Դիալոգ. Անի Խաչիկյանի հետ - VNews

Դիալոգ. Անի Խաչիկյանի հետ

Անի, արի սար ու ձորերից խոսենք. ի՞նչ կա այնտեղ, որ չկա քաղաքներում։ Ի՞նչ է քեզ էդքան հաճախ տանում աղմուկ֊աղաղակներից հեռու։
Ինքնահաղթահարման ու ինքնաճանաչման ուղին։ Լեռնագնացները չգրված օրենքի պես մի բան ունեն. չի կարելի ասել «ես հաղթահարեցի կամ նվաճեցի սարը», դա անարգանք է համարվում սարի հանդեպ ու ամենաքիչը սարը կարող է ջղայանայ էնպես, որ չհասնես գագաթին։ Տարիների ընթաքում, ճանապարհներից հետո, հասկացա, որ էդ ուղին ինքդ քեզ, քո վախերը, քո բարդույթները, քո ցանկությունները, քո ցավերը, քո ներսի երաժշտությունը ճանաչելու ու ինքդ քեզ հաղթահարելու ճանապարհն է, ու հա,  սարը հնարավոր չի նվաճել, նրան պետք է խոնարվել, ու նա էնքան բան քեզ կսովորեցնի ու քո մասին կպատմի, որ ամենաաղմկոտ ու զարգացած մեգապոլիսները ամեն օր մեզանից մենակ տանում են ու ինքներս մեզնից հեռվացնում։
Տեսլան էլ է հաճախ հետդ սարերին խոնարհվում, փոքրիկ արշավական է։ Ինչքանո՞վ ես կարևորում երեխայի կապը բնության հետ ամենավաղ տարիքից։
Տեսլայի ծնունդը ինքնին հենց այդ կապն էր.  Տեսլան ծնվեց ժամանակից մի ամիս շուտ, երբ ես գտնվում էի Խուստուփի գագաթից մի քիչ ներքև… մենք գիշերը սարի ճանապարհով հասանք Կապան ու նա ծնվեց, դա նրա որոշումն էր։ Նա, իհարկե, դեռ չի հասկանում ու իր համար չկա որևէ ձևակերպում, բայց կապը էն համակարգի հետ, որում լույս աշխարհ ես եկել ու պիտի ապրես, ամենավաղ տարիքից ձևավորում է մարդուն, ու էդ համակարգը շատ ավելի բարդ է, խիստ է, միևնույն ժամանակ սիրուն ու ներդաշնակ է, քան մարդու կողմից ձևավորված հասարակարգերն ու քաղաքները։
Անի, արտաքուստ էլ շատ բնական ես. էս հարցի շուրջ արդեն հասցրել եմ նշել, որ «հեղափոխական» կերպար ես մեր աղջիկների համար. արդյոք ինքդ քեզ ու քո արտաքինի հետ հաշտությունը նույնպես սարերով անցած ճանապարհների արդյունքն է։
Շատ լավ հարց է։ Իհարկե, ավելորդ, արհեստածին, անիմաստ, առ ոչինչ երևույթները ճանապարհին ավելորդ ծանրություն են։ Մի բան կարող եմ ավելացնել. բոլորն են բնական արտաքուստ ու ունեն իրենց յուրահատկությունը, ուղղակի դա ճանաչել ու սիրել է պետք։
Հիմա մի քիչ իջնենք սարերից. Անի, ինչքանով, որ նկատել եմ՝ կարծրատիպային մարդ չես, ավելին՝ երիտասարդ, սիրուն ու ազատ կին. երբևէ կոնֆլիկտներ ու բախումներ ունեցե՞լ ես հասարակական կարծիքի հետ, ու որքանո՞վ ես դյուրազգաց այդ կարծիքների հանդեպ։
Դե որ ասում ես, ուրեմն էդպես է ստացվում։
Անկեղծ ասած, գրեթե չէ, բոլոր քիչ թե շատ նման դեպքերը կապված են ժամանակին իմ քաղակտիվության հետ, երբ մեր հասարակության համար ամոթ էր, որ աղջիկն իր  իրավունքները ու արժանապատիվ ապրելու պահանջը արտահայտի փողոցում՝ նստացույցերով ու ակցիաներով։ Ես չեմ հիշում ինչ-որ արտառոց ժամանակներ իմ կյանքում, երբ հասարակության հետ կոնֆլիկտ ունենայի. կամ այդ հասարակությունը ինձ սիրում է ու ընդունում, կամ նրա չսերը ինձ չի հասնում, ի վերջո, հնարավոր չէ բոլորին դուր գալ ու բոլորի համար լինել ընդունելի, մարդիկ տարբեր են և դա բնական է։
Քաղակտիվության մասին էլ էի ուզում խոսել. քեզ շատերն են նաև փողոցային պայքարներից ճանաչում։ Հետաքրքիր է, ըստ քեզ մեր ժամանակների մեդիա դեմքերը, մշակույթի ու արվեստի գործիչները արդյո՞ք պարտավոր են իրենց հստակ քաղաքական/քաղաքացիական դիրքորոշումն ունենալ ու բարձրաձայնել, թե՞ այս հարցում պիտիներ չկան, միայն՝ սրտի ու արդարության կանչ։
Ըմմմ, մեդիա, մշակույթ, արվեստ… էս եզրույթները մեր ժամանակներում էնքան հեղհեղուկ են ու ողնաշար չունեցող։ Մենք մտավորականների կարիք ունենք ու շատ ունենք, մտավորականների, որոնց կարծիքն ու խոսքը չի ձևավորվում այս կամ այն կերակրատաշտակից օգտվելու հետևանքով, բայց լավ, ես էլ երևի չփորձեմ էս ծանրության հարցերը շոշափել։ Քաղաքականությունը ինձ հետաքրքիր էր, երբ ավելի փոքր էին, այո, բայց հիմա ինձ հետաքրքիր է միայն քաղաքացու իրավունքն ու արժանապատվությունը, հետևաբար ես չունեմ քաղաքական այս կամ այն ուժի հանդեպ հատուկ վերաբերմունք, ու ինչպես 2018-ին, արևից վառված լացել ու գոռացել ու թռվռացել եմ նախկին իշխանության հրաժարականի ժամանակ, նույնքան պատրաստ եմ վառվել, չքնել ու հոգնել, եթե այս, կամ մյուս, կամ որևէ իշխանություն իմ՝ քաղաքացուս արժանապատվությունը չհարգի։
Այսինքն, հարցը բացարձակապես պարտավորության զգացողությունը չի լսարանիդ հանդեպ, եթե ճիշտ եմ հասկանում։ Որովհետև, որքան էլ հասկացությունները գուցե հեղհեղուկ են, այդուհանդերձ, այս կամ այն սիրված դեմքի ներկայությունը, որոշակի եղանակ է փոխում, մի խումբ մարդկանց համար օրինակ դառնում, թեկուզ՝ մի քիչ։
Երբեք չեմ մտածել, թե լսարանը ինչպես կարձագանքի, կամ, եթե անգամ մտածել եմ, հանգել եմ այն մտքին, որ վերջս երևի մոտ է, աշխատանքից կհանեն, հասարակությունը կասի՝ «դու ինչ աղջիկ ես, որ դրսերն ես ընգել»… Ի դեպ, տարբերություն չկա, թե որ իշխանության օրոք ես դու քաղակտիվ, գրեթե միշտ է նման էֆեկտ լինում։ Սա էնքան նուրբ թեմա է, որ չգիտեմ էլ՝ որն ասեմ, որը չէ… հեղափոխության օրերին՝ ամենասկզվից, երբ էն նույն փոքրամասնությունն էր փողոց դուրս եկել, հո բոլորը ձեռքերով չէի՞ն ծափահարում ու հու-հա անում։ Եթե անգամ մտածում ես՝ «դե լսարան ունեմ ու կարող եմ կարծիքս բարձրաձայնել», դա էդքան էլ հեշտ չէ. 50/50 է, քեզ կխաչեն՞, թե՞ կաստվածացնեն։ Ես իմ քաղաքացիական կամքն եմ արտահայտել, և դա ամենակարևորն է։
Անի, դերասանի մասնագիտությունը թույլ է տալիս տարբեր տեղեր/տարբեր մարդիկ լինել, տարբեր կյանքեր ապրել՝ թեկուզ մի քանի ժամով։ Այդ հանգամանքը մասնագիտական ընտրությանդ հարցում ինչ֊որ դեր ունեցե՞լ է։ Ու հետաքրքիր է՝ ո՞ր ժամանակներում ու որտեղ կուզեիր ապրել, եթե ոչ հիմա ու այստեղ։
Սիրում եմ էս թեման. հենց էս հանգամանք էլ ազդել է մասնագիտության ընտրության հարցում, ու եթե էլի ունենայի ընտրելու հնարավորություն, էլի նույն մասնագիտությունը կընտրեի։ Ես էս կյանքի անմնացորդ սիրահարն եմ, ինչքան ապրում եմ, էլի ապրվում է ու էլի քիչ է, իսկ դերասանական արվեստը հնարավորություն է տալիս ավելի շատ գույներ ու իրավիճակներ, էմոցիաներ ու ժամանակներ ապրել։
Երևի կուզեի հիպիների հեղափոխության ժամանակներում ապրել, կամ էլ հիմալայներում ծնվել, չնայած էս կյանքն ու ներկան լավագույնն է, որ ունեմ ու չեմ փոխի։
Անի, կինոգետ ես, + ուզեցել ես ռեժիսուրայով զբաղվել. հետաքրքիր է՝ հիմա հաճա՞խ ես «քիթդ խոթում» ռեժիսորների գործին։
Միշտ, բայց արդեն ավելի խելացի, դերասանի դիրքերից։ Ու դե կախված նրանից, թե ինչքանով է ռեժիսորը թույլ տալիս ու ինչքանով է բաց, թե չէ անդուր բան կարող է ստացվել։
Լավ, հիմա կինոգետի տեսանկյունից. շատ տարբեր նախագծերում ես հանդես եկել՝ կատակերգություններ, սիթքոմներ, դրամատիկ գեղ. ֆիլմեր։ Քո մասնակցությամբ ֆիլմերը երբևէ դիտարկու՞մ ես որպես կինոգետ, ու ի՞նչ չափանիշներ ունես էդ հարցում՝ որ առաջարկն ընդունել, որը՝ չէ։
Ընտիր հարց, ու միաժամանակ՝ վտանգավոր, բայց ես կփորձեմ ճիշտ սահմանագծով պահել և’ անկեղծությունը, և’ սոլիդարությունը։ Իհարկե, ամենավատ քննադատն եմ, միշտ դժգոհ եմ ու միշտ դժգոհ՝ ինձանից։ Իսկ կրիտերիաները հերթականությամբ ՝ սցենար, ռեժիսոր և ստեղծագործական թիմ, առանձին կարևորությամբ՝ օպերատոր, խաղընկերներ, ու ոչ պակաս կարևոր հոնորար։ Կարող է լինել, որ գժական սցենար լինի ու ունենա քիչ բյուջե, կամ էլ կարող է հակառակը լինել՝ կոմերցիոն պրոյեկտ, բայց ինձ ոչ այդքան հաճելի։ Ամեն դեպքում, կշեռքի նժարին դրվում են, թե ինչ եմ տալիս և ինչ եմ ստանում, եթե նյարդերս ու ժամանակս եմ ներդնելու ու, բացի գումարից, որևէ բան չստանամ՝ միանշանակ հրաժարվում եմ։
Անի, հարցս մի քիչ սուբյեկտիվ է լինելու. քո անունը առաջին անգամ ճանաչելի դարձավ «Հրեշտակների դպրոցից»֊ից հետո, բնականաբար՝ հենց «Հրեշտակների դպրոց»-ի որոշակի լսարանի համար, որոնք հիմնականում դեռահասներ, դպրոցականներ էին։ Նրանց սիրելին դարձար։ Ըստ իս, հաջորդ անցումային կետը «Կյանք ու կռիվ»֊ն էր, որը լրիվ այլ լսարանին քեզ սիրել տվեց։ Էլ չեմ ասում՝ թատերական գործունեությունդ։ Հիմա սուբյեկտիվ հարցը. չե՞ս կարծում, որ արդեն տևական ժամանակ է, ինչ տեղական սիթքոմների մակարդակն անցել ես, դիպուկ ռուսերեն բառ կա՝ «перерасла» …
Մի ուղղում անեմ. «Հրեշտակների դպրոց»-ից հետո «Սուպեր մամա»-ն էր, հետո նոր՝ «Կյանք ու կռիվ»-ը։
Տես, շատ ճիշտ ես ասում.  մասնագիտական ու ստեղծագործական աճը, ըստ տրամաբանության, նշածդ հերթականության պարագայում, հետընթաց է ապրում, բայց կա մի բայց. ցանկացած ստեղծագործող ժամանակ առ ժամանակ իր լսարանին իր մասին հիշեցնելու կարիք ունի, ու կոմերցիոն պրոյեկտները, էս դեպքում՝ էական չի, թե ինչ ժանրի, հենց էդ կապը պահելու համար են, ու 2 -3 տարին մեկ անգամ այդ տատանումները (ինչպես նաև կարելի է դրանք էքսպերիմենտներ համարել) պետք են։ Փոքրիկ գաղտնիքներ իմ ռազմավարությունից։
Լրիվ ընդունելի բան է, ու շատ գովելի է, որ ինքդ դա զգում ու ասում ես։ Վերջին կինո-հարցը. դու միշտ կինոյի դրականն ես, անմեղն ես, ճիշտն ես, բարին ես։ Ցանկություն չկա՞ «կինոյի վատ աղջիկ» խաղալու, թե՞ առաջարկներն են, հիմնականում, այդպիսին։
Ես արդեն չգիտեմ՝ ինչ անել, որ վերջապես գա այդ դերն ու կերպարը։ Դա իրականում ինձ ճահճացնում է, ու ամեն անգամ դրական կերպարների մեջ տարբեր երանգներ տալը շատ բարդ է, եթե այս հարցազրույցը կարդում ես դու՝ ինձ վերջապես բացասական կամ գոնե այլ խառնվածք ունեցող դեր տվող ռեժիսոր կամ պրոդյուսեր, մի հապաղիր, զանգահարիր։
Անի, մի քիչ ռոմանտիկ նոտայի վրա ավարտենք. վերջերս մի կարծիք լսեցի, որն ինձ դուր չեկավ։ Ասում էին՝ եթե սերն անցել է, ուրեմն՝ եղածը սեր չէր. ի՞նչ ես կարծում, առհասարակ, սերը հավերժանալու պարտավորություն ունի՞։
Նայած՝ որ մեկը…չնայած, պարտավորություն միայն պայմանագրերի ստորագրություններն ունեն, ոչ՝ զգացմունքները։ Բայց կան սերեր, որ պարտավորություններից դուրս, հավերժի համար են եկել, ու երբ անժամանակ են գնում, իհարկե, տխուր է… կարելի է ուղղակի վերլուծել ու ընդունել, որ այդ մեկը ուրիշ սեր էր, օրինակ՝ պահի, կամ իրար հետ մի քանի բաժակ սուրճի, կամ մի քանի հարյուր կիլոմետր ճանապարհի։
Ապրես, հետաքրքիր ու հաճելի էր հետդ խոսելը, ու ապրի Տեսլան, որ 2 ժամ խելոք քնեց, թողեց՝ մեծերն իրենց գործերն անեն։


Քիչ հայտնի «Զարթիր Լաո». մի օրօրոցայինի պատմություն… [Պատմում է Անի Հակոբյանը]

Զրուցել ենք «Արցախ» երգի մասին. [Սևակ Խանաղյանի, Սոսի Խանիկյանի ու Արա Ղազարյանի հետ]

Մեր տղերքի սիրած երգերը. Պատմում է Գուսան Հայկազունը

Զրուցել ենք Արցախի հանրային ռադիոյի տնօրեն Անի Մինասյանի հետ

Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Անահիտ Կիրակոսյանը

Զրուցել ենք Թամար Ալեքսանյանի հետ. [Գրականության ուսուցման դպրոցական ծրագրի մասին]

Անի Հովակ. իմ կոլաժներն ու դրանց պատմությունները

Դիալոգ. Երեմ Կարապետյանի հետ [ապրելու ու չապրելու սահմանագծին]

Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Իննա Խոջամիրյանը

Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Նարեկ Մարգարյանը

Դիալոգ. Անահիտ Ղազախեցյանի հետ

Դիալոգ. Ծով alizé Բանուչյանի հետ

Դիալոգ. Արմինե Բոյաջյանի հետ [գրականության ու «մանկության նկուղի» մասին]

Չաթ անե՞նք Էվա Ոսկանյանի հետ [երաշտության ու Երևանի մասին]

«Մեզնից ոչ ոք անթերի չէ, մենք բոլորս սիրուն ենք». Անի Խաչիկյանի հետ

Գոռ Սուջյան. Does God Listen…