Աղբ թափելու բերկրանքն արտակարգ դրության պայմաններում - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Աղբ թափելու բերկրանքն արտակարգ դրության պայմաններում

Բարև Ձեզ: Ձեր հետ կրկին Աննան է: Եվ եթե նախորդ հոդվածում ես խելագարվում էի, ապա շուտով կդատվեմ: Բայց այս անգամ արտակարգ դրությամբ պայմանավորված այլ թեմայով: Նախորդ՝ հեռավար ուսուցման մասին նվնվացող իմ նյութում կիսախելագարության եզրին հասնող շարադրանքս շատերին ժպիտ պարգևեց, իսկ էլ ավելի շատերին՝ դժգոհություն: Քանի որ ազգիս մանկավարժ-մայրերն համարեցին, որ ես ինչ-որ շատ եմ տրտնջում երեխաներիս սովորեցնելու, կրթելու, դաստիարակելու սուրբ պարտականությունից: «Я же мать»  գրառմամբ դրոշակը «ճպացրին» դեմքիս՝ ծածանելով #թաղեմբոյդկորոնավիրուսով լցված օդում:

Բայց այս անգամ լրիվ այլ առիթով ենք հավաքվել, հարգելի սեղանակիցներ:

Եթե այս համաճարակ-մղձավանջը շարունակվի նույն՝ աղբ թափելուց երանելի բան չկա գիտակցությամբ և երախտիքի խինդով, ապա ես շատ շուտով կենթարկվեմ քրեական պատասխանատվության՝ խախտելով #տունըմնաաղչի կամ #սթրվիտեղդ կոչը, հորդորը, պատգամն ու նրա հետ կապված կանոններն ու արգելքները: Եվ ահա, թե ինչու…

Կոմիտասի տարածքում՝ ՍԱՍ-ից ներքև և վերև սահմաններում ստուգումներ իրականացնող և իրենց ծառայությունը լավագույնս իրականացնող ոստիկաններն արդեն ինձ հեռվից են ճանաչում: Սկսեմ սկզբից՝ ինչու:

Արար 1. Կոմիտասի փոստ

Առաջին անգամ նրանք իմ թրջված ողբերգություն կերպարը տեսան բանկոմատից գումար հանելուց հետո, երբ ես թաց-թաց գլխով ու բոթասներով քայլում էի տուն: Նրանց ես չէի նկատել: Հարգալից մոտեցան, հիշեցնեմ, որ անձրև չէր գալիս, է՜, այլ երկնքից «շլանգները» կապել էին  քաղաքի ու իմ վրա:

Հա, մոտեցան թե բա՝

-Ձեր փաստաթղթերը ցույց կտա՞ք:

Ես՝ մուննաթ դեմքով, ինչը շեշտեմ իմ մոտ ամենահեշտն է ստացվում, բացակա հայացքով պատասխանեցի.

-Բարև Ձեզ, չունեմ:

-Իսկ ձևաթու՞ղթ:

-Էլի չունեմ:

-Բա ո՞նց կլինի այդպես, հարգելի՜ քաղաքացի:

-Ես էլ եմ էդ ասում՝ ո՜նց կլինի…

Հրեական եմ գնում ու հարցին երկարացման նշանով, բայց հարցի տակ սղացնելով՝  պատասխանում եմ ես:

Շեշտեմ, որ այս բարեխիղճ ոստիկանների աչքերում ես էնպիսի թքած ունեցող արվեստագետի տպավորություն եմ ստեղծել, որ նրանցից մեկը, որի հումորի զգացումը մեծ գնահատանքի է արժանի, ասում է.

-Հարգելի՛ քաղաքացի, ինձ մոտ էնպիսի տպավորություն է, որ դուք  էսա-էսա մեզանից եք ձևաթուղթ ու անձնագիր պահանջելու:

Ես էլ հետ չմնալով՝«պասերով» պատասխանում եմ.

-Չէ՛, լավ ա, շտապում եմ, թող մնա մյուս անգամ:

Եվ այսպես, մեր հարգելի ոստիկան եղբայրը, հաշվի առնելով իմ հոգեկան ապրումներն ու թրջված վիճակը, ընդառաջում է:

Արար 2. Կոմիտասի շուկա… չհասած

Հաջորդ դեպքը պատահեց, երբ ես ու ընկերուհիս, (այսուհետ ընգեր), որի անունը խառը նկատառումներից, կյանքի դրվագներից ու դեպքերից ելնելով՝ չեմ նշում, քայլում էինք և թվարկում հիպերտոնիայի երևակայական պատճառները 30 անց կանանց մոտ, վահանաձև գեղձի ինքնահրկիզման ճգնաժամային շրջաններն ու դրանց բացասական անդրադարձը կնոջ հոգեկան աշխարհի ու կենցաղավարության վրա: Մի խոսքով խառն էինք: Հանկարծ նկատեցինք, որ առջևից մեզ են մոտենում երեք ոստիկան-եղբայր: Իսկ մենք դոդ-դոդ միանգամից շուռ ենք գալիս և փորձում ենք խույս տալ նրանց ահագնացող քայլերից:

Պտտվեցինք «Մի րոպե, խնդրում եմ կանգնեք» ձայնի վրա:

Նշեմ, որ ես ունեի միայն անձանգիր, չունեի լրացված թերթիկ, որը կյանքում մի անգամ եմ տեսել, հետո բարեհաջող մոռացել եմ պայուսակիս խորխորատներում, բայց չգիտես՝ ինչիս վրա ունեի անհիմն ինքնավստահություն: Ինձ ուղեկցող ընկեր, մե հրաշալի անձնավորությունն ավելի ծանր վիճակում էր. չուներ անձնագիր, չուներ էդ թղթից, բայց ուներ իմ պես յանը տարած ընկեր, որի պայուսակից մի անգամ տեսել էր, թե ինչպես է պատահաբար պտուտակահան ընկնում: Այս դեպքից հետո  ես դրաձա նրա լավագույն ընԳերներից մեկը, քանի որ նա հասկացավ, որ ես միշտ պատրաստ եմ պոտենցիալ կռիվների:

Մոտավորապես այսպիսին էր մեր զրույցը պարոնայք հարգարժան ոստիկանների հետ:

-Մենք ուղղակի արագ դուրս եկանք բաղձալի աղբը թափելու, արդեն տուն ենք գնում:

-Կներեք, բայց պիտի արձանագրեմ,- ասելն ու պարոն ոստիկանի նստարանին տեղավորվելը մեկ եղավ:

Բա ի՞նչ անենք, ի՞նչ չանենք…

Այստեղ թույլ տվեք չմանրամասնեմ հընթացս եղելությունը: Միայն ասեմ, որ այս անգամ էլ պլստացի: Շուկայից մի փոքր իջնելով և հասնելով Գրիբոյեդով փողոց՝ մենք կրկին հանդիպեցինք մեր արդեն բարեկամ ոստիկաններին ու հիշելով հին ու բարի «Կարգին հաղորդումն» ասացինք.

-Գնացեք-գնացեք, մենք ենք…

Արար 3. Կոմիտասի ՍԱՍ

Խոստովանում եմ, որ էս արտակարգ դրությունը տխուր է անդրադառնալու իմ փոքրիկ ու մեկուսացված լյարդի վրա, քան որ եթե մթությունը երիտասարդների բարեկամն է, ապա գինին մեր ընկերն է: Ամենն էս կորոնավիրուսն է մեղավոր: Որպեսզի ավելի ցայտուն լինի իմ հոգեկան դիմանկարը, շեշտեմ, որ վերջերս մոլագարի հայացքով ուսումնասիրում էի, թե ինչպես են սպիտակ գուլպաններս ժավելի ազդեցության տակ մանրիկ-մանրիկ սպիտակում… Պարզ է, չէ՞, արդեն ինձ հետ ամեն ինչ: Հոգեբանների ախտորոշմանն եմ սպասում…

Մի խոսքով արագ մտա սուպերմարկետ, որ մի շիշ գինի վերցնեմ սպասվող երեկոյի համար: Դուրս եկա, թե չէ՝ օպա՜… Կրկին ու նորից ոստիկան: Էս ինչ բախտ ա, ա՜յ մարդ:

Գնաց նույն երգը.

-Բարև Ձեզ… փաստաթուղթ, բան…

-Բարև Ձեզ, չունեմ: Կներեք:

-Արձանագրեմ, (հոյ նար, հոյ նար, հոյ նար…)

-Ձեր իրավունքն է, (ջա՜ն դույ-դույ-դույ-դույ…)

Մեկ էլ հանկարծ բախտի բերմամբ դալանից դուրս է գալիս Կոմիտասի շուկայի մոտ հանդիպած և արդեն ծանոթ ոստիկան եղբայրն ու ինձ նկատելով՝ հարցնում.

-Էլի՞, էլի դու՞ք…

-Կներեք, շտապ իմբիր էր պետք,- ուրիշ ծանրակշիռ հիմնավորում չգտնելով՝ պատասխանում եմ ես խեղճացած…

Այստեղ ես կավարտեմ  իմ՝ այս քրեորեն հետապնդելի պատմությունը և ներողություն կխնդրեմ բոլոր ոստիկաններից, որոնք այս օրերին առավոտից-երեկո շրջում են փողոցներով, հոգնում են ու վտանգի ենթարկվում:

Եվ կավելացնեմ միայն մի բան՝

էլ չեմ անի՝ օնլայն ձևաթուղթն ու ժամկետանց անձնագիրս վկա…

Կարդացեք նաև՝

 

 

 


Քաղաքներում երջանկություն չկա. [ներանձնային/նեղ անձնական էսսեներ]

Այսօր հարմար օր է մեռնելու համար. [էսսե]

Գրողի տարած քաղաքը [էսսե]

Պրոդուկտիվ նևրոզ [էսսե Կիրովական-Թիֆլիս գնացքից]

էսսե՝ խիստ սիրային, խիստ վանաձորյան

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

S.O.S. Մորզեի այբուբենը

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Ո՞վ է ասել…

Ռուսական կայսրության կին առաջնորդը

Բոկաչչոյից մեր օրեր…

Բալկոնում ու Բալկոնից դուրս. Անուշ Քոչարյան…

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

«Օնլայն Մաֆիա #մնատանը» նախաձեռնության մասին…

Բժիշկ, որն առաջինը բարձրաձայնեց կորոնավիրուսի մասին. Լի Վենլյան