Լուսանկարները վկայում են այն մասին, թե որտեղ եմ ես եղել ժամանակի այս կամ այն պահին: Այդ իսկ պատճառով էլ ես շատ եմ լուսանկարում. լուսանկարներն ինձ համար վիզուալ օրագրի նման մի բան են:
Լուսանկարի մեջ ինձ ամենաշատը դուր է գալիս այն, որ եթե նույնիսկ դրանում պատկերված մարդիկ փոխվեն, այն միևնույն է կմնա անփոփոխ:
Ձանձրալի է նայել, թե ինչպես են մարդիկ միավորվում և խմբեր ստեղծում: Հասկացե՛ք վերջապես, որ ձեր յուրահատկությունները զարգացնելու համար պետք է միայնակ մնաք. միայն դա կհետաքրքրեցնի ձեր անձը:
Ամեն ինչում էլ գեղեցկություն կա. խնդիրն այն է, որ ոչ բոլորին է դա հասանելի:
Կարծում եմ՝ մարդիկ պետք է աչքերը փակ սիրահարվեն:
Բիզնեսից գլուխ հանելը, ըստ իս, արվեստի լավագույն տեսակներից է: Փող ստեղծելն ու աշխատելը արվեստ է, և լավ բիզնեսն էլ, իհա՛րկե, արվեստ է:
Ինչ-որ բանի սպասելն էլ ավելի է գեղեցկացնում սպասողական շրջանը:
Արվեստի գեղեցկությունը հենց նրանում է, որ դու կարող ես փախչել դրա հետ:
Յուրքանչյուր ոք սխալ մարդու է համբույր նվիրում, ի՞նչ արած:
Աչքերո՛վդ համբուրիր ինձ, խնդրում եմ:
Ինձ դուր է գալիս լինել ճիշտ մարդ սխալ վայրում և սխալ մարդ ճիշտ վայրում: Սա միշտ լավ է, քանի որ այս դեպքերում վստահաբար ինչ-որ հետաքրքիր բան տեղի կունենա:
Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք կարող է լավ լուսանկարել: Լավ լուսանկարի մասին իմ պատկերացումն այն է, որ նկարը պետք է լինի ճիշտ դիրքում և պատկերի որևէ հայտնի մարդու՝ անհայտ և տարօրինակ բան անելիս:
Հիրավի՛, ես ապրում եմ միայն հանուն ապագայի. նույնիսկ մի տուփ շոկոլադ ուտելիս ես միշտ սպասում եմ հաջորդ կտորին:
Պատահաբար ես որևէ բան կոտրեցի, իսկ այնուհետև գիտակցեցի, որ շաբաթական գոնե մեկ անգամ պետք է որևէ բան կոտրեմ, որ երբե՛ք, երբե՛ք չմոռանամ, թե ինչքան փխրուն է այս կյանքը:
Ես զբաղվում եմ արվեստով, քանի որ ես տգեղ եմ և ոչ մի այլ բանով չեմ կարող զբաղվել:
60-ականներին մարդիկ մոռացել էին էմոցիաների մասին, և անկեղծ ասած ես հակված եմ այն կարծիքին, որ նրանք երբեք էլ չեն գիտակցել դրանց կարևորությունը: Ես կարծում եմ, որ երբ զգացմունքներն ինչ-որ տեսանկյունից ենք դիտարկում՝ այլևս երբեք մեզ չի հաջողվի դրանց լուրջ վերաբերվել: Քիչ թե շատ հենց այսպիսի մի բան տեղի ունեցավ ինձ հետ: Ես համոզված չեմ, թե արդյոք երբևէ սիրո համար պիտանի եղել եմ, թե ոչ, բայց 60-ականներից հետո ես դադարել եմ սիրո մասին մտածել:
Ծնվելն առևանգվելու պես մի բան է և այնպիսի տպավորություն է, որ առևանգելուց հետո քեզ ստրկացնում են: Մարդիկ ամեն րոպե աշխատում են. մեխանիզմն անընդմեջ գործում է՝ անգամ եթե դու քնած ես:
Ամենագրավիչ բանն իրար երբեք չհատվող երկու հակադրություններն են:
Ես շատ հանդիպումներ ոնեի, բայց որոշեցի մնալ տանն ու ներկել հոնքերս, և գիտեք, ինձ միևնույն է:
Լրագրողը պետք է ինձ հուշի այն ամենը, ինչ ցանկանում է լսել ինձանից, և ես ուղղակի կկրկնեմ դա: Կարծում եմ դա շատ շահավետ կլինի, քանի որ այս պահին ես շատ դատարկ եմ, որ ինքնուրույն մտածեմ:
Քանի որ մարդիկ ապրելու և ծերանալու են դեռ երկար-երկար տարիներ, կարծում եմ, նրանք գոնե պետք է սովորեն ինչքան հնարավոր է երկար մնալ երեխաներ:
Սեքսը բոլոր ժամանակների ամենամեծ ոչնչությունն է:
Բոլոր լուսանկարներն էլ փոփ են, և բոլոր լուսանկարիչներն էլ խելագար են: Նրանք իրենց մեղավոր են զգում, քանի որ բացի կոճակը սեղմելուց ոչ մի բան չեն անում:
Արթնանալուց հետո ես ընդամենը մի քանի վայրկյան եմ հիշում երազներս: Ասեմ ձեզ, դա շատ է ինձ մտահոգում, քանի որ երբեմն ինձ թվում է, թե շատ հետաքրքիր ֆիլմ եմ դիտում:
Անիրական սերը իրականից շատ ավելի լավ է:
Բոլոր մարդիկ էլ խնդիրներ ունեն: Երբ մտածում ես, որ առողջությունն ամենամեծ հարստությունն է, այնքան շնորհակալ ես լինում կյանքից, որ առողջ ես, այդպես չէ՞:
Ես կարծում էի, որ երիտասարդներն ավելի շատ խնդիրներ ունեն, քան մեծահասակները: Հետո գիտակցեցի, որ յուրաքանչյուր ոք իր տարիքին համապատասխան խնդիրներ ունի:
Ժամանակ առ ժամանակ ինձ մեղադրում են չար և անսիրտ լինելու մեջ, քանզի ես թույլ եմ տալիս մարդկանց ոչնչացնել իրենց, քանի դեռ ես նկարում կամ նկարահանում եմ նրանց: Բայց ես ինձ չար չեմ համարում, ես ուղղակի իրատես եմ:
Սպանության փորձից հետո ինձ համար ամեն ինչ ասես երազում լինի: Ես չեմ հասկանում, ողջ եմ, թե՝ մահացած: Նախկինում ես վախ չեմ զգացել և մեկ անգամ արդեն «մահացած» լինելով, ես պետք է սարսափ չզգամ, բայց ես ուղղակի վախենում եմ, և անկեղծ ասած չգիտեմ, թե ինչու: