-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Երբ ես 18 տարեկան էի… ցանկանում էի ամեն օր դառնալ ավելի զգացմունքային՝ դրսում որսալու համար այն ամենը, ինչ պետք էր իմ ներսի համար:
Իսկ հիմա դարձել եմ… շատ նման այն կնոջը, որին միշտ ցանկացել եմ նմանվել: Ինչ-որ իմաստով մոտ մի քանի ամիս է՝ գտել եմ ներսի ու դրսի աշխարհների հարմոնիան:
Գիտեք, ամենևին էլ հեշտ չէ ամեն օր լինել… այնպիսինը, ինչպես քեզ սովոր են տեսնել:
Բայցևայնպես… պետք չէ մոռանալ, որ քո մասին հենց այդ՝ սովորական դարձած պատկերացումն ես նաև ինքդ սիրում:
Իմ միջի ուժեղը… գիտի, որ ձրի պանիրը միայն թակարդում է:
Կանացիությունը հոգեվիճակ է, ապրելակերպ… որի մասին ես, անկեղծ ասած, հաճախ մոռանում եմ:
Եվ կնոջ արտաքինը կարող է նրա մասին պատմել… այն, ինչ ցանկանում է լսել լսողը: Հաճախ մարդկանց թվում է, թե ես սիրախաղ եմ անում, այն դեպքում, երբ պարզապես փորձում եմ քաղաքավարի լինել: )))
Այդ պատճառով էլ… ես արտաքինի մասին քիչ եմ մտածում: Վաղուց ձևավորել եմ այն արտաքինը, որը հայելու մեջ տեսնելիս ներսի ու դրսի հակասություն չեմ զգում: Հիմա գրեթե միշտ նույն տեսքն ունեմ, մտադիր չեմ որևէ բան փոխել այդ իմաստով:
Տղամարդիկ իրականում սիրում են… իրենք իրենց, ինչպես և կանայք:
Իսկ ես տղամարդու մեջ ամենաշատը գնահատում եմ… անկեղծությունը:
Բայց ասում են՝ կանայք ավելի ուժեղ են սիրում, քան տղամարդիկ… իսկ ես կասեի՝ ավելի ուժեղ են սիրում նրանք, ովքեր նաև ուժեղ ատել գիտեն, ու սեռը այստեղ կապ չունի:
Իմ միջի կինը… երբեմն խանգարում է ինձ:
Հեռուստատեսությունում աշխատելն ինձ սովորեցրել է լինել ավելի… պահանջկոտ: Կյանքից կարելի է ստանալ ամենը, ինչ կհանդգնես պահանջել:
Ու ես միշտ էլ ձգտում եմ… փոխվել: Հնարավոր չէ դառնալ այն մարդը, որ ուզում ես, եթե մնաս այն, ինչ կաս:
Բայց կան ոլորտներ, որոնք ինձ գրավում են… Երբեմն՝ շատ հոգնած ժամանակ, մտածում եմ, գրո՛ղը տանի, ինչո՞ւ մոդելավորող չդարձա: ))
Թեպետ … հենց այդ տեսանկյունից ես իդեալական մասնագիտություն եմ ընտրել: Լրագրությունը պրոյեկտում է բոլոր մյուս մասնագիտությունները: Դու պարտավոր ես ամեն ինչից պատկերացում ունենալ:
Լավ խոսելու ու լավ լրագրող լինելու համար պետք է… զգալու կարողություն, մարմինը, հոգին ու մտքերը համաչափ զարգացնելու կարողություն, էնտուզիազմ ու էլի մեկ միլիոնի չափ կարևոր բան:
Իսկ լրագրողների հանդեպ հանրության վերաբերմունքը…. բնական է:
Իմ միջի մեկնաբանը… անընդհատ կարիք ունի մարդկանց նորություններ պատմելու, ընդ որում՝ բոլոր մարդկանց՝ անկախ նրանց վերաբերմունքից: Սա աշխատանք է՝ բոլորին սիրելու կարողությամբ:
Իմ սիրած գրականությունը պատմում է… ոտքերի տակ ամուր հող ունենալու մասին:
Իսկ կինոն ինձ համար այսօր… բացահայտում է: Վերջերս եմ սկսել շատ կինոներ նայել: Նախկինում վստահ էի, որ կինոն բանի պետք չէ, երբ կա գրականությունը: Հիմա որևէ հարցում այդքան կատեգորիկ չեմ:
Կյանքը նման չէ… happy end-ով կինոյի, ավելի շատ Հեսսեի վեպերին է նման:
Մի՞թե ինչ-որ մեկին թվում է… թե հասկացել է իր կարդացած բոլոր գրքերը, եթե երբեմն հանդիպում է մարդկանց, որոնց հասկանալ չի կարողանում:
Բայց եթե անկեղծ լինենք… իմ լավագույն ընկերը ես եմ, թշնամին, ի դեպ, նույնպես: )))
Իմ միջի անկեղծին.. տեսել է յուրաքանչյուրը, ով առիթ է ունեցել մի քանի րոպե զրուցել հետս: Ես որպես կանոն ազատ եմ ինձ թողնում խոսքերի ու արարքների մեջ:
Իմ Երևանն ինձ միշտ պատմում է… հազարավոր մարդկանց սիրո ու բաժանման պատմություններ:
Իսկ երջանկությունը ընթացք է, անդադար ձգվող երկար ճամփա… որից ես գլուխ չեմ հանում:
Քավ լիցի… ես ինձ ուրիշներից լավը չեմ համարում, բայց ես վատն էլ չեմ: )))
Մի օր հնարավոր է ինձ տեսնեք… ամենաանհավանական տեղերում, բայց շատ ավելի մեծ հավանակնությամբ՝ մետրոյում: )))
Ես վստահում եմ… մարդկանց, և դա իմ բնավորության ամենավտանգավոր գիծն է:
Եվ ուրեմն… ես շարունակելու եմ վստահել մարդկանց:
Իմ միջի լավատեսը… երբեք չի հիասթափվում:
Ես Լարա Առաքելյանն եմ, ես… միշտ ժպտում եմ ու ավելի շատ եմ ժպտալու, հատկապես, եթե փորձեն այնպես անել, որ չժպտամ:
Զրուցեց Շուշան Կարապետյանը
Կարդացեք նաև
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո