fbpx

Երվանդ Մանարյանն ասում է…

  • Ժամանակներն անցնում են, շատ բան է փոխվում: Մեծերը պետք է կարողանան երեխաների մասին հոգ տանել, որ լավ սերունդ դաստիարակվի: Սա է կարևորը, սա է գերխնդիրը:

 

  • Իսկական արվեստագետը պետք է ունենա քաղաքացիական շատ որոշակի դիրքորոշում: Սովորաբար արվեստագետները ունենում են ընդդիմադիր դիրքորոշում: Դա իշխող ուժի համար, իշխանության համար  շատ անհրաժեշտ, շատ ցանկալի երևույթ է, քանի որ ոչ ոք չի կարող նրանց սխալներն ավելի լավ ցույց տալ,  քան արվեստագետը, որը նրանց քննադատում է: Իշխանություններին քննադատող արվեստագետը ամենավստահելի ուժն է, որը դիմացինին մատնացույց է անում նրա սխալները:

 

  • Սա է մեր կյանքը, այնպես չէ, որ անակնկալ բան է տեղի ունեցել: Աստված մեր ճակատագիրն այդպես է ստեղծել, մենք էլ համառորեն չենք ուզում այդ վիճակից դուրս գալ, մենք հազար տարի է աշխարհի երեսին ենք, էլի կմնանք, բան չկա:

 

  • Աստված ինձ այսպիսին է ստեղծել: Գիտեք, այն, ինչ Աստված տալիս է մարդուն, տալիս է ոչ թե անմիջականորեն, այսինքն՝ կանչում է իր մոտ և ասում է.«Սա քեզ, վերցրո՛ւ», այլ՝ շրջապատի միջոցով: Առաջինն ընտանեկան դաստիարակությունն է: Եթե ընտանիքը քեզ դաստիարակել է այնպիսին, որ դու հասարակության անդամ ես և պարտավորություն ունես հասարակությանդ առջև, ուրեմն այդպես է և դու հետևում ես այդ պնդմանը, քանի որ այդպես ես դաստիարակված: 

 

  • Մեծ գաղտնիքներ կյանքում չկան: Դու պետք է ժամանակին արած լինես այն, ինչ պետք է անես:Գործը կիսատ թողնելը լավ բան չէ: 

 

  • Ես ցանկանում եմ իմ սեփականը (թատրոնը) ունենալ: Գիտակցում եմ, որ իմը դրսինից ավելի լավը չէ, իմը լավը չէ ուրիշի սեփականությունից, այն մարդու, որն ինձ ընդունում է որպես ընկեր, որպես բարեկամ, ամեն կարգավիճակում ընդունում է: Ուղղակի դրսինը իմը չէ: Ես այստեղ տեր ու տիրական եմ, ես այստեղ այնպիսի հանգամանքների մեջ եմ եղել, որ չեմ կարող բառերով նկարագրել: Սա իմն է, ո՞վ կարող է ինձ ինչ-որ բան ասել: 

 

  • Մեկը հեռանում է, այստեղ թողնելով իր սիրելիին, մյուսը գնում է արտասահման և այնտեղ է ինչ-որ մեկին գտնում և մոռանում է նրան, որը այստեղ է: Սրանք փոքր հարցեր չեն, սրանք բոլորն էլ թատերգության հարցեր են, որոնց թատերգությունը, ցավոք,  չի անդրադառնում: Դրամատուրգիան անդրադառնում է  եվրոպական արժեքներին, գեղեցիկ հարցադրումներին, բայց մեր խնդիրները չեն լուծվում: 

 

  • Աստված է տվել այդ հարևանությունը (ադրբեջանցիների մասին): Կարո՞ղ ենք  հարևանությունը փոխել: Այո՛, չենք կարող, և եթե չենք կարող, ապա գոնե պետք է այնքան խելացի լինենք, որ այդ հարևանության մեջ գոնե հաշտ ապրենք: 

 

  • Կերպարի անունը («Հարսնացուն հյուսիսից») Երվանդ թողնելը ռեժիսորի՝ Ներսերի գաղափարն էր: Երբ ծանոթացա կերպարին, ասեցի. «Չէ՛, ես Ռուսաստանից հարս չեմ բերի, ես այդպիսի բան չեմ անի»: Չնեղացավ, ասեց. «Ինչ կա որ, չես ուզում, չես ուզում, բայց իմացի, որ կերպարի անունը չեմ փոխելու՝ կմնա Երվանդ Խրիստոֆորովիչ»:
    Գիշերը մտածեցի, որ եթե կերպարի անունը իմ անուն ու հայրանունով է կոչվելու, ինչո՞ւ ուրիշը խաղա իմ փոխարեն: Եվ այդպես էլ մնացի դերակատար: Կարծում եմ, որ այդ հանգամանքն ինչ-որ տեղ օգնեց կերպարին: 

 

  • Կնոջս հետ գնացի փակ դիտման («Հարսնացուն հյուսիսից»): Կինս ասաց, որ այս ֆիլմն ինձ մեծ համբավ է բերելու: Անկեղծ ասած, չհավատացի, սակայն, երբ ֆիլմն էկրաններ բարձրացավ, մի որոշ ժամանակ հետո հասկացա, որ իսկապես այդպես է և ժողովուրդն ընդունում է այդ կերպարը: Ես կարծում եմ, որ դա Ներսես Հովհաննիսյանի բացառիկ շնորքն էր: 

 

  • Խղճի մտոք,  շատ գեղեցիկ արտահայտություն է: Խղճի մտոք պետք է վարվես քո հանդիսատեսի հետ: Վերջում դու ես, քեզնից առաջ՝ մյուսները: Այդպես ավելի հեշտ է ապրել: Ինձ տրված է այս ասպարեզը, ես այստեղ եմ աշխատում, պարզապես տարբերությունը մյուս ասպարեզներից այն է, որ սա մեծապես ցուցադրվող ոլորտ է: Հասարակությունը գիտի թատրոնի մարդուն, փողոցում տեսնում է՝ ժպտում է, բայց դա չի նշանակում, որ դու բացառիկ երևույթ ես: Բացառիկ երևույթը գուցե քո կողքով անցնում է, սակայն ոչ ոք չգիտի, թե նա ով է. օրինակ, նա կարող է գյուտարար լինել: 

 

  • Կինոյի հետ բարեկամություն անելու մտադրություն չունեի. դրան եղբայրս է մղել: Նա այստեղ ավարտեց Երաժշտական ուսումնարանը, այնուհետև՝ Կոնսերվատորիան և չբավարարվեց ու գնաց ուսումը շարունակելու Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում: Նախադիպլոմային աշխատանքը թույլ էին տվել Հայաստանում ստեղծել: Մխիթար Դավթյանը՝ կինոյի երախտավորներից մեկը, խորհուրդ է տալիս «Տժվժիկը» նկարահանել: Եղբայրս ծանոթներին խնդրում է, որ գրեն սցենարը, սակայն չի բավարարվում նրանց գործով: Մեկ օրով գալիս  է Գորիս ինձ տեսնելու, որ հետո Մոսկվա գնա:Երեկոյան  մտնում ենք գրադարան, վերցնում ենք «Տժվժիկը»: Կարդում եմ և առավոտյան սցենարը եղբորս եմ հանձնում: Հենց այդպես էլ տարվում եմ կինոյով: 

 

  • Կինոյում մասնակցություն ունի ոչ միայն թատրոնը, դերասանները, այլև՝ գրականությունը: «Տժվժիկը» այդ տեսակ ֆիլմ է: Դրանում երևում է դերասանը, լսվում է դիալոգը , պարզ երևում է սցենարը,  սակայն կինոյի հումքի՝ ռեժիսորի մասին քիչ է խոսվում: 

 

  • Կարծում եմ, որ լավ գործեր եմ արել, այո կարծում եմ, որ արել եմ և դրանք մնացել են մարդկանց հիշողության մեջ: 

 

  • Դերասանի համար դերն ասես զավակ լինի, որովհետև մեծ տվայտանքներով, մեծ դժվարություններով ես ստեղծում կերպարը և շատ զարմանալի չէ այն, որ ծնողին հարցնում են, թե որ երեխային է ավելի շատ սիրում: Բնական է, որ նա չի կարողանում պատասխանել այդ հարցին: Այդպես է, ես էլ չգիտեմ, թե ամենաշատը որ դերս եմ սիրում: 

 

  • Կինոյում նաև ֆիլմի խմբագիր եմ եղել: Այո, ֆիլմի խմբագիր լինելը բացառիկ հետաքրքիր երևույթ է, որովհետև ֆիլմի ռեժիսորը միայնակ մարդ է, նա իր մտքերի հետ միայնակ է: Հնարը գտնելը, որպեսզի ռեժիսորը քեզ հետ կիսվի և չզգա, որ դու իրեն ինչ-որ բան ես թելադրում, խմբագրի աշխատանքի հմտություն է: 

 

  • Կինոյի ասպարեզն անհատակ ծով է և գնալով ավելի հետաքրքիր է դառնում: Երբեմն պատահում է, որ նստում ես էկրանի մոտ ժամանակակից ֆիլմերը դիտելու, բայց  դրանք մարդկայնորեն խորթ են թվում: Միշտ չէ, որ կարելի է ժամանակի մտքի ետևից  համաքայլ գնալ: Դու քո ժամանակի մարդն ես, նրանք՝ իրենց ժամանակի: Դուք երկուսդ էլ ձեր ստեղծագործությունը հանձնում եք հանրությանը, ասում եք՝ «Դատի՛»: Հին մարդն իր ձևով կդատի, նոր մարդը՝ իր ձևով: Կինոյի ասպարեզը շատ հետաքրքիր ասպարեզ է: 

 

  • Երեխաները զարմանալի ժողովուրդ են: Այդպիսի անզիչում էակ ես չեմ կարծում, որ բնությունը ստեղծած լինի: Նա ուզում  է, որ այս կամ այն բանն այսպես կամ այնպես լինի, ուրեմն այդպես էլ պետք է լինի: Դու պետք է գնաս գլուխ ջարդես անես ամեն ինչ, որ բավարարես իրեն: 

 

  • Մանկական թատրոնն այդ տեսակ բան է: Գալիս են  հանդիսասրահում նստում և տիկնիկից պահանջում են այս կամ այն բանը: Այս թատրոնի դերասաններն այդ պահանջներին արդեն սովոր են: Նրանք գիտեն, թե ինչպես պետք է վերաբերվեն հանդիսատես երեխաներին: 

 

  • Սա մի ամբողջ աշխարհ է: Տարիներն ինձ այստեղ են բերել և ես այստեղ եմ ու կմնամ: Վերջացավ: 

Շարունակելի…

Կարդացեք նաև՝

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…

Էնդի Ուորհոլն ասում է…