Ես Վարդա Ավետիսյանն եմ... - VNews

Ես Վարդա Ավետիսյանն եմ…

Երբ ես 18 տարեկան էի… ամեն ինչ անում էի, որ կյանքս լի լինի հեքիաթով, միտքս ձգտում էր դեպի Էյնշտեյն ու Լազարեւ, սիրտս ձգտում էր դեպի Դոստոեվսկու «Ապուշ», ճամփես ու միամտությունս մեր Դավիթինն էր, իսկ իրականությունս կյանքից առանձին գոյություն ունեցող Պետ Համալսարանն էր և կյանքում պարկեշտ գոյատևելու առօրյա դանդաղ պայքարը։

Բայց անգամ այդ ժամանակ… կասկածը ներխուժում էր ջախջախիչ և ամրապնդող թշնամու նման, այն կասկածը, որ գուցե հեքիաթներ չկան, և պետք է լինել ուղղակի խորամանկ, գեղեցիկ պատկերների համար։

Համարձակությունն ու անվախությունը… դեռ մանկուց ինձ շեղել ու գայթակղել են, ցավեցրել և մեծացրել են, հուսահատեցրել և ամրապնդել են։

Ես կին եմ, որը գիտի…  լինել երջանիկ, հրճվել սեփական գոյությամբ, հալվել, անհետանալ սիրուց ու լինել անսահման այդ սիրո համար։

Ես կին եմ, որը չգիտի… հարմարվել, ենթարկվել, կեղծել, սեփական շահերի համար վախենալ, սեփական անձը խնայել։

Իմ միջի նուրբը… հանձնվում է կյանքին ամեն գիտակցված պահի։

Իսկ իմ միջի ուժեղը… ճիշտ է, վերջերս ավելի արագ է սովորում, բայց պետք է ասեմ, որ սովորաբար շատ բութ է, որովհետև սկզբում վախենում է, մեծ աղմուկ է հանում, հետո նոր վերհիշում է իր չափսերը ու սիրով կուլ տալիս, իր մեջ ներառում, ընդգրկում այն, ինչից զարթնել էր ինքը։

Մինչդեռ երկրի կյանքը բոլորը կենտրոնացնում են հենց մայրաքաղաքում… իմ հեքիաթը եռում է այնտեղ, որտեղ ես կամ:

Իսկ Դիլիջանը… այն չնաշխարհն է, որտեղ ամենից հաճախ ծավալվում է իմ հեքիաթը, որտեղ ամենից հաճախ նվիրում և նվիրվում եմ ես, որտեղ իմ 3-րդ տունն է, իմ սիրո տունն է։

Իմ միջի համարձակը… կյանքս դարձնում է հետաքրքիր, տանում ոչ հաճախ ընտրվող ուղիներով։

Մենք այն ենք, ինչ ուտում ենք, ուստի… դա պետք է անել ճաշակով, վայելելով և հետաքրքրասիրությամբ։

Ու կգա մի օր, երբ այս համատարած գլամուրն ու պաթոսը… կզիջի բնական, իսկական հին ու նորի խառնուրդին ու կարտահայտի մեր ամբողջ խայտաբղետությունը։

Իսկ դրա համար պետք է… ճանաչել սեփական անձը, հոգին, ակունքներն ու ժողովրդական իմաստությունը։

Իրարից տարբերվելու մարմաջը բոլորին դարձնում է իրար նման… երջանկասլաց՝ երջանկության ետևից սլացող, միշտ հմտաբար մոլորվելու նոր, տարբեր ու հետաքրքիր ուղիներ գտնելով։

Իսկ ես տառապում եմ… կյանքի երկակի դրսևորման անվերջության գեղեցկությունից։

Իմ միջի քննադատը… սկսել է հաճախ լռել, ավելի շատ վստահել ու ընդհանրապես արձակուրդ է գնացել վերջերս։

Իսկ սերը գալիս է… երբ կասկածներ չկան, երբ մաքուր ես ու մերկ, իսկ արբանյակն ուղղված է դեպի դրախտ:

Բայց կան պայքարներ, որտեղ պարտվելն է հաղթել… ուստի պարտվիր բոլոր հնարավոր կասկածները մարելուց հետո, ոչ թե միայն կամ նաև հաղթելու համար։

Անվերջ անդադար լինել պրպտող ու դռներ բացող… նշանակում է երբեք չկորցնել մանկական միամտությունն ու հետաքրքրասիրությունը։

Իմ միջի սիրողը… պատասխանատու է անհնարին քանակի գեղեցիկ պահերի համար, շնորհակալ է սիրելու անսահման հնարավորությունների համար, հպարտ է միշտ անհրաժեշտ մեծության զգայական ապարատ ունենալու կամ ձեռք բերելու համար։

Ես երևի երբեք էլ չեմ սովորի… չթափթփված լինել:

Ինչքան էլ քննադատեն ու մեղադրեն… ոչ մի ավանդական կամ դասական ուտեստ չեմ սարքի ինչպես կարգն է, կխառնեմ դասական, ավանդական, ժողովրդական, ստեղծագործական, ինչ սրտումս կա այդ պահին, ամբողջը կխառնեմ ու կխաղամ ու կզվարճանամ ու կտառապեմ ու այդ ամենը կանվանեմ, կփաթեթավորեմ ու սիրով կնվիրեմ բոլոր ցանկացողներին։

Բայցևայնպես… ամենամեծ քննադատն ու մեղադրողը ես ինքս եմ, և եթե մեզ այդքան տանջող կողմնակի, ենթադրելի պատկերներից և ուժերից ազատվենք, յուրաքանչյուրս ավելի երջանիկ և օգտակար կլինենք։

Լինում են պահեր կյանքում, որ ստիպված ես լինում… լռել, բայց դա քեզ ուղղակի թվում է, ընտրություն միշտ կա ու սիրուն բան չէ սիրած մարդուն ստիպել. համոզվում եմ ես ու կրկին չի ստացվում։

Հետո գալիս են առավոտները… ու լռեցնում քեզ կրկին, անդադար, մի վերջին անգամ ու ընդմիշտ պահերի գեղեցկությամբ։

Ասում են՝ ամենամութ պահը օրվա լուսաբացից առաջ է… որովհետև պետք է վերանաս ամբողջությամբ, որ լինես կրկին։

Ու թեպետ կրիան ճանապարհի մասին ավելին գիտի, քան նապաստակը… ես ընկեր եմ երկուսին էլ, ուստի հաճախ վազում եմ նապաստակի ետևից, ու երբ հոգնում եմ, կամ վնասվում, նստում սպասում եմ կրիային։

Իմ միջի անվերջ պայքարողը… կարծես որոշել է երբեք չդիպչել անիսկական ոչնչի, և այո, հաճախ շատ դժվար է ապրել իր հետ։

Ես մի օր կհավաքվեմ ու… մեր փռերով հյուր կգնամ իմ սիրելի Գյումրի, իմ հեքիաթային սրտերի Վարպետ Հովիկին հյուր կգնամ։

Թավայով ու կճուճներով… սեր կտանեմ սիրելի մարդկանց, բոլոր մարդկանց:

Իսկ տղամարդու սիրտ տանող ճամփան ամենևին էլ… չգտա հնազանդությամբ և համեղ ճաշեր եփելով:

Իսկ կնոջ սիրտը… անտակ անդունդ է, որտեղ սիրով կմոլորվի ցանկացած հմուտ ասպետ։

Իմ երազանքների Հայաստանը… մոռացել է իր պատմության թշվառության մասին:

Տավուշում սեր կա, կռիվ կա, վախ ու մահ կա, բայց կա նաև… կյանք, քեզ հետ միասին կամ առանց քեզ միևնույն է գոյություն ունեցող, ամեն պահի հստակ ու շատ բարձր իր մասին վկայող, անվերջ փոփոխվող, զարգացող, իր պարզությամբ բոլոր դիմակները հանող, մերկացնող, հումորի անվերջ զգացումով, ամենահասարակ կյանք կա, որ թունելից այս կողմ կֆիլտրի յուրաքանչյուրի սրտում հավաքված ձևն ու անիսկականը, եթե տեսնես, եթե ուշադրություն դարձնես։

Ուստի… տրվենք թունելին, հաճախ գանք այս կողմ,  վկա լինենք այս գեղեցկությանը, անպայման հանդիպենք մեր ամենասրբազանին, հարցնենք ինչու է թունելից այս կողմը կոչվում Տահույս, ուշադիր լինենք գեղեցիկին, մեր սրտում տանենք ծաղիկներ, Տահույսի ծաղիկներ, մեր համար, աշխարհի համար, ճանապարհին հանդիպած մարդկանց համար, անենք այս ամենը հիմա, ամեն անգամ հիմա, երբեք՝ երբ հարմար լինի, երբեք չսպասենք, երբեք չսպասենք երջանկությանը։

Ամենադաժան բաները, որ պատահում են մայրաքաղաքից հեռու… դա մայրաքաղաքի, ընդհանրապես քաղաքի փայլփլուն գովազդն է, հեռվից տրվող  ոչ իրական պատկերի շլացուցիչ գայթակղությունը մանավանդ երիտասարդների համար, թվացյալ ազատության խոստումն է այդ նույն երիտասարդներին, ովքեր իրենց կապկպված և անուշադրության մատնված են զգում ժամանակակից կյանքի կողմից և ամեն կերպ ձգտում են գնալ ու վերականգնել այդ անարդարությունը, կյանքի ամենապարզ ու ամենահասարակ, ամենաբնական ու ամենաիրական, ամենաանմիջական ու ամենամիամիտ դրսեվորումները չկարևորելն է դաժան, հեռվից ու ներքևից մայրաքաղաքին նայելու փաստը շատ դաժան է։

Ֆեմինիստները կռվում են հանուն… տեսանելի, շոշափելի, չափելի տարբերությունների հավասարության։

Իսկ ես կռիվ եմ տալիս… հանուն անտեսանելի, անշոշափելի, անչափ տարբերությունների և անտարբերությունների անսահմանության ու անվերջության։

Իմ միջի կինը… հավերժ շնորհակալ է իր սիրած տղամարդուն, ով սովորեցրել է սիրուց հալ ու մաշ լինել։

Ես Վարդա Ավեստիսյանն եմ, ես… մահկանացու եմ, կին եմ, աղջիկիկ եմ, հիստերիկ եմ, գեղեցիկ եմ, իմ երազած աղջիկն եմ, ազդեցիկ եմ, ու ընդհանրապես այն եմ, ինչ կուզեմ լինել։

 

կարդացեք նաև՝

Ես Աշոտ Բլեյանն եմ…

Ես Կարեն Ավետիսյանն եմ…

Ես Մհեր Արշակյանն եմ…

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Ես Անի Քոչարն եմ…

Ես Գոհար Գասպարյանն եմ…

Ես Լևոն Շահնուրն եմ…

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

Ես Արեգ Բալայանն եմ…

Ես Գոռ Սուջյանն եմ

Ես Նարեկ Մարգարյանն եմ…

Ես Սերգեյ Սարգսյանն եմ…

Ես Լարա Առաքելյանն եմ…

Ես Լուսինե Բադալյանն եմ…

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…

Ես Գոհար Հարությունյանն եմ…

Ես Հայկ Համբարձումյանն եմ…

Ես Թևան Պողոսյանն եմ…

Ես Հովհաննես Թեքգյոզյանն եմ…

Ես Էդուարդ Զորիկյանն եմ….

Ես Վահան Կոստանյանն եմ…

Ես Մխիթար Հայրապետյանն եմ…

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ…