էսսե՝ խիստ սիրային, խիստ վանաձորյան - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

էսսե՝ խիստ սիրային, խիստ վանաձորյան

Գործողություն առաջին
Գիշերը՝ երեքին Կիրովականում գարուն չկա, մթության մեջ գարուն չկա․ ես ինչ-որ մեկի գարունն եմ Կիրովականում՝ մթության մեջ, գիշերվա ցանկացածին․ ես ինչ-որ մեկի գարունն եմ էստեղ, ինչ-որ մեկի, որը վաղուց էստեղ չի։
․․Իսկ ես էս քաղաքում էս քաղաքից փախչելու տեղ եմ փնտրում, փախչելու մարդ, մարդ-քաղաք։
Կոշիկներս հագա աստիճաններին, քայլեցի իբրև թե տեղ եմ գնում, քայլեցի իբրև թե գիտեմ՝ ուր եմ գնում։
Էս քաղաքի փողոցներին բախտը չի շռայլել․ րոպեում՝ մի մեքենա։ «Գիշերվա հազարին ամեն մեկին ինչ-որ մի մեղսավոր բան պիտի փողոց հասցրած լինի», մտածում եմ։ Մեքենաները միշտ սարսափելի են, երբ դու մենակ ես, որովհետև նրանք հաստ երկաթից էն կողմ են ու մինչև գործը քեզ չհասնի չես իմանա, թե ով են։ Մտածում եմ ՝ էս մեկում թմրամոլներ են, մյուսում՝ հարբեցողներ, ու էդ թմրամոլների ու հարբեցողների արանքում մեկը կկանգնի էստեղ՝ դիմացս։ Մեկն, ով ավելի վատ ա, մեկն ով դու ես , ում չգիտեմ։ Իսկ ես վախենում եմ։

Վախենում եմ որ չես գա ու վախենում եմ, որ կգաս , որովհետև գալդ չգիտեմ, լինելդ չգիտեմ, հետևանքներդ չգիտեմ։

Գիշերվա չորսն ա․ շուրջս դու ես ՝ շուրջբոլորս, քաղաքում դու ես, միայն, դու քաղաքն ես․․․ իսկ ես անգամ չգիտեմ՝ քեզ ինչպես դիմել։ Միայն գիտեմ, որ սարսափելի սիրուն ես ծխում, էնքան, որ քո կողքին կորցնում եմ ծխելու իմ բոլոր իրավունքները, ու ինձ հերիքում ա քո ծուխը։
․․․հերթով ու առանց իրար հերթ տալու սիրահարվում եմ քո մանրուքներին։
Իսկ դու չկաս․ դու խոշոր պլանով հաջորդական կադրեր ես, որոնց տենց էլ չկարողացա ամբողջացնել․ դու հայացք ես, ծիծաղ ես, ծուխ ես, քաղաքն ես։

Իսկ ես ժամերով կնայեմ մատներդ ու ծխախոտի կադրերին․ գրողը տանի, չէ՞ որ ոչինչ ավելի իրար համար չի։

Ու ամենից շատ ու միայն կպահեմ իմ մեջ մատներիդ հպումն՝ ինձ ու ծխախոտիդ։
Ինձ մի պահ կթվա, որ Կիրովականը դու ես ու մնացածը, բայց ես գիտեմ՝ այսուհետ ու դեռ մի քիչ իմ փայ Կիրովականը դու ես ու գիշերը։ Կիսատ գիշերը դատարկ․․․ կիսատ գիշերը լիքը՝ մատներովդ:

Գործողություն երկրորդ 
Մի քիչ ալկոհոլը չի խանգարի, մտածեցի, մտածեցի՝ չեմ լարվի, որ ինձ կարող են զանգել, չեմ կոմպլեքսավորվի, որ մազերս սրտովս չեն, չեմ վախենա մոտեցող մեքենաների լույսերից, երբ դանդաղեն կամ արգելակեն՝ չեմ նկատի։

(Ալկոհոլը մի քիչ շատ ստացվեց․ ոտքերիդ վրա մի քիչ ավելի քայլեցի քան գետնին)։

Ճովում էի, ընկնում էի, ասացի՝  ինչու՞ չկարողացար բռնել ինձ։ Ասացի ու աչքերս լցվեցին։ Ձեռքդ ավելի հարմարեցրիր ուսիս, ու ինչ-որ բան ասացիր, որ չեմ հիշում, բայց ենթադրում եմ ՝ կա՛մ «կներես, աղջիկս» էր, կա՛մ «վա՜յ, ազիզ ջան», կա՛մ նման մի անմիտ, «գլուխս շոյելու» չափ նուրբ մի բան ։

(Գրողը տանի, ինձ երեխայի տեղ ես դրել, չէ՛, ինձ երեխայի տեղ եմ դրել… իսկ երեխաներն էս ժամին արդեն վաղուց քնած են լինում)։

Ասացիր՝ «գնա՞նք»։
«Չէ», ասացի, «մի քիչ էլ քայլենք»։

(Ալկոհոլը մի քիչ քիչ էր ստացվել, քան պետք էր անմիջապես գնալու համար)։

Քայլեցինք, քայլեցի մայթերին, փողոցներին, ոտքերիդ։

․․․Չթողեցիր ընկնեմ, ասացիր՝ «տես՝ կարողացա բռնել քեզ»։

ժպտացի, ձեռքս ավելի հարմարեցրի մեջքիդ, ասացի՝ «գնանք»։

Գործողություն երրորդ

Արի կինո նկարենք ու իրար լավ պահենք:

Ես ուզում եմ՝ մենք մի քիչ միասին ապրենք իմ գյուղի տանը (մի քիչ) :

Ուզում եմ դու կինո նկարես ու մեղուներ պահես, իսկ ես կինո նկարեմ ու քեզ պահեմ:

Ուզում եմ մեղրը` իմ աճեցրած-չորացրած դաղձի թեյի մեջ չլցնենք, այլ ուտենք` կտոր-կտոր: Ուզում եմ ամեն առավոտ հագնել տաք, լայն բլուզդ ու վազել հարևանի այգի ջուր բերելու: Ուզում եմ դու ու Մաթիլդան(կատուս) վերջապես կողմնորոշվեք` ով կարող է կծելով արթնացնել ինձ: Ուզում եմ որոշեք, որ դու: Ուզում եմ հիմար երազներդ ջրին պատմելիս ականջ դնել: Ուզում եմ դու ծերանաս այն պատռված բարձին, որից փետուրներ են թափվում ու խառնվում մազերիդ,

իսկ ես… իսկ ես` չծերանամ:

Ես ուզում եմ՝ մենք բոլոր հնարավոր տները թողած երկա՜ր ապրենք իմ գյուղի տանը (ձանձրանալու չափ երկար): Ուզում եմ բարձի փետուրները դուրս թռչեն այնքան ու խառնվեն մորուքիդ այնպես, որ ես քեզ շփոթեմ աստծո հետ, ու չհավատամ՝ ինչպես աստծուն:
Եվ եթե սափրվես անգամ
Ես ուզում եմ մենք մի մեկ քարրորդ կյանք ապրենք իմ գյուղ տանը, որովհետև իմ գյուղի տունը մեծ է, ու մենք կարող ենք ուզած պահին չգտնել իրար, մոշի թփերն էլ տեղ-տեղ աճել են այնքան, որ ուզած պահին կարող ենք անգամ թաքնվել իրարից: Իսկ ձմռանը մեզ թաքստոց կլինեն մառանն ու տանիքը. մառանը` քեզ, որ փակածս` բալի ու ելակի մուրաբաներն ուտես, փոշմանես ու տուն գաս: Տանիքին` ինձ, որ վախենամ իջնել ու երկար թաքնվեմ քեզնից:
Բայց նաև իմ գյուղի տունը դատարկ է այնքան, որ եթե անգամ ցածրաձայն կանչենք իրար, արձագանքը կլսենք:

Կգտնվենք տան մեծությանը հակառակ, եթե ուզենք կգտնվենք մի գյուղաչափ տանն անգամ ու ուրիշների տներում:

Գործողություն չորորդ 
Չէ, ինչ-ինչ բայց տակտի զգացողություն, թերևս, չունենք. անջատիր Ռեյին, սենյակում մեր սիրո ակուստիկ համերգն է: Եվ մի՞թե սիրելու ռիթմը ջազն է, չգիտեմ, կյանքս մոնտաժելու իմ սովորությունն ասում է, որ դու իմ առաջին սերն ես վերջին մեկամսյակում: Ձեռքերս ու շուրթերս նույն հնչյունավորմամբ համբուրիր, չէ’, աջս հանգիստ թող, չե՞ս տեսնում՝ գրում եմ:

Մեկը կար, ասում էր՝ «կամ գրելուց պիտի հաճույք ստանաս, կամ գրես, երբ հաճույք ես ստանում»:

Մեկ ուրիշն էլ, թե՝ ինձ օգտագործում ես, որ սիրուն բաներ գրես: Հա, հոգիս, շատերը կային, բայց միևնույն է ես այժմ կմիմտանամ և իմ այ այն՝ այն եթերային ձայնով քեզ «առաջին սեր» կանվանեմ այսօր: Անգամ կդատարկաբանեմ, թե ինչպիսին է լինելու իմ հարսանեկան փետուրներով զգեստն ու ինչ սիրուն եմ հյուսելու Լուսանեի մազերը. Լուսանեն մեր աղջիկն է, ծանոթացիր:
Թե կուզես այնաստիճան միամտանամ, որ սրտանց հավատամ, թե քո 53-ում քեզ մեղր-կիտրոնով թեյ եմ բերելու, երբ ճնշումդ կտրուկ բարձրանա՝ կրկին սիրուց:

Հավատամ, թե դու 53-ում դեռ սիրել ես իմանալու, իսկ ես դեռ սիրելու բան եմ լինելու:

…«Կանգառում կանգնեք, խնդրեմ»:

Հանիր ականջակալներդ, հոգիս, հասել ենք. հիանալի է, ոչինչ չլսեցիր: Իմ փոխարեն դու կստանաս. երթուղայինից իջնելը քո շահերից է բխում:
Գրողը տանի, հանիր ականջակալներդ:
Վարպետ, դուք և այս չասֆալտած փողոցը ինչ-ինչ, բայց տակտի զգացողություն, թերևս, չունեք. անջատեք Ռեյին:

Երկուսը ստացեք, մեկը կիջնի, երբ հասնեք գրողի ծոցը։

Գործողություն հինգերորդ

Սուրճից ինչ մնացել է հերիք է մի դաբլ բաժակի․ մի քիչ տղամարդկություն արա՝ որոշիր․ թող վաղվան, եղածը հասարակ գլխացավ չի՞, կամ թող վաղվադ առավոտն անսուրճ լինի․ շատ-շատ օրդ տանուլ տաս։ (Մի քիչ տղամարդկություն արա․ բարձրակրունկներիցդ չես ընկնի։)
Սուրճը լավն էր։

Թե մի բան կորցնելու ես, ավելի լավ է այն, ինչն ասել է, թե ՝ «վաղը՜», «առավոտյա՜ն», ինչը կնշանակի՝ հետո՜, ինչը չգալու տարբերակ ունի, ինչը չունենալու պրիվկուս ունես։

Տես, քեզ կորցնելն ինձ համար մեկից մեկ է․ դու տեղով հետո ես, ես քեզ չունենալու կծվահամ ունեմ բերանումս։

Գործողություն վերջին

Քեզ տանուլ տամ առավոտվա պես, առավոտվա հետ՝ էլ չգաս։


Բարբառային քուիզ. տիրապետու՞մ ես Լոռվա բարբառին

Հեռուստաթատրոնի նոր ձևաչափ Վանաձորի Աբելյանի անվան թատրոնից

Քաղաքներում երջանկություն չկա. [ներանձնային/նեղ անձնական էսսեներ]

Ինչու է մեռնում սերը ամուսնությունից հետո․․․

Այսօր հարմար օր է մեռնելու համար. [էսսե]

Գրողի տարած քաղաքը [էսսե]

Պրոդուկտիվ նևրոզ [էսսե Կիրովական-Թիֆլիս գնացքից]

Հաց սարքենք (և ոչ միայն) կիրովականցու բարբառով

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

Սերը նախորդ դարում. [ֆոտոշարք]

Աղբ թափելու բերկրանքն արտակարգ դրության պայմաններում

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

Հեռավար ուսուցում, կամ ինչպես խելքը թռցնել…

8 բան, որ սպանում է տղամարդու սերը

ՔԿԱԳ-ո՞վ, եկեղեցու օրհնությա՞մբ, թե՞ համակեցության սկզբունքով ամուսնություն

Հուշագրություն. Կամիլլա Թամանյան