3 պոետ Գյումրիից [մաս 1] - VNews

3 պոետ Գյումրիից [մաս 1]

Գյումրին տաղանդների քաղաք է։ Այստեղ են ծնվել արվեստի, գիտության, սպորտի բազմաթիվ հայտնի անուններ, որոնք մեծ հետք են թողել ու թողնում իրենց ոլորտի և Հայաստանի պատմության մեջ առհասարակ։

Այս հոդվածով ձեզ ենք ներկայացնում 3 հայ անվանի պոետների, որոնք ծնունդով Գյումրիից են։

Հովհաննես Շիրազ

Հովհաննես Շիրազը (Օնիկ Կարապետյան) ծնվել է 1914 թվականի ապրիլի 27-ին Գյումրի քաղաքում, հողագործի ընտանիքում: Հայրը` Թադևոսը, ինչպես Գյումրեցիներն էին կոչում «բոստանչի» էր, սպանվել է 1920թ., հայ-թուրքական պատերազմի ժամանակ, մայրը` Աստղիկը, ասեղնագործում էր: Փոքրիկ Հովհաննեսը ծնողների միակ արու զավակն էր, քույրերից` Գոհարից և Մարիամից հետո: Մայրը, աշխատանք չունենալով ու չկարողանալով կերակրել երեխաներին՝ սովից փրկելու համար, ստիպված որբանոց է տանում ։  Սակայն, մանուկ Հովհաննեսը, չդիմանալով որբանոցի դաժան պայմաններին, փախչում է, դառնում անապաստան և կուլայով ջուր է ծախում: Շուկայում պատահաբար գտել է մորը, նրա խորհրդով դարձել է կոշկակարի աշակերտ, ապա` ջուլհակ:

1925-32թթ սովորել է ծննդավայրի 7-ամյա դպրոցներից մեկում, այնուհետև աշխատել է տեքստիլ կոմբինատի «Մանածագործ» թերթում, որտեղ էլ 1932թ. տպագրվել են նրա առաջին բանաստեղծությունները: 1937-41թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում:

Եղել է Սիլվա Կապուտիկյանի ամուսինը։

Երկնքի սպիտակ, սպիտակ շուշաններ,                                      
Իջնում եք անշշուկ, իջնում եք ձյուն դառած,
Իջնում եք՝ պարուրում անտառներ ու դաշտեր,
Ու ծածկում իմ աչքից ձորերն իմ թափառած:

Թափվեցե՛ք, իմ ձյուներ, երազներ քնքշաթով,
Թափվեցե՛ք,ծածկեցե՛ք ձորերն իմ հուշերի,
Ա՜խ, հուշերն ինձ անգամ խոցում են շշուկով,
Հուշերիս քուն բերեք մոռացման գիշերի:

Ես ամեն ինչի մեջ նրան եմ տեսնում դեռ,
Ոտքերի հետքերն եմ նշմարում քարերին,
Փռեցե՛ք մոռացման սավաններն, իմ ձյուներ,
Նրա հետ թափառած իմ բոլոր ճամփեքին:

Թող իջնի մազերիս ձմեռը տխրաձայն,
Միայն թե մոռանամ, հեռանամ հուշերից,
Ա՜խ, իմ դառն հուշերը չպիտի քաղցրանան,
Թեկուզև մազերիս ձյունն իջնի՝ ծածակի ինձ…

***

Պատանի սիրտս բաժակ էր բյուրեղ,
Որ լցվեց մի օր գինով աչքերիդ,
Ու ես այն գինով հարբած խելահեղ
Քո ոտքերն ընկա ու դարձա գերիդ:
Բայց դու փշրեցիր իմ սիրտը մատաղ,
Ա՜խ դու փշրեցիր գավաթն իմ սրտի,
Թափվեց իմ գինին… արյունաշաղախ,
Ու ցնդեց պատրանքն իմ կույր կարոտի, –
Բացվեցին սրտիս աչքերը բոլոր,
Անցավ խելահեղ գինովությունս,
Կուչ եկավ խաբված իմ սիրտը մոլոր,
Ամաչեց, որ քեզ նմանն էր բույնս:
Դու ցոփ գինետան մի բաժակ էիր,
Սիրույս գինին էր աչքերս կապում,
Ա´խ, ինչ լավ եղավ, որ փշրվեցիր,
Քանզի քեզ այժմ քեզնով եմ չափում,
Քեզնով, ինչպես լուսինը՝ լուսնով,
Որ լուսացել էր սիրույս արևով,
Քեզնով եմ չափում, ոչ թե ցնորքով սիրահառաչ,
Որ իմ կույր սիրով աչքերս էր կապում,
Ինձ ծունկի բերում, ինչպես սիրատանջ,
Խաբված աստծուն՝ սատանի առաջ…
Ա՜խ արևն էլ է երբեմն խաբվում՝
Մեռած լուսնյակին իր լույսով չափում…

Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Մանկությունն անցել է Արագածի հայացքի տակ՝ Ախուրյանի ափին՝ Ղազարապատ գյուղում, ուր հայրն ուներ փոքրիկ ջրաղաց՝ շրջապատված ուռիների ու բարդիների գողտրիկ պուրակով:
Գրաճանաչություն սովորել է հայրենի քաղաքում: Ուսումը շարունակել է Հառիճի վանքի դպրոցում և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, որտեղ նրա ուսուցիչը եղել է անվանի բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա է խրախուսել պատանի Ավետիքի առաջին բանաստեղծական քայլերը: Իսահակյանը մեր այն սակավաթիվ բանաստեղծներից է, որոնց բախտ է վիճակվել հիմնավոր համալսարանական կրթություն ստանալ: Նա 1893-1895 թթ. սովորել է Լայպցիգի (Գերմանիա), համալսարանում՝ որպես ազատ ունկնդիր:

 

Օտա՜ր, ամայի՜ ճամփեքի վրա
Իմ քարավանըս մեղմ կըղողանջե.
Կանգնի՛ր, քարավանս, ինձի կըթվա,
Թե հայրենիքես ինձ մարդ կըկանչե:

Բայց լուռ է շուրջըս ու շըշուկ չըկա
Արևա՛ռ, անդո՛րր այս անապատում.
Ա՜խ, հայրենիքըս ինձ խորթ է հիմա,
Ու քնքուշ սերըս ուրիշի գրկում:

Կընոջ համբույրին է՛լ չեմ հավատա,
Շուտ կըմոռանա նա վառ արցունքներ.
Շարժվի՛ր, քարավանս, ինձ ո՞վ ձայն կըտա,
իտցի՛ր, լուսնի տակ չըկա ուխտ ևսեր:

Գընա՛, քարավանս, ինձ հետդ քա՜շ տուր
Օտար, ամայի ճամփեքի վրա.
Ուրտեղ կհոգնիս` գըլուխըս վար դիր
Ժեռ-քարերի մեջ, փըշերի վըրա…

 

***

Էս ճամփեն ոլոր-մոլոր,
Սև ծովի բոլոր կերթա,—
Շուշան յարս ինձի թողել՝
Էն տղի հետ ո՞ւր կերթա:

Ա՜խ, ճամփեն — մահի բերան.
Օձի պես գալար կերթա.
Չոլերի մեջ, անգերեզման,
Ծովն է լալիս իմ վրա:

Սեգ արծիվը աչքըս է կտցում,
Աչքս կարոտ՝ Շուշանին.
Անգութ գայլը սիրտս է հանում,
Սիրտըս ծարավ՝ Շուշանին:

Ու ճամփեն, մութ-մոլորուն,
Սև ծովի բոլոր կերթա.
Շուշան յարս, վառ ու խնդուն,
Էն տղի հետ հարս կերթա:

հովհաննես Գրիգորյան

Հովհաննես Գրիգորյանը ծնվել է 1945 թ. Գյումրիում: Գրել և տպագրվել սկսել է դեռևս դպրոցական տարիներից: Բանաստեղծությունների առաջին` «Երգեր առանց երաժշտության» ժողովածուն հրատարակվել է 1975 թ.: Բանաստեղծական ժողովածուներն են` «Երգեր առանց երաժշտության» (1975), «Բոլորովին ուրիշ աշուն» (1979), «Անձրև մի տխուր առիթով» (1982), «Դանդաղ ժամեր» (1986), «Հրեշտակներ մանկության երկնքից» (1992), «Երկու ջրհեղեղի արանքում»(1996), «Կես ժամանակ» (2002), «Գիշերահավասար» (2006), «Երբեք չմեռնես – ահա թե ինչ կասեմ քեզ» (2010):

Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով:

մի շարք գրական մրցանակների դափնեկիր է: 1998 թ. պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: 2011թ. Հովհաննես Գրիգորյանն արժանացավ ՀՀ պետական մրցանակի գրականության և հրապարակախոսության ոլորտում իր «Երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ քեզ» գրքի համար:

Մահացել է 2013թ․ փետրվարի 7-ին։

Մի-մի բաժակ օղի խմեցինք, որ լացը թեթև լիներ,
հետո էլի խմեցինք,
որովհետև լացը պիտի լիներ երկար,
հետո ձյուն եկավ մի ջահել կնոջ հետ, բոլորովին
մենակ մնացած մի կին, որը խնդրեց չորս
գերեզմանափոս փորել իր ընտանիքի` ամուսնու
և երեխաների համար,
ինքը, հասկանալի է,
չէր կարող` իˉնչ կնոջ գործ է
գերեզմանափոս փորելը, ձմռան սկզբին, երբ հողը
քարացել է մեր սրտերի պես, և ոչ օղին է օգնում,
և ոչ էլ դուդուկը։
– Չէ, – հանկարծ ասաց կինը,- մի փոսը
հերիք է, թող բոլորը միասին լինեն, երեխեքս փոքր են,
թող հայրը հետները լինի, ինչքան չլինի երեխա են,
չվախենան հանկարծ…
… Ու ձյունը թեև կտրվել էր վաղուց, բայց կինը
շարունակում էր ճերմակել…
իսկ մենք, սևացած սրտերով կանգնել էինք նրա կողքին
և առանց ամաչելու
բարձրաձայն լալիս էինք մեր լացը,
որը պիտի շատ երկար լիներ…
***
Սա իմ երկիրն է – չափսերով այնպիսին,,
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ` ինչպես ծերացած մայր,
փոքրիկ` ինչպես նորածին զավակ,
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է – չափսերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…

 


Ավետիք Իսահակյան [Լիլիթ] հրեական առասպել

Պատմում է Իսահակյանը [թե ինչպես է առաջին անգամ հանդիպել Չարենցին]

Հայ գրողների կեղծանունները [Չարենց, Բակունց, Սևակ, Շիրազ, Նար-Դոս]

Հովհաննես Գրիգորյան [Հայրենիքները սովորաբար թշվառ են լինում]

Ավետիք Իսահակյանի և Հովհաննես Շիրազի զրույցը։

5 պատմություն՝ Շիրազի կյանքից, Շիրազի մասին

Ուրախ դեպքեր հայ մեծերի կյանքից

Իսահակյան և Դեմիրճյան [2 կակազող գրողների կյանքից մի ուրախ դեպք]

Ուրախ ու կատակասեր Շիրազը [Գյումրվա հումորով դեպքեր]

Երբեք չեմ մոռանում մի զվարճալի դեպք… [պատմում է Ավետիք Իսահակյանը]

Գերմանիայի առաջատար համալսարանում հատուկ դաս՝ նվիրված Հովհաննես Գրիգորյանին և Հենրիկ Էդոյանին

Իսահակյանն ու Շուշանիկը [կարոտած սիրահարների հանդիպումն ու ֆայտոնը]

Հուշեր Իսահակյանի և Պաբլո Ներուդայի հանդիպումից [ԿԱՏԱԿՈւՄ Է ՎԱՐՊԵՏԸ]

Նամակ Ավետիք Իսահակյանին [սիրելի Շուշանիկից]

Եթե Թեհլերյանը վրիպեր, կրակելու էր Իսահակյանը…

Իսահակյանի տաղանդավոր որդին. Վիգեն Իսահակյան