Դիալոգ. Անահիտ Ղազախեցյանի հետ - VNews

Դիալոգ. Անահիտ Ղազախեցյանի հետ

Դե պատմիր՝ ինչպե՞ս ես էս օրերին։ Կարողանու՞մ ես մասնակի մեկուսացման մեջ ոգեշնչում գտնել, թե՞ ոգեշնչումդ շատ ավելի քաղաքի մարդաշատ փողոցներում է:

 

Գիտե՞ս, հաճախ եմ մտածում ոգեշնչման մասին, որը ոչ թե բացակայում է, ոչ թե պարզապես չկա, այլ էնքան կիսատ է, որ քեզ ուղղակորեն թողնում է կիսով դատարկ էջի դիմաց։ Էջը անշարունակելի է։ Գոնե հիմա։ Ու սա ամենևին կապ չունի մեկուսացման հետ, փողոցների հետ, սա ավելի ներքին ու շատ ավելի վաղ սկսված մի բան է։

 

Իսկ չե՞ն վախեցնում կիսով դատարկ էջերը, մտավախություն չկա՞, որ այդպես էլ չլցվեն։

 

Մտավախությունը միշտ կա, միշտ՝ մինչև հերթական բանաստեղծություն։

 

Անահիտ, դու ինձ մոտ «հավերժ սիրահարված աղջկա» տպավորություն ես թողնում, մի պերսոնաժի, որը կարող է սիրահարվել՝ ում/ինչին ասես։ Ի՞նչ պերսոնաժ ես դու, ըստ քեզ։ Նաև գիտեմ, որ խաղարկային կինոասպարեզում հայտնվելու ցանկություն ունես, ուրեմն հարցին նաև որպես ռեժիսոր պատասխանիր. ի՞նչ կերպարի նախատիպ կարող էիր դու լինել։

 

Հավերժ սիրահարված և (ինչ շատ է ստացվում վախ բառը), վախենամ՝ ավելի շատ ինչին ասես։ Կատարյալ էս ինքնաբավությունը, երբ ես տարված եմ լինում այսինչով կամ այնինչով անփոխարինելի է, մարդիկ հրաշալի են, մարդկանց հավերժ շնորհակալ ու երախտապարտ եմ՝ սիրո համար անսահման, որ զգացել եմ, բայց կատարելության զգացում ինձ այլ բաներ են փոխանցում, հիմա երևի խճճեցի հարցդ, բայց զուգահեռ միացված է Թոմ Ուեյթս «All the world is green», որին ես սիրահարված եմ միշտ։ Հենց այդպես։ Կինոյի մասին, ես ուղղակի սիրում եմ խաղարկային կինոն, ժամանակին մտածում էի սովորելու մասին, բայց անցել են այդ ժամանակները։ Կխաղայի ինչ-որ ֆիլմում, գուցե։ Իսկ նախատիպ…. հմ, հիմա մտքովս մի ֆիլմ անցավ՝ «Աղջիկը կամրջի վրա»։ Այ այդ աղջիկն եմ հիմա ես՝ կամրջի վրա։ Հետո կլինեմ Կունդերայի Սաբրինան, մի օր գուցե մադամ Բովարին (երևի առանց տրագիկ ավարտի) ու այդպես՝ փոփոխական։

 

Սիրահարվել-սիրելու թեման շարունակելով. գրածս մի երկու տողը լսելուց հետո ան/ծանոթներիցս մեկն ասաց՝ դու իրոք էսպես սիրել գիտե՞ս, ես էլ պատասխանեցի, որ չէ, միայն էսպես գրում եմ սիրելու մասին։ Հետաքրքիր է՝ այ դու արդյո՞ք էդքան սիրուն ու նուրբ, էդքան պարզ ու պոետիկ սիրել գիտես, թե՞ էս դեպքում գրականությունը լրացնում է չունեցածի բացն ու ցանկալի իրականություն ստեղծում։

 

Ես հաճախ եմ ասում, որ ամեն բանաստեղծությունով դառնում եմ ավելի խոցելի, որովհետև դրանք ես եմ, այն, ինչ պատահել է։ Ես գրում եմ՝ սեր, երբ չկա հպում անգամ ու ասում եմ այդ մասին, և գրում եմ սիրահարվելու մասին, երբ մարդիկ ինձ համար նստած նարինջներ են մաքրում։ Չնայած մի բան հիշեցի. «Տուն դարձիր»-ում գրել եմ. «…սովորեցրու մարդիկ ոնց են ապրում առանց անցած թռիչքների, մեկ էլ՝ գերմաներեն»։ Հասցեատերը, ցավոք, գերմաներեն մի քանի բառից ավել ոչինչ չգիտեր։ Երևի ես էի ուղղակի քննության։

 

Բանաստեղծություններդ գունավոր են, առհասարակ, պոեզիայի մեջ գույնը կիրառելի բան է. Չարենցը վկա. կասե՞ս՝ որ գույներն են գերակշռում քո պոեզիայում, ու արդյո՞ք կյանքի տարբեր փուլերի հետ փոխվում է նաև գործերիդ գունապնակը։

 

Ինչ կարևոր հարց ես տալիս, գույները փոխվում է մարդկանց և իրերի հետ։ Ես մեկն եմ, որը երբեք անգույն երազ չի տեսել անգամ ու մեկ էլ նրանցից եմ, որ վեպ կարդալիս ֆիքսվում է վարագույների պայմանական կանաչ կամ մոխրագույն լինելու վրա։ Իմ գույնը կապույտն է, ես հաճախ գործեր թողնում, գնում եմ թանգարաններ ու ժամերով կանգնում սիրածս կապույտ ունեցող կտավների դիմաց։ Մնացած գույները ժամանակի հետ գալիս-գնում են։ Մեկ էլ կարմիրը կարող ենք հիմնականին մոտ վերցնել։

 

Արի երկու վանաձորիցիներով խոսենք (ասում են՝ կանաչ) Վանաձորի մասին. ինձ համար Վանաձորը անսահման պոետիկ է՝ մի քիչ դեպրեսիվ ու անկախ եղանակից՝ հոգով մառախլապատ։ Սիրում եմ ասել, որ այն «գրողի տարած ու տարած գրողների» քաղաք է։ Ինչպիսի՞ն է քո՝ «վանաձորյան կինոն». ի՞նչ ժանրի, ի՞նչ ռիթմով, ի՞նչ սաունդթրեքով, ի՞նչ պերսոնաժներով…

 

Ասա՝ ինչ սիրուն է Վանաձորից լինելը։ Երևի եթե Հայաստանում ինչ-որ միստիկ, անբացատրելի բաներ կատարվեն, հաստատ էստեղ պիտի լինեն։ Դի՜նջ քաղաք, գալիս եմ ու անկախ ինձնից դինջեր լսում, հատկապես՝ «Հոգիս հիվանդ»-ը, շատ, չափից դուրս վանաձորյան է։ Վերջին տարիներին մենակության զգացումը չի լքում, երբ Վանաձորում եմ։ Երևի նրանից է, որ գնում ենք անընդհատ։

 

Հա, ու ամեն հեռանալիս՝ առաջի անգամ հեռանալու պես թեթև մեղավորության զգացողություն կա։ 

Վերադառնալով գրականությանը. այսօր պահանջված գրականություն հեղինակելու համար «պետք է»-ներ կա՞ն. ինչպիսի՞ն է այն ժամանակակից գրականությունը, որի համար այսօրվա երիտասարդը գումար կտա ու գիրք կառնի։

 

Պահանջված գրականության համար՝ գուցե։ Իսկ գրականության համար, իսկական գրականության համար, որ քեզ մաքրում է (երևի թե այլ, ավելի համապատասխան բառ չկա) «պետք է»-ներ չկան։ Հարցիդ երկրորդ մասին համար միայն ասեմ՝ նկատել եմ, որ շատ են կարդում։ Այսինքն՝ ավելի շատ, քան նախկինում։ Այդպես հետագայում կզտվի իրենց կարդացածը, կարծում եմ։

 

Ուրեմն արի պահանջարկի մասին էլ խոսենք՝ «շատ են կարդում»-ի. այս հարցը չեմ կարողանում շրջանցել ոլորտի ներկայացուցիչների հետ զրուցելիս։ Մեզ հայտնի մեկ այլ ինքնաարտահայտման հարթակ էլ սոց. կայքերն են։Ինչպե՞ս ես վերաբերվում ՝ պայմանականորեն ասած «repost»-վող գրականությանը։ Արդյո՞ք սա չի վնասում ապագա գրքի պահանջարկին։

 

Գիտե՞ս, սոցիալական մեդիայի շնորհիվ ես այսօր կարդում եմ անգլիալեզու, գերմանալեզու, ռուսալեզու գրականություն ու մեկ-մեկ տխրում եմ, որ ավելի շատ գործեր չկան։ Մի տեսակ սովորել ենք «click» անել ու կարդալ, հեշտ-հանգիստ։ Եթե գտնում են, որ պիտի թողնեն իրենց բանաստեղծությունները, պատմվածքները, էսսեները՝ իրենց գործն է։ Ամեն դեպքում շարունակ շրջանառվող այդ ամենը գրականություն անվանելը դժվար է, նույնիսկ՝ անհնար։ Իսկ գրքին վնասելը հարաբերական է․ գուցե ուղղակի հիշեցնում է իր մասին, որ հետո հնարավորություն տա մարդկանց շոշափել, ձեռքի տակ ունենալ այդ տեքստերը։

 

Եթե դեմ չես արի մի քիչ կոտրենք քո մասին՝ «երիցուկ-աղջիկ» կարծրատիպն ու մի երկու վատ սովորություն մատնենք Անահիտից։ Կանկեղծանա՞ս «փոքրիկ մեղքերիդ» մասին։

 

Ախ այդ կարծրատիպերը չսիրելի։ Փոքրիկների մասին՝ սիրով։ Ես կարող եմ, օրինակ, օրերով հեռախոսս թողնել ինչ-որ տեղ, երբ պարզ հասկանում եմ, որ մարդիկ հաստատ իմ կարիքը կունենան թե՛ գործնական, թե՛ անձնական հարցերով, և ուղղակի կորչել ամեն տեղից։ Որովհետև չեմ կարող այդպես չանել։ Մեկ էլ, մի տերմին կա՝ «advocatus diaboli» (սատանայի փաստաբան), այն մարդու մասին է, որը վեճերի, բանավեճերի ժամանակ գիտակցաբար հասարակական կարծիքին հակառակ ինչ-որ կողմ է բռնում։ Ես սա անում եմ արդեն վաղուց, հիմա՝ ավելի շատ։ Ներքին հանգստություն եմ զգում մարդկանց ջղային ու շփոթված տեսնելիս։

 

Այ տես՝ երիցուկը մի քիչ փշոտ է դառնում։

 

Այդպես միշտ է, երբ ավելի ենք ճանաչում միմյանց։

 

Արի փորձենք մի թեթև բան գրել. առաջին տողերն ինձնից, շարունակությունը՝ քեզնից։

 

Փորձե՜նք:

 

բոլոր ծովերից ես կընտրեմ…

սառը ավազով մեկը այն, ուր հավաքված են բոլոր տխուրները

նրանք ծաղկազգեստ կլինեն, կամ …

չեն մտածի գույնի ու շողքի, և առավել՝ աչքերի մասին, որ թաց են

բոլոր օրերից, իմն այն է, որը…

սկսվում է անգլխացավ ու հիշողությամբ գիշերվա երազների

իսկ բոլոր աչքերից, իմը քոնն են՝

նրանք, որոնց ճանաչել է պետք, գիտե՞ս․ ճանաչել ու գրել

բայց իմ ծովաչափ երազների մեջ, կթրջվեն անգամ …

առագաստները նավերի այն մեծ, որ շուտով էլի՛ կբացահայտեն ինչ-որ մայրցամաք

որտեղ լուսինները մայր կմտնեն, իսկ արևները դուրս կգան՝ գիշերելու.

եւ կարևոր է՝ հանկարծ չթողնել ոչ մի սիրելի վերադարձի կետ

որ այն քեզ ամեն տեսակ մագիսներից ու ձգողականության ուժից առավել

չբերի-թողնի անծով ու անճայ փոքրիկ մի երկրում

ու ինչ-որ մի վերջում, բոլոր ջրեղեն զրույցներիս մեջ ես կլռեմ այն մեկի մասին,

որի մասին են առարկաները բնակարնի, և ձայնը եկող խխունջի միջից…

 

 

 

 

 

 


պոեզիա՝ երևանյան, քաղաքային

Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Անահիտ Կիրակոսյանը

Զրուցել ենք Թամար Ալեքսանյանի հետ. [Գրականության ուսուցման դպրոցական ծրագրի մասին]

Անի Հովակ. իմ կոլաժներն ու դրանց պատմությունները

Ժամանակակից պոետները՝ հայրենիքի մասին, հայրենիքի համար

Դիալոգ. Անի Խաչիկյանի հետ

Դիալոգ. Երեմ Կարապետյանի հետ [ապրելու ու չապրելու սահմանագծին]

Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Իննա Խոջամիրյանը

Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Նարեկ Մարգարյանը

Դիալոգ. Ծով alizé Բանուչյանի հետ

Խիստ ժամանակակից պոեզիա. Եր Կար

Դիալոգ. Արմինե Բոյաջյանի հետ [գրականության ու «մանկության նկուղի» մասին]

Չաթ անե՞նք Էվա Ոսկանյանի հետ [երաշտության ու Երևանի մասին]

Գոռ Սուջյան. Does God Listen…

Ուզում եմ նորից ծանոթանալ Հայաստանի հետ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Ժակլին Բաղդասարյանի հետ [LADANIVA]

Իմ դեղին, մի քիչ հեթանոսական ու գյումրիաշատ կոլաժները. Կրիստինա Ավագի