-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Երբ ես 18 տարեկան էի… մտածում էի, որ առաքելություն ունեմ աշխարհն ավելի լավը դարձնելու:
Իսկ հիմա… մտածում եմ, որ լավ է, որ աշխարհն ինձ դեռևս չի կարողացել զրկել առաքելություն ունենալու գիտակցությունից:
Թեպետ, գիտե՞ք… վեպերի ու էպոսների հերոսները հաճախ անիմաստ ու աննպատակ մեռնում են՝ նույնիսկ ամենակարևոր առաքելությունը բարեհաջող իրականացնելուց հետո:
Իմ մանկությունը… կռիվ-կռիվ էր կյանքի հետ՝ մնալու այնպիսին ինչպիսին կամ:
Ամենաշատն ափսոսում եմ, որ… ժամանակներ են եղել, որ կորցրել եմ ինքս ինձ և մոռացել, թե ով եմ:
Թվում է՝ ինձ հունից ոչինչ չի կարող հանել… բայց որոշ բաներ կան, օրինակ, մարտնչող տգիտությունը, չհիմնավորված հավակնոտությունն ու սուտը:
Իսկ իրականում այդքան էլ դժվար չէ… ուղղակի մարդկանց սիրել է պետք:
Իսկ դե Սերը… սերն է, սերն է մեզ տանում առաջ…
Ինձ հաճախ են ասում… որ ռոմանտիկ եմ, դե դա ակնհայտ է՝ հաշվի առնելով նախորդ պատասխաններս:
Բայց կուզեի՝ էլ չհարցնեն… ե՞րբ ես ճանաչելու աշխարհն ու մարդկանց:
Դասավանդելը… երբեմն ապրեցնում է, ավելի շատ ներշնչում է, հաճախ՝ հիասթափեցնում:
Կարծում եմ, հիմա ամենաշատը երիտասարդներին պակասում է… խոնարհությունը:
Թեպետ նրանք մեզանից ավելի… ազատ են և ուժեղ:
Բայց և այնպես… պետք է հիշել, որ դու էլ երիտասարդ ես եղել:
Իմ սիրած կինոն պատմում է… մեծ քթերով հայ տղամարդկանց մասին, որոնք կրակն են ընկել իրենց միամտության ու ազնվության ձեռքը, ուզում են հայրիկ լինել, բայց զավակները զավակ չեն:
Հեռուստատեսությունում աշխատելը… հնարավորություն է տվել ու տալիս՝ ինքս ինձ տեսնելու և լսելու կողքից, նաև վիզուալացնելու, այն, ինչ անում եմ գրականագիտության մեջ:
Իսկ գրականությունը… սովորեցնում է մնալ հավատարիմ ինքս ինձ՝ հավատալով, որ քանի զգում և ընկալում եմ գրականությունը, ուրեմն մարդ եմ:
Ամենաշատը ոգեշնչվում եմ… աղջկաս ժպիտով ու կնոջս սիրով:
Օրվա ամենասիրելի պահը… երբ աղջկաս արթնացնում եմ առավոտյան:
Անահիտը… երազանք:
Ու ես նրանից սովորում եմ… սիրել:
Կինս… այս հարցերի միջոցով ուզում է ինձնից խոստովանություններ կորզել: :)
Եթե բոլորը… այնպիսին լինեին, ինչպիսին ուզում ենք, մենք չէինք լինի այնպիսին ինչպիսին կանք:
Գիտեք, ամենևին էլ հեշտ չէ… «ապրել՝ հայացքդ աշնան նուրբ շողին / կամ Ավետարանի բացված էջերին»(Հ. Էդոյան):
Կյանքը երբեմն… ասում է՝ դու արժանի ես ավելիին:
Բայցևայնպես… մենք ունենք այն, ինչին արժանացել ենք:
Լավատես լինելը հեշտ չէ… էլ ավելի դժվար է լավատես չլինելը:
Սիրո մասին խոսել չեմ սիրում… թեպետ սերը խոսեցնում է:
Ու մեկ էլ չեմ կարողանում… չհավատալ մարդկանց:
Բայց միշտ փորձում եմ… արդարացնել նրանց:
Երևի… մտածում եմ, որ ամեն մեկը գալիս է իր խավարից:
Ամենակարևորը… լույսը չկորցնելն է:
Ես երբեմն կորցնում եմ… պարզ տեսնելու կարողությունը:
Այնուամենայնիվ… բարդությունն էլ իր հմայքն ունի՝ կարոտել է տալիս պարզությանը:
Ուզում եմ սովորել… կյանքն անշտապ վայելելու արվեստը:
Աշխարհի ամենաքաղցր բանը, այդուհանդերձ… սերն է:
Իսկ ամենադժվարը… մարդկանց չվերաբերվել այնպես, ինչպես նրանք են քեզ վերաբերվում հաճախ:
Ես հաճախ եմ կրկնում… գիշերվա ամենամութ պահը լուսաբացից առաջ է:
Անդառնալիությունը մարդուն կարող է… գնահատել տալ կյանքի յուրաքանչյուր պահը:
Սակայն միշտ էլ… կորցնում ենք ժամանակի զգացողությունը:
Զուսպ ու հավասարակշիռ լինելը… երբեմն նյարդայնացնում է:
Իսկ խորքերում խորին խորախորհուրդ… հոգին է աստվածային կնիքով:
Ասում են, կրիան ճանապարհի մասին ավելի շատ բան գիտի, քան նապաստակը, ուստի… որսորդը մեկին ավելի շուտ, մյուսին ավելի ուշ կհասնի, դրա համար պետք է մարդ մնալ:
Ես Հայկ Համբարձումյանն եմ, ես… աշխատում եմ չմոռանալ դա:
Զրուցեց Շուշան Կարապետյանը
Կարդացեք նաև
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո