-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Երբ ես 18 տարեկան էի․․․ դեռ ծով չէի տեսել, ու համալսարանում դասերից ամեն օր փախչում էի: Այդ ժամանակ գիտեի, ասենք, տնտեսագիտությունից կամ հայ մամուլի պատմությունից, հետո հասկացա, որ դեպի ծով:
Իմ միջի հայը․․․ Վան քաղաքի բացօթյա սրճարաններից մեկում նստած վայելում է պայծառ օրը եւ ժպտում՝ հիշելով, թե ինչ հրաշալի օրեր անցկացրեց շաբաթավերջին՝ Սասնա լեռներում:
Եվ քանի որ գժվելու ժամանակներ են․․․ սերը շարունակվում է: Բայց վատ բան էլ կա՝ կռիվն էլ:
Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․․․ Մեկը երազ է, մյուսն իրականություն: Միշտ երազելը հիմարություն է, երբեք չերազելը՝ տկարություն:
Իմ միջի ըմբոստն ինձ միշտ․․․ ստիպում է գրել: Բայց միայն այդքանը:
Սակայն ամեն անգամ․․․ կողքիցդ թողնում-գնում են:
Ամենամութ ժամանակներում անգամ․․․ հնարավոր է լույս գտնել: Լույսը հենց այդ ժամանակներում է հնարավոր գտնել:
Իմ միջի լիահույսը․․․ ինձ հետ չի մեռնի:
Երբ թացը խառնվում է չորի հետ, լավը՝ վատի․․․ ստացվում է մարդկանց աշխարհ, որտեղ այնքան բան կա գրելու, գրողը տանի:
Հաստատ կգա մի օր, երբ էլ ոչ ոք ոչ ոքի չի մեղադրի․․․առյուծներն էլ խոտ կուտեն՝ եղնիկների կողքին:
Թեպետ, գիտեք․․․ ասում են՝ դրախտը երկրի վրա է: Չգիտես ինչու՝ սա ասում են հարուստները, չնայած՝ լավ էլ գիտես, թե ինչու:
Երկրի վրա ինչ լինում է, նախ լինում է խոսքի մեջ, ուստի․․․ Աստված թարգմանիչների կարիք չունի:
Գրականությունը կանխատեսելու ուժ ունի․․․ բայց եւ թուլություն՝ աշխարհում ոչ բոլորն են կարողանում լսել ու կարդալ:
Պատերազմի մասին գրելը նման է․․․ պատերազմին մասնակցելուն: Որտեղ հա՛մ զոհվող զինվոր ես, հա՛մ ստոր դավաճան, հա՛մ սպասող կին, հա՛մ էլ տուն դարձող հերոս:
Իմ միջի խաղաղասերը․․․ հաճախ իմ թշնամին է:
Ես համաձայն չեմ աշխարհի ստեղծման պատմության հետ․․․շատ պատճառներով, օրինակ Աստծո առաջին բառերն են՝ թող լույս լինի, ի՞նչ է Աստված ինքը Աստված ունի՞, որ ասում է՝ թող…
Թեպետ սերն է, սերն է մեզ առաջ տանում․․․․ ես այս նախադասությունը միշտ ասում եմ առանց թեպետի:
Ասում են, հնարավոր չէ ողջ կյանքում սիրել մեկ մարդու․․․․ անհնարը բառ է՝ հիմարների բառարանից: Նապոլեոնն է ասել, որն իմիջիայլոց ողջ կյանքում մեկ մարդու չէ, որ սիրել է:
Ֆրեյդն ասում է՝ մենք երբեք այնքան անպաշտպան չենք, որքան սիրելիս․․․ ու մոռացել է ասել, որ դրախտում պաշտպանության կարիք չկա:
Իմ միջի հավերժ սիրողը․․․․ իմ մեջ կռիվ չունի:
Երևանը մի քաղաք է, որն ինձ շշնջում է մերթընմերթ․․․․ չհեռանաս. կկարոտես:
Իսկ Հայաստանը երկիր է․․․ որտեղ ծնվել եմ եւ որը ծով չունի:
Կուզեի էլ երբեք չգրել այն մասին, որ․․․ մարդը մարդ է ուտում: Դիմացինին: Ինքն իրեն ուտելը գրականության ծնունդ է եւ թեմա:
Ու մի օր հաստատ, վստահաբար, անտարակույս կգրեմ այն մասին, որ․․․ աշխարհի ինչ-որ քաղաքում սպանել են վերջին մարդասպանին…
Հայ գրողներից իմ ամենասիրելին․․․ Մաթեւոսյանն է:
Ու այսօր մտածում եմ, որ դարեր շարունակ մենք գրել ենք այն մասին․․․․ թե ինչպես են խլել մեզնից ու որքան վեհանձն ենք եղել մենք, որ բանի տեղ չենք դրել այդ մանր գողությունները:
Իմ միջի գրողը․․․իմ հույսն է, որ ինչ-որ բան կարող եմ:
Իսկ կարմիրը մի գույն է․․․ որով պատված է հա՛մ պատերազմի դրոշը, հա՛մ՝ սիրո:
Այսօր, վաղը, ու հարյուր տարի անց․․․ մարդիկ են ծնվելու:
Ինչևէ․․․ վաղուց չենք պարել:
Ասում են․․․ աֆրիկյան մի ցեղ կա, որը հանցագործին պատժում է՝ նրա արած բարեգործությունները նրան հիշեցնելով: Որպեսզի հանցագործի մեջ արթնանա մարդը:
Ես մնում եմ․․․․ ծովի ափին:
Ես Հովիկ Աֆյանն եմ, ես․․․ Հովհաննես Աֆյանը չեմ, ինչպես գրված է անձնագրումս: Հովհաննեսը պապիկս էր, որին ես շատ էի սիրում, բայց ամեն մեկս մե՛ր անունն ունենք:
կարդացեք նաև՝
Ես Հարություն Մնացականյանն եմ․․․
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո