Depeche mode-ի «Stripped»-ը՝ հայերեն - VNews

Depeche mode-ի «Stripped»-ը՝ հայերեն

targgg - Depeche mode-ի «Stripped»-ը՝ հայերեն

1986 թ.-ին թողարկված «Stripped» («Մերկացած») սինգլը բրիտանական Depeche mode խմբի ամենահայտնի և ճանաչված ստեղծագործություններից մեկն է, և ինչպես նշում է հեղինակը՝ Մարտին Գորը, այն լավագույնս է պատկերում խմբի երաժշտական զարգացումը: Բնույթով բավական պարզ՝ այն բազմաշերտ ու առանձնահատուկ է թե՛ մելոդիայի, թե՛ տեքստի տեսանկյունից: Հեղինակը ցանկություն է արտահայտում վերադառնալ մայր բնություն, հեռու «Մետրոպոլիս»-ից ու ազատ կողմնակի ազդեցությունից, կեղծիքից և թելադրանքից: Նա տենչում է վերաբացայտել իր սիրեցյալին՝ երեվան հանելով նրա թաքնված ինքնությունը: Եվ միայն խոցելի մերկության մեջ կքողազերծվի նրա իրական էությունը, միայն այդժամ նա կլինի «մերկացած»:

«Մերկացած»

Թույլ տուր տեսնել քեզ մերկ ու շիտակ,
Մերկ` մինչև իսկ ոսկրը սպիտակ,
Մերկ, ինչպես կայինք, կանք ու կլինենք,
Կյանքում մերժված, բայց իրար գտած…
 
Ա՜խ, թե բռնել ձեռքդ փոքրիկ,
Ծաղկաթերթի պես նուրբ ու բարակ,
Փախչեինք միասին անտառը գողտրիկ,
Ուր կիսատ ենք թողել մեր ճամփան։
 
Թույլ տուր լսել ձայնդ մեղմանուշ,
Որ երգում է լոկ ինձ համար,
Մաքրել արցունքներդ սիրով քնքուշ,
Որ գլորվում են լոկ ինձ համար։
 
Մոռացի‘ր աշխարհը` անգութ ու դաժան,
Մոռացի‘ր դեմքերը` ստոր, դավաճան,
Մոռացի‘ր ամեն ինչ, թող ամեն բան,
Կյանքը կատակ էր կամ մեղքի քավարան:
 
Երնեկ այս պահը երբեք չընդհատվեր,
Իրար գրկած պար գայինք անվերջ,
Ելնեինք միասին սարերն ի վեր
Մի քայլ բարձր կրակներից անշեջ:

Հոդվածը՝ Գրիգորյան Էմմայի