«Ես ուզում նստել ձեր կողքին, լսել ձեր զրույցն ու ձեր լռությունը». Արիանա Կաոիլի - VNews

«Ես ուզում նստել ձեր կողքին, լսել ձեր զրույցն ու ձեր լռությունը». Արիանա Կաոիլի

arrrrrr - «Ես ուզում նստել ձեր կողքին, լսել ձեր զրույցն ու ձեր լռությունը». Արիանա Կաոիլի

Ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի Արիանան սիրվեց նաև հայ հասարակության կողմից։ 2013 թվականին Արիանան տեղափոխվում է Հայաստան մշտական բնակության, նրան մեր երկիր էր բերել սերը թե’ Լևոնի, թե’ Հայաստանի հանդեպ։ Բազմաշնորհ կինը հանձն է առնում մի շարք հետաքրքիր նախագծեր, այդ թվում՝  news.am կայքում իրականացնում է «Հայաստանը Արիանայի աչքերով» ամենշաբաթյա նախագիծը։ Ավելի ուշ դառնում է «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:

Ապակու երկու կողմերում

«Ուզում եմ մի փոքրիկ գաղտնիք բացել. Ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ…պատուհանների հանդեպ: Կապ չունի՝ ես այդ պատուհանի ապակով սահմանափակված տարածության ներսում եմ, թե դրսում: Պատուհանը միշտ ուրիշ աշխարհ է բացում ինձ համար, և ես ուզում եմ հայտնվել ապակու մյուս կողմում: Նույնիսկ հիշում եմ թե ինչից է սկսվել այս պատմությունը: Իմ մանկության մեջ հրաշալի մի հեքիաթ կար, հիանալի նկարազարդումներով մի գիրք՝ Մորիս Մետերլինկի «Կապույտ թռչունը», որն առ այսօր շատ եմ սիրում: Գրքի պատկերներից մեկում իմ տարիքի փոքրիկ մի աղջնակ կանգնած էր, դեմքը հպած պատուհանի ապակուն, և ապակուց այն կողմ տարածված գիշերվա մեջ փորձում էր հայացքով որսալ սիրո, երջանկության ու երազանքի Կապույտ թռչունը. ինձ թվում էր՝ այդ ես եմ նայում ապակուց այն կողմ: Այնտեղ դեռևս չբացահայտված, ուրիշ մի աշխարհ էր, որ կանչում էր ինձ, և ես պատրաստ էի վազել այդ կանչի հետևից: Ես միշտ շատ եմ ճամփորդել. անցնում եմ աշխարհից աշխարհ, որ իրարից բաժանված են օդանավերի կլոր պատուհաններով, գնացքների ուղղանկյուն պատուհաններով, մեքենաների մթնեցված «շուշաներով», բայց մոլորակի վրա արդեն գտել եմ այն աշխարհը, որ հաստատ իմն է, որտեղ ապրում է սիրո, երջանկության ու երազանքի իմ Կապույտ թռչունը: Եվ զարմանալի ոչինչ չկա, որ դա Հայաստանն է: Հիմա ես աշխարհներ եմ հայտնաբերում Հայաստանի ներսում: Ես սիրում եմ Երևանի փողոցները, այդ փողոցներով քայլող երբեմն տխուր, երբեմն ուրախ, երբեմն մտահոգ կամ շատ թեթև, ծիծաղող կամ խոժոռ, լավ ու վատ հագնված մարդկանց. ինքս էլ չգիտեմ, թե ինչու նրանք հարազատ են ինձ: Ես սիրում եմ նայել մետրոյի վագոնների կամ ավտոբուսների ապակիներից ներս:Աշխատավոր մարդիկ, ընտանիքների մայրեր, ուսանող երիտասարդներ, ձեր հայացքներում առանձնահատուկ բովանդակություն կա, որովհետև իրական Հայաստանը հենց դուք եք: Ես ուզում եմ անցնել այդ ապակիների, ձեր բնակարանների ապակիների մյուս կողմը և նստել ձեր կողքին, լսել ձեր զրույցն ու ձեր լռությունը: Հետո ուզում եմ ձեզ հետ միասին դուրս գալ այդ ապակիներով սահմանափակված ձեր տարածքներից՝ գտնելու մեր բոլորի սիրո, երջանկության ու երազանքի Կապույտ թռչուններին : Եվ ինձ թվում է ձևը գտել եմ: Ամեն շաբաթ ընկերներիս հետ միասին, ձեզ համար կպատրաստեմ այս անվճար թերթը՝ «Ճամփորդը» և կլինեմ ձեր կողքին՝ ավտոբուսում կամ մետրոյում, այս թերթի հետ հյուր կգամ ձեր բնակարանները, և հետո մենք բոլորով նորից դուրս կգանք փողոց, գուցե մի քիչ ուրիշ, գուցե մի քիչ փոխված… Ուզում եմ մի ուրիշ փոքրիկ գաղտնիք էլ բացել. Վերջերս հասկացել եմ, որ ապակիները հեչ էլ աշխարհներն իրարից բաժանող միջնորմներ չեն: Դրանք մուտքեր են: ԼՈՒ-ՍԱ-ՄՈՒՏ-ՆԵՐ , որոնք նախատեսված են Սիրո, Երջանկության ու Երազանքների Լույսը միմյանց փոխանցելու համար:

Սիրով՝ ձեր Արիանա»

«Ճամփորդ» N1 Փետրվարի 2-8, 2016թ.