fbpx

Էրիխ Մարիա Ռեմարկ` «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը». Հատված

Մայրամուտից մի դժգույն շող մնաց: Մի կեռնեխ սկսեց երգել: Գրեբերը հիշեց, որ առավոտյան էլ է լսել նրան: Նա նստել էր խաչելության ճանապարհը ներկայացնող արձաններից մեկի վրա: Թվում էր՝ այդ պահից ի վեր շատ բաներ էին տեղի ունեցել: Գրեբերը վերցրեց ոսպով ապուրի կափարիչը:

-Երշիկ: Ապխտած երշիկ: Ու թանձր եփված ոսպ: Հոյակապ ուտելիք է:

Նա լցրեց ամաններըը, ու մի պահ նրան թվաց‚ թե տուն ունի, այգի, կին, սեղան և ուտելիք, ապահովություն, և թե խաղաղություն է:

-Էլիզաբե՛թ‚- ասաց նա‚- եթե մի պայմանագիր լիներ‚ որով առաջիկա տասը տարիները ստիպված լինեիր ապրել այնպես‚ ինչպես հիմա՝ այս ավերակներով ու այս այգով‚ բայց երկուսս՝ միասին‚ կստորագրեի՞ր:

-Անհապաղ: Թեկուզ ավելի երկար ժամանակով:

-Ես էլ:

Տիկին Վիտտեն բերեց գարեջուրը: Գրեբերը բացեց շշերն ու լցրեց բաժակները: Խմեցին: Գարեջուրը սառն էր ու շատ լավը: Նրանք կերան ապուրը: Նրանք ուտում էին դանդաղ ու հանգիստ և իրար էին նայում:

Մթնեց: Մի լուսարձակ կտրեց երկինքը, փորփրեց ամպերն ու առաջ սահեց: Կեռնեխն այլևս չէր երգում: Սկսվեց գիշերը:

Հայտնվեց տիկին Վիտտեն՝ ապուրամանը նորից լցնելու:

-Կարգին չեք կերել,- ասաց նա,- երիտասարդները պետք է լավ սնվեն:

-Կերանք՝ որքան կարողացանք: Ամանը համարյա դատարկ է:

-Մի քիչ էլ աղցան կբերեմ ձեզ համար: Ու մի կտոր պանիր:

Լուսինը բարձրացավ:

-Հիմա ամեն ինչ ունենք,- ասաց Էլիզաբեթը,- լուսին, այգի, ուտելիք և մի ամբողջ երեկո՝ մեր առջև: Ամեն ինչ այնքա՜ն գեղեցիկ է, որ անգամ դժվար է դիմանալ:

-Նախկինում մարդիկ այսպես էին ապրում: Եվ ոչ մի արտասովոր բան չկար դրանում:

Էլիզաբեթը գլխով արեց ու նայեց չորս կողմը:

-Այստեղից ոչ մի ավերակ չի երևում: Այգու դիրքն այնպիսին է‚ որ դրանք տեսանելի չեն: Ծառերը ծածկում են դրանք: Կարո՞ղ ես պատկերացնել, որ երկրներ կան, որ հենց այսպես են:

-Պատերազմից հետո մենք այնտեղ կմեկնենք: Մենք կանգուն քաղաքներ կտեսնենք, որ երեկոները լուսավորված կլինեն, և որտեղ ոչ ոք ռումբերից չի վախենա: Մենք կզբոսնենք խանութների լուսավոր ցուցափեղկերի կողքով, և այնքան լույս կլինի, որ երեկոյան փողոցում վերջապես իրար երես կտեսնենք, ինչպես ցերեկը:

-Մեզ թո՞ւյլ կտան այնտեղ մտնել:

-Ճամփորդությա՞ն նպատակով: Ինչո՞ւ ոչ: Շվեյցա՞րիա:

-Մեզ շվեյցարական ֆրանկ պետք կգա: Որտեղի՞ց ենք ճարելու:

-Մենք կվերցնենք լուսանկարչական ապարատները և այնտեղ կվաճառենք դրանք: Դրանով մի քանի շաբաթ կապրենք:

Էլիզաբեթը ծիծաղեց:

-Կամ զարդերը…Կամ մորթե վերարկուները, որ չունենք:

Եկավ տիկին Վիտտեն՝ աղցանն ու պանիրը բերելով:

-Ձեզ այստեղ լա՞վ եք զգում:

-Այո՛, շատ: Կարո՞ղ ենք մի քիչ էլ նստել:

-Որքան կցանկանաք: Ես ձեզ համար սուրճ էլ կբերեմ: Ածկասուրճ, իհարկե:

-Նույնիսկ սուրճ… Այսօր թագավորի պես ենք ապրում,- ասաց Գրեբերը:

Էլիզաբեթը նորից ծիծաղեց.

-Առաջ էինք թագավորի պես ապրում: Սագի լյարդով ու խավիարով, փֆելցերյան գինով: Հիմա մարդու նման ենք ապրում: Այնպես, ինչպես հետո կուզենայինք ապրել: Մի՞թե հրաշալի չէ կյանքը:

– Այո՛, Էլիզաբե՛թ:

Գրեբերը նայեց նրան: Նա հոգնած տեսք ուներ, երբ գործարանից եկավ: Հիմա լիովին հանգստացած էր: Նա միշտ արագ էր փոխվում, քիչ բան էր հարկավոր դրա համար:

-Հրաշալի կլինի կյանքը,- ասաց նա,- մենք այնքա՜ն քիչ բանի ենք ընտելացել: Համարյա ոչնչի: Դրա համար էլ մեր առջև լիքը փորձություններ կան: Այն, ինչ մյուսների համար բնական է, մեզ մեծ արկած է թվում: Նույնիսկ օդը, որ հրդեհի հոտ չունի: Կամ ընթրիքը՝ առանց քարտերի: Խանութները, որտեղից մարդիկ կարող են գնել այն, ինչ ուզում են: Քաղաքները, որ ռմբակոծված չեն: Կամ խոսել կարողանալը՝ առանց նախապես չորս կողմը նայելու: Այլևս վախի մեջ չապրելու հնարավորությունը: Երկար կտևի, իհարկե, բայց վախը գնալով կնվազի, իսկ երբ ժամանակ առ ժամանակ վերադառնա, երջանկության պես կլինի, որովհետև հենց սկզբից կիմանաս, որ դրա անհրաժեշտությունն այլևս չի լինի: Համաձա՞յն չես:

-Համաձայն եմ,- դժվարությամբ ասաց Գրեբերը,- համաձայն եմ: Եթե այդպես նայենք, մեզ դեռ մեծ երջանկություն է սպասում:

 

Հ.Գ. Մարտի 29-ին, ժամը 18:00 «Բուկինիստ» գրախանութ-սրճարանում (Մաշտոցի 20) տեղի կունենա 20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող գրողներից մեկի՝ Էրիխ Մարիա Ռեմարկի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

Գերմաներենից թարգմանությունը՝ Վանուհի Բաղմանյանի: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

Հեղինակային իրավունքը՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության

Հատվածը բացառիկ իրավունքով տրվել է VNews-ին՝ կայքում տեղադրելու համար: Հատվածի պատճենահանումն ու տարածումը խստիվ արգելվում է:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Ալեքսանդր Դյումա` «Կոմս Մոնտե-Քրիստո». Հատված

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

Հունական դիցաբանություն. Գիշեր, լուսին, արշալույս և արև

Շիրվանզադե՝ «Քաոս». Հատված

Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Ի՞նչ կարդալ հունիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Խոսե Օրտեգա ի Գասեթ` «Մշակույթի փիլիսոփայություն». Մեջբերումներ

Ի՞նչ կարդալ ապրիլին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Դավիթ Սամվելյան՝ «Ռոդենի ձմեռը». Հատված

Պիեռ Դանինոս՝ «Մայոր Թոմսոնի հուշատետրը». Ֆրանսիացիներին բնութագրող հումորային հատված

Շարլոտ Բրոնտե՝ «Ջեյն Էյր». Հատված

Օնորե դը Բալզակ` «Հայր Գորիո». Հատված

Ալիս Մանրո. Կյանքի սիրույն [հատված «Ամունդսեն» պատվածքից]

Հայտնի գրքերի 5 հայկական էկրանավորում

Դավիթ Սամվելյան՝ «Արտագաղթած կարոտ». Հատված

Օսկար Ուայլդ՝ «Դորիան Գրեյի դիմանկարը». Հատված