Եթե Թեհլերյանը վրիպեր, կրակելու էր Իսահակյանը... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Եթե Թեհլերյանը վրիպեր, կրակելու էր Իսահակյանը…

«Առավոտը սովորականից շուտ վեր կացա. արևի շողերը արդեն հասել էին դիմացի շենքի պատուհանին: Հազիվ էի ավարտել թեյս և ուզում էի բազկաթոռը մոտեցնել պատուհանի եզրին, երբ հանկարծ դիմացի շենքի պատշգամբում տեսա Թալեաթին: Քարացա. նա՞ էր արդյոք: Այո: Նա մեկ-երկու քայլ առաջ անցավ, ուշադիր զննեց մայթը` նախ վեր, ապա վար, ու կարծես ինչ-որ մտքերի ծանրության տակ` գլուխը կախ: Ըստ երևույթին, թեթև չէր կյանքը գործած անպատում ոճիրից հետո: Թեև անցել էր հինգ-վեց տարի, բայց վախը անբաժան էր մնացել նրանից: Իր լայն ուսերին կրում էր երկու հրապարակային մահավճիռներ` Պոլսո պատերազմական ատյանի և ՀՅԴ-ի: Առաջինը նրա համար հավանաբար ուներ բարոյական նշանակություն. փոխանակ վեր հանելու իր «ազգանվեր» մեծ գործը, հարազատ երկրի մեջ դատապարտում էին նրան մահվան` որպես սովորական ոճրագործի: Բայց ժամանակը կարող էր այդ «թյուրիմացությունը» պարզել. ապագա սերունդները կհասկանային կատարած գործի արժեքը, եթե չլիներ ՀՅԴ դատավճիռը: Նայեցի ժամացույցին. 10-ն էր, Ուհլանտ գնալու իր սովորական ժամը: Զենքը վերցրի` պատրաստ դուրս գալու: Հանկարծ նա հայտնվեց դռան մոտ և փղի պես ծանրորեն սկսեց վար իջնել: Սառը դատողությունը ինձ ասում էր, որ այս անգամ անկարող պիտի լինի ազատվել ձեռքիցս, բայց և հուզումը բազմալեզու աղաղակներով փոթորկում էր ինձ»,- պատմել է Սողոմոն Թեհլերյանը։

Իսահակյանն ու Թեհլերյանը՝ մեկ նպատակի համար

Հայ վրիժառուի սխրագործությունը հայտնի է բոլորիս, բոլորս գիտենք՝ «նա մարդ է սպանել, բայց մարդսպան չէ»։ «Արդյո՞ք այդ նույն եզրակացության կգար նաև դատարանը» հարցի պատասխանին սրտատրոփ սպասում էին ողջ աշխարհում։ Արդյունքում գերմանական դատարանը Թեհլերյանին անմեղ ճանաչեց` «մի՞թե Թեհլերյանը մարդասպան է» հարցին տալով «ոչ» պատասխանը։

Դեպքերին նայելով մի դար հեռավորությունից, այսօր պարզ է դառնում՝ թե’ Թալեաթի սպանության, թե’ Թեհլերյանի ազատության գործում մեծ էր հայ գրող ու նվիրյալ Իսահակյանի դերը։

1919 թվականին  մշակվեց հատուկ օպերացիա. «Նեմեսիս»-ը հանձն էր առել պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող Երիտթուրք պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին։ Շարժումը կազմակերպեց Հայ Հեղափոխական Դաշնակցությունը:

Այդուհետ հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունը դարձավ հայոց արժանապատվության հոմանիշ։

«Նեմեսիս»-ի գաղափարակիցներից մեկն էր Իսահակյանը։ Նրա անունը ոչ միայն սերտորեն կապված է շարժման հետ, այլ նաև ընկած է «Նեմեսիսի» կազմավորման հիմքերում։ Ավելին՝ հենց Իսահակյանն էր ֆինանսական միջոցներ հայթայթում գործողության իրականացման համար։ «Նեմեսիս»-ի մեկ այլ նվիրյալ էր Թեհլերյանը, որին ուղարկում են Բեռլին՝ հատուկ գործողության։ Թեհլերյանը ստանում է Շահան Նաթալիից հետևյալ գրությունը.

«Կը պայթեցնես գանգը թիւ 1 ազգասպանին եւ չես էլ փորձեր փախչիլ. Կը կանգնես տեղդ, ոտքդ սատակին վրա ու կը յանձնուիս ոստիկաններուն, որոնք կու գան ու կձերբակալեն քեզ»

Կարծիքներ կան, որ Թալեաթի սպանությունը նախապես հանձնարարված է եղել Իսահակյանին… Այնուամենայնիվ,  Իսահակյանը Բեռլինում սպասում էր Թեհլերյանին։ Նրանք բազմաթիվ հանդիպումներ են ունենում, զննում Թալեաթի լուսանկարները, որը 1921 թվականի սկզբներին հաստատվել էր Բեռլինում՝ Ալի Սալի Բեյ վաճառականի կեղծանվան տակ։ Թեհլերյանի հետ Թալեաթ փաշային օրեր շարունակ հետևել է նաև Իսահակյանը։

Այս մասին վկայում է նաև Վիգեն Իսահակյանը.

«Մենակ մի զգացում էր տիրում նրա հոգում` վրեժխնդրության զգացումը: 1919թ. աշնանը նա երեք ամսով Բեռլինում էր, նրան մի գաղտնի հանձնարարություն էին տվել: Վրեժով լցված հայ տղերքի հետ պիտի հետևեր հայ ազգի դահիճ Թալեաթ փաշային, որը ուրիշի անվան տակ թաքնվում էր Բեռլինում և շարունակ բնակարաններ էր փոխում: Ինչպես գիտենք, այս հրեշն իր արժանի պատիժն ստացավ. քաջ Սողոմոն Թեհլերյանը ինչպես մի կատաղած շուն սատկացրեց նրան Բեռլինում` ասֆալտի վրա: Եվ հայրս հատուցման այդ սուրբ գործում նույնպես ուներ իր ավանդը»:

1921թ-ի մարտի 15

Այս պատմական օրը  Հարդենբուրգ փողոցի մյուս կողմում կանգնած էր Իսահակյանը. վերջինս պատրաստ սպասում էր՝ եթե հանկարծ Թեհլերյանը վրիպեր, հենց նա էր գործն ավարտին հասցնելու: Թեհլերյանին հաջողվեց դատաստան տեսնել Թալեաթի հետ, և ողջ հայությունը սպասման մեջ էր՝ արդյո՞ք հերոսին կդատապարտեն, թե ազատություն կտան։ Այս գործում ևս մեծ ներդրում ուներ Ավետիք Իսահակյանը։Նա հետևում էր  դավարությանն ու գռարում.

«Սողոմոնի հետ փողոց կիջներ ոչ միայն ինքը. ան ինքը չէր, որ փողոց կիջներ. իր մեջ կիջնեին դարերը, միլիոնավոր սպանվածները: Նա կտաներ իր առջև դրոշակը ամբողջ ժողովրդի պատվին…»:

Հարկ է նշել նաև, որ Իսահակյանը Թալեաթին հետևել է դեռևս 1919 թվականին։ Մեզ է հասել մի նամակ, որն Իսահակյանը հղել է Վահան Զաքարյանին.

«Վերջերս Բեռլինի գազանը, հրեշը մի քանի օրով եկած է եղել Զվեցարիա, մինչև իմացանք, արդեն վերադարձել էր Բեռլին: Ժողով են ունեցել Բեռն…նույն անունով էր եկել, ինչ-որ Բեռլին ուներ»:

Պահպանվել են նաև այլ նամակներ, որոնք փաստում են Իսահակյանի մասնակցությունը «Նեմեսիս»-ի գործողություններին։ Դրանցից մեկն է Իսահակյանին հասցեգրված Արտաշես ստորագրությամբ երեք նամակ, դրանցից մեկում գրված է.

 «Սիրելի՛ Ավո, այս րոպեին մի թուղթ գրեցի քո հասցեին, որով խնդրում եմ Մուշեղի, Հակոբի և իմ անունով, որ դու Բեռլինում եղած ատենդ աշխատես մեզ համար, որ մեզի թողնին Գերմանիայի, Ուկրաինայի վրայով Կովկաս գնալ: Այստեղից երևի Աշոտն էլ մեզ կընկերանա: Խնդրում ենք, ուրեմն, այս ուղղությամբ ավելին անել…» 

Նամակի հեղինակն էր Արտաշես Գևորգյանն է, որը 1922 թվականի ամռանը Ստեփան Ծաղիկյանի և Պետրոս Տեր-Պետրոսյանի հետ Թիֆլիսում սպանեց Խոտորջուրի ջարդերի անմիջական կազմակերպիչ Ջեմալ փաշային:

Հենց Ավետիք Իսահակյանի ցանկությամբ այս ամենի մասին գրեթե չէր խոսվում։ Սակայն արխիվային վկայություններն ու փատերը, պահպանված նամակները չեն կարող լռել։ 

Տես նաև՝


Ինչու՞ են Բարսելոնայի տաքսիները սուգ ու ամոթ խորհրդանշում

Ինչպե՞ս աշխատել տնից ու չկորցնել մոտիվացիան. ըստ Չերչիլի, Էյնշտեյնի ու Հյուգոյի

Տղամարդիկ կյանքի 1 տարին վատնում են կանանց նայելով

Ի՞նչ դիրքերով էին գրում դասականները…

Հետաքրքիր փաստեր վիրուսների մասին

Մարդու մարմնի թանգարանը հրավիրում է հետաքրքիր զբոսանքի

Հանճարները նաև հանճարեղ կատակում են…

Իսահակյանի տաղանդավոր որդին. Վիգեն Իսահակյան

Ինչու՞ է փետրվարը տևում 28 օր. [փորփրե՞նք]

3 սեքս-սկանդալ. գեղանկարչություն

3 սիրո պատմություն հայ դասականներից

Ջութակահարուհին նվագում էր վիրահատության ընթացքում

10 պատմական իրողություն, որ ձեզ կզարմացնեն

Սեքսի դերը համաշխարհային պատմության մեջ

Իսահակյանն ու Շուշանիկը, Իսահակյանն՝ առանց Շուշանիկի

Լուսանկարների 6 տեսակ, որ վկայում են ցածր ինքնագնահատականի մասին