․որոնք կորոնավիրուսի հետ կապ չունեն: Վերցնենք Հայաստանը, ինչքա՞ն բարեկամներ ու ընկերներ ունենք, որոնք հիմա նորմայից բարձր ջերմություն ունեն, կամ հազում են, կամ ուղղակի գրիպ են: Ուղղակի միջազգային լրատվամիջոցները գուցե շատ բուռն ու չափազանցեցված արձագանք ունեցան Չինաստանի կտրվածքով, կամ գուցե Չինաստանն է շատ բաներ գաղտնի պահել. հաստատ ասել չենք կարող, բայց եկեք ընդունենք, որ Չինաստանը կորած երկիր չի ու ամեն հնարավոր բան կանի այս հարցը հնարավորինս շուտ լուծելու համար, որովհետև միլիարդավոր կորուստներ է կրում էս պահին: Պետք է ուղղակի դրական տրամադրվել, հիմար կատակներ չանել ու սպասել լավ լուրերի, միևնույն ժամանակ ավելորդ զգուշությունն էլ չի խանգարի ԲՈԼՈՐ տեսակի վիրուսներից:


Չինաստանում կարանտինից հետո բացվել է առաջին կինոթատրոնը

Կորոնավիրուսը բարելավել է էկոլոգիան [Չինաստան]

Չինաստանը կորոնավիրուսի ճիրաններում [լուսանկարներով]

Ինչ դիտել տանը վիքենդին. 2019-ի լավագույն տրագիկոմեդիաներից մեկը՝ «Հրաժեշտը»

10 գաղտնիք չինարեն սովորողներին Հռիփսիմե Մարգարյանի

19 լուսանկար, որ դուր չի գալիս չինական կառավարությանը. Lu Guang

5 բառ չինական մշակույթը հասկանալու համար…

10 փաստ Չինաստանի մասին

Շշմելու փաստեր Չինաստանից

Սիան՝ Չինաստանի ամենահին մայրաքաղն ու մշակութային կենտրոնը

Աշխարհի ամենակեղտոտ քաղաքները [10 քաղաք]

10 փաստ չինական խոհանոցի մասին, որ գուցե չգիտես

Աշխարհի ամենաերկար կամուրջը չինական է

Airbnb ծառայության առաջարկը ռոմանտիկներին

Դեպի Չինաստան` վայելելու սակուրայի հմայքը. հեքիաթային տեսանյութ

Պեկին. Ուր գնալ ու ինչ անել