Ես իրանից նեղեցած եմ։ Մեզի թողել գնացել է... - VNews

Ես իրանից նեղեցած եմ։ Մեզի թողել գնացել է…

Երբ փորձում ես ճանաչել արդեն պատմության գիրկն անցած արվեստագետին, նրա մարդկային ու ստեղծագործական նկարագիրը, ապա լավագույն տարբերակը նրա մասին հուշեր կարդալն է։ Ահա այդպիսի մի հուշ է գրել Մհեր Մկրտչյանը` հայ բեմի խոշորագույն բեմադրիչի` Վարդան Աճեմյանի մասին։

«Երևանից գալու էր Աճեմյանը` իր ուսանողի ներկայացումը շտկելու։ Լենինականում խոսում էին, որ արդեն եկել է։ Իսկ թատրոնում պատմեցին, թե. «Երեկ գնացել են կայարան Աճեմյանին դիմավորելու, բայց նա վագոնից դուրս չի եկել։ Բարձրացել են տեսել, որ նա առանց տաբատի նստած է։ Զարմացել են։ Պարզվել է, որ տաբատը կորել է։ Մարդ են ուղարկել նոր տաբատ բերելու։ Բերել է։ Աճեմյանը տեսել է ու ասել` վրաս մեծ է։ Մարդն ասել է` մեռա փնտրելով, փոքրը չկար։ Աճեմյանը կատաղել է. «Պիոներ պալատից բերեիր»։ Բոլորը ծիծաղել են, իսկ ամենից շատ` Աճեմյանը։ Հետո մտել է մեծ տաբատի մեջ ու բերել են հյուրանոց»։
Թատրոնում տոն էր։ Բոլորը զուգված սպասում էին։ Հանկարծ մեկը բղավեց. «Բերին»։ Ես հուզմունքից կծկվել էի միջանցքում, բեմի բանվորի կողքին։ Միջանցք մտավ մի պստլիկ մարդ ու ձեռքի փայտը ռիթմիկ քսելով ջեռուցիչին, ճռճռացնելով, շխկշխկացնելով արագ մեր կողմը եկավ։
-Վարդան Նիկիտիչ, երկինքը ի՞նչ գույն ներկեմ,- հեռվից հարցրեց նկարիչը։
– Դեղին, – առանց մտածելու ասաց Աճեմյանը ու շարժվեց առաջ։
Երբ անցավ, բեմի բանվորին հարցրի. «Ինչու՞ ոտքի չկանգնեցիր»։ «Ես իրանից նեղեցած եմ։ Մեզի թողել գնացել է»։

Վարդան Աճեմյան

…Արտաքուստ կարծես ոչինչ չասող այս աճեմյանական անցումը շատ բան էր պարունակում։ Նրան լավ ճանաչողը հասկանում էր, որ ջեռուցիչի շխկշխոցը կամ տաբատ կորցնելը կատակ չէր։ Նա աշխատում էր, անվերջ որոնումների մեջ էր։ Նրա արվեստը անվերջ ճակատամարտ էր դոգմաների դեմ։ Ահա, թե ինչու երկինքը կապույտ չէր։ Իզուր մեզանից շատերը զարմացան, երբ ասաց «դեղին», որովհետև մի քանի օր հետո Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոնի» պրեմիերային մենք խենթի պես ծափահարում էինք հենց այդ դեղին երկնքի համար։ Տաղանդը հենց հավատն էր իր ուժի հանդեպ։ Ես աշխատեցի նրա հետ 25 տարի ու չեմ հիշում մեկին, ով նրան չէր հավատում։ Գերմարդկային ինչ ուժ էր պետք` մեր մեծերին համոզելու, բերելու մի հավատի` ներկայացման հավատին։ Աճեմյանն ուներ այդ ուժը։ Նա ստեղծում էր իր ստեղծագործական սքանչելի մթնոլորտը, որից և ծնվում էր ներկայացումը։ Եվ այս բոլորն անում էր դրսից մեղմ, երբեմն թույլ ու անփույթ թվացող Վարդան Աճեմյանը։ Ահա թե ինչու էին ասում, թե նա կարողանում է «Փայտից դերասան սարքել»։ Արի ու տես, որ հիմա ռեժիսորները հակառակն են անում։

Տեսնելով ինձ Լենինականի թատրոնի միջանցքում` «օհօ» ասաց, ծիծաղեց ու անցավ։ Մտածում էի, ինչու՞։ Բանն այն է, որ նա հիանալի ծաղրանկարիչ էր, և պատկերացրեք, թե ինչ էր կատարվել իր հետ, երբ հանկարծ տեսել էր պատրաստի ծաղրանկար իր առջև կանգնած, «Օհո», հապա ուրիշ ի՞նչ։

Մհեր Մկրտչյան, ծաղրանկարը`Վարդան Աճեմյանի

Աճեմյան ասելով` մենք հասկանում էինք աշխատանք։ Նա երջանկության մասին մտածելու ժամանակ չուներ, բայց ունենում էր երջանկության պահեր` օթյակում, պրեմիերաների ժամանակ։ Ներկայացումը սկսվելուն պես հայտնվում էր այնտեղ և կլանված սկսում նայել մեկ` բեմին, մեկ` հանդիսատեսին և այսպես անընդհատ։ Հնարավոր չէր նկարագրել նրա հրճվանքը, երբ դահլիճը ծափահարում էր. «Ժողովուրդն ու թատրոնը հասկացան իրար, հասկանու՞մ ես, հասկացան»։ Ասում էր ու մթան մեջ քողարկում ուրախության արցունքները։
Արժե նորից հիշել բեմի բանվորի խոսքերը. «Ես իրանից նեղեցած եմ։ Մեզի թողել, գնացել է»։