-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Երբ ես 18 տարեկան էի… ըմբոստ էի, լուրջ, անարդարության շատ սուր զգացում ունեի, դժգոհ էի ինքս ինձանից, տարիքի հետ կարծես փոխվել է միայն լրջությունս:
Հոգեբանն էլ կարող է երբեմն…. ապուր ուտելիս ֆռթացնել:
Բայցևայնպես… նա ավելի մեծ պատասխանատվություն ունի իր անձի վրա աշխատելու, դա միակ իր գործիքն է:
Այսօր Հայաստանում մարդիկ ավելի լուրջ են նայում հոգեբանի մասնագիտությանը և դա… վկայում է, որ հոգեբանները ևս սկսել են լուրջ նայել իրենց գործին:
Ես հավատում եմ… որ արդարություն կա, և անարդարությունը միայն խթան է զարգացման նոր մակարդակ բարձրանալու համար, հետևաբար անարդարությունը ևս արդար է:
Երևանը… իմ տունն է, իմ աշխատավայրն է, իմ ժամանցի ու հաճույք ստանալու, իմ զբոսնելու և հանգստանալու, իմ թաքուն ապրումներ ունենալու, տխրելու և հիասթափվելու տեղն է:
Թավշյա հեղափոխությունը արդյունքն էր… ագահության հետևանքով ստեղծված և զարգացող մեծ դիմադրության:
Թավշյա հեղափոխությունը ապացույցն էր… որ ելքեր միշտ կան, պարզապես մեր փորձը մեզ հակել էր տեսնել միայն փակուղիներ:
Մեծ փոփոխություններից հետո անխուսափելի են… մեծ հիասթափություններն ու տագնապը, առաջինը լինում է չարդարացված սպասումների պատճառով, երկրորդը՝ հնի փլուզման և նորի՝ դեռ լիովին չլինելու պատճառով:
Եվ դա… ապացուցում է, որ մեծ սպասումները հղի են մեծ հիասթափություններով:
Ինչևէ… չափի չափանիշը դեռևս մնում է հոգեկան առողջության ամենակենտրոնական չափանիշը:
Ամեն մեկս եթե… սկսենք պատասխանատվություն վերցնել մեզ վրա, դադարենք մեղադրել, փոփոխություններ կսկսվեն և հենց մեր ներսում, ապա իրականության մեջ:
Երեխաների դաստիարակության ոսկե կանոնը… այսպես է հնչում՝ «անտեսիր վատը, խրախուսիր լավը», որքան էլ պարզ է, միևնույն է դեռևս ամենագործունն է:
Մարդկանց հետ լավ հարաբերություններ պահպանելու համար ամենակարևորը… գիտակցելն ու ընդունելն է, որ դեպքերի ճնշող մեծամասնությունում ոչ ոք ուրիշին վնասել չի ցանկանում, բոլորը պաշտպանվում են:
Ու որքան էլ ծնողները ջանան իդեալական լինել, մեկ է… նրանց հատուկ է սխալվել, ինչպես մեկ տարեկան երեխան է սխալվում, այնպես էլ մեկ տարեկան ծնողը պիտի սխալվի, և երեխան այդ սխալներից քաղում է հաճախ ավելին, քան ճիշտ քայլերից:
Ուստի… մեղքի զգացում պետք չէ ունենալ մի բանի համար, որն անխուսափելի է:
Հավատացեք, ամենևին էլ հեշտ չէ… մեղադրելուց քայլ անել դեպի պատասխանատվություն, բայց անհրաժեշտ է:
Ներքին բարդույթներից ազատվելու բանաձև չկա,… հաճույքն էլ հենց դրանում է, որ գտնես, հատիկ հատիկ ուսումնասիրես և ազատվելու ուղիները մշակես:
Հոգեբանը կարող է… առավելագույնը լինել առողջ և կենդանի մարդ, և վերջ, մնացածը մասնագիտական հարցեր են:
Այսօր մարդկանց հոգեվիճակը… խնամքի կարիք ունի՝ ինչպես արտաքինն ու առողջությունը, ես կուզեի, որ սկսեինք նաև այդ ուղղությամբ աշխատել:
Էյֆորիան մարդուն դարձնում է… անսահման երջանիկ, սակավ քննադատող, կառավարվող, սակայն ժամանակավոր:
Պետք է լինել ավելի… համբերատար, սակավ իմպուլսիվ, հանդուրժող, այլոց իրավունքները իմացող և հարգող, ուրիշ ճանապարհ չունենք:
Եթե մարդ չի ուզում՝ իրեն օգնեն… պետք է հարգել նրա ցանկությունը, սակայն օգնություն առաջարկելու մեջ ստեղծագործաբար մոտենալը նույնպես խրխուսվում է:
Այդուհանդերձ… մարդկանց ցանկություններն ու որոշումները պետք է հարգվեն մինչև այն սահմանը, երբ դրանք հատվում են այլոց ցանկությունների ու իրավունքների հետ:
Այսօր երիտասարդները նայում են այնպիսի սերիալներ ու ֆիլմեր, որոնք կարող են… գրեթե անդառնալիորեն փոխել նրանց աշխարհայացքը, վերաբերմունքը կյանքի, մարդու և ինքն իր նկատմամբ: Մեդիան գրեթե անգերազանցելի ազդեցություն ունի:
Հոգեկան հավասարակշռությունը մշտական վիճակ չէ, այն… գործընթաց է, որում գտնվող մարդը կարող է անընդհատ արձանագրել իր ձեռքբերումները կամ ձախողումները հավասարակշիռ լինելու առումով, որովհետև դրան նետված մարտահրավերները միշտ տարբեր են լինում:
Երջանկությունը… զգացում է, որը սկիզբ և ավարտ չունի, ապրելու կարողությունն է, երբ հասնում ես դրան, էլ չես կորցնի, ինչպես չես կորցնի հեծանիվ վարելու ունակությունը:
Իսկ սերը… քնքուշ է կեսգիշերին:
Բոլորն այսօր կարիք ունեն… սիրո, ապահովության և պատկանելության զգացման, ինչպես երեկ և վաղը:
Ուստի… պետք է նյութական պահանջմունքների բավարարումից հետո անմիջապես անցնել ոչ նյութական պահանջմունքների բավարարմանը, որոնց բավարարման պարագայում առաջինները թուլանում են:
Ամենակարևորը լսել կարողանալն է, թեպետ… երբեմն կարելի է ականջները փակել, սեփական առողջության համար:
Ես երևի երբեք չեմ սովորի… անտարբեր լինել:
Թեպետ փոքր տարիքում ես… շատ պայքար ունեի ներսումս, հիմա ավելի շատ բանի հետ եմ կարողանում հաշտվել:
Իսկ այսօր… վստահ եմ, որ պայքարը վատագույն ճանապարհներից է նպատակներին հասնելու, լավագույնը հոսանքին հանձնվելն է, սակայն դա ավելի բարդ է:
Սոցիալական ցանցերում ակտիվ մարդիկ… հաճախ սպառում են իրենց իրական ակտիվությունը, և անիրական զգացողություն ունենում՝ ինչ-որ բան արած լինելու:
Աշխարհն այնքան արագ է փոփոխվում, որ… գրեթե հասցնում է ոչինչ չփոխվել:
Ինչևէ… այս աշխարհն ավելի շատ գեղեցիկ է, քան տգեղ, ու ավելի շատ բարի է, քան չար, դրա համար էլ սիրում ենք ապրել այստեղ:
Ես Անուշ Ալեքսանյանն եմ, ես… դավանում եմ ազնվություն, և դեռ վստահ չեմ, որ ազնիվների դրախտն եմ ընկնելու:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո