fbpx

Էրիխ Ֆրոմ` «Սիրելու արվեստը». Հատված

Անձնասիրություն

Զանազան առարկաների նկատմամբ սեր հասկացությունը կիրառելը ոչ մի առարկություն չի առաջացնում, մինչդեռ լայնորեն տարածված համոզմունք է, թե ուրիշներին սիրելն առաքինություն է, իսկ սեփական անձը սիրելը՝ մեղսալի: Ենթադրվում է, թե ինչքան ես ինձ եմ սիրում, այդքան չեմ սիրում մյուսներին, թե անձնասիրությունը նույնն է, ինչ եսասիրությունը: Այս տեսակետը արևմտյան մտածողության խորքերում է ընկած: Կալվինն անձնասիրության մասին խոսում է որպես «պատուհասի»: Ֆրոյդն անձնասիրության մասին խոսում է հոգեբուժական եզրերով, այնուամենայնիվ, նրա գնահատականը նույնն է, ինչ որ Կալվինինը: Նրա համար անձնասիրությունը նույնն է, ինչ որ նարգիզությունը՝ ինքնահիացումը, սեփական անձի կողմը լիբիդիոյի շրջումը: Նարգիզությունը մարդու զարգացման ամենավաղ փուլն է, և անձը, ով կյանքի հետագա շրջանում վերադառնում է նարգիզության փուլին, անընդունակ է սիրելու, իսկ ծայրահեղ դեպքում խելագար է: Ֆրոյդը համարում է, թե սերը լիբիդոյի դրսևորումն է, և որ այդ լիբիդոն կամ շրջվում է ուրիշների կողմը՝ սեր, կամ սեփական անձի կողմը՝ անձնասիրություն: Հետևաբար՝ սերն ու աձնասիրությունը իրարամերժ են այն առումով, որ ինչքան շատ է մեկից, այնքան ավելի քիչ է մյուսից: Եթե անձնասիրությունը վատ է, ապա անձնուրացությունն առաքինություն է:

Այստեղ ծագում են հետևյալ հարցերը.

Հոգեբանական ուսումասիրությունը հաստատո՞ւմ է դրույթը, թե սեփական անձի նկատմամբ և ուրիշների հան­դեպ սերերի միջև էական հակասություն կա:

Սեփական անձի նկատմամբ սերն ու եսասիրությունը նո՞ւյն երևույթներն են, թե՞ հակադրություններ են: Ավելին, մի՞թե ժամանակակից մարդու եսասիրությունը իրականում մտահոգություն է սեփական անձի մասին որպես անհատականության՝ իր բոլոր մտավոր, հուզական և զգա­յական կարողություններով հանդերձ: Արդյո՞ք «նա» չի դարձել իր սոցիալ-տնտեսական դերի հավելուկը: Եսասիրությունը և անձնասիրությունը նո՞ւյնն են, թե՞ առա­ջինը ծագում է վերջինիս պակասից:

Մինչ եսասիրության և անձնասիրության հոգեբանական կողմի քննարկումն սկսելը հարկ է ընդգծել տրամաբանական սխալն այն տեսակետում, թե սերը մյուսների և սերը սեփական անձի հանդեպ իրարամերժ են: Եթե մերձավորին որպես մարդ արարած սիրելն առաքինություն է, ապա ինքս ինձ սիրելն էլ պետք է առաքինություն լինի, ոչ թե արատ, քանի որ ես նույնպես մարդ արարած եմ: Չկա մարդուն նկարագրող որևէ հասկացություն, որի մեջ ես ինքս ներառված չլինեմ: Նման բացառում առաջ քաշող ուսմունքն իր էությամբ արդեն հակասական է: Աստվածաշնչում արտահայտված «սիրիր մերձավորիդ քո անձի պես» գաղափարը ենթադրում է, որ սեփական ամբողջականության և եզակիության հանդեպ հարգանքը, սերն ու ըմբռնողությունը սեփական անձի նկատմամբ անբաժանելի են մեկ այլ անհատի հանդեպ տածած հարգանքից, սիրուց և ըմբռնումից: Ինքս իմ հանդեպ սե­րը անբաժանելիորեն կապված է մեկ այլ արարածի նկատմամբ սիրո հետ:

Ահա հասանք հիմնական հոգեբանական նախադրյալներին, որոնց վրա կառուցվում են մեր փաստարկի եզրահանգումները: Այդ նախադրյալները, ընդհանուր առմամբ, սրանք են՝ ոչ միայն ուրիշները, այլ մենք ինքներս էլ մեր զգացմունքների և վերաբերմունքների «առարկան» ենք, մյուսների և ինքներս մեր հանդեպ ունեցած վերա­բերմունքներն հակասական լինելուց շատ հեռու են և հիմնականում շաղկապված են: Քննարկվող խնդրի առնչությամբ սա նշանակում է, որ ուրիշների և ինքներս մեր հանդեպ սերերը երկընտրանք չեն: Ընդհակառակը, սեփական անձի նկատմամբ սիրո վերաբերմունք կգտնենք ուրիշներին սիրելու ընդունակ բոլոր բոլորի մեջ: Սերը, սկզբունքորեն, անբաժանելի է, երբ խոսքը «առարկաների» և սեփական անձի միջև կապին է վերաբերում: Իսկական սերը պտղաբերության արտահայտում է և հոգատարություն, հարգանք, պատասխանատվություն և իմացություն-ճանաչողություն է ենթադրում: Այն աֆեկտ՝ հույզ չէ, ինչ-որ մեկից ազդված, հուզված լինելու իմաստով, այլ սիրված անձի աճի և երջանկության ակտիվ տենչ, ձգտում, որի արմատներն ընկած են սիրելու սեփական ընդունակության հիմքում:

Մեկին սիրելը սիրելու ուժի իրագործումն ու կենտրոնացումն է: Սիրո մեջ առկա հիմնական սատարումն ուղղված է սիրելի անձնավորությանը՝ որպես մարդկային էական որակների մարմնացումի: Սերը մեկ անձի հանդեպ ենթադրում է սեր մարդու հանդեպ, որպես այդպիսին: «Աշխատանքի բաժանման» տեսակը, ինչպես Վիլիամ Ջեյմսն է անվանում դա, ըստ որի մարդը սիրում է իր ըն­տա­նիքը՝ օտարի հանդեպ, սակայն, ոչինչ չզգալով, սիրելու արմատական անկարողության նշան է: Մարդու հան­դեպ սերը որոշակի անձի սիրելուց հետո բխող վերացականացումը չէ, ինչպես հաճախ են ենթադրում, այլ դրա նախադրյալը, թեև ծագումնաբանորեն այն ձեռք է բերվում որոշակի անհատներին սիրելու ընթացքում:

Սրանից հետևում է, որ իմ սեփական անձը պետք է լինի իմ սիրո առարկան նույնքան, որքան մեկ ուրիշ անձնավորություն:

Մարդու սեփական կյանքի, երջանկության, աճի, ազատության սատարման արմատներն ընկած են նրա սիրելու ունակության հիմքում, այսինքն՝ հոգատարության, պատասխանատվության, հարգանքի և իմացության ճանաչողության մեջ: Եթե անհատն ընդունակ է պտղաբեր սիրելու, նա ինքն իրեն էլ է սիրում: Եթե միայն ուրիշներին է կարող սիրել, ուրեմն ընդհանրապես սիրել չգիտի:

Եթե ընդունենք, որ սեփական անձի և մյուսների հանդեպ սերերը շաղկապված են, ապա ինչպես բացատրել եսասիրությունը, որը, ակնհայտորեն, բացառում է որևէ անկեղծ մտահոգություն ուրիշների մասին: Եսասեր անձը հետաքրքրված է միմիայն իրենով, ամեն ինչ ինքն իր համար է ուզում, տալուց ոչ մի հաճույք չի ստանում, միայն ստանալ է սիրում: Արտաքին աշխարհին նայում է միայն այն տեսանկյունից, թե ինչ կարող է վերցնել դրանից, անտարբեր է ուրիշների կարիքների հանդեպ, չի հարգում նրանց արժանապատվությունը և անհատականությունը: Նա իրենից բացի ուրիշ ոչինչ չի տեսնում: Բոլորի և ամեն ինչի մասին դատում է ըստ իր համար նրանց օգտակարության և, էապես, անընդունակ է սիրելու: Մի՞թե սա չի ապացուցում, որ ուրիշների համար մտահոգվելն ու սեփական անձով մտահոգվելն անխուսափելի երկընտրանքներ են, այսինքն բացառում են մեկը մյուսին: Այդպես կլիներ, եթե եսասիրությունը և անձնասիրությունը նույնը լինեին: Սակայն հենց այս ենթադրությունն է այն մոլորությունը, որ մեր խնդրի վերաբերյալ այսքան սխալ եզրահանգումների է բերել: Եսասիրությունը և անձնասիրությունը, բոլորովին նույնը չլինելով, իրականում հակադրություններ են: Եսասեր անձը անչափ շատ չի սիրում ինքն իրեն, այլ, ընդհակառակը, անչափ քիչ, իրականում ատում է ինքն իրեն: Սեփական անձի հանդեպ քնքշության և հոգատարության պակասը, որը նրա անպտղաբերության մեկ արտահայտությունն է միայն, նրա մոտ դատարկության և դառնության զգացում է առաջացնում: Նա անպայմանորեն դժբախտ է և անհանգիստ տարված է կյանքից բավականությունները ճանկելով, որոնց ստանալուն հենց ինքն իրեն էլ խոչընդոտում է: Թվում է, թե չափից շատ է ինքն իր մասին մտածում, սակայն, իրականում, իր իսկական ես-ի մասին հոգալու անկարողությունը կոծկելու և փոխհատուցելու անհաջող փորձ է անում ընդամենը: Ֆրոյդը կարծում է, թե եսասեր անձը նարգիզային է, այսինքն, թե ուրիշներին զրկել է իր սիրուց և այն ամբողջությամբ ուղղել սեփական անձին: Ճիշտ է, որ եսասեր անձինք ուրիշներին սիրելու անընդունակ են, բայց իրենք իրենց էլ են անկարող սիրելու:

Եսասիրությունը ավելի հեշտ հասկանալու համար կարող ենք այն համեմատել ուրիշների մասին ագահ մտահոգվածության հետ, ինչը, օրինակ, կարող ենք տեսնել գերհոգատար մոր մեջ: Թեև նա գիտակցաբար կարծում է, թե անչափ սիրում է իր երեխային, իրականում խոր զսպված թշնամություն է տածում իր մտահոգության առարկայի նկատմամբ: Նա գերմտահոգ է ոչ թե այն պատճառով, որ անչափ սիրում է երեխային, այլ որովհետև ստիպված է փոխհատուցել նրան ընդհանրապես սիրելու ընդունակության բացակայության համար:

Հեղինակային իրավունքը՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության

Հատվածը բացառիկ իրավունքով տրվել է VNews-ին՝ կայքում տեղադրելու համար

Հատվածի պատճենահանումն ու տարածումը խստիվ արգելվում է

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

 


Ալեքսանդր Դյումա` «Կոմս Մոնտե-Քրիստո». Հատված

Հունական դիցաբանություն. Գիշեր, լուսին, արշալույս և արև

Շիրվանզադե՝ «Քաոս». Հատված

QUIZ. Գուշակի՛ր գիրքը կարճ նկարագրությունից

3 սոնետ Շեքսպիրից

Հունական դիցաբանություն. Աքիլլես

Հատված արքայադուստր Դիանայի ինքնակենսագրականից

Հատված Կոկո Շանելի ինքնակենսագրականից

Ի՞նչ կարդալ հունիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Ի՞նչ կարդալ մայիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Պաուլու Կոելյու՝ «Մատիտի մասին»

Խոսե Օրտեգա ի Գասեթ` «Մշակույթի փիլիսոփայություն». Մեջբերումներ

Ի՞նչ կարդալ ապրիլին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Էրիխ Մարիա Ռեմարկ` «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը». Հատված

Դավիթ Սամվելյան՝ «Ռոդենի ձմեռը». Հատված

Պիեռ Դանինոս՝ «Մայոր Թոմսոնի հուշատետրը». Ֆրանսիացիներին բնութագրող հումորային հատված