fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ես Վրեժ Քասունին եմ…

Երբ ես 18 տարեկան էի …. ըմբռնեցի այն փաստը, որ նկարչությունը և «գծագրությունը», որ կոչվում են արվեստ, վեհ և նվիրական մի ուղի է անհատի կյանքում, իսկ այդ ուղով  քայլողը՝ արվեստագետ։ Եվ ի վերջո, այդ կոչմանն ամենաարժանին էլ նա է, ով մտավորական է: Մինչև 18 տարեկանս համոզված եմ եղել՝ ցանկացած մարդ կարող է նկարել կամ «գծել», իսկ հիմա, առավել ևս, հավատում եմ, որ, այո՛, ամեն մարդ ունակ է «գծելու», նկարելու և ներկելու իր ներաշխարհը, մնում է՝ ցանկանա:

Հայաստանից հեռու ապրելը սովորեցրել է ինձ… արժևորել այն, ինչ ունեցել եմ և կորցրել։  Հետևաբար արժևորում եմ՝ ինչ ունեմ, չունեմ և ինչ պետք է ձեռք բերեմ ներկայում և ապագայում։ Միևնույն ժամանակ գիտակցում եմ՝  ինչն է իմը. այդ գրիչն իմն է, այդ թուղթն իմն է, այդ գույները պարգևել են ինձ, և որ այս հողը, օդն ու ջուրն իմն են։ Հալեպում Հայաստանն ինձ համար պարզապես երազային դրախտավայր էր, մի «ԴԻՍՆԵՅԼԵՆԴ»,  ուր միշտ երազում էի այցելել և նույնիսկ ապրել։

Այժմ ապրում եմ Հայաստանում… սակայն  հիմա էլ հեռու եմ իմ ծննդավայրից, մանկությունից։ Երևանում էլ այնպիսի զգացողություն է, կարծես սյուրռեալիստական պատկերում ապրեմ. դու կաս քաղաքում, իսկ քաղաքի ցանկացած անկյունից քեզ հսկում է արտասովոր ծավալով հսկա Արարատը։ Կարծես՝ ուր որ է նախնիներդ, Սալվադոր Դալիի վագրերի նման ժամանակի մեջ հսկայական ցատկ կատարելով, կհատեն անցյալն ու բոլոր պատնեշները և կմիանան քեզ… մեզ։

Ես ծնվել եմ այն ժամանակներում, երբ… մարդկությունն ու ազգերն իրար նկատմամբ ունեցած ատելությանն ու իրենց երկրային ագահությանը տուրք տալով՝ սկսել են երկրագունդն ավելի փոքր երկրների մասնատել։ «Գերհզոր» պետություններն անզոր հարևաններին հպատակեցրել, ստրկացրել, մասնատել են։ Այս ամենն անելու համար պատմությամբ հզոր ու մշակույթով հարուստ ազգերի ու պետություների միջև քաշել սահամանագիծ, մտցրել անջատում, իսկ այս ամենը՝  թվացյալ խաղաղության հովանու ներքո։ Իմ սերնդակիցներին ես կոչել եմ «կոնֆլիկտային դարաշրջանի սերունդ»։

Ծնվել ու ապրել եմ Միջին Արևելքում՝ մի տարածաշրջանում… որտեղից ծնունդ են առել մարդկության ապրած բոլոր պատերազմերը։ Այնտեղ է նաև գտնվում վերջնական խաղաղության բանալին, որը ոչ ոք չի համարձակվում ստանձնել։ Մի խոսքով, ոնց որ մուլտերի միջի անիմացիոն չար վհուկներով շրջապատված լինենք, բայց փրկարար հերոսը բացակայում է։

Երևանը… ինձ համար այն է, ինչ Կրիպտոնը Գերմարդու՝ Superman-ի համար։ Երևանը իմ այցեքարտն է, իմ ելակետն ու մեկնակետը։ Շատերը մտածում են Երևանից հեռու գնան, որ աշխարհ տեսնեն, իսկ ինձ համար հակառակն է, ես Երևանից եմ դեպի աշխարհ գնում ու աշխարհին բացվում։ Երևանն ինձ ուժ հաղորդողն է ու իմ Կրիպտոնը։

Սիրում եմ… թուղթն ու մատիտը, ներկն ու կտավը։ Ամենաշատը սիրում եմ նկարել դեմքեր։ Ասում են, եթե ուզում ես մարդուն ավելի լավ ճանաչել, պետք է ճանապարհորդես նրա հետ,  իմ պարագայում դիմանկարն է այդ ճանապարհորդությունը… դիմանկարելով եմ անցնում այդ ճանապարհը….. ծանոթանում ու ճանաչում:

Անիմացիան այսօր կարող է ամեն բան… օրինակ՝ կարող ես թռչել, կարող ես բարձունքից ընկնել ծեփվել հատակին, բայց վեր կենալ ողջ ու առողջ քայլել և գնալ տուն։ Կարող ես մի վայրկյանում հասնել լուսին ու հետ գալ, կամ էլի շարունակել մի 2 վայրկյան էլ սավառնել, տիեզերքով շրջել ու հետ վերադառնալ տուն։ Իսկ ավելի լուրջ՝ դաստիարակել նոր սերունդ, մտահորիզոնը լայնացնել, գեղագիտական ճաշակ զարգացնել, գրել, կարդալ ու խոսել սովորեցնել ու մարդուն մարդ դարձնել։ Իհարկե, նայած, թե ով է անում և ինչպես է մատուցում։

Անիմացիան Հայաստանում կարող է… աշխատատեղեր հիմնել նկարիչների համար, բիզնես ոլորտ զարգացնել ու ազգայինը քարոզել։ Սակայն, Հայաստանում, ավա՛ղ, մեզ հարկ եղած ոստումը դեռ լիարժեք չենք արել և այդ իսկ պատճառով ոչ՛ լուսին կմեկնենք, ոչ՛ տիեզերք, գետնին ծեփված սպասում ենք, բայց պետք է հավատով շարունակել, «վայրկյանում 12 պատկեր նկարել», որ կյանքը շարունակվի իր դրական հունով, և մենք հարատև շարժման մեջ լինենք …. դեպի առաջ:

Կինոն Հայաստանում… մանավանդ խորհրդային Հայաստանի կինոներից կան այնպիսիք, որ իրենց ժամանակակից համաշխարհային կինոյին հավասարազոր են, նույնիսկ մի քանի քայլ առաջ են։ Իսկ այսօրվա հայկական  կինոն համահունչ չէ իր ժամանակին, որովհետև, դժբախտաբար, կինոսցենարիստներն ու կինոռեժիսորները հիմնականում ապրում են մի այլ Հայաստանում, իրենց վերացական կյանքում ստեղծած Հայաստանում։ Մի Հայաստանում, որտեղ ոտքերը հողին չի դիպչում, չեն զգում՝ շուրջ բոլորն ինչ է կատարվում:

Իսկ մասնագիտական հարաբերությունների հողի վրա կինոն խեղդվում է ոչ համերաշխ մասնագիտական մթնոլորտում։ Այսօրվա Հայկական կինոյի հույսը մի քանի տաղանդի վրա է, իսկ մթնոլորտը՝ չար ու նախանձ՝ “Car u Naxanc”:

Այսօրվա Հալեպը… չգիտեմ, ես երեկվա Հալեպում եմ ապրել ու ապրում…

Իմ Հալեպը, իմ ծննդավայրը… որտեղ կործանվեցին իմ մանկության շոշափելի հուշերը, իսկ հուշերս ամեն օր մութն ընկնելուն պես թևերն են բացում ու սավառնում Հալեպի վրայով, թռչում ու հասնում մինչև լույս, իսկ արշալույսին մղոններ սուրալով՝ վերադառնում իմ ուղեղի ու գլխի հետին անկյունում գտնվող Սենտ-Էքզյուպերիի մոլորակ՝ որպես Փոքրիկ իշխան, որը հեռվից տենչում է իր ընտելացած վարդին… այսպես մինչև մյուս թռիչք:

Ես հաճախ եմ կարոտում… այն, ինչ չեմ տեսել կամ չեմ ապրել, և այն, ինչ ապրել եմ և արդեն իմ ժամանակից ու տարածությունից հեռու է գտնվում:
Իսկ ավելի կոնկրետ՝  կարոտում եմ Հալեպի Մարտիրոս Սարյանի անվան ակադեմիայի հին մասնաշենքը, որ պատերազմից շատ առաջ քանդեցին՝ հնի փոխարեն նորը կանգնեցնելու նպատակով… ափսոս:

Բայց… այնուամենայնիվ, աշխատում եմ կարոտելու ընթացքում իմ ժամանակն ու տարածությունը ձեռքիցս բաց չթողնել ու ստեղծել նոր արժեքներ, որ ապագայում կարոտելու տեղ ունենամ:

«Ռեանիմանիան» ստեղծվեց, որ… խթան հանդիսանա նոր սերնդի համար, որ կարողանա համաշխարհային անիմացիոն քարտեզի վրա իր արժանի ու ինքնուրույն տեղը գտնել, որ ամեն մի անիմացիոն կինոյի սիրահար, մասնագետ, արհեստավարժ և թեկուզ սկսնակ անիմատոր հնարավորություն ունենա կանգնել միջազգային արհեստավարժ անիմատորների հետ միասին՝ ինքն իր երկրի մասնագիտական հարթակի վրա, հավասարը հավասարի զրուցի:

Երբ ընթերցում եմ… ու նայում, թե ինչպես է Ուոլթ Դիսնեյը հիմնադրել Դիսնեյլենդը և դրանից առաջ՝ իր անիմացիոն հեքիաթային աշխարհը, հավատում եմ, որ ես էլ, մենք էլ կարող ենք ստեղծել մեր «Դիսնեյը», Cartoon network-ը կամ օրինակ՝ «Արմեն Լենդը» կամ ինչո՞ւ ոչ՝  «Քասունի Լենդը»: Այսինքն, հայը ինքն իր երկրում ու հողում կարող է ստեղծել նոր մշակույթ, անիմացիոն ֆիլմեր արարելու հարթակ և անիմացիոն բիզնես ոլորտ, որի շնորհիվ կունենանք բազմաթիվ աշխատատեղեր մեր նկարիչների, ձևավորողների համար: Ու այլևս ոչ մի նկարիչ հայրենիքից անգործության պատճառով չի հեռանա:

Կան մարդիկ,  որոնց  ավելի հեշտ է տրվում… տաղանդն ու շնորհքը։ Այդ՝ ի վերուստ տրվածի արժեքը, ավա՛ղ, չեն գիտակցում և իրենց կյանքի մինչև վերջին օրը շռայլորեն անտեսում են շատերը։

Եվ այդուհանդերձ… ինչքան էլ հավատում եմ, թե ցանկացած մարդ օժտված է տաղանդով ու շնորհքով, ավաղ, երբ նա չի հղկվում ու մշակվում, տաղանդն ու շնորհքը վերածվում են վտանգավոր զենքի, որ գործում է մեր դեմ:

Սերը նման է…  նորածին երեխայի, ամեն ինչ անշահախնդիր է նրա հետ։ Հարյուր տոկոս նվիրվածություն, ինչպես երեխայիդ չես հանձնի որևէ մեկին, նույնն էլ սերը:

Ամենաշատն ինձ խանգարում է… չափից ավել սիրելը կամ տեղին ու անտեղին սեր հայտնելը։ Մենք՝ հայերս իրար «ջանի» համար ապրելու  փոխարեն, իրար «ջանին մեռնել» ենք ցանկանում։ Առհասարակ կարիք չկա բոլորին սիրել, պարզապես պետք է հասկանալ, հարգել ու ըմբռնել:

Գուցե չհավատաք, բայց… ես սիրում եմ բոլորիդ :Ճ

Իմ մասին խոսելիս… լուռ ու մունջ նկարում եմ… թող գիծը խոսի:

Ծնողներիցս սովորել եմ…  ոչ սովորական պայմաններում ապրել ու կյանքին կառչել, ազնվորեն ու նվիրումով սիրել ու լինել անկախ, ծնողներին շատ չենթարկվել :Ճ

Ես սիրում եմ այն կինոն, որը… կյանքի զարկերակով է շնչում՝ վայրկյանում 25 կադր:

Ամենաշատն ափսոսում եմ այն բանի համար, որ… ափսոսում եմ:

Երևակայությունն  ու իրականությունն այնքան էլ անջրպետված չեն… մնում է տենչալ ու շատ աշխատելով՝ իրականության վերածել ու շոշափելի դարձնել մարդկության համար:

Երջանկությունը ծով է… որի մեջ հարկ է մերկ ու լիարժեքորեն, խենթության աստիճան ազատ լողալ ու սուզվել շնչասպառ՝ մինչև հատակ կամ մահ:

Ես ցավում եմ… երբ անարդար է, երբ  երեխաների վրա գոռում են, երբ մարդու մեջ մանուկը սպանում են, երբ մանուկը նահանջում է և մարդ արարած կենդանիներից ու բնությունից կտրվում է:

Երգիծանկարչությունը բարդ է  հստակ ձևակերպելու համար հիշենք հանրահայտ անիմացիոն կինոն՝ Արման Մանարյանի «Հայելին»։ Նրանում դու տեսնում ես այն, ինչ կաս կյանքում: Երգիծանքն ու երգիծանկարչությունը կյանքի հայելին են, անկեղծ են և ըմբռնում են ներքին աշխարհի արտաքին մակերեսի կատարյալ կերպարանափոխումն ու ձևափոխումը՝ այսպիսով բացահայտելով անհատի խոր ու թաքուն էությունը:

Բայց և այնպես այն ծաղրանք չէ:

Բոլորը պետք է երբեմն-երբեմն վրձին վերցնեն ձեռքները, որ ինքնադիմանկար փորձեն, կամ ուղղակի գույներով կտավի վրա նկարեն, խզբզեն, ինչ ուզե՝ն անեն, բայց կարևորը իրենց անհայտ ու թաքուն ներաշխարհի հետ առերեսվեն։ Ինքնաճանաչման գործընթաց է, պետք է:

Գիշերները պետք են, որ… ինքնամեկուսանաս ու մթության մեջ կենտրոնանաս միայն ու միայն ինքդ քեզ վրա, ու քո ներսի լույսը միացնես։ Մթի ու խավարի միջով ճանապարհ գտնես դեպի լույս, նոր օր, նոր սկիզբ և նոր սպիտակ էջ, որի վրա դու հնարավորություն ունես զրոյից պատկերել կյանքդ՝ սխալներից և սխալվելուց երբեք չվախենալով: Չէ՞  որ էլի մութը գալու է ու հետո՝ էլի լույսն ու սպիտակը…

Մարդ վերածնվում է, երբ… մահանում է։ Այսինքն, մահից և վերանալուց չի վախենում, քննադատությունից ու ինքնաճանաչողությունից չի ընկճվում. Մահ իմացյալ անմահություն:

Երեկոյան իմ ամենասիրելի զբաղմունքը… նկարել, ընթերցել ու մեկուսանալ, կինո նայել կամ քաղաքական լուրերին հետևել:

Ես հավատում եմ… արվեստին իր բոլոր ճյուղերով, որի միջոցով հավատում եմ ամենազորի ու արարչի էության գոյությանը:

Ես շատ երկրներում եմ եղել, բայց ամենահրաշալին… միանշանակ իմ հողն է:

Այսօր հանդիպում եմ այնպիսի երիտասարդների, որոնք զարմացնում են իրենց… համարձակությամբ, ինքնավստահությամբ (մեկ-մեկ ինքնասիրահարվածության հասնող),  տաղանդով և ամենակարևորը՝ մրցունակությամբ:

Եվ…  ուրեմն՝ շարունակել ստեղծագործել. ապագան մերն է:

Ես երևի երբեք չեմ կարողանա… չնկարել ու չտրվել երազանքներին, որոնք կարելի է վերածել իրականության:

Իրականում ես միշտ երազել եմ… ունենալ իմ սեփական արվեստանոցը, մոլորակն ու տիեզերքը… մեկուսարանը:

Այնուամենայնիվ…  ես իմ մեջ եմ դեռ պահում իմ արվեստանոցը, մինչև…

Ես Վրեժ Քասունին եմ, ես… չեմ, դու ես… ասա… :)

 

Զրուցեց Շուշան Կարապետյանը

Կարդացեք նաև

Ես Գոհար Հարությունյանն եմ…

Ես Հայկ Համբարձումյանն եմ…

Ես Թևան Պողոսյանն եմ…

Ես Հովհաննես Թեքգյոզյանն եմ…

Ես Էդուարդ Զորիկյանն եմ….

Ես Վահան Կոստանյանն եմ…

Ես Մխիթար Հայրապետյանն եմ…

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ… 


Զրուցեցինք դերասանուհի Նարինե Պետրոսյանի հետ

Ես Մհեր Արշակյանն եմ…

Զրուցեցինք «Քաոս» հեռուստասերիալի ռեժիսոր Հայկ Կբեյանի հետ

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Հարցազրույց. Կարպիս Փաշոյան

Ես Անի Քոչարն եմ…

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

Ես Արեգ Բալայանն եմ…

Ես Գոռ Սուջյանն եմ

Ես Նարեկ Մարգարյանն եմ…

Ես Սերգեյ Սարգսյանն եմ…

Ես Լարա Առաքելյանն եմ…

Ես Լուսինե Բադալյանն եմ…

Ես Էդգար Հարությունյանն եմ…