Դալիի յոթ հայտնի քանդակ, որոնք կարող եք տեսնել Ազգային պատկերասրահում - VNews

Դալիի յոթ հայտնի քանդակ, որոնք կարող եք տեսնել Ազգային պատկերասրահում

 

Սալվադոր Դալին, անկասկած, առաջին հերթին նկարիչ է: Բայց ժամանակ առ ժամանակ նրան անհրաժեշտ էր ստեղծել նաև իր կտավներում պատկերված կերպարների բարդ ծավալային մոդելները։ Նա հույս ուներ, որ այս կերպ ինքն առավել ընկալելի կդառնար։ Դալին աշխատում էր բացառապես մոմով, որովհետև երբեք իր քանդակները չէր համարում որպես առանձին արվեստի գործեր:  Դալի- քանդակագործի մասին աշխարհն իմացավ կոլեկցիոներ Իսիդրե Կլոտի շնորհիվ, որը գնեց Դալիից իր մոմե մոդելները ու պատվիրեց դրանց բրոնզե ձուլվածքները: Հետագայում հանրությանը ներկայացված քանդակները սենսացիա առաջացրեցին արվեստի աշխարհում: Շատ քանդակներ ձուլվեցին խոշորացված տարբերակով, դրանց շատ օրինակներ այսօր զարդարում են ոչ միայն թանգարանային ու մասնավոր հավաքածուները, այլև բազմաթիվ քաղաքների հրապարակները:

Ըստ էության, Դալիի բոլոր քանդակները  իր  նկարների պլաստիկական վերարտադրությունն են: Պարզապես ծավալի շնորհիվ նրա շատ կերպարներ ձեռք են բերել լրացուցիչ արտահայտչականություն և գեղագիտական ​​հնչեղություն:

Այսօր ձեզ ենք ներկայացնում Սալվադոր Դալիի ամենահայտնի 7 քանդակները որոնք կարող եք տեսնել մարտի 7-ից մինչև ապրիլի 26-ը` Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Դալի-Պիկասո» ցուցահանդեսում։

 

 

Ժամանակի ուրվապատկերը

Դալիի սիրված թեմաներից մեկը պլաստիկ, հոսող ժամացույցն է: Նա ունի մի քանի նմանատիպ քանդակներ: «Ժամանակի ուրվապատկերը» ամենահայտնին է: Ժամի ու ժամանակի երևույթը հատկապես կարևոր է սյուրռեալիստ ​​նկարիչների համար։ Նրանք ժամանակն ընկալում են որպես իրենց բոլոր սյուժեների անփոխարինելի ատրիբուտ՝ խորհրդավոր, բարդ և անհասկանալի: Նկարչի գլխավոր թեման` անցողիկ, պատրանքային և խուսափողական ժամանակն է։

 

 

Տիեզերական Վեներա

Աշխարհահռչակ Վեներայի անտիկ կերպարը Դալիի մոտ հիմնավորապես փոփոխված է, ավելի արդիականացված է ու հագեցած էրոտիզմով: Քանդակն ունի լրացուցիչ մանրամասներ, որոնք բացահայտում են հեղինակի գաղափարը: Առաջինը` «հոսող ժամացույցն» է, որը նախատեսված է դիտողին մարդկային ճաշակի և գեղագիտական ​​պատկերացումների փոփոխականության մասին հիշեցնելու համար: Երկրորդը` ոսկե ձուն է, ինչը խորհրդանշում է  կնոջ մեծագույն առաքելությունը` կյանք պարգևելը: Այս ստեղծագործության մեջ համատեղված են հավերժականն ու  անցողիկը : Դալին հեգնանքով է վերաբերվում մարդկային ճաշակի փոփոխականությանը` դրան հակադրելով բնության հավերժական ​​իմաստությունը:

 

 

Խխունջն ու հրեշտակը

Այս քանդակը մեծ տեղ է գրավում Դալիի արվեստում , քանի որ այն վերաբերվում է Զիգմունդ Ֆրոյդի հետ նկարչի հանդիպմանը։ Դալին Ֆրոյդին համարում էր իր հոգևոր հայրը: Ֆրոյդի տան մոտ կանգնած հեծանիվի նստատեղի վրա հայտնված խխունջը արթնացրել է Դալիի վառ երևակայությունը։ Խխունջը, որը ուրախ ու տոնական  ու հավասարակշռված ժամանցի  խորհրդանիշն է, Դալիի շնորհիվ թևեր է ձեռք բերել և հեշտությամբ շարժվում ալիքների վրայով: Աստծո թևավոր առաքյալը, մի ակնթարթ նստելով  խխունջի մեջքին՝ պարգևում է նրան արագ արժվելու շնորհը։

 

 

Բոցավառ կինը

Այս քանդակը միավորում է Դալիի երկու մշտական մոտիվները. կրակն ու կանացի մարմինը` բացվող դարակներով։ Կրակի բոցում հայտնված կինն իր բացվող-փակվող դարակներով պատկերում է խտացված գաղտնիքը։ Անդեմ, բայց գեղեցիկ այս քանդակը ընդհանրապես կնոջ խորհրդանիշն է։ Ըստ Դալիի` կնոջ գեղեցկությունը թաքնված է իր գաղտնիքների մեջ։

 

 

Հաղթական փիղ

«Դալիի աշխարհ» հիմնադրամի նախագահ Բենջամին Լևին հիշում է. «Իմ սիրած քանդակը «Հաղթական փիղն» է: Դա ստեղծվեց իմ ու Դալիի մարտերի շնորհիվ։ Նա ուզում էր փղի ոտքերը քանդակել երեք մատերով, ինչպես թռչուններինն է: Իսկ ես կարծում էի, որ հանրությունը դա չի հավանի և նման որոշումը կոմերցիոն տեսակետից շահավետ չի լինի։ Առաջարկեցի փղին քանդակել ձիու ոտքերով ու սմբակներով։ Դալին դեմ էր։ Բարեբախտաբար, միջամտեց Դալիի կինը` Գալան: Նա ասաց. «արա այնպես, ինչպես Լևին ուզում է»։ Դալին փոխեց քանդակը։ Գալան շատ էր փող սիրում, իսկ Դալին, անկեղծ ասած, անտարբեր էր։ Նա փողի արժեքը չէր հասկանում ու գրպանն էլ միշտ դատարկ էր։ Ի տարբերություն Դալիի, Գալան շատ փողասեր էր»։

 

 

Հրեշտակի տեսիլքը

Սալվադոր Դալին սյուրռեալիստական ընկալման պրիզմայով վերաիմաստավորում է  դասական կրոնական կերպարը: Այս քանդակի մեջ բութ մատը, որից ծնվում է կյանքը (ծառի ճյուղեր),  խորհրդանշում է Աստծո զորությունն ու գերակայությունը: Աստվածայինի աջ կողմում մարդկությունն է. մարդը կյանքի ծաղկման շրջանում: Ձախ կողմում` հրեշտակն է, որի թևերը հենակների վրա են։ Մարդը գիտակցում է, որ որքան էլ միավորված  ու ներդաշնակ է Աստծո հետ, այնուամենայնիվ աստվածային իմացությունը գերազանցում է մարդկայինին:

 

Օմար-հեռախոսը

«Օմար-հեռախոսը» Սալվադոր Դալին ստեղծել է նկարիչ Էդուրադ Ջեյմսի հետ համատեղ։ Սա հին սկավառակով հեռախոս է, որի ընկալուչը գիպսից պատրաստված օմար է։ Սա բնության և տեխնիկայի միաձուլման օրինակ է։

Դալին չէր սիրում հեռախոսները, նա դրանք անվանում էր նորությունների ու բամբասանքների տարածման միջոց։ Այս աշխատանքով նա իր բողոքն էր արտահայտում այն տեխնիկայի դեմ, որը հեռացնում էր մարդկանց միմյանցից։

«Օմար-հեռախոսը» ցուցադրվեց Լոնդոնի սյուրռեալիստական արվեստի առաջին ցուցահանդեսում, որի ժամանակ Դալին ջրասույզի հագուստով դասախոսություն կարդաց ենթագիտակցության մասին։

Այս աշխատանքը ստեղծվել է վեց օրինակով, նույնի սև հեռախոսով տարբերակը` հինգ օրինակով։