Ընտանեկան, բարի և ոգեշնչող 3 պատմություն, որն արժի դիտել բարդ ժամանակներում - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ընտանեկան, բարի և ոգեշնչող 3 պատմություն, որն արժի դիտել բարդ ժամանակներում

Շարունակում ենք Ձեր ուշադրությանը ներկայացնել հին ու նոր ֆիլմեր, որոնք անհրաժեշտ է դիտել կամ վերանայել բարդ և ծանր հոգեբանական ժամանակաշրջանում։ Մեկուկեսից երկու ժամ տևող ֆիլմ-ճանապարհորդությունները կարող են ավելի բարենպաստ և արդյունավետ ազդել Ձեր հոգեբանական առողջության վրա, քան տոքսիկ սոցցանցային իրականությունը։ Մանավանդ, երբ խոսքը գնում է համաշխարհային գլուխգործոցների կամ պարզապես սիրտ և հոգի ջերմացնող պատմությունների մասին։

 

The Fundamentals of Caring / «Հոգատարության սսկզբունքները», Ռոբ Բարնեթ, 2016

Ռոբ Բարնեթի «Հոգատարության սկզբունքները» հիմնված են 2012 թ.-ին լույս տեսած Ջոնաթան Էվիսոնի «Խնամքի վերանայված հիմունքները» վեպի վրա: Ֆիլմը պատմում է գրող Բենի (Փոլ Րադ) մասին, ով որոշում է թողնել իր հիմնական աշխատանքը (անձնական ողբերգությունից հետո) և անցնել վեց շաբաթ տևողությամբ հատուկ դասընթաց՝ սերտիֆիկացված բուժխնամող դառնալու համար։ Արդյունքում նա հայտնվում է տասնութ տարեկան Թրևորի տանը, սրամիտ, բայց ինքնամփոփ երիտասարդի, ով տառապում է Դուչենի մկանային դիստրոֆիայով:

Թեև Թրևորը գամված է սայլակին՝ դա չի խանգարում նրան հետաքրքրվել և ուսումնասիրել իր երկրի յուրահատուկ ու երբեմն զավեշտալի տեսարժան վայրերը: Այնուամենայնիվ, նա նույնպես բարդ հոգեբանական փուլում է, ինչպես Բենը, և կտրականապես հրաժարվում է դուրս գալ տանից: Սակայն միասին՝ Բենի նախաձեռնությամբ, նրանք որոշում են ավտոճանապարհային ուղևորության մեկնել, այցելել բոլոր այն վայրերը, որոնց մասին Թրևորը կարդացել է, ինչը, արդյունքում, շրջադարձային և ամաքող ուղի կդառնա երկուսի համար։

Ամերիկյան րոուդմուվիները հաճախակի հանդես են գալիս յուրատեսակ ոդիսականի կարգավիճակում, ինքնաճանաչողական արահետիբացահայտելով աշխարհը՝ Բենը բացում է իր ներաշխարհի դռները ընտանիքի անդամների և արդեն մտերիմ՝ ճամփորդության շնորհիվ հարազատ դարձած մարդկանց համար։ Ինդիֆիլմի և հոլիվուդյան ժապավենի արանքում տեղակայցված այս ֆիլմում ավելի շատ գերակշռում են հեղինակային կինեմատոգրաֆին բնորոշ երկխոսություններն ու կատակները, թեև այն հուսադրող է և մոտիվացնող, ինչպես բազմաթիվ նմանատիպ պատմություններ, երբ կորսվածները վերգտնում են իրենց այս կյանքում։

 

October Sky / «Հոկտեմբերյան երկինքը», Ջո Ջոնսթոն, 1999

 

Ռեժիսոր Ջո Ջոնսթոնի այս ֆիլմը կենսագրական է, հիմնված Հոմեր Հ. Հիքամ կրտսերի և նրա երեք լավագույն ընկերների կյանքում տեղի ունեցած իրական դեպքերի վրա։ Դեռահասները մեծացում էին Արևմտյան Վիրջինիայի Քաուլվուդ փոքրիկ հանքարդյունաբերական քաղաքում, երբ 1957 թվականին աշխարհը մեկընդմիշտ փոխվեց. առաջին մարդը մեկնեց տիեզերք։ Sputnikի գործարկումից ոգեշնչված՝ Հոմերը որոշում է անցնել հրթիռների՝ ինչը բացարձակապես դուր չի գալիս իր խիստ և պահանջկոտ հորը, ով օրուգիշեր քրտնաջան աշխատում-չարչարվում է ածուխի հանքավայրում: Տղաներն իրենց սեփական ուժերով սկսում են փոքրիկ հրթիռներ կառուցել՝ բնագիտության ուսուցչուհի Միսս Ռեյլիի աջակցությամբ. փաստացի նա միակ չափահասն է, ով աջակցում է տղաների նոր ձեռնարկին:

«Հոկտեմբերյան երկինքը» դարձավ Ջեյք Ջիլենհոլի ֆիլմագրության բեկումնային՝ բերելով երիտասարդ դերասանին լայն ճանաչում, իսկ պատմությունը համալրեց ամերիկյան ընտանեկան ֆիլմերի ոսկե կինոֆոնդը, ինչը հատուկ է 90-ականներին ստեղծվող նոստալգիկ և  գողտրիկ ֆիլմերին։

 

The Secret Garden / «Խորհրդավոր պարտեզը», Ագնեշկա Հոլանդ, 1993

Անգլիացի գրող և դրամատուրգ Ֆրենսիս Բյորնեթի վիպակի թերևս լավագույն էկրանավորումը և հայտնի լեհ ռեժիսոր Ագնեշկա Հոլանդի ամենատպավորիչ աշխատանքներից մեկը։ Անցյալ դարի սկիզբ, Հնդկաստանի անգլիական գաղութ. փոքր Մերիի ծնողները մահանում են երկրաշարժի հետևանքով, և 10 տարեկան աղջկան ուղարկում են Անգլիա, Յորքշիր՝ անծանոթ քեռիի մոտ ապրելու։ Մռայլ և անլույս առանձնատունն ու առանձնատան խստաբարո կառավարչուհի միսսիս Մեդլոքը (սքանչելի Մեգի Սմիթի լավագույն դերերից մեկը) ճնչում են առանց այդ էլ բազմաթիվ խնդիրների միջով անցած Մերիին՝ ծնողների անտարբերությունից մինչև իրենց վախճան։ Սակայն մի օր աղջիկը պատահաբար հայտնաբերում է իր զարմիկի՝ Դիքոնի ննջասենյակը, որն ավելի շուտ նման է բանտախցի. ասում են, որ արևի շողերը կարող են սպանել հիվանդ և թույլ տղային։ Դիքոնի հետ ծանոթանալուց հետո Մերի բացահայտում է իր քեռու մահացած կնոջ՝ Դիքոնի մոր գաղտնի պարտեզը, որը տարիներով թաքնված էր օտարների աչքերից։

Ագնեշկա Հոլանդը ոչ միայն փայլուն էկրանավորել է Բյորնեթի վիպակը, այլ հավաքել է ֆանտաստիկ թիմ՝ խորհրդավոր և աննման ֆիլմ ստեղծելու համար։ Պրոդյուսերական աթոռին՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան էր, իսկ օպերատորական ղեկին մեր օրերի լավագույն DOP-երից Ռոջեր Դիքինսը։ Եվ՛ աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Զբիգնև Պրայսների, և՛ միջազգային դերասանական կազմի գերազանց աշխատանքը չեն թողնում անտարբեր ոչ ոքի՝ դիտել եք այս ֆիլմը 90-ականներին՝ Մերիի տարիքում, թե հիմա՝ վերանայելով կամ գուցե բացահայտելով Ձեզ համար ամենամոգական, մթնոլորտային և արտահայտիչ ընտանեկան ֆիլմերից մեկը, որն ամբողջ թոքերով ներքաշում է թարմ վարդերի բուրմունքն ու գոչում՝ կյանք կա, և մենք, բոլորս, անգամ մահացած թվացող առանձնատունն իր հիասքանչ պարտեզով, ունակ ենք վերածնման։


Բեռլինալեի հաղթողներն են…

Առաջիկա կինոպրեմիերաները 08.03.21-ից 21.03.21-ը

Մարտին Սկորսեզեի Էսսեն՝ Esquire-ի համար [Ուես Անդերսոնի մասին]

Նորույթ Netflix- ից. Քրիս Էվանսը, Ռայան Գոսլինգը և Ռեժ Փեյջը «The Avengers»-ի ռեժիսորների նոր ֆիլմում

Netflix-ի օգտատերերը քննադատել են Ալ Կապոնեի մասին կենսագրական ֆիլմը

Միխայիլ Գալուստյանը Սարիկ Անդրեասյանից ստացել է «Չներվածը» ֆիլմի իրավունքները` դատարանի միջոցով

Արդյո՞ք Էմմա Ուաթսոնը պատրաստվում է դադարեցնել կինոկարիերան

Առաջիկա կինոպրեմիերաները 26.02.21-ից 07.03.21-ը

Փոլ Ու. Ս. Անդերսոնի նոր ֆիլմը

Փելեշյան. ինչից սկսել ծանոթությունը կարևորագույն վավերագրողի հետ

Կյանքից հեռացել է դերասանուհի Եկատերինա Գրադովան

Համացանցում է հայտնվել «Տիտանիկի» այլընտրանքային վերջաբանը…

Մարտին Սկորսեզեն քննադատել է ֆիլմերի հոսքային հարթակները

Քեյթ Ուինսլեթը պատմել է, թե ինչը նրան չի հերիքել ինտիմ տեսարանների ժամանակ

Հասանելի է Վուդի Ալենի սեքս-սկանդալի մասին պատմող «Allen v. Farrow» վավերագրական ֆիլմաշարի թրեյլերը

Մահացել է «Войны и мир»-ի օպերատոր Ավետիս Զենյանը