Ես Մարկ Արենն եմ․․․ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ես Մարկ Արենն եմ․․․

Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր․․․ իմ հայրենիքն էր։ Արտամետ քաղաքը Վանա լճի ափին։ Տատիս ազգանունն էլ Արտամեցյան էր: Նրան և պապիս հաջողվեց փրկվել․․․ Եւ ի հիշատակ տան՝ իմ հայրիկին անվանեցին Վանիկ։ Ողջ կյանքումս մեջս եռում էր ինձ հայրենիքից զրկողներից վրեժ լուծելու միտքը։ Իսկ երբ սկսեցի գրել, հասկացա, որ ճակատագիրն ինձ վրեժխնդրության հնարավորություն է տալիս։ Եվ այդժամ ստեղծեցի Մուստաֆային, որ նրան բազմապիսի տանջանքների ենթարկեմ։ Բայց ոչ մի կերպ չէի ենթադրում անգամ, որ նա պատահական մի օրորոցային կլսի, և հենց դա իր համար կդառնա ամենամեծ տանջանքը։

Ուզում եմ ասել․․․ շատ հաճախ իմ վեպերում հնարած է միայն հերոսը և ես հիմնականում չգիտեմ էլ հետո ինչ է նրա հետ լինելու․․․ Նա իր կյանքով է ապրում, իսկ ես էլ գրում եմ նրա պատմությունը՝ պարզապես հետևելով իրեն։ Որովհետև, եթե ես հերոսին փորձեմ դարձնել այնպիսին, ինչպիսին նա պետք է լինի, նա չի լինի այնպիսին, ինչպիսին կարող էր լինել։ Երբեմն բանը հասնում է տարօրինակ միջադեպերի, երբ պատմության մեջ գլխավորը դառնում է ոչ թե նա, այլ ուրիշ մեկը։

Եթե դեպքերի ընթացքն ինձ ձանձրացնի․․․ ես կդադարեմ հետևել պատմությանը։ Այդ պատճառով էլ իմ վեպերը հաճախ ունեն բաց վերջաբան։ Եվ ընթերցողը կարող է ավարտել այն իր մտածած ձևով։

Գրականության մեջ շատ ժանրեր կան․․․ ռոմանտիզմ, իդեալիզմ, կլասիցիզմ, ռեալիզմ․․․ Ես հորինել եմ իմ սեփական ժանրը՝ ավանտյուրիզմ՝ արկածախնդրություն, քանի որ վերոնշյալներից ոչ մեկն իմ սրտով չէր։

Ցեղասպանության թեման․․․ իմ ստեղծագործությունների մեջ կա․ «Անատոլիական պատմություն», Կոմիտասի կերպարը «Վիլ Էվրար»-ում։ Հիմա աշխատում է Ռուբեն Սևակի կերպարի վրա։

Կողքից գուցե այնքան էլ հասկանալի չէ․․․ թե մենք ինչո՞ւ ենք պայքարում Ցեղասպանության ճանաչման համար։ Զոհերին դա, մեկ է, կենդանություն չի տա։ Բայց դա թույլ կտա կենդանի մնալ ուրիշ ազգերի։

Երբ ես 18 տարեկան էի․․․ ինձ թվում էր, որ երկրագունդը պտտվում է բացառապես ինձ համար և չկա ոչ մի բան, որ ես չեմ կարող չանել։ Եվ հենց այդ ամենակարողության զգացողությունն էր թույլ տվել ինձ ՝ տակավին երիտասարդիս, Մերգելյան ինստիտուտի ուսանողիս սովետական սուպեր համակարգիչ ЕС-1045-ի համար հնարել հիշողության վերահսկողության համար բոլորովին նոր պարադիգմ, որը նույնիսկ ամերիկացիները բնորոշեցին IBM բնօրինակից ավելի լավը։

Այդ ժամանակ կյանքն ավելի․․․ լավն էր, քանի որ հայրս կենդանի էր, և ամեն ինձ դեռ առջևում էր․․․

Փոքր տարիքում․․․ ես ծիծաղում էի ճպուռի և մրջյունի առակի վրա։ Չէի հասկանում, որ հնարավոր է չնկատել՝ ինչպես է ամառն անցնում։ Հիմա ծիծաղս էլ չի գալիս։

Բացի դրանից․․․ ինքս ինձ շատ եմ կարոտում։ Այն մարդուն եմ կարոտում, որն էի առաջ, այն ժամանակ, երբ առաջին անգամ կոտրեցին սիրտս, կամ երբ դավաճանեց ինձ այն մարդը, որին վստահում էի։

Իսկ Հուդան մեկն էր․․որի անունը դավաճանության խորհրդանիշն է դարձել։ Ես ուզում էի հասկանալ՝ ինչո՞ւ նա դավաճանեց Նրան, ով անգին էր։ Ես այդպիսով խորացա ոչ միայն կանոնիկ, այլ նաև պարականոն Ավետարանների մեջ։ Ես այնքան շատ էի տարվել այդ ամենով, որ թվում էր՝ անձամբ ներկա եմ Քրիստոսի վերջին օրերի դեպքերին։ Ինձ հաջողվեց ժամանակագրական ճշգրտությամբ վերարտադրել այն ամենը, ինչ եղել էր։ Հուդայի կողքին ես մի քանի անգամ Սատանային նկատեցի։ Ես լսեցի՝ ինչպես նա վերաձևակերպելով Հիսուսի խոսքերը, Հուդային ներշնչեց, թե այդ դավաճանությունը կանխորոշված էր Աստծուց։ Նա ստում էր։ Աստված միշտ ուզել է հոգևոր առողջություն մեզ համար, ինչը նման արարքի հետ անհամատեղելի է։ Մեզ դասեր և փորձություններ ուղարկում է Նա։ Իսկ մեզ ցավ պատճառողը Նա չէ, իհարկե։ Եվ այդ պատճառով էլ Աստված բնավ չէր կարող կանխորոշել Հուդայի դավաճանությունը։ Նա պարզապես կանխատեսել էր դա։ Քանզի Նա միակն է, Ով գիտի՝ ինչ է եղել, ինչ կա և ինչ է լինելու։

Սակայն այս ամենի մեջ․․․ դեռ պետք է գլուխ հանեի։ 5 տարի տևեց․․․ Եվ հասկացա, որ ամեն մի հրեշտակ ունի իր անցյալը, իսկ ամեն մի դև՝ իր ապագան։ Ու ծնվեց «Հուդայի մահու քայլերգը» գիրքը։ Սա իմ յուրատեսակ պատասխանն էր Դեն Բրաունի «Դա Վինչիի կոդը» գրքին։

Սիրում եմ գրել այն ամենի մասին․․. ինչը թեկուզև չկա մեր առօրյան կյանքում, բայց շատ եմ ուզում, որ լինի։ Քանի որ իրականությունը պետք է նկարագրեք դուք՝ լրագրողներդ։ «Քառյակ» վեպում մի հատված կա։ Ամեն օր շուկային է մոտենում մի շքեղ մեքենա, մի ծեր ուղևոր է իջնում ու մտնում շուկա։ Անցնելով վաճառասեղանները՝ նա մտնում է կոշկակարի փոքրիկ արհեստանոց, կապում է գոգնոցը և սկսում է հին կոշիկներ նորոգել։ Բոլորը զարմանում են, քանի որ նա ամենահարուստ մարդկանցից մեկի հայրն է, բայց աշխատում է փինաչի․․․ Իսկ ծերունին բացատրում է․ 50  տարի երազել է փող չվերցնել աղքատ հաճախորդից, իսկ հիմա, երբ որդին մեծացել է, գումար է վաստակում, ինքը վերջապես կարող է իրականացնել իր երազանքը․․․ Պետք է երազանք ունենաս։ Պարտադիր! Որպեսզի լինի ինչի համար վեր կենալ առավոտյան։

Այսօր լավ գրականություն ստեղծելու համար․․․ պետք է տեսնել և զգալ այնպիսի մի բան, որի մասին երգելու ցանկություն է առաջանում։ Ոչ թե խոսել, քննարկել, վերապատմել, այլ հենց երգել։ Պետք է գտնել Հրաշալին Առօրեականի մեջ։ Նկարագրել ներքին այդ իրադարձությունը հասկանալի լեզվով և հասանելի դարձնել բոլորին։

Գրականությունն իրականությունից տարբերվում է նրանով․․․ որ գրքերում յուրահատուկ մարդկանց թիվը շատ է, իսկ սովորականներինը՝ քիչ։ Իսկ ահա կյանքում լրիվ հակառակն է։ Բայց դե պետք չէ մտածել, թե գրքերը մեզ ինչ-որ նոր բան են սովորեցնում։ Դա մոլորություն է։ Դրանք մեզ պարզապես օգնում են տեսնել այն, ինչ կա մեր մեջ։ Հենց դա է լուսավորչականությունը։

Լավ վեպը միշտ չէ, որ բեսթսելլեր է դառնում․․․ Դա մշակութային բացթողումների պատճառով է։ Մշակույթը պետք է սերմանել։ Ամբողջ աշխարհում։ Նույնիսկ բռնի ուժով։ Այլապես մեզ կործանում է սպասում։ Հայտնագործելով շղթայական ռեակցիան ու գենետիկական ինժեներիան՝ զանգվածային ոչնչացման կամ կյանքի արարմանն ունակ ուժերը, այսինքն՝ մենք, մտանք Աստծո տիրապետության ոլորտ։ Ու՞մ կարգավիճակով՝ աշակերտի, թե գողի, դրանից է կախված կպատժի՞ մեզ, թե՞ կշնորհի ներում։

Հոգևոր ճգնաժամերը գալիս են․․․ Քաղաքակրթության նավը դանդաղ ստանում է Տիտանիկի ուրվագիծը։ Ըստ այդմ էլ հավատին պետք է հատկացվի շատ կարևոր դեր։ Նրա պատասխանատվությունը դուրս է գալիս եկեղեցու, մզկիթի, սինագոգի պատերից, քանի որ կրոնների միջև առկա միջնորմերը մինչև երկինք չեն հասնում։ Բայց կրոնական առաջնորդները պետք է մեզ օրինակ ծառայեն։ Չէ՞ որ, եթե մեկը իրեն հռչակում է նկարչության կամ մաթեմատիկայի ուսուցիչ, ապա նրանից նվազագույնը սպասում են նկարելու հմտություն կամ բազմապատկման աղյուսակի իմացություն։ Եվ ուրեմն, եթե մեկը հավականում է բարոյական հեղինակության, ապա նրանից ակնկալում են, որ հենց իր վարքը պետք է համապատասխանի հայտարարվող բարոյական նորմերին։

Երևանը․․․ հայելի է, որի մեջ նայում է Հայաստանը՝ ոչ միշտ ճանաչելով իրեն։ Բարսելոնայում բոլոր տաքսիները սև ու դեղին են ներկված․ վշտի ու ամոթի համատեղում։ Վշտի, որովհետև վախճանվել էր մեծ ճարտարապետ Գաուդին և ամոթի, քանզի նա մահացել է աղքատների հիվանդանոցում, այն բանից հետո, երբ ընկավ տրամվայի տակ։ Ամբողջ Բարսելոնան երեք օր շարունակ փնտրում էր իր կուռքին։ Նրան դիպած յուրաքանչյուր քար ամբողջ երկրի հարստությունն է։ Ես համեմատում եմ սա Երևանի ու Թամանյանի ճակատագրի հետ։

Իսկ Մոսկվան․․․ պարզվեց մի քաղաք է, որտեղ ձմեռը համարվում է սկսած այն պահից, երբ տղամարդիկ ծխելու համար պատշգամբ դուրս գալիս վարտիքից բացի գլխարկ էլ են դնում։ Եվ առհասարակ, ես հասկացա, որ ձմեռը Ռուսաստանում նախատեսված է երկրի վրա պատերազմով եկած թշնամուն վերացնելու համար։ Մոսկվան քաղաք է, որն ինձ շնորհեց Տնտեսական գիտությունների դոկտորի կոչում և որտեղ իրականացվեց իմ գրածի առաջին էկրանավորումը։ Եվ երբ դեպրեսիա է սկսվում մոտս, youtube եմ բացում ու կարդում «Мой парень – Ангел» ֆիլմի մասին գրված կարծիքները՝ միանգամից հասկանալով, որ իզուր չեմ թթվածին սպառում։

Իսկ դեպրեսիան․․․ մի վիճակ է, որը նման է նրան, երբ կարծես թե տուն ես ուզում, բայց արդեն տանն ես։

Ինքնամեկուսացումը գրողի համար․․  հոգեվիճակ է։ Բայց դա մենակությունը չէ։

Մենակությունը. այն սառը ջրից ավելի է սոսկալի է․․.քանի որ այն բանալի է դրսից, իսկ առանձնացումը՝ բանալի է ներսից։

Մարդու մեջ ամենակարևորը… նրա արժեքն է։ Ինչն էլ սահմանելի է նրանով, թե ինչ կարող է նա տալ, այլ ոչ թե ինչի է հասել։ Պետք է ձգտել լինել ոչ թե հաջողակ, այլ արժեքավոր մարդ։

Հանճարեղ երաժշտություն, վեպեր, կտավներ ստեղծելը… ամենևին էլ չի նշանակում լինել հանճարեղ մարդ, այլ ընդամենը նշանակում է լինել հանճարեղ ստեղծագործող։ Հանճարեղ մարդ լինել, նշանակում է ունենալ մարդկայնության հանճարեղ հատկանիշներ։

Իսկ ամենալավ բանը… երեխաներն են։ Նրանք մեր կյանք են մտնում, որպեսզի մեզ ինչ-որ կարևոր բան սովորեցնեն։ Նրանք մեզ ավելի խելացի, խորը, պատասխանատու և բարի են դարձնում։ Առաջին յոթ տարիներին նրանց պետք է սիրել, երկերոդ յոթ տարիներին՝ դաստիարակել, երրորդ յոթ տարիներին՝ լինել նրանց լավագույն ընկերը, իսկ հետո բաց թողել և աղոթել, որպեսզի նրանց կյանքում ամեն ինչ լավ լինի․․․

Ամենավատը… ինքնագովությունն է։ Սակայն հակառակ բևեռն էլ կա․ եթե որևէ ոլորտում կարողանում ես կարևոր բան ստեղծել, ինչն էլ գուցե տարբեր պատճառներով աննկատ է մնում, նման պարագայում ինձ հիմարություն է թվում կեղծ համեստության տակ թաքնվելով՝ արածը ներկայացնելուց խուսափելը։ Օրինակ, այսօր շատ երկրներ փորձարկումներ են անում Անվերապահ հիմնական եկամուտի օրենքի հետ։ Դա գովում են Բիլ Գեյթն ու Ջեք Ման։ Բայց բացի մի շարք գիտնականներից, ինչպիսիք են ակադեմիկոսներ Կլեյները և Լվովը, պրոֆեսորներ Բուզգալին, Ձարասովը, Զարնաձեն, Կոլգանովը, Սանդոյանը, շատ քչերը գիտեն, որ այդ օրենքն արմատներով գնում է իմ գիտական աշխատություն։ Երբ ես կարդացի Գուգլի տնօրեն Ռեյ Կուրցվեյլի կանխատեսումն այն մասին, որ 30-ական թվականներին Անվերապահ հիմնական եկամուտի օրենքը կընդունեն բոլոր երկրները, ես անսովոր զգացումներ ունեցա։ Շատ հուզիչ է, երբ քո գաղափարը պետք ամբողջ աշխարհին։ Բայց պետությունները փորձում են այդ օրենքը կիրառել՝ չհասկանալով իմ տեսության իրական նպատակը։ Նրանք հրապուրված են գաղափարի արտաքին տեսքով և վերածում են այն բարեգործությանը։ Իսկ նա ավելի խորն է և ճիշտ կիրառման դեպքում կբերի առատ պտուղներ թե՛ հանրության, և թե պետության համար։

Ինձ համար գիտությունը… ստեղծագործելու տեսակ է, որտեղ ես ներկայանում եմ որպես Կարեն Մարկարյան։ Ես ստիպված եղա դառնալ նաև Մարկ Արեն՝ գիտական ու գրական մուսաների սկանդալները դադարեցնելու համար։

Իսկ իմ աշխատանքը․․․ ռուսական թոշակային ֆոնդի տնօրենների խորհուրդը նախագահելն է, նաև՝ հայկական IDBank բանկի տնօրենների խորհրդին անդամակցությունը։ Դա մեծ պատասխանատվություն է, երբ քո ղեկավարությունից, քո որոշումներից է կախված միլիոնավոր մարդկանց լավ լինելը։ Ու առհասարակ, պատասխանատության թեման ժամանակակից աշխարհում ամենաառանցքային թեմաներից մեկն է։ Պատասխանատվության, ոչ թե ազատության։ Քանի որ ազատությունը, որն ազատ է պատասխանատվությունից, ահազդու մի բան է, այն քաոս է տարածում։ ԱՄՆ-ի Գերագույն դատարանի անդամ Օլիվեր Հոլմսը անցյալ դարի 20-ական թվականներին ասել է, որ մարդն իրավունք չունի գոռալ՝ ՀՐԴԵ՜Հ լեփլեցուն դահլիճում։ Դա խոսքի ազատության սահմանափակո՞ւմ է։ Այո՛, և այդ սահմանափակումը կոչվում է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ։

Ինչ-որ բան ղեկավարել, նշանակում է․․․ չխանգարել լավ մարդկանց աշխատել․ այդպես էր ասում իմ ընկեր՝ հանրահայտ գիտնական Սերգեյ Կապիցան։ Ի դեպ, մի անգամ ես նրան համարյա համոզեցի, որ երկրագունդը պտտում ենք մենք՝ հայերս։ Բայց նա ապացույցներ պահանջեց։ Այդժամ ես ցույց տվեցի լուսինն ու հարցրեցի՝ գիտի՞ նա արդյոք՝ ինչու է այն երկրին նայում միայն մի կողմով։ Եվ չսպասելով նրա պատասխանին՝ բացատրեցի, որ Լուսինը չի պտտվում, քանի որ նրա վրա հայեր չեն ապրում։

Լավատե՞ս, իրատես, թե՞… Վատատես։ Վատատես լինելը հրաշալի է, քանի որ ես միշտ կա՛մ ճիշտ եմ, կա՛մ հաճելիորեն զարմացած։

Երբ սիրում են․․ասես թևեր ունենան։ Իսկ մարդը, որին սիրում ես․․․ նրա կողքին լինելը, անգամ նրա մասին մտածելը երջանկություն է։ Անդադար ուզում ես նրա համար ինչ-որ լավ բան անել, հենց այնպես, ոչինչ չակնկալելով, պատասխանի  չսպասելով։ Աշխարհը թվում է կատարյալ և բոլորովին ուրիշ։ Ամեն ինչում ձգտում ես լավը տեսնել, բարին նկատել։ Երբ սիրում ես մարդուն, ընդգծում ես նրա լավագույն հատկանիշները։ Սիրել, նշանակում է տեսնել մարդուն այնպիսին, ինչպիսին նրան մտածել էր Աստված։

Երբ երկար ես սիրումսերդ դադարում են նկատել։ Մնում է վերցնել հոգիդ և լուռ հեռանալ։

Իսկ հնարավոր չէ՞ ընկերական բաժանվել կամ․․․ մարող զգացմունքների հրաբխի վրա բոստա՞ն տնկել։ Ո՛չ։ Նման բան հնարավոր է միայն մանր-մունր ինտրիգներից հետո։ Իսկ սերը չի կարելի վիրավորել ընկերությամբ։ Սիրելի մարդուց բաժանվելը փոքրիկ մահ է։

Սոց ցանցերը․․․ մի տգեղ հատկանիշ ունեն։ Շփվում ես մարդկանց հետ առանց իրար տեսնելու։ Իսկ եթե ֆեյս կոնտրոլ լիներ, շատերի հետ չէիր էլ շփվի։ Ոմանց էլ միանգամից դնչին կտայիր՝ առանց ավելորդ խոսքերի։ Իսկ երբ մարդը ֆեյս կոնտրոլն անցնում է, ես նրան ապրիորի լավն եմ համարում արդեն։ Քանի դեռ նա հակառակը չի ապացուցել իհարկե․․․ Իսկ ահա սոց ցանցերում դա անհնար է։ Ֆեյս կոնտրոլ չկա։ Այդ պատճառով էլ որոշ ժամանակ շփվում ես նրանց հետ, որոնց հետ իրական կյանքում անգամ պետքարան չէիր գնա։

Քաղաքացիությունը․․․ծխախոտի մնացորդը աղբամանը հասցնելն է։

Իսկ պետականությունը․․․ այնպես անելն է, որ աղբամանը շատ հեռու չլինի։ Մտավոր լիարժեքություն ունեցող քաղաքացին գլխի է ընկնում, որ սեփական արժանապատվությունը չկորցնելու համար լավ է, նախքան ոստիկանության ժամանելը, սեփական ծխախոտի մնացորդը սեփական ձեռքով հասցնել աղբամանը։ Իսկ խելացի պետությունը գլխի է ընկնում, որ ավելի ձեռնտու է շատ աղբամաններ ունենալ, քան՝ ոստիկաններ։ Եվ այս ամենը սկսվում է մի տիպիկ օրինակով. երբ քաղաքացին պետությանը նայելով մտածում է․ Տե՛ս, չեն գողանում։ Տե՛ս, չեն խաբում։ Տե՛ս, երեկ սխալվել են, իսկ այսօր ընդունում են իրենց սխալը․ ուրեմն ստիպված եմ ծխախոտիս մնացորդը ոչ թե գետնին նետել, այլ հասցնել մոտակա աղբաման։

Ես քաղաքացի եմ… միայն Հայաստանի։ Մեզ մոտ ընդունված բան է, եթե հայրենիքդ չես կարողանում լավ երկիր դարձնել, ուրիշ լավ երկիրն ես դարձնում հայրենիք։ Այս սկզբունքը գուցե և առանձին հայի համար լուծում է, բայց ողջ հայության համար՝ փակուղի։ Այսօր ես հույս ունեմ, որ մեզ մոտ արդեն հասկացել են մի պարզ բան․ հայրենիքը այգու նման է․ և որ լավ ու օգտակար բան աճի այնտեղ, պետք է անխնա հեռացնել բոլոր մոլախոտերը։ Որովհետև, եթե անարդարությունը բոլոր հավանական սահմաններն անցնում է, հեղափոխական իրավիճակ է ստեղծվում։ Եթե չեք հավատում, Դանտոնին հարցրեք։

Իսկ մեր հարևանները… ժամանակների և տարածությունների մեջ մոլորյալներ են։ Իրենք իրենց համար միֆական պատմություն են հնարել, և կառչում եմ իրենց հնարածից, ինչպես իրենց վերջին վարտիքից։ Նրանք չեն հասկանում, որ եթե անցյալին կրակես հրացանից, ապագան քո վրա կկրակի թնդանոթից։

Իմ կյանքում, ինչպես և շատերի մոտ, պատահում են փորձություններ․․ ու այդժամ ես հիշում եմ մի տղայի։ Նա չի կարողանում խոսել, ինքնուրույն ուտել, խմել, շնչել։ Բայց չի կոտրվում և հավատում է, որ երբ Աստված իրեն ստեղծել է, ցանկացել է ստեղծել հենց այդպիսին։ Այդ տղան հավատում է, որ հակառակ դեպքում նա նա չէր լինի, այլ ինչ-որ ուրիշ մարդ։ Եվ ամենից շատ իր կյանքում նա ուզում է փոխել այս աշխարհը, դարձնել ավելի երջանիկ։ Իսկ մեզ՝ միշտ դժգոհներիս և բողոքողներիս, անհրաժեշտ է հետևել այդ տղայի օրինակին։ Հատկապես հուսահատության պահերին, երբ անելանելիությունը ամպի նման կախվում է մեր գլխավերևում և ուզում է կուլ տալ մեզ։

Ես Մարկ Արենն եմ․․․ և ես ուզում եմ մաղթել ձեզ․․․ որ երբեք չընկճվեք, չհուսալքվեք ոչ մի պարագայում, ու միշտ հիշեք այդ տղային։ Որ կյանքից բողոքելիս՝ հիշեք նրանց, ովքեր արդեն հրաժեշտ են տվել կյանքին։ Հարազատներից նեղանալիս՝ հիշեք, որքան շատ միայնակ մարդ կա այս աշխարհում։ Երեխաներին նախատելիս՝ հիշեք որքան շատ են այն մարդիկ, որ աղոթում են ծնող դառնալու համար։ Ուզում եմ գնահատենք այն, ինչ ունենք։ Եվ հիշենք, որ սիրել բառը զգացմունք չի  նշանակում, այլ՝ գործողություն։ Եվ վայելեք կյանքը սիրահարի դեմքով։

 


Մարկ Արեն․ խոհեր հավերժականի ու այսօրվա

Ես Պետրոս Հոկտանյանն եմ․․․

Savage Garden-ից սթենդափ արտիսիտ [զրույց Դարրեն Հեյզի հետ]

Ես Դանիել Երաժիշտն եմ․․․

ԱՆՏԱՐԵՍԸ կորոնավիրուսի օրերին [Զրույց Արքմենիկ Նիկողոսյանի հետ]

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Հովիկ Չարխչյանն եմ…

ԱՆԱՏՈԼԻԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ [լավագույն մտքերը հայտնի վեպից]

ի՞նչ է կատարվում Հոլանդիայում [պատմում են տեղի հայերը]

Ես Լյուսի Քոչարյանն եմ․․․

Ես Գուրգեն Խանջյանն եմ․․․

Սերը եկավ․․․ [Նառա Վարդանյան]

ՀՈՒՅՆ ԶՈՌԲԱՆ․ զրույց թարգմանչի հետ

Ես Ծով Alize՛ Բանուչյանն եմ․․․

Ես Դավիթ Սամվելյանն եմ․․․

Ես Արփի Կարապետյանն եմ․․․