Color Party Yerevan-ի կազմակերպիչների հետ մեր հարցազրույցը - VNews

Color Party Yerevan-ի կազմակերպիչների հետ մեր հարցազրույցը

Հաճախ ենք լսում, որ մեր Երևանին գույներն են պակասում, որ մեր քաղաքի կյանքն անգույն է և հաճախ մռայլ: Հենց այս պնդմանը հակասելու և Երևանին գույն տալու է եկել COLOR PARTY-ի միջոցառումը: Այս գունաշատ փարթին արդեն 2 տարի է՝ Երևանը դարձնում է աշխարհի այն բազմաթիվ քաղաքներից մեկը, որոնք անցկացնում են նման Գունատոն՝ մարդկանց օրվան ու տրամադրությանը հաղորդելով բազում վառ գույներ և անմոռանալի պահեր:
COLOR PARTY-ի հայրենիքը Հնդկաստանն է: Այստեղ այդ տոնը ծիսական և զվարճանքից շատ ավելի կարևոր նշանակություն ունի: Այս տոնը հնդիկներն անվանում են «ՀՈԼԻ»՝ գույների փառատոն: Սա հնդկական ամենահայտնի տոներից է, ունի 2000 տարվա պատմություն և տոնվում է մարտի սկզբի նորալուսնի օրերին:  Այդ օրերին փառատոնի մասնակիցները իրար ջրում են գունաներկված ջրով ու ցանում են բուժիչ խոտերի ծաղկաթերթեր՝ չարից, զանազան հիվանդություններից զերծ մնալու նպատակով։ Որքան շատ գույներ կան մարդկանց հագուստների վրա, ուրեմն այնքան բարիքներով կօրհնի նրանց Աստված` հավատում են հնդիկները:
Հնդկական այս տոնն այնքան է դուր եկել մարդկանց, որ այսօր աշխարհի շատ քաղաքներ կազմակերպում են Colo Party-ներ. հավաքվում են որևէ տարածքում և իրար վրա են նետում զանազան և ամենավառ գույներ՝ ուրախանալով, երգել-պարելով, լիցքաթափվելով և լիցքավորելով ամենաուրախ գույներով:

Vivaro News Culture-ն այս տարի Color Party Yerevan-ի ինֆորմացիոն հովանավորն է: Մենք զրուցել ենք կազմակերպիչների հետ՝ պարզելու համար՝ ինչպե՞ս է անցել 1-ին և 2-րդ Color Party-ները և լինելո՞ւ է արդյոք 3-րդը:

-Color Party-ն առաջին անգամ անց է կացվել Երևանում 2016 թ. հուլիսի 2-ին՝ Վարդավառի նախօրեին, YEREVAN MALL-ի ավտոկայանատեղիում: Այս տարի՝ հունիսի 24-ին, և քանի որ մասնակիցները շատ-շատ էին, այն կազմակերպեցինք ավելի մեծ, ազատ և կանաչապատ տարածքում՝ ՊեԿ-ի մարզահամալիրում (նախկին «ՄԻԿԱ» մարզադպրոց):

-Իսկ բացի ներկերից և գունային «հրավառությունից» է՞լ ինչ է ներառում այդ փարթին:

-Փարթին ուղեկցվում է երաժշտությամբ: Մենք հրավիրում ենք Երևանի լավագույն դիջեյներին՝ նվագելու և ուրախացնելու մարդկանց: Մասնակիցները ժամեր շարունակ միմյանց վրա ներկեր են նետում (ի դեպ, ներկերը սննդային և բացարձակ անվտանգ են), երգում, պարում և լիցքաթափվում:

-Տարիքային սահմանափակում ունի՞ այս փառատոնը: Կարծում ենք՝ երեխաներին հատկապես կհետաքրքրի և կուրախացնի:

-Այս տարի տարիքային սահմանափակում չենք ունեցել և փառատոնին մասնակցել են փոքրիկներ ևս:

-Իսկ Ձեզ մոտ ինչպե՞ս միտք առաջացավ նման միջոցառում կազմակերպել Հայաստանում: Մտավախություն չունեի՞ք, որ հայերը չեն ցանկանա գալ և «կեղտոտվել» գույներով:

– Color Party-ն անցկացվում է բազմաթիվ քաղաքներում, մենք այդ փառատոնին ծանոթացանք համացանցից և միանգամից հասկացանք, որ Հայաստանն էլ դրա կարիքն ունի: Մտավախություն մի փոքր կար, բայց բարեբախտաբար մասնակիցների թիվը մեր սպասվածից էլ ավելի էր: Հայ երիտասարդները, ինչպես աշխարհում բոլորը, սիրում են ուրախանալ, զվարճանալ, այդ պատճառով էլ փառատոնը հաջողվեց նաև Երևանում:

– Բացի դա, մարդկանց շոգ ամռանը զբաղվածության և հոգսերի մեջ պակասում է լիցքաթափվելն ու խենթություններ անելը: Եվ նաև մենք սիրում ենք աշխարհի մի մասնիկը զգալ մեզ, եթե տարբեր երկրների մարդիկ նման փառատոն ունեն, մենք էլ ենք ուզում նույնը: 

-Այո՛, ճիշտ եք: Առհասարակ նման միջազգային փառատոններ անցկացնելը մեզ դարձնում է աշխարհի մի մասը: Դա շատ կարևոր է այսօր մեզ համար:

-Իսկ հաջորդ Color Party-ին ե՞րբ է լինելու: Հաջորդ ամա՞ռ:

-Հաշվի առնելով մասնակիցների հետաքրքրությունը և ցանկացողների՝ գնալով աճող թիվը, այն որոշեցինք անցկացնել նաև աշնանը՝ սեպտեմբերին: Դեռ օրը և վայրը կոնկրետ չենք որոշել, բայց շուտով կհաստատվեն և սոցցանցերի միջոցով տեղյակ կպահենք բոլորին: 

-Իսկ հնարավո՞ր է նման միջոցառումներ իրականացնեք նաև Երևանից դուրս՝ մարզերի բնակիչների համար, ովքեր կցանկանային, բայց հնարավորություն չունեն՝ Երևան գալ և մասնակցել Color Party-ին:

-Այո՛, մենք արդեն մտածել ենք այդ ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ կկարողանանք Color Party-ն իրականացնել նաև Գյումրիում և Ջերմուկում: Թեպետ Երևանյան փարթիին մասնակիցներ շատ ունեինք տարբեր մարզերից և Վրաստանից անգամ, բայց հենց մարզկենտրոններում նման միջոցառումներ անցկացնելը շատ կարևոր է: Մեզ այդ հարցով շատ  են դիմում: 
Մեզ համար կարևոր էր և ուրախալի, որ փարթիի օրերին Երևանի քաղաքներով շրջում էին լիքը գունավոր մարդիկ: Երևանին գույներ հաղորդելը մեր փառատոնի ամենակարևոր նպատակներից է:

  • 10