Դիալոգ. Երեմ Կարապետյանի հետ [ապրելու ու չապրելու սահմանագծին] - VNews

Դիալոգ. Երեմ Կարապետյանի հետ [ապրելու ու չապրելու սահմանագծին]

Ողջու՜յն, Երեմ, պատմիր՝ ո՞նց ես էս օրերին, ի՞նչն է փրկում համաճարակա/քաղաքական ղժբժոցից։

 

էս օրերին ավելի շատ սոց. հեռավորություն պահպանում եմ քաղաքականությունից, համաճարակի անմիջական զուգնկեր լինելու փաստից չեմ վախենում, որովհետև ես բարի մարդ եմ, իսկ բարի մարդիկ չեն վարակվում։

 

Երեմ, կենսագրությանդ մեջ մի փոքրիկ «հակասություն եմ» գտել։ Քո՝ «Ամբոխները խելագարված» ներկայացումը առանց խոսքերի էմոցիա տալու մասին է, մյուս կողմից՝ բառաշատ պոեզիադ. հիմա ասա տեսնեմ՝ ո՞րն է էմոցիա փոխանցելու լավագույն միջոցդ։

 

«Ամբոխները Խելագարվածը» Երեմի տղան է, Երեմի միակ էմոցիա փոխանցելու ձևը այլևս գտնված է՝ արթուն ժամանակ ոչ մի րոպես պիտի չանցնի առանց սիրահարվելու. ամեն օր զրոյից սիրահարվում եմ ՝ մորս, կատվիս, բառ֊տառ ընկերությանը, էդ սիրահարվելու շնորհիվ մտնում եմ մի տարածք, որտեղ ուզածիդ չափ էմոցիա է ցանած, մշակում եմ, քաղհանում ծիլ տված էմոցիաները ու պրծ ՝ սեզոնային էմոցիան խոհանոցումս է։ Այ իսկ ռեժիսոր Երեմին թատրոնում բառեր պետք չեն. թատրոնում, որպես բառ, կա լույս, երաժշտություն, ռեկվիզիտ և իհարկե՝ դեր/ասան. և եթե անկեղծ, թատրոնը զզվում է բառերից ՝դե գոնե իմ ստեղծած ժամանակակից թատրոնը. որն է Աղվեսներ Փորձարարական թատրոնը, իսկ Եր Կարի համար, որի էմոցիան բառ է, միշտ դժվար կլինի շփվել Երեմի հետ, որի էմոցիան բառը չէ։

 

«Աղվեսներ»֊ից խոսենք, ի՞նչ շարունակություն այն ունեցավ/կունենա։ Մարդկանց տներ թատրոն տանելու միտքը ի՞նչ փուլում է։

Բանաստեղծություններիցս մեկում հազար անգամ ասել եմ՝ մարդը այլևս չի ուզում մարդուն, բայց լավ… Աղվեսները պատրաստվում են իրենց հաջորդ ներկայացման գալուստին։ Նոր ներկայացումը արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո կգա. սցենարի և բեմադրության հեղինակը Երեմն է, իսկ ներկայացումը կոչվում է «Դու»։ Մարդկանց տներ չենք գնա դեռ երկար ժամանակ, բայց հենց անցնենք նախկին կյանքին, նորից այս հարցը կտաս ու կպատասխանեմ ավելի հստակ:

 

Երեմ, դեռևս գիրք չկա. ինչու՞, գիրք հրատարակելու ինչ֊որ էմոցիոնալ պատնեշ կա՞ , թե պատճառները զուտ տեխնիկական են։

 

Արտակարգ դրությունը փոխեց Եր Կարի կյանքը, բանից պարզվեց` էդ խեղճ (հեչ էլ խեղճ չի) տղեն լավ էլ գրում է. ինձ ասել են, որ ես պոետ եմ. պատկերացնու՞մ եք` ինչ կլիներ, եթե ես հավատայի նրանց։ Գիրքը, ինչպես ներկայացումը, սպասում է անարտակարգ ու լկտի դրության ավարտին։ Հենց վարակը գնա, գիրքս կգա, անտանելի «գրող ու ցավ» բաներ եմ մատածել, որ պիտի տամ ընթերցողին։ Էնպես որ գիրքս մուտքի մոտ է ՝ զուտ ջերմությունը բարձր է դրա համար ներս չի գալիս։

 

Երեմ, պոեզիադ երբեմն ապրելու ու չապրելու սահմանագծին է, իմ սյուբեկտիվ կարծիքով. ուրեմն, երբևէ ինքդ էդ սահմանագծին կանգնել ես՝  էմոցիոնալ իմաստով։

 

Ամեն օր էդ սահմանագծի մոտով անցնում եմ. էնտեղ մի հատ արևի կտոր տղա երեխա կա նստած, միշտ էնտեղ է, ամեն անգամ անցնելուց բարևում եմ ու հարցնում.

֊ես ո՞վ եմ:

Ասում է.

֊ Ապրելու ու չապրելու սահմանագիծը անցած լակոտ ես, ում բախտը միշտ բերում է երբեք չանցնել էդ սահմանագիծը։ Վերջում միշտ ավելացնում է.

֊Եր Կար ջան, հանկարծ չփորձես չափդ ճանաչել. որովհետև դու շատ երկար ես։

Հիմա ասածս ինչ է. գրելու ժամանակ էդ տղա երեխան է գրում, ոչ թե ես, ում հեչ պետքը չի ոչ մի սահմանագիծ։

 

Իսկ ապրելու ժամանակ… կա՞/չկա՞ էդ տաղ երեխան։ Մարդավարի ասած՝ էն ինչ ապրում ես ու էն ինչ գրում ես հակասությա՞ն, թե՞ փոխլրացման մեջ են։

 

Երեմը ապրում է, Եր Կարը գրում Երեմի ապրումները։ Մարդավարի ասած` Եր Կարը Երեմի խմբագիր֊մաման է, իսկ տղա երեխան, հատուկ առիթների համար է։

 

Իսկ ինչպիսի՞ ընթերցող ես. առհասարակ, ըստ քեզ, գրողին ընթերցանությունը կենսականորեն անհրաժե՞շտ է, թե՞ ոչ։

 

Էլի եմ ասել՝ գրողը եթե չի կարդում, ուրեմն միկադո պատրաստող է, ոչ թե գրող։ Մենակ թե արդեն 5 ամիս է, չի ստացվում կարդալ վերջացնել իմ սիրելի Հովհաննես Թեքգյոզյանի «Երրորդ սեռ» վեպը:

 

Ժամանակակիցներից ու՞մ կառանձնացնես. այնպիսի անուններ, որոնց կկարդաս ու չես հոգնի։

Քանի որ ես անտանելի հայամետ եմ, պիտի ասեմ հայ ժամանակակիցների անուններ.

Հովհաննես Թեքգյոզյան (միակս),  Հասմիկ Սիմոնյան (ամեն օր եմ կարդում), Մհեր Արշակյան (ես նրան Մեծ Մհեր եմ ասում), Անի Ասատրյան (վերջինս բացահայտում էր), Արփի Ոսկանյան, Անուշ Քոչարյան (հուսամ մի օր կհայտնվեմ նրա Բալկոնում), և էլի շատերը …

 

Ապրես հետաքրքիր պատասխանների համար, սիրով կսպասեմ գրքիդ, առավել սիրով՝ թատրոնիդ, եթե մի օր որոշեք իմ դուռը թակել։ 

 

Լուսանե ջանջան, ես լիցքաթափված/լիցքավորված եմ հիմա. ապրես հարցերիդ և հարցերիդ և հարցերիդ համար։

 

 


Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Անահիտ Կիրակոսյանը

Զրուցել ենք Թամար Ալեքսանյանի հետ. [Գրականության ուսուցման դպրոցական ծրագրի մասին]

Ժամանակակից ո՞ր հեղինակներն են ներառվել հանրային քննարկման ներկայացված «Գրականություն» առարկայի ուսուցման դպրոցական ծրագրում

«Դուք նկատե՞լ եք»… Մհեր Արշակյան

Անի Հովակ. իմ կոլաժներն ու դրանց պատմությունները

Դիալոգ. Անի Խաչիկյանի հետ

Խիստ ժամանակակից. խոհեր/տողեր Սաթեն Գրիգորյանից

Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Իննա Խոջամիրյանը

Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Նարեկ Մարգարյանը

Դիալոգ. Անահիտ Ղազախեցյանի հետ

Դիալոգ. Ծով alizé Բանուչյանի հետ

Դիալոգ. Արմինե Բոյաջյանի հետ [գրականության ու «մանկության նկուղի» մասին]

Չաթ անե՞նք Էվա Ոսկանյանի հետ [երաշտության ու Երևանի մասին]

Գոռ Սուջյան. Does God Listen…

Ուզում եմ նորից ծանոթանալ Հայաստանի հետ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Ժակլին Բաղդասարյանի հետ [LADANIVA]

Իմ դեղին, մի քիչ հեթանոսական ու գյումրիաշատ կոլաժները. Կրիստինա Ավագի