fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Դա Վինչի՝ «Կզաքիսով տիկինը». Գաղտնիքներն ու ճանապարհորդությունները

Մոտ 1489-1490թթ.-ի ընթացքում պատկերված այս գլուխգործոցը Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանող այն քիչ՝ ավելի հստակ՝ չորս դիմանկարներից է, որոնց բնորդուհին կին է:

Դա Վինչիի այս կտավում պատկերված է 16-ամյա Չեչիլիա Գալերանին, որը Միլանի դուքս Լյուդովիկո Սֆորզայի սիրուհիներից մեկն էր: Սֆորզան, որը չնայած ամուսնացած լինելուն հայտնի էր իր բազմաթիվ սիրուհիներով, առանձնահատուկ վերաբերմունք ուներ Գալերանիի հանդեպ և դա է պատճառը, որ պատվիրել էր մեծանուն նկարչին պատկերել նրան:

Չեչիլիան և Միլանի դուքսը…

…հանդիպել են 1489թ.-ին, երբ աղջիկը թողել է իր տունն ու տեղափոխվել Միլան: Այստեղ հանդիպելով Չեչիլիային՝ Սֆորզան խնդրել է նրան ապրել իր ամրոցում, որպեսզի մշտապես իր կողքին լինի: Արդեն 1491թ.ի մայիսին լույս աշխարհ է եկել Չեչիլիայի և Սֆորզայի ապօրինի որդին: Երբ Սֆորզայի կինն իմացել է նրանց կապի ու երեխայի մասին, պահանջել է, որ Սֆորզան ստիպի Չեչիլիային անմիջապես լքել ամրոցն իր երեխայի հետ: Այսպես դուքսի և Չեչիլիայի հարաբերությունները խզվել են և արդեն 1432թ.-ին աղջիկն ամուսնացել է կոմս Լյուդովիկո Քարմինատիի հետ, որից ունեցել է 4 երեխա:

Իսկ Չեչիլիան և դա Վինչին…

…հանդիպել են Սֆորզայի ամրոցում՝ հավանաբար հենց 1489թ.-ին, երբ նկարիչը սկսել է նկարել աղջկան: Շատ աղբյուրներում նշվում է, որ Չեչիլիան պալատում գտնվելու ժամանակ հրավիրում էր նկարչին իր կազմակերպած հավաքույթներին և միասին նրանք քննարկում էին իրենց խոհափիլիսոփայական մտքերը: Հայտնի է, որ Չեչիլիան շատ խելացի ու բազմաթիվ հետաքրքրություններով աղջիկ էր, գովաբանվում էր նրա սերը երաժշտության, արվեստի հանդեպ, ինչպես նաև նրա գրչին պատկանող բանաստեղծությունները:

«Կզաքիսով տիկինը» կտավը…

Ուսումնասիրությունների արդյունքում մասնագետները պարզել են, որ նկարը բազմիցս փոփոխությունների է ենթարկվել: Լեոնարդո դա Վինչին ինքը 3 անգամ միայն փոփոխություններ է արել կզաքիսի վրա: Դեռ 2014թ.-ին BBC-ն մի նյութ հրապարակեց, որտեղ ֆրանսիացի գիտնական Փասքալ Քոթեն 3 տարվա ուսումնասիրություններից հետո հայտարարել էր, որ սկզբում դա Վինչին ընդհանրապես չի նկարել կզաքիս: Հետո որոշել է նկարել կենդանուն, բայց փոքր չափերով ու մոխրագույն և միայն երրորդ փորձի ժամանակ է որոշել կզաքիսին սպիտակ գույնով նկարել՝ որպես անմեղության խորհրդանիշ:

Դա Վինչիից հետո նկարը մի շարք փոփոխությունների նույնպես ենթարկվել է. օրինակ 1800-ականներին լեհ արքայադուստր Իզաբելա Չարտորիսկիի հանձնարարությամբ մուգ կապույտ ֆոնը դարձել է սև, իսկ աջակողմյան վերին հատվածում պատկերված դուռը հեռացվել է։

Այլ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կտավը ստեղծելիս դա Չեչիլիայի ձեռքերի հետքերը հայտնաբերվել են նաև նրա դեմքին և կենդանու գլխին: Ռենտգենային հետազոտություններն էլ ցույց են տվել, որ Լեոնարդոն սկզբում ցանկացել է կերպարը շրջապատել կամարով կամ կամարաձև պատուհանով, սակայն հետո մտափոխվել է։

Հանճարեղ մեկ այլ հնարք էլ է օգտագործել բոլոր ժամանակների ամենանշանավոր նկարիչը. դա Վինչին կարողացել է հմտորեն խաղալ ստվերների ու բնորդուհու մաշկի երանգների հետ՝ կնոջ դիմանկարը նկարելիս նրա մարմնի մասերին տալով երանգներ ու ստվերներ, այդպիսով ավելի կենդանացնելով կտավը: Այս հնարքն ավելի վառ արտահայտված է կնոջ կրծքավանդակի ու պարանոցի հատվածում:

Կզաքիսով տիկնոջ գաղտնիքները…

Կզաքիսը. Տարբեր վարկածներ կան այն մասին, թե ինչ է իրականում խորհրդանշում կզաքիսը: Ըստ տարածված վարկածներից մեկի այն հենց Լյուդովիկո Սֆորզային է խորհրդանում. դուքսը 1488թ.-ից եղել է «Կզաքիսների օրդենի» անդամ և կենդանու պատկերը դարձրել է իր անձնական խորհրդանիշը: Ամուսնացած լինելու պատճառով նրան կտավում պատկերելը հասարակության կողմից կքննադատվեր և գուցե հենց այդ պատճառով նրա փոխարեն դա Վինչին որոշել է պատկերել նրան խորհրդանշող կենդանուն:

Ըստ այլ տեսակետի՝ սպիտակ կզաքիսը կտավում խորհրդանշում է Չեչիլիայի հղիությունն ու ապագա զավակին: Վարկած կա, որ աղջիկը բնորդ լինելու ժամանակ արդեն երեխայի էր սպասում դուքսից և գուցե կզաքիսը հենց դա է խորհրդանշում, իսկ դրա գույնը՝ սպիտակը, դա Վինչիի համոզմունքն է այն մասին, որ թեև նրանց զավակն ապօրինի է, բայց միևնույն է՝ այդ երեխային կրծքի տակ կրելն ամոթալի չէ:

Սակայն կա նաև վարկած, որն առաջադրել է գերմանացի տեսաբան Վիլհելմ ֆոն Բոդեն, համաձայն որի` կտավում պատկերված կենդանին ոչ թե կզաքիս է, այլ ժանտաքիսի ալբինոս տեսակ:

Հայացքը. Կնոջ հայացքը դեպի ձախ է ուղղված և շատ մասնագետներ կարծում են, որ նրա դեմքին այնպիսի արտահայտություն է, ասես նա ինչ-որ մեկին է լսում ու նայում՝ գո՞ւցե հենց դուքսին: Չեչիլիայի աչքերի մեջ կարող ենք տեսնել նաև սպիտակ ներկով արված ու լույսի արտացոլանք հիշեցնող շրջաններ: Բնորդուհու դիրքը նույնպես հատկանշական է արվեստի աշխարհում՝ այն առաջին կտավն է, որտեղ «հերոսը» նման դիրքով է պատկերված:

Վզնոցը. Չեչիլիայի պարանոցին մուգ վզնոց կա, որը նույնպես հնարավոր է խորհրդանշում է իր սիրեցյալին: Վերջինիս իր թուխ մաշկի պատճառով անվանում էին նաև «Moro» կամ «Moor», ինչը թարգմանաբար նշանակում է խափշիկ: Հնարավոր է, որ դա Վինչին վզնոցը պատկերելով փորձել է այս կերպ ևս ցույց տալ կնոջ սիրեցյալի «ներկայությունը»:

Կտավի ճանապարհորդությունները…

«Կզաքիսով տիկինը» կտավի մասին գրավոր հավաստի տեղեկությունները սկսվում են 18-րդ դարի վերջից։ 1798 թվականին կտավն Իտալիայից Կրակով է բերում լեհ իշխան Ադամ Չարտորիսկին՝ որպես նվեր արվեստի նմուշներ հավաքող իր մոր` Իզաբելայի համար: Վերջինս դրա վրա որոշ փոփոխություններ անելուց հետո 1802թ.-ին այն հանձնում է իր կողմից հիմնված թանգարանին։

Երբ 1830թ.-ին լեհական ապստամբության արդյունքում Չարտորիսկիների ունեցվածքը բռնագրավվում է Ռուսական կայսրության կողմից, Իզաբելան կարողանում է այդ և մի քանի այլ կտավներ ուղարկել Փարիզ: Իզաբելայի թոռ Վլադիսլավը, փրկվելով ֆրանս-պրուսական պատերազմից, լքում է Ֆրանսիան և 1876 թվականին հավաքածուն վերադարձնում Լեհաստան, որտեղ Կրակովում բացում է թանգարան` Չարտորիսկիների անունով: Հետաքրքրական է, որ այդ ժամանակ նույնիսկ կտավի այդ ազնվական տերերը չգիտեին, որ դրա հեղինակը դա Վինչին է: Կտավի նույնականացումը Լեոնարդոյի վրձնին կատարվել է ավելի ուշ։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կտավը ապահովության համար տեղափոխվել է Դրեզդենի պատկերասրահ: Երկրորդ համաշխարհային պատերազմից քիչ առաջ այն կրկին թաքցվել է, սակայն 1939 թվականին հայտնվել է նացիստների ձեռքում։

Գերմանիայի կողմից Լեհաստանի օկուպացումից հետո 1939 թվականին նկարը տարհանվել է Լինց` Հիտլերի թանգարան, և շուտով հայտնվել կայզեր Ֆրիդրիխի բեռլինյան թանգարանում (այժմ` Բոդե թանգարան)։ 1940 թվականին Լեհաստանի գեներալ-նահանգապետ Հանս Ֆրանկը հրամայում է կտավը վերադարձնել Կրակով։ Պատերազմի վերջում լեհ-ամերիկյան հանձնաժողովը կտավը հայտնաբերում է Ֆրանկի` Բավարիայում գտնվող տանը։ 1946 թվականին «Կզաքիսով տիկինը» վերջապես վերադառնում է «տուն»՝ Լեհաստան: Այժմ այն գտնվում է Կրակովի ազգային թանգարանում:

«Կզաքիսով տիկինը» Լեոնարդո դա Վինչիի գործերից միակն է, որ գտնվում է Լեհաստանում և այս փաստը հպարտության տեղիք է տալիս լեհերին:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

«Մի նկարի պատմություն» ամբողջ շարքը՝ այստեղ


Մի կտավի պատմություն. «Աշխարհի փրկիչը»

Մի գլուխգործոցի պատմություն. The Madonna of Port Lligat

Լեգենդար գողություն, որը Մոնա Լիզայի դիմանկարը դարձրեց աշխարհահռչակ

Լեոնարդո դա Վինչիի նոր նկար է բացահայտվել նրա մեկ այլ հայտնի նկարի տակ

Հայտնի մարդկանց վերջին բառերը մահվանից առաջ (մաս 2)

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

Ո՞ւր է կորել Լեոնարդո դա Վինչիի հայտնի նկարը

Պիկասո՝ «Գեռնիկա». Պատմական ենթատեքստն ու բացատրությունը

10 բան, որ գուցե չգիտես գրքերի մասին

Ռուբենս՝ «Ապստամբ հրեշտակների ընկնելը». Կտավ, որը փորձեցին ոչնչացնել

Միքելանջելոյի «Դավիթը». փաստեր

Ֆրիդա Կալո՝ «Երկու Ֆրիդաները». Իրական ու երևակայական Ֆրիդաները

«Դանտեն և Վերգիլիոսը դժախքում». 7 մահացու մեղքերը

Մի՛ տանջվիր, միևնույն է, չես բացահայտի իմ գաղտնիքը. Մոնա Լիզա

QUIZ. Ո՞վ է նկարի հեղինակը

Արվեստի գործերը ժամանակակից աշխարհում լուսանկարներ