fbpx

Ես Կարինե Աշուղյանն եմ…

Երբ ես 18 տարեկան էի… ծրագրում էի լավ կրթություն ստանալ. այդպես բանասիրական նախասիրությունից աննկատ անցում կատարվեց, և ես գերազանց ու սիրով սովորեցի փիլիսոփայության ֆակուլտետում: Հափշտակված կարդում էի՝ վախենալով հանկարծ ու բաց թողնել մի լավ գրքի ու հեղինակի. ինչպիսի՛  միամտություն: Երազում էի իմ գրքերի  մասին, իմ ու ընթերցողի  փոխադարձ սիրո մասին: Անկրկնելի գեղեցիկ  ու մեն-միակ սիրո մասին էի երազում՝  անտեղյակ, որ այն կգա, բայց…  Երազում էի ճամփորդել, լինել ամենուր, ճանաչել և   շփվել նոր մշակույթների և քաղաքակրթության հետ: Երբ 18 տարեկան էի, հույս ունեի, որ  երիտասարդությունը համարյա հավերժական է՝ չի վերջանալու:

Կյանքում լինում են այնպիսի պահեր… չես ճանաչում ինքդ քեզ, զարմանքով հայտնաբերում ես, որ դու երբեմն քո ճանաչած քեզանից տարբեր ես: Երբեմն՝ ավելի սիրելի ու բարձր, երբեմն՝ այնքան օտար ու չգիտես՝ ինչի ունակ, որ ապաշխարելու կարիք ես զգում:

Ինչ էլ լինի… կյանքը սքանչելի է: Կյանքի և կյանքի իմաստի փիլիսոփայական բոլոր սահմանումները չեն կարող արձանագրել լինելու զգացողությունը, ապրելու   հրճվանքը,  շնչելու ուրախությունը: Երբ ափսոսում եմ, որ Լույսը և Կյանքը  վայելելու համար ավելի շատ զգայարաններ չեն տրված մեզ, Բանականությունը ներողամիտ  ժպտում է:

Բանաստեղծություն գրելը… նախ՝ ամենամեծ, ուրիշ ոչ մի բանի հետ չհամեմատվող հաճույքն է: Նաև՝ կատարսիս՝ փիլիսոփայական-մշակութաբանական- գեղագիտական իր շուրջ 1500 մեկնաբանություններով, բայց իրականում՝ որքան էլ անհավանական խելոք ու հրապուրիչ դրանք սահմանվեն, առանցքայինը էլի նույն  է՝ գրում եմ ապրելու, մեղքից ու տառապանքից ազատվելու համար:  Ու պետք է նորից  ասեմ՝ բանաստեղծություն գրելը փրկվելու հաճույքն ու կեցության զվարթության զգացողությունը  բառ առ բառ, ապրում առ ապրում ճաշակելն է:

Ես արձակ գործեր… իհարկե, ունեմ, որովհետև ասելիքն է ինքն իր համար ընտրել ժանրը: Ամեն դեպքում, ուշադիր ընթերցողը իմ արձակի առաջին իսկ տողերի մեջ դարձյալ բանաստեղծության շունչը կզգա: Անկախության տարիներին  ես չէի կարող չդիմել նաև  հրապարակախոսությանը՝ այսքան մեծ ու կարևոր իրադարձությունների մասնակից ու ականատես լինելով՝  քաղաքական  և հոգևոր վերելքներ ու վայրէջքներ, հաղթանակներ ու  պարտություններ, պատերազմ և այլն, և այլն:  Հրապարակախոսական շատուշատ էջեր գրվել են բոլորիս երազած այսօրվա Հայաստանը մոտեցնելու հույսով:

Կնոջ ստեղծած պոեզիան տղամարդու ստեղծած պոեզիայից… բնականաբար տարբերվում է: Եվ դա ոչ լավ է, ոչ՝ վատ, այլ իրողություն: Ինձ  առնվազն հասկանալի չէ տղամարդու պես գրելու՝ որոշ կին բանաստեղծների  ջանքը: Այս ամենի մասին Վիրջինիա Վուլֆն այնքան հագամանալից ու սպառիչ է ասել, որ մնում է հղում անել նրա «Սեփական սենյակը» էսսեին, որը հեղինակը  պայմանականորեն կոչում է նաև «Ինչու կին Շեքսպիր չկա»:

Բայցևայնպես… կարող են ծնվել նաև կին հանճարներ. չէ՞ որ դարափուլ է փոխվել, հայրիշխանությունը ամեն քայլափոխի զիջում է հազարամյակներով նվաճած իր դիրքերը, և դա կատարվում է  մինչև անգամ կենսաբանական մակարդակով, եթե հավատանք (դե, պարզ է՝ բրիտանական) գիտնականներին:  Մայրիշխանության ապագա հազարամյակներում, ահա, չեն լինի պատերազմներ, և մեր զրույցի համատեքստում ամենակարևորը՝ կծնվեն կին հանճարներ: Տղամարդիկ կգրեն էսսեներ՝ «Ինչու տղամարդ… (աշխարհահռչակ կնոջ անուն)  չկա» վերնագրով: Ես չեմ կատակում:   Փորձում եմ մարգարեանալ. իսկ ինչու ո՞չ:

Հավատացեք, ամենևին էլ դժվար չէ… սիրել թշնամուն: Չէ՞ որ Մեծն ասել է.

Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,
Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,
Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.-
Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր –
Մոռանալով աշխարհային չարը, բարին՝
Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր –
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին…

Իսկ ամենադժվար բանը հավանաբար… ինքդ քեզ ներելն է: Երբեմն: Եթե անգամ ուրիշն ու ուրիշները քեզ ներել են: Եթե անգամ գիտես, որ Ամենաներողը կների:

Որդուցս սովորում եմ… նոր, ավելի թեթև հայացքով նայել կյանքին, մարդկանց և մեծ ու փոքր անցուդարձերին: Մի պահ փորձում էի Նորայրիցս սովորել  նաև շատ կոնկրետ-կիրառական հմտություններ՝ համակարգչի, հեռախոսի  և ընդհանրապես անընդհատ փոխվող-նորացվող տեխնոլոգիաներից գլուխ հանել, բայց շատ արագ հասկացա, որ ապարդյուն է:   Մինչ ես յուրացնում եմ՝ բոլորովին նոր մի բան է ի հայտ գալիս:

Երբեք և ոչ մի պարագայում… չեմ ստել որդուս: Աշխատել եմ ազնիվ ու անկեղծ լինել միշտ: Չգիտեմ՝ որքանով է լուրջ ու հավաստի, բայց ըստ աստղացույցի՝ Ձուկ-մայրը և Խեցգետին-որդին ամենաջերմ մայր ու որդին են:

Պետք չէ… ամեն ինչ սրտին մոտ ընդունել: Պետք չէ մարդկանից ավելին սպասել, քան իրենք ընդունակ են ու կարող են, պետք չէ մարդկանցից հիասթափվել սպասելիքները չարդարացնելու համար: Մանր-մունր ամեն ինչի կարելի է թեթև վերաբերվել, իսկ լուրջ դեպքերում՝ ոչ՝ նեղանալ, ոչ՝ հաշիվ պահանջել, այլ պարզապես շրջվել և գնալ:

Իսկ մանկությունը մի թռչուն է… որ մի օր աննկատ թռչում է դեպի անդարձ հեռուներ: Բայց այնքան էլ անդարձ չէ՝ մանկության թռչունը քեզ այցի է գալիս որպես քաղցր վերհուշ,  հայտնվում է բարի երազներում և թույլ չի տալիս մոռանալ մանկության հեքիաթը: Երբ հավատում էիր, որ հենց դու ես  հեքիաթի արքայադուստրը կամ արքայազնը, որ հենց դու ես գտնելու  Անմահական խնձորները:

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ… քո կյանքում պատահել են բաներ, որոնց պետք է ուշադրություն չդարձնեիր: Ինչպես նաև այդ դեպքերի գործող անձանց: Ափսոս, սովորաբար, դա հասկանալը գին է ունենում՝ փշրված ճակատագիր, քեզանից խռոված երջանկություն, առողջություն…

Ես հավատում եմ… Աստծուն: Եվ ոչ այնքան ինձ, որքան՝ որդուս:

Անհնարին ոչինչ չկա… եթե անհնար է  ետ շրջել ժամանակը, ուրեմն՝ այնքա՛ն բան է անհնարին:

Երևանը… պատրաստի պատասխան՝ գրքիցս.

Քո անունը

քո մասին գրված ու չգրված

ամենակատարյալ

բանաստեղծությունն է`

Ե-րե-վան:

Եվ առավելն ու գերազանցը

քո անունն է դարձյալ`

նախահունչ Երևանը`

արևացոլ,

ինքնին քերթված,

կարմրախայտուն

խաղիկ ու տաղ,

աստվածընծա

հմայաբառ

Է-րե-բու-նին:

Ամենակարևոր բանն այնուամենայնիվ… առողջությունն է՝ մարմնի և հոգու: Այդպիսի կատարյալ առողջությունը  հրապուրում-հմայում-թովում  է  երջանկությանը: Այդքան առողջ մարդը նաև երջանիկ մարդն է:

Սերը… սերը ամեն ինչի կենսանյութն է, չորս տարրերից առաջ՝ նախատարրը, որից արարվել է Տիեզերքը, Մարդը: Սերն է, որ գոյության ու լինելության ծրագիրն է, իսկ ատելությունը այն խաթարող-եղծող վիրուսն է: Սերը Կյանքի սերմն է, որ շաղ է տրված թե՜ մեզ տրված այս  մտահասանելի-զգայելի աշխարհում, թե՜ մարդու բանականությունից դուրս անվերջության և հավերժության՝ Տարածությունից ու Ժամանակից վեր  տիրույթներում:

Անվերջ զարմանալու և հիանալու բան է սերը:  Իր բոլոր դրսևորումներով և վիճակներով: Երևի,  ամեն ինչ սկսվում է ինքդ քո հանդեպ  սիրուց, որ նույն արժանապատվությունն է: Մարդը   երբեք  չպետք է    թերագնահատի ինքն իրեն, չպետք է վնասի ինքն իրեն, չպետք է խռովի ինքն իրենից:

Եվ այնդուհանդերձ… տարիներով և տենդահար  իմ սիրած գրողների ու փիլիսոփաների գրքերում  փնտրել եմ հավերժական հարցերի պատասխանները: Պատահել է՝ զգացողություն եմ ունեցել, որ ահա, ահա ճշմարտությունը երևակվում է…    Ավաղ ՝ այդ հարցերն անպատասխան են: Եվ այնուհանդերձ՝ ինչ անհետաքրքիր, ինչ  ձանձրալի կլիներ՝ կյանքն առանց այդ հարցերի:

Հոգու խորքում ես… գիտեմ, որ կարող էի ավելի լավը լինել՝ որպես մարդ, որպես քաղաքացի, որպես գիտնական, որպես գրող: Կարող էի ավելի շատ մարդկանց  հանդեպ հանդուրժող ու բարյացակամ լինել, ավելի շատ քրիստոնյա լինել, ավելի շատ պայքարել մեր հայրենիքում արդարության և օրենքի հաստման համար:  Ճիշտ է՝ տարիներ եմ նվիրել  1999 թվականի  հոկտեմբերի 27-ի և   2008 թվականի  մարտի  1 –ի բացահայտման և մեղավորներին ջրի երես հանելու՝ իմ գաղափարակից ընկերների ընդհանուր պայքարին, սակայն դեռ չենք  հաջողել, չէ՞:  Կարող էի գլխումս պտտվող փիլիսոփայական- գիտական շատ գաղափարներ  կյանքի կոչել, ավելի շատ գրքեր և հոդվածներ գրել: Կարող էի ավելի շատ և գուցե ավելի ճիշտ գրքեր կարդալ: Եվ գրել իմ ամենալավ բանաստեղծությունը:   Հոգուս խորքում ես գիտեմ, որ ամենաշատը հենց  Բանաստեղծության հանդեպ եմ մեղավոր:

Երբեմն անելանելի թվացող իրավիճակները խթանում են… մենք բոլորս տեսանք, ԵԼՔ միշտ կա, և այն գտնվում է հենց անելանելի թվացող իրավիճակներում:

Եվ փառք Աստծո, որ… ամեն առավոտ բացվում է Լույսը:

Իմ սերունդը… ամենադժվարը վիճակվեց իմ սերնդին՝ ԽՍՀՄ փլուզում, հեղափոխություն, պատերազմ, քաղաքական անվերջանալի խժդժություններ… Իմ սերունդը նվաճեց Անակախություն նվաճեց, վերականգնեց Հայաստանի ընդհատված Հանրապետության ընթացքը, իմ սերունդը Արցախյան փառքով  ու հաղթանակով ավարտեց հերոսամարտը:

Իսկ այսօրվա ջահելները… հենց  իմ սերնդի դաստիարակած ազատ, անկախ քաղաքացիներն են,  և ինչ լավ է, որ արժանի եղանք տեսնելու նրանց  և՜ ապրիլյան սխրանքը Արցախի սահմաններում,  և՜  այս վերջին՝   սեփական երկրին տեր կանգնելու քաղաքացիական  սխրանքը Հայաստանի սրտում:

Ինչևէ... տա Աստված՝ նրանք կարողանան կերտել իրենց ու  մեզ արժանի, բոլորիս երազած Հայաստանը:

Ես չեմ կարողանում խոսել այնտեսակ բաներից… օրինակ, ֆեյբուքյան շատ իրողություններից՝ որ այնքան է պղծվում-ոտնահարվում-աղճատվում  հայոց լեզուն, այնքան հեշտությամբ են տարածվում սխալները և դառնում սովորական ու տանելի, որ արդեն իմաստ չեմ տեսնում այդ մասին խոսելու մեջ:

Դրա համար էլ… մարդիկ հիմնականում՝ անգետ-անտեղյակ, եթե կուզեք՝անմեղսունակ, ինչ ուզում՝ անում են մեր լեզվի հետ, ընդ որում՝ նաև գրողներ ու լրագրողներ, որ գոնե կոչականը նախադասության այլ անդամներից ստորակետով անջատելու պարզագույն կանոնը չգիտեն:

Մայր լինելը… ամենաքաղցր անազատությունն է. մայր դառնալու վայրկյանից դու այլևս քեզ չես պատկանում և ամբողջովին կախված ես լույս աշխարհ բերած քո զավակից: Իսկ թե ինչ եջանկություն է ՙմամա՚ բառը առաջին և այնուհետև անվերջ  լսելը՝ միայն մայրերը կիմանան:

Ու կուզեի, որ բոլորն իմանան… իրականում իրար ատելու ոչ մի լուրջ պատճառ չունենք ոչ ես և դու, ոչ՝ մենք և դուք կամ՝ մենք և նրանք, որովհետև մենք բոլորս մահկանացու ենք, կյանքն այնքան կարճ է՝ Երկիր մոլորակի վրա քո բարի ոտնահետքը թողնելուց բացի ուրիշ բանի վրա վատնելու համար:

Ուղղախոսությունը… հաճախ անպատիժ չի մնում, բայց այնքան ներքին բավականություն է պատճառում, որ արժե…

Մեր օրերի լավագույն պոետը… հռչակված անունների մի ամբողջ շարք  մտքովս անցավ և նույնիսկ մի մաղձագետի անուն, որին թվում է, թե ինքը Չարենցի վերամարմնավորումն է:  Հենց այդ համատեքստում՝ ամենա-յին փնտրելիս, նա  իր չսիրած, իր կարծիքով՝ ապաշնորհ գրողների մի ամբողջ խմբի,  խորհուրդ էր տվել սսկվել ու լռել, այլևս չգրել: (Թե իր կեղտոտ  մախաթը սրա-նրա գրի մեջ  խրող էս չկայացած կոշկակարի՞ն ինչու հիշեցի):  Հարցնում եք լավագույնի մասին…  Ասեմ՝  մեր օրերի լավագույնը շարունակում է մնալ …Չարենցը:  Հետ-չարենցյան պոեզիան ՝ իր սիրելի անուններով հանդերձ, այդչափ մեծ այլևս չի տվել:  Եվ հետո, ամեն պոետ ինքն իր գիրն է սիրում,  ինչպես իր զավակին, ծնողներին, իր ծննդավայրը, այլապես ինչո՞ւ է գրում:

Իմ ամենասիրելի վեպը… «Ուլիսես»: Դա ոչ թե վեպ է, նույնիսկ ոչ միայն և այնքան  գրականություն է, այլ  քաղաքակրթության կցինտեսենցիան:  Բայց մինչև «Ուլիսեսը» վեպերի կախարդական սանդուղքով եմ բարձացել: Եվ եթե ճիշտ է, որ մարդն այն է,  ինչ կարդացել է, ուրեմն՝  ափսոս, որ երբեք հնարավոր չէ լիանալ ու լցվել հիասքանչ ու կատարյալ գեղեցիկ ամբողջ գրականությամբ:

 Ուղղախոսությունը երբեմն խանգարում է… այո, բայց այդպես ապրելը ավելի հեշտ է, որովհետև արժանապատվությունդ շոյվում է, որ դու մնում ես դու:

Ես բարդույթներից փորձել եմ ազատվել…  դեռահասության շրջանում, երբ ինձ թվում էր՝ աշխարհի բոլոր բարդույթներն ունեմ: Այդ ժամանակ մերթ  անցնում էի հումակերության, մերթ՝ բուսակերության. ինձ թվում էր՝  բուսակերության կամ հումակերության նման կփորձեմ-դրանք էլ կհաղթահարեմ: Հետո, երբ իրական բարդույթներիս բախվեցի, հասկացա, որ դրանք դժվար հաղթահարելի են, իսկ որոնք որ մնում են՝ հենց իմ բնույթն են ու վերջ:

Եվ այնուամենայնիվ… պետք է փորձել ազատվել բարդույթներից, որոնք խանգարում են երջանիկ լինել: Չնայած գուցե ամեն մանր վրիպում ու բնավորության յուրահատկություն բարդույթ համարելը նույնպե՞ս բարդույթ է:

Կյանքը…  զարմանալի-ապշեցուցիչ-շշմելու նվերն է անշունչ և շնչավոր ամենքին և ամենայնին՝  Աստծո կողմից: Կյանքն այն ջուրն է, որը, որքան էլ խմես՝  հավերժ ծարավ ես մնում:

Ես Կարինե Աշուղյանն եմ, ես… ինձանից առաջ և ինձանից հետո ծնված բոլորի  նման եմ: Եվ ես ոչ մեկի նման չեմ:

   Զրուցեց Շուշան Կարապետյանը

Կարդացեք նաև

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ… 


Զրուցեցինք դերասանուհի Նարինե Պետրոսյանի հետ

Ես Մհեր Արշակյանն եմ…

Զրուցեցինք ֆոտոլրագրող Անուշ Բաբաջանյանի հետ

Զրուցեցինք «Քաոս» հեռուստասերիալի ռեժիսոր Հայկ Կբեյանի հետ

Արթուր Մեսրոպյան. Թռչող տունը [բանաստեղծություններ]

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Առողջ գիժ, ջազոտ ձայն. Էմմա Ասատրյան

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Հարցազրույց. Կարպիս Փաշոյան

Ճանաչենք նրանց. Արձանները սպորտով են զբաղվում Հարություն Այնտապյանի ֆոտոշարքում

Զրույց Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ

Հենրիկ Էդոյան. Լույսը ձախ կողմից [բանաստեղծություններ լույսեր]

Ես Անի Քոչարն եմ…

NEMRA-ի Վանը պատմում է խմբի նոր տեսահոլովակի մասին

Զրուցեցինք Հայկ Կարոյի Կարապետյանի հետ