Դրախտը Հայաստանում էր... - VNews

Դրախտը Հայաստանում էր…

Ջորջ Գորդոն Բայրոնը 1816-ին այցելել է Վենետիկի Սբ Ղազար կղզի, ծանոթացել Մխիթարյան միաբանության գործիչների հետ: Հ. Ավգերյանից սովորել է հայերեն, նրա հետ հրատարակել «Քերականութիւն հայերէն և անգղիական» (1817, 1819) դասագրքերը, օգնել Ավգերյանին՝ «Բառարան անգղիերէն և հայերէն» (1821) գրքի ստեղծման գործում: Ավգերյանի խնդրանքով Բայրոնը հայ-անգլերեն քերականության ձեռնարկի համար գրել է առաջաբան, որտեղ դրել է հայ ժողովրդի թուրքական և պարսկական բռնակալությունից ազատագրելու խնդիրը: Սակայն քաղաքական նկատառումներով այն չի տւպագրվել. հրատարակվել է միայն 1830-ին Լոնդոնում լույս տեսած «Լորդ Բայրոնի կյանքը, նամակներն ու օրագրերը» գրքում:

Բայրոնը նաև հայերենից անգլերեն է թարգմանել Պողոս Առաքյալի՝ Կորնթացիներին ուղղված Թղթերը (1817), երկու գլուխ Մովսես Խորենացու «Պատմություն Հայոցից»: Ծանոթացել է Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը, անգլերեն թարգմանել այն մասերը, որոնք բացակայել են Աստվածաշնչի անգլերեն թարգմանության մեջ: 1823-ի հուլիսին Բայրոնը Հունաստան մեկնելուց առաջ, հրաժեշտի համար վերջին անգամ այցելել է Սբ Ղազար կղզի:

Բայրոնի՝ հայերի և հայոց լեզվի հետ առնչությունների մասին հետաքրքիր մի քանի հատված ենք ներկայացնում նրա նամակներից:

«Նրանց երկիրը հավետ պիտի մնա աշխարհի ամենահետաքրքիր երկրներից մեկը»

Թոմաս Մուրին գրած նամակից.

«Իբրև հաճելի ժամանց, ամեն օր հայերեն եմ սովորում հայկական վանքում: Պարզվեց,  որ միտքս պայծառացնելու համար ինձ հարկավոր է մի տաժանակիր աշխատանք: Սա ամենադժվարին աշխատանքն է, որ ես կարողացա գտնել այստեղ իբրև ժամանց՝ միտքս տանջահար անելու և կենտրոնանալու համար: Ինչևէ, սա մի հարուստ լեզու է, և լիովին փոխհատուցվում են սովորողի չարչարանքները: Ես ջանք եմ թափում և կշարունակեմ, բայց չեմ կարող երաշխավորել ո՛չ հաջողություններիս, ո՛չ էլ ձգտումներիս իրականացման համար: Վանքում կան մի շարք չափազանց հետաքրքիր ձեռագրեր, գրքեր, ինչպես նաև թարգմանություններ այժմ կորած հունարեն բնագրերից, նաև պարսկերենից, ասորերենից և այլն՝ չհաշված իրենց ժողովրդի բնիկ երկերը:

5 դեկտեմբերի, 1816, Վենետիկ

Բայրոնը խորթ քրոջը՝ Ավգուստա Լիին գրում է.

«Ամեն առավոտ գնում եմ հայկական վանք (հայրերի, փոքրիկս, ոչ միանձնուհիների)՝ լեզու սովորելու, նկատի ունեմ հայոց լեզուն (քանզի քեզ, կարծեմ, հայտնի է, որ ես խոսում եմ իտալերեն ավելի սահուն, քան ճիշտ): Եթե դու հարցնես, թե իմ ինչին է պետք այդ հազվագյուտ լեզուն, կարող եմ միայն պատասխանել, որ դա արևելյան է, և՛ դժվարին է և՛ գրավում է ինձ»:

18 դեկտեմբերի, 1816, Վենետիկ

Հ. Այվազովսկի «Բայրոնի այցը Սբ Ղազար կղզի»

«Հայերեն-անգլերեն քերականության» առաջաբանից

«Անգլիացի ընթերցողը հավանաբար զարմանա, որ իմ անունը առնչված է այս կարգի գործի հետ և հակված լինի հավատ ընծայել լեզվագետի իմ արժանիքներին ավելին, քան դրանք իրոք արժանի են:

Չցանկանալով կամովին մեղսակից լինել այդպիսի մի պատրանքի, ուզում եմ հնարավորին չափ համառոտակի ներկայացնել իմ անձնական դերը այս գործում և այն դրդապատճառները, որոնցով առաջնորդվել եմ: Երբ 1816-ին ժամանեցի Վենետիկ, միտքս այնպիսի վիճակում էր, որ պահանջ էի զգում մի գործի, որը երևակայությանս համար քիչ ասպարեզ թողներ և բավականաչափ դժվարություն հարուցեր որոնումներիս մեջ:

Այդ ժամանակ, ես նույնպես, շատ ճանապարհորդների նման, խիստ տարված էի Սբ Ղազար վանքի միաբանությամբ, որը միավորում է կղերական հաստատության բոլոր առավելությունները՝ առանց դրա մոլորություններից որևէ մեկի:

…Թերևս դժվար կլինի գտնել մի ազգի տարեգրություն, որն ավելի զերծ լինի արատավորող ոճիրներից, քան հայերինը, որոնց առաքինությունները խաղաղասիրության արգասիք են, իսկ արատները՝ բռնադատման հետևանք: Սակայն, ինչպիսին էլ լիներ նրանց ճակատագիրը, որը դառն է եղել, ինչպիսին էլ լինի այն ապագայում, նրանց երկիրը հավետ պիտի մնա աշխարհի ամենահետաքրքիր երկրներից մեկը, և, թերևս նրաց լեզուն միայն ավելի խորը ուսումնասիրության պահանջ է դնում ավելի գրավիչ դառնալու համար: Եթե վստահենք Սուրբ գրքին, դրախտը Հայաստանում էր, Հայաստան, որն իր հողի վաղանցուկ առնչակցության պատճառով, Ադամի սերունդների պես, թանկ վճարեց մի մարդու երջանկության դիմաց, որն իր փոշուց էր ստեղծված: Հայաստանում էր, որ ջրհեղեղը սկսեց տեղի տալ, և իջավ աղավնին: Բայց դրախտը դեռ չէր հասցրել անհետանալ, երբ ծայր առավ այդ երկրի տարաբախտությունը, քանզի երկար ժամանակ հզոր թագավորություն լինելով հանդերձ, համարյա երբեք անկախ չեղավ՝ և պարսից սատրապները, և թուրք փաշաները նմանաբար անապատ դարձրին այն երկիրը, ուր Աստված մարդուն ստեղծել էր իր իսկ պատկերով»: