fbpx

Դավիթ Սամվելյան՝ «Արտագաղթած կարոտ». Հատված

Մի քայլ հեռու

Երբեմն մարդուն պետք է թողնես, որ հեռանա, որովհետև պատահում է՝  հրաժեշտն ու հեռացումն ավելի գեղեցիկ են, քան ներկայությունը:
Մի սովորական և հերթական աշնանային օր այլև չհանդիպեցինք: Չհանդիպեցինք, որ գոնե բաժանվեինք: Բաժանման համար թեկուզ կարճատև, բայց հանդիպում է պետք, առնվազն մի քանի կոպիտ խոսք: Եվ հենց այդ հանդիպման ժամանակ է, որ երկուսից գոնե մեկն իր հպարտ կեցվածքի, սուր և «վերջնական» ասված խոսքերի հետևում թաքցնում է երբեմն բառերի չփոխակերպվող տխրությունը…

Իսկ հիմա այնպես է դարձել, որ հանդիպելիս մարդիկ միմյանց առջև ավելի շուտ մերկացնում են իրենց մարմինները, քան  հոգին:

Ու հեռանում մի քայլ հեռու, դեպի մի խոր աշուն:
Աշնան երեկոներն ավելի թախծոտ ու խոնավ են, գիշերները՝ երկար ու ջերմացնող: Կարոտներն ավելի տտիպ են. փորձում ես կոկորդդ թքով թացացնել, պարզվում է՝ արցունք էր:
Երբեմն այնքան տարբեր են լինում մտքերը, որ ուղեղդ կուչ է գալիս ու փորձում դատարկվել: Սակայն հենց նույն դատարկությունն էլ սկսում է ճնշել սիրտդ. հոգուդ բեռը ծանրանում է: Կարծես աշխարհն իր ողջ մաղձով ու թախծով կախվում է հոգուցդ, վար է քաշում. իսկ հոգիդ ցանկանում էր դեպ վեր սավառնել…

Երբեմն հենց դատարկությունը կարող է անտանելի ծանր լինել…

Պատուհանից այն կողմ դատարկություն է: Մթություն և դատարկություն կամ էլ՝ դատարկ մութ:
Պատուհանիցդ դուրս դատարկած փողոցը լուսավորող լապտերներն են, իմ փողոցում կան մթության մեջ կորած մայթեր, ուր ցրտից կծկված թևածում է  մի չդադարող զրույց՝  այրվող սրտիս ու սառած պատուհանին հառած հայացքիդ միջև: Երբեմն հենց միայնության և դատարկության ողջագուրումից է ծնվում ջերմությունը, իսկ կեղտոտ ու ցուրտ փողոցներում թափառական ու անտուն շներն են վխտում.  կարոտել եմ հրաժեշտներով լեցուն ներկայությանդ:

Եվ անգամ չգիտեմ, թե որքան է սիրտդ ձեռքիցս հեռու փախել. վախենում եմ որևէ չափ սահմանել, քանզի կարոտս անչափելի է:
Երևի թե մի քայլ հեռու…
Մի քայլ հետո անգամ աշո´ւնը կհեռանա…
Բաժանման համար հանդիպել է պետք, թեկուզ մի քայլ իրարից հեռու, թեկուզ մի քայլ հեռվում, թեկուզ ձմռանը:

ԱնՀրաժեշտ

Դու հեռացար:

Հեռացար ու խոստացար այլևս չվերադառնալ՝  քեզնից թողնելով  հիշողություններ, որոնք էլ մե´կ ջերմացնում են, մե´կ էլ ցավ տալիս հոգուս: Ու միշտ այդպես է, գիտե՞ս՝ քո վերածնված ներկայություններից հետո մեկ աղոթել եմ, որ մնաս, մեկ էլ անիծել եմ ներկայությունդ ու վայրկյան առաջ երազել բաժանման պահի մասին…

– Կանգնի՛ր…

– Ի՞նչ է պատահել:

– Մոռացաք:

– Ես ոչինչ էլ չեմ մոռացել:

– Ահա, խնդրեմ, վերցրեք, սա ձերն է,- զգուշությամբ ձեռքը մեկնեց դեպի անծանոթ աղջիկը:

– Գիտե՞ք՝ բնավ ծիծաղելի չէ Ձեր արած կատակը,- մի կողմ թափ տալով իրեն հանձնված սեփական վարսերից ինչ-որ մի  հատիկ` վրա բերեց աղջիկն ու շրջվելով շարունակեց ճանապարհը:

Ու նորից դատարկություն: Վերջին օրերին  արթուն եմ լինում, երբ մութն է արթնանում, երբ դու քնած ես…

Սկսել եմ սիրել մթությունը, որը դատարկ է, որում թափառում եմ միայնակ, քեզ հետ, մտովի:

– Ողջույն…

Մի շեղ հայացք ու անքթիթ քամահրանք.

– Բարև…

– Լսե՛ք, դուք Ձեզ հանգի՞ստ եք զգում այս աղմուկի մեջ:

– Բավական է, Դուք հետևո՞ւմ եք ինձ, ինչ է:

– Ո՛չ, ես միայն իմ սրտին եմ հետևում:

– Դե ուրեմն հենց  Ձեր սրտի հետ էլ զրուցեք…

Ուզում եմ առանց վերարկու վազել դուրս ու մրսել ձյան մեջ, ձյան տակ: Ուզում եմ  զգաս, թե ոնց եմ սառել, ոնց ես սառեցնում: Բայց ձյուն չկա, ուշանում է, իսկ քո սառը խոսքերը միշտ ժամանակին են` անտեղի, բայց նույն պահին ասվող:

– Բա՛րև, ինչպե՞ս ես:

– Լա՛վ, շնորհակալ եմ:

– Երկու բաժակ նարնջի հյութ`սպիրտով:

– Ո՛չ, շնորհակալ եմ, ես դեռ  գարեջուր ունեմ խմելու:

Իսկ դու անգամ հրաժեշտ չես տալիս: Ներկայությունդ միշտ կիսատ է` միայն ֆիզիկապես, միշտ նույն տեղում, նույն աթոռին նստած, քո աշխարհում:

– Մեզ երկու շիշ էլ գարեջուր:

– Սպասիր գոնե այս մեկը վերջացնեմ նոր:

– Ո՛չ, այսօր պետք է հարբենք:

– Վստա՞հ ես:

– Առավել քան: Չեմ ուզում այլևս  այս աղմուկը լսել…

Երբեմն ներկայությունդ զզվեցնող է,  բացակայությունդ՝ աննկատ, էլ ուր մնաց որպիսիությունդ կարևոր լինի նրանց համար, ովքեր ժամանակ առաջ ապրում էին քեզնով:

– Բարի լույս…

– Բարև,- ու մի համբույր…

– Գրկի՛ր ինձ, ցուրտ է:

– Ձյուն է դրսում ու քամի:

– Չեմ ուզում արթնանալ կամ ինչ-որ տեղ շտապել…

Սիրում եմ ամեն մի հատիկ թափված մազդ, որն ընկնում է ուսիս կամ թիկունքիս:

– Պիտի գնամ:

– Այս անգամ` ո՞ւր:

– Այնտեղ, որտեղ դու չկաս…

– Ե՞րբ կգաս:

– Չգիտեմ…

-Կգա՞ս:

-…

-Կգա´ս:

Միգուցե շատ ուշ, միգուցե անսպասելի, սակայն կգաս, երբ մազաչափ անգամ կարոտդ բորբոքվի, սիտդ տխրի:

Բարևիս բառարմատ արև, ում օրը լի է հրաժեշտներով, կգա՜ս, բայց այլևս ես չեմ լինի:

Լինում է այնպես, որ հրաժեշտները լինում են բարի, իսկ բարևները` անհրաժեշտ: Լինում է սակայն, որ ո´չ բարև է լինում, ո´չ էլ հրաժեշտ: Մնում է մի անձյուն ձմեռ, խավար գիշեր ու…

…ու  մի բարակ մազ, որն այրում, կծիկ ես սարքում, շպրտում ես…

– Կանգնի՛ր…

– Ի՞նչ է պատահել:

– Մոռացար:

– Այս անգամ ոչինչ չեմ մոռացել:

– Դուռը ծածկիր ու նոր հեռացիր, ցուրտ է…

Չափագրում

Հաճախ սիրում ենք հոգին, երբեմն էլ՝ ամբողջ հոգով ու միշտ, անվերջ կոտրում ենք սրտեր՝ մեկ նրանց տիրելու, մեկ էլ տիրացած սրտից դուրս պրծնելու համար:

Ամեն ինչ չափ ունի:

Ասում են՝ անգամ մեկ գրամ  չպետք է զղջալ տվածդ սիրո համար, բայց երբեմն ուղիղ համեմատական ես անցկացնում թափված արցունքների լիտրերի ու ստացածդ սիրո գրամների միջև ու օրհնում ես բաժանող կիլոմետրերի ամեն միլիմետրը…

Մենք կարոտում ենք մեր անշոշափելի ու անկշիռ, եթերային հոգիների խաղաղության չիրականացած միաձուլմանը:

Մի քանի կիլոմետրանոց այս քաղաքում մեզ բաժանում է ընդամենը մի քանի կիլոմետր, իսկ մեր կարոտներն անսահման են…

Երբեմն ուզում եմ հոգուցս առաջ ընկնել ու թռչել տեղիցս, վազել դեպի…

Ո՞ւր…

Դեպի…

Քեզ…

…ու կարևոր չէ, թե որտեղ ես դու, քանի կիլոմետր ես հեռու ինձնից:

Դեպի քեզ՝ քո մի քանի գրամանոց սրտի թափած մի քանի լիտր արցունքը մեկ քառակուսի մետր համբույրներով սրբելու…

Այնչափ եմ ուզում շնչել քեզ, որ շունչս կտրվի:

Մի քանի խորանարդ մետր օդում փորձում եմ որսալ շնչառությունդ, մեկ վայրկյան կանգ առնել ու միաձուլվել մենությանդ:

Իսկ հետո՞…

…հետո դու կրկին կշարունակես ճանապարհդ դեպի անորոշություն՝ ինձ թողնելով մի բուռ հիշողություն և տանելով քեզ հետ մի քանի գրամ չորացած արցունք ու կիսատ մնացած հավերժություն…

Հեղինակային իրավունքը՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության

Հատվածը բացառիկ իրավունքով տրվել է VNews-ին՝ կայքում տեղադրելու համար

Հատվածի պատճենահանումն ու տարածումը խստիվ արգելվում է

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


 Գրականությո՞ւն, թե՞ ոչ [Հովհաննես Հովակիմյան]

Ալեքսանդր Դյումա` «Կոմս Մոնտե-Քրիստո». Հատված

Հունական դիցաբանություն. Գիշեր, լուսին, արշալույս և արև

Վայրեր, որտեղ եղել են հայտնի գրական հերոսները, իսկ այսօր կարող ես գնալ նաև դու

Շիրվանզադե՝ «Քաոս». Հատված

Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

QUIZ. Գուշակի՛ր գիրքը կարճ նկարագրությունից

3 սոնետ Շեքսպիրից

Հունական դիցաբանություն. Աքիլլես

Հատված արքայադուստր Դիանայի ինքնակենսագրականից

Ի՞նչ կարդալ հուլիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Հատված Կոկո Շանելի ինքնակենսագրականից

Ի՞նչ կարդալ հունիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Ի՞նչ կարդալ մայիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Պաուլու Կոելյու՝ «Մատիտի մասին»

Խոսե Օրտեգա ի Գասեթ` «Մշակույթի փիլիսոփայություն». Մեջբերումներ