Ես Հուսիկ Արան եմ... - VNews

Ես Հուսիկ Արան եմ…

Հուսիկ Արա

Երբ ես 18 տարեկան էի… վստահ էի, որ բանաստեղծությունը կփոխի աշխարհը, իսկ հետո հասկացա, որ աշխարհն է փոխում բանաստեղծությունը:

Բանաստեղծություն գրելը նման է… ինքդ քեզ փրկելուն:

Պոետը 21-րդ դարում… պետք է գիտակցի, որ macintosh, aypad բառերն են հնչել աշխարհում որպես երևույթ, և իր տողը գրի՝ ներսում գծելով այդ ժամանակը՝ որպես սույն երևույթներից հետո հնչող նոր բառ:

Պոեզիան չի կարող լինել… կեղծ և շահեկան:

Եվ այնուամենայնիվ… շատ է այդ բանաստեղծական խաբեությունը:

Պաթետիզմը… անցյալ է:

Մեր այսօրվա պոետները… շատ քիչ են:

Ես քո եղբայրն եմ, քաղա՛ք… ինձ մի սպանիր:

Կյանքում լինում են այնպիսի իրավիճակներ… որ պետք է թքես հանուն մաքրության:

Հավատացեք, ամենևին էլ հեշտ չէ… շիտակ լինել:

Ինչևէ… սուտը քաղցր է:

Ես սիրում եմ… անկեղծությունը:

Ինձ հաճախ են ասում… միամիտ ես:

Բայց ես այդունահադերձ… շարունակում եմ մնալ այդպիսին:

Պոեզիան գործառույթներ չունի… այն դեպքում, եթե մարդը չունենա հոգի:

Իմ երկիրը` արևելյան թերմացք… Հուսիկ Արա, 2018թ.:

Երջանկությունը… ինձ ուղիղ նայել կարողանալն է:

Հայրենասիրությունը… հայրենիքին չխաբելն է:

Կեղծն ու իրականը… երկուսն էլ կործանարար են:

Հիմա մենք շատ պոետներ ունենք… բայց պոետները քիչ են լինում:

Իմ պոեզիան… իմ կենսակերպն է:

Ես հաճախ եմ կարդում… լավ գրքեր:

Ես հոգնել եմ… մեր իրականությունից:

Գրականության շուրջ աղմուկը… վկայում է, որ խոսքը ուժ ունի և այն Աստծուց է:

Արհեստականությունը նման է հիվանդության… որ շարունակում է ոչնչացնել մարդուն:

Ես չեմ վերջին պոետը իմ երկրի, բայց… եթե…

Չգիտեմ ինչու, բայց… երկիրը թարս է պտտվում:

Գուցե իրականում… վաղուց կանգ է առել երկիրը, մեր մտապատկերում է միայն պտտվում:

Կուզեի՝ բոլորն իմանան, որ… կյանքը վայելք է, ոչ թե հարկադիր տառապանք:

«Գնալով գնանք, տանելով տանենք»… մեր խաչը, բայց ոչ Գողգոթա:

Ինչ էլ լինի… ինձ չեմ դավաճանի:

Գիշերները պետք են, որ մարդիկ… մաքրվեն:

Իսկ կյանքն անցնում է… «սրբազան» պարտադրանքների միջով:

Ես կուզեմ՝ շատ տարիներ անց մարդիկ իմ մասին իմանան… որ չեմ ստել:

Ես սիրում եմ մարդկանց, որոնք… մաքուր են:

Գրականությունն ուժ ունի… եթե անկեղծ է:

Ուստի… խոսքը ամենամեծ պատերազմն է:

Ես երբեմն կորցնում եմ… այո, կորցնում եմ, բայց իմ նպատակն է գտնել:

Բայց երբեք… նպատակից չեմ շեղվում:

Քամին անցնում է… երբեմն կեսգիշերի դատարկ սրտիս միջով:

Ես գրում եմ, որովհետև… վախենում եմ խելագարվել:

«Իսկ մանկությունը մի թռչուն է»… չէ, էն մենակ տղան է, որ միշտ ինձ հետ է:

Եվ սերն է, սերն է մեզ առաջ տանում… որովհետև ամենամերձն է մարդուն:

Ամեն բան հարաբերական է, բայց… սերը բացարձակ է:

Լավ, ինչևէ… կարողանանք սիրել միմյանց:

Ես Հուսիկ Արան եմ, ես… դեռ սիրում եմ:

Զրուցեց Շուշան Կարապետյանը

«Ես եմ» շարքը՝ այստեղ: