Դիալոգ. Արմինե Բոյաջյանի հետ [գրականության ու «մանկության նկուղի» մասին] - VNews

Դիալոգ. Արմինե Բոյաջյանի հետ [գրականության ու «մանկության նկուղի» մասին]

Ողջու՜յն, Արմինե, զրուցե՞նք։ 

Կոֆեն կա, Ազնավուրը կա /այսօր թող ինքը լինի/, կարող ենք սկսել։

Դե ասա տեսնեմ՝ ինչպե՞ս ես այս օրերին։

Ես այս օրերին միայն սրտնեղում եմ այն մարդկանց համար, որոնք չեն կարողանում հաղթահարել վիրուսը /թեկուզ արհեստածին. սա այլ հարց է/, ու ցավոք ելքը մահն է դառնում։ Մնացած առումներով մի տեսակ նոր արժեք է ստանում ամեն ինչ, սկսում ես գնահատել ամենահասարակ հանդիպումները, ամենաառօրյա անելիքները…

Խոսե՞նք այդ «այլ հարց»-ի մասին. կարծու՞մ ես վիրունս արհեստածին է։

Հա, ես կարծում եմ` ցանկացած վիրուս արհեստածին է. բնական կյանքի հետևանքում։ Արհեստածին դեպքեր նույնպես լինում են բնության մեջ: Բնությունն, անշուշտ, ունի ինքնամաքրվելու հակում, դրա վառ օրինակները ջրային հատվածներն են… Բայց եթե մենք «ստիպում ենք» բնությանը գնալ այս տեսակ դաժան ինքնամաքրման, ապա արհեստական բնականություն կա այստեղ։

Արի անցնեք ոչ պակաս վարակիչ մի բանի՝ գրականությանը։ Ինձ իրավունք վերապահեմ ասելու՝ դու ֆանատիկ ընթերցող ես: Կա՞ն պարտադիր ընթերցանության գրքեր, թե՞ քո գիրքը քեզ գտնում է /կամ դու՝ նրան/։

Հա, կարդալ շատ եմ սիրում. ես չգիտեմ չկարդալու ձևը: Կոնկրետ ինձ համար միշտ կան պարտադիր ընթերցանության հեղինակներ: Ո՞վքեր են նրանք. եթե ես չկարդամ Արիստոտելին, ինչպե՞ս հասկանամ Բրեխտին: Գուցե մակերեսորեն հնարավոր լինի, բան չունեմ ասելու: Բայց այդ մակերեսն ինձ համար չէ: Եթե մեկը Պլատոն չի կարդացել, կկարդա Ֆրեյդ ու կհրճվի, իսկ եթե Պլատոնի օբյեկտիվ իդեալիզմի տեսությունից տեղյակ է, արդեն կշեռքը կվերցնի ձեռքը` հրճվելու փոխարեն: Կամ ինչպե՞ս ու ի՞նչ գրել, եթե չիմանալ՝ այսօր ով ինչպես է գրում: Գուցե կան մարդիկ, որոնք առանց այս ամենի «յոլա են գնում», բայց ես չեմ այդ մարդը: Եթե գիրքը վերցրել եմ ձեռքս, անկախ նրանից` հավանել եմ, թե ոչ, կավարտեմ: Ճաշս մինչև վերջ ուտելու սովորության պես: Իմ կարծիքով պետք է կարդալ Պյութագորասից, հին արևելյան պոեզիայից, ժողովուրդների էպոսներից մինչև էսօր եղած բոլոր էն հեղինակներին, որոնք հետք ունեն գրականության մեջ. անկախ նրանից՝ այդ ձեռագիրը իմ սրտով է, թե ոչ:

Իսկ գրողին ընթերցանությունը երբևէ կարո՞ղ է խանգարել. օրինակ՝ սկսնակ գրողին, որը դեռ իր ոճը չի գտել. կարդում է մեկին, չափից շատ ոգեշնչվում ու ենթագիտակցորեն մի քիչ նմանակում. դեպքերի նման զարգացումը հնարավո՞ր է, ըստ քեզ։

Սկզբից բոլորս էլ քամիների տակ ընկել ենք… գուցե դեռ քամու տակ ենք, բայց չենք զգում, կողքից ավելի հեշտ կլինի ասելը, բայց ի վերջո պետք է անցնել այդ շրջանը, որ զտես այն, ինչ քոնն է… այն, ինչ դու ես սինթեզել: Մեծ գյուտեր անել այսօր հնարավոր չէ: Ախր, այնքան բան կա արված: Այնքան միտք կա օդում: Մեկ – մեկ որ քիթները ցցած դեմքեր եմ տեսնում, ծիծաղս գալիս է, որովհետև եթե մարդ իսկապես տեսնի` ինչեր կան ասված իրենից առաջ, պարզապես լուռ իր խաչը կտանի: Մի քիչ շեղվեցի հարցից, բայց ուզեցի սա ասել։

Արմինե, հաճա՞խ ես վերադառնում քո «մանկության նկուղ» ու կա՞ն  այնտեղ դռներ, որոնք վախենում ես բացել։ 

Բոլոր վախենալու դռները բացել եմ անցյալ տարի` վիպակս գրելու ժամանակ: Բնականաբար, բոլորի մասին չեմ գրել, կան խիստ անձնական ապրումներ, որ հանրային չեն դառնում, պետք չէ, որ դառնան: Գիտես, Լուսե, եթե մարդկանց թողած չլինեի այդ նկուղում, գուցե հաճախ չուզենայի վերադառնալ: Բայց եթե այդ նկուղում են մարդիկ, որոնք՝ աչքդ բացել ես, տեսել ես քեզ հետ, քո տանը, ու հիմա ստիպված ես առանց նրանց անցնել մնացած ճանապարհը, ուզած-չուզած հետ ես գնում…

Ուրեմն, կարո՞ղ ենք «Նկարում եմ նապաստակ (location ծառի տակ)» գիրքը համարել քո ձեռքբերումը ոչ միայն որպես գրող, այլև որպես ուղղակի մարդ, որը հաշտվեց իր ու իր ապրածի հետ։

Հենց այդպես էլ նախ և առաջ պետք է համարել: Ինձ համար վիպակը հենց այդ հաշտության խաչմերուկն էր:

Կրկին խոսելով մանկության մասին. Ագաթա Քրիստին ասում էր ՝«Կյանքում քեզ հետ պատահող ամենաբախտավոր բաներից մեկն ուրախ մանկություն ունենալն է», մեր ժամանակների հոգեբաններն էլ սիրում են կրկնել՝ «խնդիրը գալիս է մանկությունից». համամի՞տ ես ձևակերպումների հետ, ինչպի՞սին է մանկության դերը մարդու հետագա կյանքի վրա, ըստ քեզ։

Կարծում եմ` այդպես է…. Օրինակ, իմ բնավորություններում, այս ու այն արարքի դրդապատճառներում, խնդիրներում, բարդույթներում, ցանկություններում, անգամ` նպատակներում ես դա «բռնացնում եմ»: Ես եզրերը գտնում եմ, տեսնում եմ, շատ շոշափելի պատճառահետևաքային կապեր կան. (այս բառը դեռ ինստիտուտից չեմ սիրել):

Մի տենդենց եմ նկատել. թվում է ժամանակակաից պոետների գործերի հիմքում, հիմնականում, հենց իրենք՝ գրողներն են։ Նկատե՞լ ես նման բան, կարելի՞ է համարել, որ ժամանակակից գրականությունը ավելի «ներանձնային» է։ 

Հա, տենդենցը նկատելի է ընդհանրապես գրականության մեջ, ոնց ասացիր… փնտրտուքի ժամանակներ են։ Ես գրականությունը պատկերացնում եմ որպես Համաշխարհային մեծ Միտք: Այն սկիզբ է առել, երակներով հոսել ու եկել հասել է մեզ: Գրականությունը բոլոր ժամանակների «ինչու» հարցի պատասխանն է:

Ու մեր ժամանակների «ինչու»-ները առավելապես հենց մեր մեջ են…

Հա, բա ոնց: Ինքնաճանաչման, մեկուսացման միտում կա ընդհանուր։ Չգիտեմ, ես կյանքը խաչի պես եմ պատկերացնում. մարդն էլ է այդպես կառուցված՝ խաչի պես։ Հարաբերություն աջ ու ձախի հետ, այն է` մարդ-մարդ և հարաբերություն վեր ու վարի հետ, այն է` մարդ և Արարիչ։ Բոլոր տեսակի ինքնաճանաչման ու մեկուսացման ձևերը ինձ համար պետք է ներառեն այս երկու կարևոր հարաբերությունը: Ես այդպես եմ ապրում. մարդ չսիրող մարդուն չեմ կարողանում հավատալ, չի ստացվում… բայց ժամանակակից պոետները լավն են, ես շատ եմ սիրում նրանց կարդալ. մարդիկ այսօրվա լեզվով մեզ հետ խոսում են, էլ ի՞նչ ենք ուզում։

Արմինե, մի քանի տարի չես գրել, ասել ես, որ հետո քեզ գրականությանն է վերադարձրել Ռուբեն Հովսեփյանը։ Ի՞նչն էր կանգնել քո ու գրականության միջև։

Ես էի կանգնել: Ես ինձ խանգարում էի: Մտածում էի` երևի իմ ճանապարհը չէ, որովհետև ինչ գրում էի, ինձ չէր բավարարում: Նույնիսկ այնքան չէր բավարարում, որ ունենալով թերթերում տպագրվելու իրական հնարավորություն, երբեք չեմ արել դա: Քննադատ եմ խասիաթով: Ինքնաքննադատ` ավելի:

Հիմա քեզ դու՞ր են գալիս Արմինե Բոյաջյանի գործերը. առհասարակ կարողանու՞մ ես քո գրածները ուղղակի ընթերցողի դիրքերից կարդալ։

Ես միշտ կարողացել եմ գրածներս ընթերցողի դիրքից կարդալ, դա էլ հենց իմ ամենամեծ խնդիրն ու առավելությունն է: Այնպես չէ, որ հիմա ինչ գրում եմ, սրտովս է, բայց Ռուբեն Հովսեփյանն օգնեց հաղթել էդ բարիերը: Հիմա գոնե գիտեմ` ինչը որտեղ կարելի է ներկայացնել: Ֆեյսբուքում չեմ սիրում շատ բան դնել… Բայց ես կգրեմ այն, ինչի համար տրվել է ինձ այս տաղանդը:

Արի մի քանի միտք փորձենք շարունակել։ Ուրեմն՝ արթնանալու համար պետք է…

…Աստծո ողորմությունը: Եթե Նա չկամեցավ, դու /ես/ պարզապես չես /չեմ/ արթնանա:

Մի զույգ նրբաճաշակ բարձրակրունկներ…

… Ճշտելու` հո չենք մոռացել դրանց վրա քայլելը։

Իսկ դիմանալու համար, երբ դրանք սեղմում են…

…Հանել նույն վայրկյանին, պետք չէ դիմանալ։

Եթե չարևահարվելու համար՝ լայնեզր գլխարկ, ապա արևը տեսնելու համար…

…Աչքեր։

Անծանոթին սիրահարվելու համար…

…Անծանոթին չեմ կարողանում սիրահարվել, չի ստացվում։

Իսկ վաղուց սիրած մարդուն մոռանալու համար (երբ հարկ կա)…

…Նայած, թե տվյալ պահին իմունիտետս ինչ մակարդակի վրա է։
Եթե հագուստը փոխելու համար՝ 5 րոպեանոց դեֆիլեներ, ապա ինքդ քո մեջ ինչ-որ բան փոխելու համար… 
…Բնավորություն կա, որ փոխելու համար երկար տարիներ, լուրջ փորձություններ, մահվան շուքի ձորեր են պետք եղել, բնավորություն կա, որ այնպես եմ հրաժեշտ տվել, չեմ էլ հասկացել` ոնց եղավ, ինչի արդյունքում եղավ:
Եթե գտնելու համար՝ չփնտրել է պետք, ապա կորցնելու համար բավական է…
…Ես հակված եմ մտածել, որ երբ մարդը գտնում է ինչ-որ բան, դրա «պատվերն» արդեն իսկ Տիեզերքին տրված է իր ենթագիտակցական դաշտից: Եվ եթե անգամ այդ պահին քեզ թվում է` չես փնտրում, բայց գտար, ապա դա նախորդ փնտրածիդ պատասխանն էր` որոշյալ ժամանակում: Իսկ կորցնելու մասին ասեմ` բացի մարդկային կորուստներից մնացած ամեն վերջ նոր սկիզբ եմ համարում։
Արմինե, լավ զրուցեցինք, իմ երեկոյան սիրուն լիցքերն ապահովեցիր, ապրես դու։
Դու էլ, Լուսե ջան: Քեզ հետ ոնց կարելի էր սիրուն չզրուցել:


Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Անահիտ Կիրակոսյանը

Զրուցել ենք Թամար Ալեքսանյանի հետ. [Գրականության ուսուցման դպրոցական ծրագրի մասին]

Ժամանակակից ո՞ր հեղինակներն են ներառվել հանրային քննարկման ներկայացված «Գրականություն» առարկայի ուսուցման դպրոցական ծրագրում

«Դուք նկատե՞լ եք»… Մհեր Արշակյան

Անի Հովակ. իմ կոլաժներն ու դրանց պատմությունները

Դիալոգ. Անի Խաչիկյանի հետ

Խիստ ժամանակակից. խոհեր/տողեր Սաթեն Գրիգորյանից

Դիալոգ. Երեմ Կարապետյանի հետ [ապրելու ու չապրելու սահմանագծին]

Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Իննա Խոջամիրյանը

Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Նարեկ Մարգարյանը

Դիալոգ. Անահիտ Ղազախեցյանի հետ

Դիալոգ. Ծով alizé Բանուչյանի հետ

Չաթ անե՞նք Էվա Ոսկանյանի հետ [երաշտության ու Երևանի մասին]

Գոռ Սուջյան. Does God Listen…

Ուզում եմ նորից ծանոթանալ Հայաստանի հետ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Ժակլին Բաղդասարյանի հետ [LADANIVA]

Իմ դեղին, մի քիչ հեթանոսական ու գյումրիաշատ կոլաժները. Կրիստինա Ավագի