EXO բոյբենդ. կորեական փոփ երաժշտության խորհրդանիշ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

EXO բոյբենդ. կորեական փոփ երաժշտության խորհրդանիշ

9 երիտասարդ տղաներին երբ գումարում ենք երաժշտական տաղանդ՝ տարբերվող ձայներ, յուրահատուկ պարային շարժումներ, ավելացնում հումոր, սեր՝ երկրպագուների հանդեպ, արվեստ հիշեցնող տեսահոլովակներ ու խենթության հասցնող մենահամերգներ՝ ստանում ենք EXO հարավկորեական բոյբենդ:  Նրանք համաշխարհային հասարակության ուշադրության կենտրոնում են արդեն 5 տարի, բայց նրանց հանդեպ հետաքրքրությունը դեռ չի պակասել, ավելին՝ նրանց հետևորդների հզոր բանակը դեռ շատանում է քաղցրավենիքի վրա հավաքվող մրջյունների տարափի պես:  Ովքե՞ր են նրանք, ի՞նչ ասելիք ունեն երաժշտական ասպարեզում, ո՞րն է նրանց ոճը՝ կիմանանք հենց հիմա:

EXO պատմությունը

2011թ.-ի հունվարին կորեական SM Entertainment գործակալությունը սկսեց խոսել տղամարդկանցից բաղկացած նոր խումբ հիմնելու մասին: Նշվում էր, որ նրանք առաջին անգամ հանդիսատեսին կներկայանան նույն թվականին և կկրեն  “М1” անվանումը: 2011թ.-ի մայիսին գործակալության պրոդյուսերը՝ Լի Սու Մանը, հանդես եկավ ելույթով, որտեղ ասում էր, որ խումբը կազմված կլինի 2 ենթախմբերից՝ “M1” և “M2“՝ կորեերեն ու չինարեն ստեղծագործություններով ելույթ ունեցող անդամներից համապատասխանաբար: Խումբն իրենց դեբյուտը պիտի ունենար մայիսին, բայց այն հետաձգվեց:
2011թ.-ի դեկտեմբերին խումբն իր համար ընտրեց “EXO” անվանումը, որը նրանք վերցրել էին  “exoplanet” (էկզոմոլորակ) բառից: Էկզոմոլորակները գտնվում են արեգակնային համակարգից դուրս՝ աստղերի մոտ, և դրանք հայտնաբերելը նախկինում այդքան էլ հեշտ չի եղել: “EXO” խումբը բաղկացած էր 2 ենթախմբերից՝ “EXO-K” և “EXO-M”: “K”-ն նշանակում էր կորեերեն և այդ ենթախումբը կատարում էր կորեերեն երգեր, իսկ M-ը՝ մանդարին, և խմբի անդամները կատարում էին երգերը չինարենով: Ընդհանուր հաշվով “EXO”-ում կար 12 անդամ:

2012թ.-ի հունվարի 30-ին “EXO-K” և “EXO-M” ենթախմբերը iTunes–ում ու այլ վճարովի երաժշտական հավելվածներում տեղադրեցին “What Is Love” անվանումը կրող իրենց երգը: Այնուհետև երկրորդը՝ “History” անվամբ: Վերջինս հարավային Կորեայի “Gaon Single” չարտում գրավեց 8-րդ հորիզոնականը, իսկ չինական “Sina Music” չարտում՝ 6-րդ:

2012թ.-ի ապրիլի 8-ը “EXO” խմբի երկրպագուների համար դարձավ, կարելի է ասել, պատմական օր: Ենթախմբերը թողարկեցին իրենց դեբյուտային սինգլը՝ “Mama” անվամբ, իսկ ապրիլի 9-ին թողարկվեց դրա տեսահոլովակը: Այն հայտնվեց և՛ Կորեայի, և՛ Չինաստանի երաժշտական չարտերի առաջին հորիզոնականներում, Billboard-ի համաշխարհային չարտի 8-րդ հորիզոնականում, իսկ տեսահոլովակը` YouTube-ի համաշխարհային չարտի 7-րդ հորիզոնականում:

2012-ի վերջում արդեն խումբն ստացավ  «Mnet ասիական երաժշտական մրցանակաբաշխության» «Լավագույն ասիական» խումբ մրցանակը,  “EXO-K”-ը «27 Golden Disk մրցանակաբաշխությանը» հաղթող ճանաչվեց 3 անվանակարգում, մինչդեռ  “EXO-M”-ը «Չինական թոփ երաժշտության մրցանակաբաշխության» ժամանակ ստացավ  «Ամենահայտնի խումբ» մրցանակը: Այսուհետ, աշխարհը լսելու էր EXO:

 «Բախտավոր» EXO

2013-ի մայիսին SM Entertainment-ը հայտարարեց “EXO”-ի առաջին ձայնասկավառակի՝ “XOXO”-յի մասին, որն ուներ “Hug” տարբերակ (EXO-M) ու “Kiss” տարբերակ (EXO-K): Ձայնասկավառակի թողարկումից օրեր անց այնտեղ ընդգրկված երգերը գլխավորում էին Չինաստանի ու Կորեայի տարբեր երաժշտական չարտեր: Ձայնասկավառակի երկու տարբերակներն էլ Billboard–ի համաշխարհային ալբոմների չարտում գրավեցին 9-րդ հորիզոնականը: Սկավառակի գլխավոր երգը՝ “Growl”-ը YouTube-ում հրապարակվել է օգոստոսի 1-ին: 3 շաբաթվա ընթացքում Կորեայում այն արժանանացել է 10 մրցանակի, իսկ «The Music Trend» չարտում գրանցել է 10554 դիտում՝ սահմանելով նոր ռեկորդ այդ չարտի համար: Օգոստոսի վերջում “XOXO”  ձայնասկավառակը միայն Կորեայում վաճառվել էր 5մլնից ավել օրինակով և մեկ այլ ռեկորդ սահմանելով դարձել 12 տարվա ընթացքում թողարկված կորեական ամենաշատ վաճառված ձայնասկավառակը: 2013թ.-ի վերջում խմբի ձայնասկավառակը դարձավ «Mnet ասիական երաժշտական մրցանակաբաշխության» «Տարվա ձայնասկավառակ»՝ EXO-ին դարձնելով ամենաերիտասարդ խումբը, որ արժանացել էր այդ մրցանակին: Ընդհանուր հաշվով սկավառակն ընդգրկում էր 12 երգ, որոնցից, բացի “Growl”–ից, ավելի հայտնի են նաև “Wolf”-ը, “Heart Attack”-ը, “Baby Don’t Cry”-ը, “Peter Pan”-ը և խմբի անդամներ Բեքհյոնի ու ՉանՅոլի հեղինակած “Lucky”-ն: Վերջինս գրվել է խմբի երկրպագուների համար ու դարձել նրանց հիմնը:

EXO «Ամպրոպ»

2014թ.-ին զգալի փոփոխություններ տեղի ունեցան խմբի անդամների ու երկրպագուների համար: Հրատարակվեց նրանց 2-րդ մինի ձայնասկավառակը՝ “Overdose“-ը: Այն կազմված էր 5 երգից, որոնցից հատկապես սիրվեցին “Overdose” և “Thunder” թրեքերը:

Սկավառակի թողարկումից հետո, սակայն, մայիսի 15-ին  “EXO”-ի գործակալությունը հայտարարեց խմբի չինացի անդամի ու “EXO-M”-ի լիդերի՝ խումբը լքելու մասին: Քրիսը՝ հիմա մեներգիչ ու դերասան, հայց ներկայացրեց գործակալության դեմ՝ համագործակցությունը խզելու համար: Այս պատճառով խմբի մյուս անդամները ստիպված էին շատ կարճ ժամանակում փոխել պարային շարժումների դասավորությունը, որպեսզի շարունակեն տարածել նոր մինի ձայնասկավառակը: Հոկտեմբերի 10-ին խմբի մյուս չինացի անդամը՝ Լուհանը, հետևեց Քրիսի օրինակին, խզեց պայմանագիրն ու լքեց խումբը: Խմբում մնացին ընդամենը 2 չինացի անդամ՝ Տաոն ու Լեյը:

Փորձելով չհուսահատվել, “EXO”-ն 2015թ.-ի մարտի 30-ին թողարկեց իր թվով 2-րդ ամբողջական ձայնասկավառակը՝ “Exodus”-ը: Սկավառակի երգերը՝ “Call Me Baby“, “Playboy”, “Hurt”, “My Answer”, “Love Me Right” և այլն շատ կարճ ժամանակահատվածում դարձան երկրպագուների սիրելի թրեքերը: Սա, ցավոք, վերջին համատեղ պրոեկտն էր խմբի մեկ այլ չինացի անդամ Տաոյի հետ. նա նույնպես, 2015թ.-ին հեռացավ EXO–ից: Երկրպագուներն ու խմբի անդամները մոլորված էին: Վերջիններս փորձում էին ամեն բան անել, որպեսզի նախկին անդամների խմբից հեռանալը չազդի նրանց երաժշտական կարիերայի ու երկրպագուների հետ ունեցած ամուր հարաբերությունների  վրա: Նրանք փորձում էին ամեն բան շտկել իրենց տքնաջան աշխատանքի ու երկրպագուների հանդեպ ունեցած սիրո շնորհիվ:

EXO-ի «Խոստումը» ЕXO-L-ին

Այս փոփոխություններով լի ժամանակահատվածում “EXO”-ն հանդես եկավ ֆաներին նվիրված մեկ այլ երգով, որի անվանումն է  “Promise” (Խոստում): Այս անգամ երգը սրտին ավելի հարազատ, մեղեդային ու հուզիչ էր:

«Շնորհակալություն, կներեք, սիրում եմ ձեզ,

Նույնիսկ եթե տամ, ինչ ունեմ, քիչ է…

Եթե նույնիսկ դժվար է, ու հոգնած եմ, նույնիսկ եթե սիրտս ցավում է,

Ես նորից բեմ կբարձրանամ,

Նորից ուժ կհավաքեմ ձեզ համար,

Որովհետև դուք միշտ սպասում եք ինձ…

Խոստանում եմ՝ չեմ հիասթափեցնի ձեզ,

Դուք էլ խոստացեք, որ կմնաք այնպիսին, ինչպիսին հիմա եք…» 

Այս երգը, որ հեղինակել էին հենց “EXO”-ի անդամները՝ Չենը, ՉանՅոլն ու Լեյը, դարձավ խմբի ու նրանց երկրպագուների բանակի՝ “EXO-L”-ի հերթական հիմնը: Ի դեպ, L-ը նշանակում է “Love”`«սեր», բայց սա տառի միակ նշանակությունը չէ այստեղ: L-ը նաև անգլերեն այբուբենում 12-րդ տառն է, ինչը խորհրդանշում է խմբի 12 անդամներին: Այս տառը նաև իրար է միացնում K և M տառերը: EXO+EXO-L=One, այսինքն՝ մեկը բոլորի համար:

 «Միակ ու անկրկնելի» EXO

2016 հունիսի 9. “EXO”-ն վերադարձավ նոր ու թարմ ուժերով: Թողարկվեց Ex’Act  սկավառակը, որը ֆաներին նվիրեց այնպիսի երգեր, ինչպիսք են “One and Only”-ն, “Monster”-ը, “Lucky One”-ը և “Heaven”-ը, որի համահեղինակն էր նաև ՉանՅոլը:  Սկավառակի գլխավոր երգ “Monster”-ը դարձավ նրանց խաղաքարտային երգերից ու տեսահոլովակներից մեկը. ներկա պահին YouTube-ում այն ունի 132 մլն-ից ավելի դիտում:

Սկավառակը խմբի համար վաստակեց ևս մեկ «Տարվա ձայնասկավառակ» մրցանակ « Mnet ասիական երաժշտական մրցանակաբաշխության»  ժամանակ: Նույն թվականի օգոստոսի 18-ին երկրպագուներին ավելի մեծ անակնկալ էր սպասվում: Լույս տեսավ Ex’Act ձայնասկավառակի նոր տարբերակը՝ “Lotto” անվամբ, որտեղ ընգրկված էր 4 հավելյալ երգ: Դրանցից ամենաճանաչվածը, աղմուկ բարձրացրածն ու սիրվածը դարձավ սկավառակի անվանումը կրող երգը՝ “Lotto”-ն: Այն նաև հայտնվեց  Billboard-ի համաշխարհային երաժշտական չարտի առաջին հորիզոնականում:

2016թ.-ը նշանավորվեց նաև “EXՕ”-յի նոր ենթախմբի ստեղծմամբ: “EXO CBX”-ը բաղկացած է Չենից, Բեքհյոնից ու Սիումինից: Նրանց դեբյուտային երգն էր “Hey Mama!”-ն, որը լի է գույներով, ուրախ ու թեթև ռիթմերով: Խումբը այնուհետ թողարկեց երկու ձայնասկավառակ՝ “Hey Mama” (կորեերեն) և “Girls” (ճապոներեն) անուններով:

Այսօր “EXO” խմբի անդամները պատրաստվում են իրենց վերադարձին, որը, ի ուրախություն խմբի երկրպագուների, լինելու է հուլիսին: Հստակ օրվա ու նոր պրոեկտի մանրամասների մասին դեռ ճշտված տեղեկություն չկա, բայց տղաները՝ հատկապես  գլխավոր վոկալիստ Բեքհյոնը, շարունակաբար տանջում են ֆաներին իրենց հուշումներով: Ըստ Բեքհյոնի տված տեղեկության այն կապ ունի ամռան շոգի հետ: Առաջարկում ենք սպասել ու տեսնել, թե այս անգամ 9 խենթ անդամից բաղկացած EXO-ն ինչպես է ներկայանալու իր լսարանին:

EXOի «9-րդ երկինքը»

Սուհո, Բեքհյոն, Սեհուն, Քայ, ԴիՈ, ՉանՅոլ, Լեյ, Չեն և Շիումին: Նրանք են ներկայիս “EXO” խմբի անդամները, որոնք շարունակում են իրենց երաժշտությամբ գրավել ամբոխների սրտերը:

Սուհոն առաջին անդամն էր, որ ընտրվել է խմբում լինելու համար: Նա համարվում է “EXO”–ի լիդերը: Պատկերացնել կարող ենք, թե որքան դժվար է լինել մյուս 8 խենթերի առաջնորդը: Բեքհյոնն ասում է, որ իրենց լիդերը կարող է հիշեցնել անցյալդ, եթե բարկացած է քեզ վրա: Սուհոն նաև շատ է սիրում կատակել, բայց, ցավոք, նրա կատակները, ըստ խմբի տղաների, հազվադեպ են ծիծաղելի լինում: 

Սակայն Բեքհյոնը՝ խմբի գլխավոր վոկալիստը, կարողանում է խմբի անդամների ու երկրպագուների տրամադրությունը միշտ բարձր պահել իր երբեք չավարտվող կատակներով: Նա ամենակատակասեր անդամն է, որը կարողանում է նաև յուրահատուկ կերպով նմանակել իր ընկերներին: Ալկոհոլը նրա վրա ուշ է ազդեցություն թողնում, բայց երբ 2 բաժակից ավել է խմում, դեմքը սկսում է կարմրել: Բեքհյոնն ամենաուշն է միացել նոր կազմավորվող “EXO”-ին. SM Entertainment-ը նրան նկատել է, երբ Բեքը պատրաստվում էր Սեուլի համալսարան ընդունվել: Նա դարձել է SM-ի անդամ 2011-ի մայիսին, սեպտեմբերից սկսել պատրաստվել դեբյուտին ու առաջին անգամ ելույթ ունեցել 4 ամիս անց: Նա համարվում է գործակալության առաջին անդամը, որն այդքան կարճ ժամանակահատվածում կարողացել է դեբյուտ ունենալ: “EXO”-ում լինելու տարիներին նա ստեղծել է իր սեփական բառերը, որոնցից է “Kkaebsong”-ը: Նա բացականչում է այս բառն ամեն անգամ երբ վախեցած է, զարմացած կամ հանկարծակիի եկած: Բեքհյոնը նաև հապկիդոյի վարպետ է ու արդեն դերասան: 

Շիումինը խմբի ավագ անդամն է՝ 27 տարեկան, բայց նա կարծես իր տեսքով ամենաերիտասարդը լինի: Նա ուզում է բարիստա դառնալ ու մի օր իր սեփական սուրճի խանութն ունենալ: Նա ֆուտբոլի երկրպագու է, սիրում է դդում ուտել, նստել ավտոմեքենայի դիմացի նստատեղում ու անչափ ուշադիր է մաքրության հարցում: Շիումինը նաև շատ համեստ է ու քչախոս: 

Լեյը հիմա խմբի միակ չինացի անդամն է: Նա հրաշալի պարում է, երգում, երգեր գրում ու նաև շատ աշխատասեր է: Նա նախընտրում է ճապոնական նորաձևությունը, սև գույնը, չի կարողանում կծու ուտելիք ուտել ու փորձում է ամեն ինչ անթերի անել, չնայած, որ հագուստը երբեմն գետնին է թողնում: 

ՉանՅոլը խմբի մյուս կատակասեր անդման է: Նրա համար ծիծաղելի է ամեն բան ու բոլորը: Յոլը նաև դերասանական փորձ է ձեռք բերել մի շարք ֆիլմերում խաղալու շնորհիվ: Նա “EXO”-ի գլխավոր ռեփերն է ու նաև կարողանում է մի քանի երաժշտական գործիք նվագել՝ դաշնամուր, կիթառ ու հարվածային գործիքներ: ՉանՅոլը սիրում է ուտել, քնել ու կատակել Բեքհյոնի հետ:  

Խմբի մյուս անդամը, որը հարուստ դերասանական փորձ ունի ԴիՈն է: Նա ունի նաև հզոր ձայն ու սեր խոհանոցի հանդեպ. նա հաճախ է համեղ ուտեստներ պատրաստում խմբի մյուս անդամների համար: Նրա լուրջ դեմքը ստիպում է մյուսներին մտածել խոսելուց առաջ ու իր հետ գործ չունենալ: Մեկ անգամ ԴիՈն ասաց, որ կցանկանար լինել “EXO”-ի վարսահարդարը, կամ էլ ոճաբանը, բայց խմբի մյուս անդամները բացականչեցին՝ «Ոչ, շնորհակալություն»:  Դիոն, երևի, ավելի լավ է դեռ միայն ուտելիք պատրաստի իր խմբի անդամների համար: 

Սեհունը նույնպես դասվում է լուրջ բնավորություն ունեցող անդամների շարքին: Սուհոն կատակում է, ասելով, որ մարդիկ կարծում են, որ Սեհունը չի խոսում, քանի որ հասուն տղամարդ է, բայց իրականում նա (Սեհունը) ուղղակի չգիտի՝ ինչի մասին խոսի, քանի որ հիմար է: Սուհոն իհարկե կատակում է, քանի որ Սեհունը բազմիցս ցույց է տվել, որ խելացի է: Նա նաև շատ է սիրում սելֆիներ անել ու մասնակցել նորաձևության ցուցադրությունների: 

Քայը “EXO”–ի պարի արքան է: Նա իրականում համեստ է ու ամաչկոտ, բայց երբ բեմի վրա է՝ մոտավորապես փոքր քաղաքի բնակչության թվի քանակով հանդեսատեսի դիմաց, նա վերածվում է ինքնավստահ արքայազնի ու ֆաները սիրում են նրա այդ սովորությունը: Քայը սիրում է Մայքլ Ջեքսոնին, 1 թիվը, տապակած հավ ու «Կարիբյան ծովի ծովահեններին»: 

Չենը “EXO”-ի վոկալիստներից է: Նա սիրում է հեղինակել երգեր ու խմբակիցների գլխին խաղեր խաղալ:  Չենը նաև համառ է, և դա երևի կօգնի նրան իր ուզածի պես լավ չինարեն սովորել: Նա ուզում է անել դա, որպեսզի կարողանա իր չինացի երկրպագուների հետ ազատ շփվել: Նա շատ ընկերասեր է ու նույնիսկ վախի սենյակում գտնվելու ժամանակ փորձել է ծանոթանալ իրեն վախեցնող «հրեշների » հետ: Նրա երազանքն է դառնալ աշխարհի ամենալավ երգիչը: Հաջողություն այդ հարցում, Չեն: 

9 հոգուց բաղկացած այս խումբը, որը տարաձայնությունների մեծ մասը լուծում է չինգաչունգ խաղալով, որի հետ մարդիկ չենց ցանկանում մեքենա նստել, քանի որ ողջ ճանապարհին խմբի անդամները երգում են ու բիթբոքսում իրենց ուժերը փորձում, կորեական փոփ երաժշտության ամենամեծ անուններից է, եթե ոչ ամենամեծը: Նրանք հետաքրքիր համադրությունն են ռեփի, R&B-ի, ռոքի ու հիփ-հոփի: “EXO”-ն երաժշտասերներին զարմացնելու դեռ շատ հնարքներ ունի, դե իսկ ՎիվառոՆյուզ լրատվականն էլ ուշադիր կհետևի նրանց ապագա գործունեությանը:


MTV մրցանակաբաշխության հաղթողները, լավագույն լուքերն ու ելույթները

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության նոմինանտներն ու նորույթները

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

EXO խմբի Բեքհյոնը թողարկել է իր առաջին սոլո ալբոմը

Աստղերը մասնակցում են շշի կափարիչով նոր չելինջին. Ի՞նչ է այն

Կորեական 5 նոր սերիալ, որ կարող եք դիտել այս ամռանը

BTS խումբը վերադարձել է նոր սինգլով, ալբոմով ու աղմուկով

Հայտնի են Billboard 2019 մրցանակաբաշխությանն առաջադրված աստղերը

Երաժշտական ամփոփում. Մարտի լավագույն նորույթները

Կորեական 5 սերիալ, որ կթողարկվի ապրիլին

Կորեական դորամաների ամենահիշվող սաունդթրեքերը

Գրեմմի 2019-ի հետաքրքիր լուքերը

Կյանքի գեղեցիկ պահերն ու սերն իլուստրացիաներում

2018թ.-ի 30 ամենահայտնի երգերի փլեյլիստը

2018թ.-ի 10 լավագույն կորեական սերիալները