Էդգար Էլբակյան կրտսեր. տաղանդաշատ ստեղծագործողի հիշատակին - VNews

Էդգար Էլբակյան կրտսեր. տաղանդաշատ ստեղծագործողի հիշատակին

էլբակյանէդգ - Էդգար Էլբակյան կրտսեր. տաղանդաշատ ստեղծագործողի հիշատակին

Հունիսի 30-ը Էդգար Էլբակյան կրտսերի ծննդյան օրն է, նա թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Էդգար ԷԼբակայանի թոռն է, հայ ժամանակակից բեմի վարպետներ Արմեն և Աննա Էլբակյանների որդին. մեկ խոսքով ասած՝ տաղանդաշատ ընտանիքի տաղանդաշատ զավակ։

Էդգար Էլբակյան կրտսերը ծնվել է 1982 թվականի հունիսի 30-ին: Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնում: Խաղացել է թատրոնում, կինոյում: Տարբեր թատրոններում իրականացրել է մի շարք բեմադրություններ։ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրված Օ՝ Նիլլի «Սերը ծփիների տակ» ներկայացման երաժշտության հեղինակն է։ Հեղինակել է նաև «Մոխրաման» ֆիլմի երաժտությունը։ Հանդես է եկել «Որտե՞ղ էիր մարդ Աստծո» կինոֆիլմում։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում անցկացված մրցույթում արժանացել է պատվո դիպլոմի։ Հետմահու նրան շնորհվել է նույն ինստիտուտի «Ոսկե դիմակ» մրցանակը։

Գրականությունը

Այս ամենը սոսկ չոր կենսագրություն է, Էդգարի կյանքի մի առանձին ու հատկանշական մասն է կազմել գրականությունը։ Ընկերներն ու ծանոթները պնդում են, որ Էդգարը գրում էր ամենուր ՝  թղթերի ու անգամ լուցկու տուփերի վրա։ Ընդհանուր թվով Էդգարը հեղինակել է շուրջ հարյուր բանաստեղծություններ, թատերգություններ, պոեմներ, պատմվածքներ և երգեր, սակայն նրա կենդանության օրոք այդ ամենը հասանելի է եղել միայն ընկերական ու ընտանեկան շրջանակներին ու միայն նրա մահից երկու տարի անց՝ 2002 թվականին լույս է տեսել Էդգար Էլբակյան կրտսերի «Գծից այն կողմ» ստեղծագործությունների ժողովածուն։

«Թե փակվի վարագույրը աշխարհի դեմ,
Ա՜խ, մեկ է, իմ երազը բեմ է ու բեմ։
Թե լռեն երգերը ու մեռնեն դերերը,
Ա՜խ, մեկ է, իմ երազը բեմ է, բեմ է ու բեմ…»։

Էդգար Էլբակյան կրտսեր

«Գծից այն կողմ»-ում զետեղված ամենահուզական գործերից մեկն է «Մորս» բանաստեղծությունը, որի կենդանի կատարումը տեղի է ունեցել «Երգ երգոց»-ի Էդգարին նվիրված «Ընկերոջս» համերգի շրջանակներում և հրապարակվել 2017 թվականի հոկտեմբերի 27-ին։ 2018 թվականին կայացած Ծիծեռնակ երաժշտական մրցանակաբաշխությունում ճանաչվել է «Տարվա հիթ», իսկ  «Van Music Awards»-ում երգը ճանաչվել է «Դեկտեմբերի լավագույն երգ»։

Մորս

Լուսինը նայեց քաղաքին քնած,
Ու գիշերը հանկարծ ինչ-որ բան շշնջաց,
Ինչ-որ բան շշնջաց:
Լուսինը նայեց այն շանը քնած,
Որ պառկել էր անշարժ սև հողում մոխրացած,
Սև հողում մոխրացած:
Ախ, լուսին, լուսին
Ուզում եմ քեզ գրկել,
Քեզ տանել, լուսին
Ու մորս նվիրել։
Լուսինը լսեց ու կորավ հանկարծ,
Մնացի միայնակ գիշերում կախարդված,
Գիշերում կախարդված:
Իսկ երբ արթնացա, ես տեսա հանկարծ,
Որ լուսինը կորած իմ գրկում է քնած,
Իմ գրկում է քնած:
Ախ, լուսին, լուսին
Ուզում եմ քեզ գրկել,
Քեզ տանել, լուսին
Ու մորս նվիրել

Էդգար Էլբակյան կրտսերը մահացել է 2000 թվականի օգոստոսի 13 -ին՝ ընդամենը 18 տարեկան հասակում…


Գրողներ, որոնք չեն սիրել իրենց ստեղծագործությունները

Զրույց «Այն եզդի կնոջ ճամպրուկը» գրքի հեղինակ Թերեզա Ամրյանի հետ

Զապել Եսայան. կինը՝ հանուն հայրենիքի

Հայտնի ծնողների հայտնի ժառանգները…

Համաշխարհային գրողների մտքերը պատերազմի մասին

Զրուցել ենք Թամար Ալեքսանյանի հետ. [Գրականության ուսուցման դպրոցական ծրագրի մասին]

Թամար Ալեքսանյանը «Գրականության» ուսուցման դպրոցական նոր ծրագրի մասին…

Ժամանակակից ո՞ր հեղինակներն են ներառվել հանրային քննարկման ներկայացված «Գրականություն» առարկայի ուսուցման դպրոցական ծրագրում

Ալֆոնս Դոդեն ասել է…

Կարդում ենք արևմտահայ պոեզիա

Սերը տևում է մեկ բանաստեղծություն. Նարեկ Կոսմոս

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

QUIZ․ ո՞ւմ տողերն են… ժամանակակից հայ գրականություն

Ի՞նչ դիրքերով էին գրում դասականները…

Մի օպերայի պատմություն. հուշագրություն

Հասմիկ Սիմոնյան. բանաստեղծություններ