Ցվետաևա. «չթաղեք ողջ-ողջ» - VNews

Ցվետաևա. «չթաղեք ողջ-ողջ»

1941-ի ամառն էր՝ ամռան ու Ցվետաևայի վերջին օրը: Ցվետաևան, որ բոլոր կետադրական նշաններից նախընտրում էր գծիկը, անշրջելի վերջակետ դրեց սեփական կյանքում: Նրան երեք ասելիք էր մնացել. մի բացատրություն որդուն՝ «ես փակուղու մեջ եմ», մի խնդրանք մտերիմներին՝  որդուն տիրություն անելու, և մի մտավախություն՝ «կարգին կստուգեք. չթաղեք ողջ-ողջ»: Մուռը՝ Մարինայի որդին, օրեր անց ստանում է մոր մահվան վկայականը, որտեղ՝ մահացածի գործունեության մասին տողում գրված էր՝ «Էվակուացված»:

Ինքնասպանությունից 2 տարի առաջ

1939-ին Ցվետաևան և որդին նավով վերադառնում են «ուրիշ Ռուսաստան». այսպիսին էր ԽՍՀՄ-ի հանդեպ նրա վերաբերմունքը: Այստեղ էին Մարինայի ամուսինը՝ Սերգեյ Էֆրոնը, որը հայտնի էր իբրև «արևմուտքում մոլորված սովետական հետախույզ». և դուստրը, որը տարվել էր հոր գաղափարներով:

Մոսկվան Ցվետաևային դիմավորեց զգուշավորությամբ՝ «բրենդավորվածը», «նախկիններից մեկը», «ֆրանսուհին», «սպիտակգվարդիականը վերադարձել է»: Շուտով շպիոնաժի մեղադրանքով ձերբակալեցին դստերը՝ Անյաին, և հոգաչափ սիրելի (թեկուզ և՝ առանց հավատարմության) ամուսնուն: Մարինան միակն էր մնացել, որի ուսերին ընկել էր ընտանիքի հոգսը քաշելու պատասխանատվությունը: Նա վախենում էր. իր համար, դստեր ու ամուսնու համար… դեռահաս որդու համար:

Ցվետաևան և ամուսինը՝ Սերգեյ Էֆրոնը

 

«Այս անսահմանությամբ՝  այս սահմանների աշխարհում»

Մարինան գլխակորույս ու անսահման էր՝ իր մայրական սիրո արտահայտման մեջ, ինչպես և ամեն ինչում. «Այս անսահմանությամբ՝  այս սահմանների աշխարհում»: Սակայն մայրության մեջ համերաշխություն գտել նույնպես չստացվեց. Քաղաքացիական պատերազմի տարիներին փոքր դուստրը մահացել էր մանկատանը, մեծը՝ գնացել հոր հետքերով, Մարինան էլ որդուն իդեալ էր դարձրել: Այդ «իդեալլը» դժվար դեռահաս էր, մոր ծայրահեղ հոգատարությունից միշտ դժգոհ: Ցվետաևայի կյանքի վերջին 2 տարիներին նրանք անվերջ վիճում էին՝ բարձրաձայն ու ֆրանսերեն:

Ցվետաևայի որդին՝ Մուռը

 

Պատերազմ, տարհանում

Մարինան պատերազմի մասին հայտարարությունը կրկնակի ծանր ընդունեց: Նա հույս ուներ, որ պատերազմն իր հայրենիք չէր հասնի, բայց իրադարձությունների ընթացքը ստիպեցին նրան հնարավորինս հեռու փախչել Մոսկվայից ու հրկիզիչ ռումբերից, առավելապես որդուն փրկելու համար՝ «Եթե ես իմանամ, որ նա սպանված է, կնետվեմ պատուհանից՝ առանց մի րոպե վարանելու»: Բայց մեկ այլ հրկիզիչ ցանկություն էլ հասունանում էր Մուռի մոտ՝ ազատվել մոր ֆանատիկ խնամակալությունից:

Ելաբուգայի տունը, որի մի անկյունում ապրում էին Ցվետաևան և որդին

 

Ելաբուգա. այլևս չտպագրվող պոետը

Մարինային և որդուն տրամադրեցին ոչ թե գոնե սենյակ, այլ սենյակում վարագույրով առանձնացված մի անկյուն: Գրպանում՝ 600 ռուբլի, աշխատանքի անվերջանալի փնտրտուքներ. Ցվետաևայի ոչ տաղանդը, ոչ ֆրանսերենի իմացությունն այստեղ ոչ ոքի պետք չէին: Նա փորձում էր աշխատանքի անցնել, գոնե մի որևէ ճաշարանում, ափսեներ լվանալ, բայց պարզվեց՝ դա նույնպես մեծ ճոխություն էր իր համար:

1940թ.-ին Մարինան գրում է՝ «Ես արդեն մեկ տարի է՝ փորձարկում եմ մահը, բայց դեռ ես պետք եմ»: Նա երբեք ինքնակամ չէր հրաժարվի որդուց…

Ականատեսները պատմում են՝

«Ցվետաևան եկավ Ելաբուգա՝ աղաչելով, որ չբաժանեն իրեն որդուց. բանն այն է, որ այդ տարիքի երեխաներին տարհանում էին ծնողներից առանձին, ուղարկում՝ ուրիշ ուղղությամբ: Մուռին թողեցին Մարինայի հետ, բայց տղան հակառակվում էր, ուզում էր վերադառնալ Մոսկվա, կոպտում ու վիրավորում էր մորը: Մարինան «ստրկաբար» էր սիրում որդուն»:

Որդու առաջ նրա հպարտությունը խամրում էր: Նրանց հարաբերությունների որոշիչ կետը դարձավ հերթական վեճի ընթացքում Մուռի սպառնալիքը՝ «մեզնից մեկին այստեղից կհանեն հորիզոնական դիրքով»: «Ի՜նձ»- արտաբերեց Մարինան: Նրանց «միասինն» այլևս ավարտված էր:

Ողբերգությունը նաև նրանում էր, որ Ցվետաևան մերժված էր նաև գրական շրջանակներում, քննադատները պնդում էին, որ Մարինայի բանաստեղծություններն օտար են սովետական ընթերցողի համար:

«Առանց ինձ ավելի լավ կլինի»

1941թ.-ի օգոստոսի 31-ին Մարինա Ցվետաևան մենակ է մնում Բրոդելշիկների տանը: Ժամեր անց տան տիրուհին հայտնաբերում է բանաստեղծուհու դին: Ասում են՝ Մարիանան օգտագործել է այն պարանը, որը, ճամպրուկները կապելու համար, ժամանակին նրան էր տվել Պաստեռնակը, ում հետ Ցվետայևան բուռն սիրավեպ էր ունեցել:

«Ընկերներ, ճշմարտասերներ, տերեր, ի՞նչ կարդաց ձեզ համար Մարինան՝ վերադառնալով սեփական թաղումից»:

Ա. Տարկովսկի

20րդ. դարի ամենավառ պոետներից մեկի՝ Մարինա Ցվետաևայի գերեզմանը կորավ Ելաբուգայում:

Ինչ վերաբերում է որդուն. շուտով նա մահացավ իր առաջին մարտերից մեկի ընթացքում: