Կոեն եղբայրներն ու Արամ Խաչատրյանի «Սուսերով պար»-ը - VNews

Կոեն եղբայրներն ու Արամ Խաչատրյանի «Սուսերով պար»-ը

«Իմ երաժշտական ընտանիքում մի անհնազանդ ու աղմկոտ զավակ կա՝ «Սուսերով պար»-ը «Գայանե» բալետից: Ազնվությամբ, եթե ես իմանայի, որ այն այդպիսի հանրաճանաչություն ձեռք կբերի և արմունկներով հետ կմղի մյուս ստեղծագործությունները, ապա երբեք այն չէի գրի»,-ասել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, որի «Սուսերով պարը» ոչ միայն դարձել է խորհրդային տարիների կարևորագույն դասական երաժշտական ստեղծագործություններից, այլև մեծ հաջողություններ է ունեցել նաև Արևմուտքում, օրինակ՝ 1948 թվականին ստեղծագործության միանգամից երեք տարբերակ գրավեցին Billboard ամսագրի դասական երաժշտության հիթ-շքերթի առաջին հորիզոնականները և հայտնվեցին բեսթսելերների ամենամյա ցուցակում:

Սակայն քչերին է հայտնի, որ 40-ականներից մի տասնամյակ այս կողմ՝ մեծ կորպորացիայի թեժ իրարանցման մասին պատմող Կոեն եղբայրների «Հադսաքերի վստահված անձը» կատակերգության մեջ հնչում է Խաչատրյանի ականավոր ստեղծագործությունը: Հարցն այն է, որ ֆիլմը տապալվել է կինովարձույթում և անգամ հետագայում չի ունեցել լայն ճանաչում, աստղային դերասանական կազմը՝ Փոլ Նյումանը, Թիմ Ռոբինսը և Ջենիֆեր Ջեյսոն Լին, չկարողացավ «փրկել» այն և եղբայր-ռեժիսորների ֆիլմագրության շարքերում ֆիլմը զբաղեցնում է ամենաանհավակնոտ, չափազանց համեստ դիրք-պաշտոնը:

Թեև ֆիլմն օբյեկտիվ պատճառներով կարելի է դիտարկել իբրև Կոենների ֆիլմացանկի ոչ այնքան վառ նմուշ, այնուամենայնիվ մենք չենք կարող անտեսել այն փաստը, որ ֆիլմն իր համաշխարհային պրեմիերան ունեցել է 1994 թվականին Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակներում, իսկ «խաչատրյանական» տեսարանը կարելի է դիտարկել որպես առանձին և ինքնուրույն հոլովակ-ստեղծագործություն՝ այդ աստիճան հաջողված է:

Խոսքը մի կոնկրետ դրվագի մասին է, որտեղ հուլա-հուփերը՝ մարմնով պտտվող մեծ օղակները, որոնք իբր թե ստեղծել է ֆիլմի գլխավոր հերոսը, չեն վաճառվում՝ պահանջարկ չկա: Խանութի բարկացած աշխատողը դեն է շպրտում անպետք ապրանքը, որը, հայտնվելով փողոցում պատահական տղայի ձեռքերում, հրաշքներ է գործում: Փոքր տղան պտտում է հուլա-հուփը «Սուսերով պար»-ի հնչյունների ներքո, որը առանձնահատուկ, վարակիչ դինամիկա, ռիթմ և էներգիա է հաղորդում ամերիկյան պատմությանը:

 

 

Թեև ֆիլմը ետ չի բերել ներդրված գումարը և չի արժանացել մեծ մրցանակների, Կոեն եղբայրների երկրագուներից շատերը, միևնույն է, բարձր են գնահատում այն: Օգտատերների գնահատականները IMDb կայքում վկայում են՝ Կոենները միևնույն է մնում են որոշակի անսասան սանդղակի վրա, որը ցանկապատով առանձնացված է ամերիկյան հեղինակային կինեմատոգրաֆի մյուս ներկայացուցիչներից: Ինչպես մի անգամ արտահայտվել են հենց իրենք՝ եղբայրները՝ «Մենք խաղում ենք ավազամանի սեփական հատվածում, և ոչ ոք մեզ չի խանգարում»: Ֆարսից մինչև վեսթերն ձգվող ժանրային բազմազանությունը ռեժիսորներին դարձնում է յուրօրինակ կինեմատոգրաֆիստներ, որոնք ցատկում են մի ձևաչափից մյուսը, կարծես, ունենալով իրենց մասնագիտական արսենալի մեջ միաժամանակ մի քանի էություն և խառնվածք: Այնպես որ եթե փսիխոդելիկ սարսուռությամբ լի «Ծերերի համար այստեղ տեղ չկա»-ի և սև կատակերգական «Ֆարգո»-ի հեղինակներից զվարճալի, միամիտ, ռետրո-նոստալգիկ ֆենթեզի-կատակերգությունն անսպասելի ժեստ է, խորհուրդ ենք տալիս վերանայել ռեժիսորական դուետի մասին ձեր պատկերացումները և վայելել Կոեն-Խաչատրյան համատեղ արտադրության աննկարագրելի տեսարանը:


5+ բան Արամ Խաչատրյանի մասին, որ արժե իմանալ

Ուրախ դեպքեր հայ մեծերի կյանքից

Թոփ 5 ֆիլմեր՝ իսկական սեր ու սեքս

Արամ Խաչատրյանի և Սալվադոր Դալիի հանդիպումը

#BlackLivesMatter. 5 ֆիլմ ռասիզմի մասին

Հպարտանալու առիթ. հայ ռեժիսորի ֆիլմն՝ Կաննի կինոփառատոնում

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի ևս 5 կարևորագույն ֆիլմ

Ինչ դիտել, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Ճամփեզրերին»

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Վերա Դրեյքը»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. ֆրանսիական «Խնամակալությունը»

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ցյուրիխից բրազիլացի Ումբերտո Մուրեյրան]

Հին դրամապանակում մաշված թղթի կտորի վրա 20 տարի ապրած ֆիլմացանկ

Իլյա Խրժանովսկու «Դաու» մեգամասշտաբային նախագիծը ապրիլին հասանելի կլինի համացանցում

Կարանտինային նորաձևություն. ռետրո պենյուարներից մինչև պինգվիններով պիժամա