«Dark». անպայման նայելու սերիալ - VNews

«Dark». անպայման նայելու սերիալ

darkserialll - «Dark». անպայման նայելու սերիալ

Ամեն ինչ սկսվում է ինքնասպանությունից, որը տեղի է ունենում փոքրիկ գերմանական քաղաքում՝ իր տիպիկ գերմանական բնությամբ ու մռայլ տրամադրությամբ։ Մեկ-երկու սերիա ու ինքնասպանությանը հաջորդում է դեռահաս ու մանկահասակ երեխաների անհետացումները, և այդ ֆոնին հայտնաբերվում է մեկ այլ երեխայի դիակ. վերջինիս ինքնությունն անհայտ է։ Սյուժետային գծերի դասավորությունն այստեղ խելահեղ է, այնպես որ, դրանք վերլուծելու հաճույքը թողնում ենք ձեզ ու պատմում սերիալի  առանձնահատկություն-առավելությունների մասին։

6323775d521 960x478 - «Dark». անպայման նայելու սերիալ

Գործողությունները ծավալվում են Վինդենում, փոքրիկ մռայլ քաղաք, որտեղ դեռևս 50-ականներից համակարգային նշանակության ձեռնարկություն է հանդիսանում ատոմակայանը։ Ինչ վերաբերում է գործողությունների ժամանակագրությանը. այստեղ ամեն ինչ ավելի քան բարդ է։ 1953, 1986 և 2019. սերիալի բոլոր գործողությունները տեղի են ունենում այս երեք ժամանակաշրջաններում, որոնց միջև 33 տարվա տարբերություն կա. երբևէ լսե՞լ եք  33 տարվա ցիկլի մասին վարկածը։ «Աստղերը, մոլորակները, ողջ տիեզերքն ընդունում է իր նույն դիրքերն, ինչ 33 տարի առաջ»,- պնդում է սերիալի կենտրոնական կերպարներից մեկը՝ դեռևս գլխի չընկնելով իր ասածի լրջության մասին։

0577c600001c4d2abfb5d245b9e9c18d - «Dark». անպայման նայելու սերիալ

Պատմության կենտրոնում են քաղաքի մի քանի ընտանիքներ, որոնք կապված են միմյանց հետ, ավելի, քան պատկերացնում են։ Ընտանիքների միջև բարդ ու խոժոռ հարաբերություններ են, իսկ կատարվող իրադարձությունները ներգործում են նրանց կյանքի վրա տարբեր ժամանակաշրջաններում։ Կարճ ասած՝ պատկերացրեք, որ ձեր ընկերոջ փոքր եղբայրը ձեր հայրն է, կամ ինչ-որ մեկը սեփական մոր մայրն է. այո, ամեն ինչ շատ բարդ է, բայց ունի մեկ բացատրություն՝ ճանապարհորդություն ժամանակի մեջ։ Այստեղ կարևոր է հասկանալ, որ ոչ միայն անցյալն է ազդում ապագայի վրա, այլև ապագայում կատարվող իրադարձություններն են իրենց ազդեցությունն ունենում անցյալի վրա։ Սյուժեի մասին, թերևս, այսքանով սահմանափակվենք՝ խուսափելով հնարավոր սփոյլերից։

5e17e503fe5 1 960x479 - «Dark». անպայման նայելու սերիալ

Ինչու՞ նայել

«Dark»-ը խիստ գերմանակն պատմություն է։ Այստեղ հերոսները չեն ջանում դուր գալ քեզ, իսկ դերասանները զերծ են հոլիվուդյան ժպիտներից. նրանք մռայլ, խոժոռ, բայց ավելի շատ էմպատիկ կերպարներ են։ Ընդհանուր տրամադրությունը, թեև, մինորային է, սակայն էմոցիոնալ բռնկումների դուք գրեթե ականտես չեք լինի։

Հիշատակման մեկ այլ առիթ է պատկերը. այստեղ կադրում ոչ մի ավել բան չկա։ Հավատացեք, այն ամենն, ինչ դուք տեսնում եք, հետագայում ձեզ ինչ-որ բան է ասելու։ Հարկ է առանձնացնել նաև ֆիլմի յուրատեսակ էսթետիկան. գերմանական բնություն՝ խիտ անտառներ, քարանձավներ, որոնք էլ, ի դեպ,  ժամանակի մեջ ճանապարհորդության պորտալներ են, այս ամենին գումարվում են ատոմակայանն ու ահռելի ծխաշերտը, քաղաքում էլեկտրաէներգիայի հաճախակի տատանումները ու երկնքից «թափվող» մահացած թռչունները։ Օպերատորական աշխատանքը գերազանց է, գունային լուծումները՝ ֆիլմի միստիկ ու առեղծվածային տրամադրությանը համապատասխան։

1ce260fe 960x477 - «Dark». անպայման նայելու սերիալ

Կադրերին կրկնակի, բայց ոչ ավելորդ, տագնապ է հաղորդում Բեն Ֆրոսթի երաժշտությունը, որը, սակայն,  զուրկ է ամեն տեսակ էմոցիաներից, կարճ ասած՝ էմպատիկ տագնապ։

Ընդհանուր առմամբ, սերիալը հին հունական ողբերգության ու ժամանակակից գիտաֆանտաստիկայի գումարն է։ Սերիալը ձեզ որոշակի պատկերացումներ կհաղորդի քվանտայի ֆիզիկայի մասին և իր մի շարք առեղծվածներին կտա հենց գիտական բացատրություն։ Սովորաբար, ժամանակի մեջ ճանապարհորդելու մասին ֆիլմերն ու սերիալները գիտական տեսանկյունից մեծ սխալներ են թույլ տալիս, այստեղ ամեն ինչ այլ է։ Ամեն նոր սերիայի հետ ձեզ ավելի պարզ են դառնում գործող մեխանիզմները, և պատկերը խճանկարի պես հավաքվում է, թեև չեն պակասում նաև հարցականները… ինչը, նույնպես կարելի է դիտարկել որպես առավելություն։

2bf12abbbac794 960x540 - «Dark». անպայման նայելու սերիալ

Սերիալը շատ տիպիկ տեմպ ունի։ Այստեղ չես տեսնի կտրուկ զարգացումներ և իրադարձությունների տևական դադարներ։ Ամեն ինչ զարգանում է իր հստակ հունով, դու երբևէ չես հասցնի ձանձրանալ։ Այս յուրահատուկ տեմպը նաև հնարավորություն է տալիս ավելի խորը ընկղմվել պատմության մեջ և լիովին հավատալ դրան։