fbpx

Ֆեդերիկո Ֆելինի. Պարականոն դիմանկար

Ուղիղ մեկ դար առաջ հունվարի 20-ին, Իտալիայի Ռիմինի քաղաքում ծնվեց Ֆեդերիկո Ֆելինին։ Նա, ով չունենալով մասնագիտական կրթություն կարողացավ ինքնուրույն բացահայտել կինոաշխարհի գաղտնիքներն ու ստեղծել կինոյի պատմության մեջ գլուխգործոց դարձած այնպիսի ֆիլմեր, որոնց շնորհիվ ծնվեց նոր կինոլեզու։ Ֆելինիի մասին գրվել են բազմաթիվ հոդվածներ, պատումներ, գրքեր, սակայն նրան լավագույնը ներկայացնում է հենց ինքը` Ֆելինին, ստեղծելով իր պարականոն դիմանկարը։

Ռիմինի` ծննդավայր

Հիշողություններ Ռիմինիի մասին… Rimini – մի բառ, որ բաղկացած է փայտիկներից, զինվորիկների տողանիից։ Նույնիսկ չգիտեմ, թե ինչպես ավելի ճիշտ բացատրեմ։ Ռիմինի… ինչ-որ անորոշ, ահավոր ու նուրբ բանի զուգորդում, և զորեղ շնչառություն, լայնարձակ ծովի ամայի տարածք… Այնտեղ տխրությունը դառնում է պայծառ, հատկապես ձմռանը, երբ ճերմակում են ալիքների մանրիկ կատարները և ուժեղ քամի է փչում. առաջին անգամ ծովը հենց այդպիսին եմ տեսել։ Իսկ այն տունը, ուր մենք ապրում էինք, գտնվում էր կայարանի մոտակայքում։ Թվում է հենց այնտեղ էլ կանխորոշվեց իմ ճակատագիրը։

Մանուկ Ֆելինին Ռիմինիիում

Կրկեսը

Երբ ես յոթ տարեկան էի, ծնողներս ինձ կրկես տարան: Ինձ ապշեցրին ծաղրածուները: Ես չէի հասկանում, թե ովքեր են նրանք` կենդանինե՞ր, թե՞ ոգիներ: Նրանք ինձ ծիծաղելի չէին թվում:

Իմ մեջ տարօրինակ զգացողություն էր, որ ինձ այստեղ սպասում էին:

Այդ գիշեր եւ շատ տարիներ շարունակ ես երազում տեսնում էի կրկեսը: Այդ երազներում ինձ թվում էր, թե ես գտել եմ իմ տունը: Եվ այնտեղ սովորաբար միշտ փիղ էր լինում:

Այն ժամանակ ես դեռ չգիտեի, որ իմ ողջ գալիք կյանքը կրկեսում է անցնելու` կինոկրկեսում:

Ծաղրածուն

Առաջին անգամ կրկես այցելելուց հետո ես հանդիպեցի ծաղրածուներից մեկին` հրապարակի ցայտաղբյուրի մոտ, նա նույնկերպ էր հագնված, ինչպես ներկայացման ժամանակ: Ինձ դա ամենեւին չզարմացրեց: Ես չէի կասկածում, որ նա միշտ ծաղրածուական հանդերձանքով է:

Դա Պիերոն էր: Նրա դիմակն ինձ չէր վախեցնում: Ես դեռ այն ժամանակ էի հասկանում, որ մենք նույն ընտանիքից ենք: Նրա անտարբերությունը պայմանականությունների նկատմամբ իմ սրտով էր: Հանդերձանքի մանրակրկիտորեն մտածված խեղճությունը քանդում էր ինձ մորս կողմից ներշնչած պատկերացումները պատշաճության մասին: Այդպիսի հագուստով անկարելի էր դպրոց կամ եկեղեցի գնալ:

Ծաղրածուն, ում հետ ես այն ժամանակ ծանոթացա, առաջինն էր այն բազում տրտում ծաղրածուների շարքում, որոնց հետ ես բախտ ունեցա հանդիպելու կյանքում: Բայց առաջին ծաղրածուն միշտ իրադարձություն է: Բոլոր ծաղրածուները, որոնց ես ճանաչել եմ, հպարտանում էին իրենց մասնագիտությամբ եւ հասկանում էին, որ մարդկանց ծիծաղեցնելը լուրջ գործ է: Անձամբ ես ողջ կյանքում անվերջորեն հիանում եմ այն մարդկանցով, ովքեր կարողանում են զվարճացնել այլոց: Դա ինձ շատ դժվար, բայց վսեմ գործ է թվում:

Նկարչությունը

Որքան ինձ հիշում եմ, միշտ նկարել եմ :

Մայրս նույնպես սիրում էր նկարել: Նա այդ անում էր բոլորից գաղտուկ, երբ ես դեռ փոքր էի: Հենց նա ինձ սովորեցրեց մատիտներով նկարել, իսկ հետագայում` պաստելով: Ըստ նրա պատմածների՝ ես ամենուր նկարում էի` պատերի վրա, ընտանիքի անդամներից մեկի ձեռագործ սփռոցի վրա: Ստիպված եղան լավ տանջվել, որպեսզի ամենը մաքրեն, քանի դեռ հայրս չի տեսել:

Ես երբեք նկարելուց չեմ հոգնել: Երբ հայրս տանն էր լինում, իսկ երբեմն այդպես էլ էր պատահում, նրան դուր չէր գալիս, որ ես ժամերով նստում եմ սեղանի մոտ ու նկարում: Հայրս դա աղջկա զբաղմունք էր համարում: Ես խոսելու կարիք չունեի, ես առանց այդ էլ հասկանում էի, որ հայրս կգերադասեր ինձ տեսնել փողոցում, այլ տղաների հետ գնդակ խաղալիս, թեպետ այն ժամանակ ես ինքս դեռ գնդակից այնքան էլ մեծ չէի: Այդժամ մայրս դադարեցրեց խրախուսել իմ հափշտակվածությունը, դե ինքը եւս դադարեց նկարել` համենայն դեպս, ես այլեւս երբեք այդ գործի վրա նրան չեմ տեսել: Ես մոռացել եմ, թե երբ եւ ինչպես եմ սկսել նկարել` այնքան վաղուց էր դա սկսվել: Այնպիսի զգացողություն էր, որ դա միշտ իմ մի մասն էր եւ ինձնից ոչ մի տեղ չի գնացել: Հիշում եմ, մի անգամ, երբ ես, արդեն տարեց, Ծննդյան տոներին եկել էի Ռիմինի, ինչ-որ մեկը մորս ասաց` «Ֆեդերիկոն նկարչի տաղանդ ունի»: Եվ ես լսեցի, թե ինչպես մայրս հպարտությամբ պատասխանեց` «Դա ինձանից է: Իմ մեջ էլ պատանի հասակում ընդունակություններ էին գտնում, եւ այդ ես եմ նրան նկարել սովորեցրել»: Այդ ժամանակ ես ամեն ինչ հիշեցի:

Դպրոցը

Դպրոցը, համենայնդեպս այն, որտեղ սովորել եմ, գրեթե միշտ մեզնից հեռացնում, անգործուն է դարձնում այն գիտելիքները, որ պետք է տար մեզ․ մեր վզին փաթաթելով իր տեսակետը՝ դպրոցն աղքատացնում է գիտելիքները, վերածում վերացական, անիմաստ տեղեկությունների անվերջ շղթայի, որոնք, վերջ ի վերջո, հարաբերակցվում են միայն իրենք իրենց հետ, այլ կերպ ասած` ոչ մի բանի հետ: Հեթանոսական աշխարհի հայտնագործումը, դրա մասին այն տեղեկությունները, որ ստանում ենք, օրինակ, դպրոցում, կրում են պարզապես թվարկողական, անվանողական բնույթ և մեր մեջ առաջացնում են անվստահություն, տաղտուկի, անտարբերության մի խառը զգացում և, իհարկե, ծայրահեղ դեպքում` գռեհիկ, սոլդաֆոնական և նույնիսկ փոքր-ինչ ռասիստական հետաքրքրություն։

Կրթությունը

Դպրոցական տարիները ես այնքան էլ լավ չեմ հիշում: Ամեն ինչ խառնվել է: Տարին մի օր էր թվում, իսկ ամեն մի նոր օր նախորդից չէր զանազանվում: Իմ իսկական կյանքը դպրոցում չէր անցնում: Պարապմունքների ժամանակ ես չէի կարողանում ազատվել այն զգացողությունից, որ, գտնվելով այդտեղ, ես շատ ավելի կարեւոր ու հիասքանչ բան եմ բաց թողնում:

Սովորաբար ես ասում եմ, որ շատ վատ եմ սովորել, չնայած ես սովորական միջին որակի սովորող էի, բայց չէ՞ որ դա առավել դրամատիկ ու հետաքրքիր է հնչում: Ինձ երբեք դուր չի եկել ինքս ինձ ինչ-որ սովորական բան համարելը:

Տասնմեկ տարեկանում ես Կաթոլիկ դպրոցից փոխադրվեցի Հուլիոս Կեսարի դպրոցը: Այնտեղ պատերի վրա Հռոմի պապի ու Մուսոլինիի նկարներն էին, եւ մենք ուսումնասիրում էինք Հռոմեական կայսրության փառավոր ժամանակները, անտիկ անցյալը եւ պատկերացում էինք կազմում ապագայի մասին` ինչպես այն տեսնում էին «սեւշապիկավորները»:

Դասերի ժամանակ կարելի էր նկարել՝ ձեւացնելով, թե տետրակի մեջ գրառումներ ես անում կամ ստուգողական ես գրում, ինչպես նաեւ երազել, դեմքիդ վրա արտահայտելով խորունկ ուշադրություն ուսուցչի խոսքի հանդեպ: Ես ծաղրանկարներ էի անում, թաքուն հուսալով թաքցնել իմ զբաղմունքների ճշմարիտ էությունը` թող բոլորը մտածեն, թե ես պարզապես մանրակրկիտորեն կոնսպեկտավորում եմ դասախոսությունները: Բայց մի անգամ ուսուցիչը բացեց իմ տետրը եւ, տեսնելով սարսափելի մի հրեշի, չգիտես ինչու, որոշեց, թե ես իրեն եմ նկարել: Նա անպայման ուզում էր այդ հրեշի մեջ իրեն տեսնել, թեպետ նա այդքան էլ այլանդակ չէր: Բարեբախտաբար, նա տետրը չթերթեց եւ չծանոթացավ մնացյալ նկարներին, ուր մերկ կանայք էին պատկերված, ինչպիսին որ այն ժամանակ իմ երեւակայությունը տեսնում էր նրանց:

Իմ գնահատականները ինձ թույլատրեցին ընդունվել Հռոմի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ինչը կարեւոր էր երկու պատճառով, ես Հռոմ էի տեղափոխվում, չէ՞ որ մայրս երազում էր, որպեսզի ես իրավաբանության հետազոտությամբ զբաղվեմ, քանի որ չկամեցա քահանա դառնալ: Եվ երկրորդ, եւ դա ամենակարեւորն էր, համալսարանում սովորելը հետաձգում էր բանակ գնալս: Եվ արդեն իսկ դրա համար արժեր դասարանում շալվարս մաշել:

Ես չեմ ափսոսում, որ այնքան էլ ջանադիր չեմ սովորել: Եթե ավելի լավ սովորեի, իմ կյանքը միանգամայն այլ ուղղություն կունենար, ես կարող է ռեժիսոր չդառնայի, իսկ դա հենց իմ կյանքի իմաստն է:

Եկեղեցին, ֆաշիզմը եւ մեր ծնողները

Ես ողջ կյանքս վատնել եմ, որպեսզի ապաքինվեմ այն բանից, ինչն ինձ ներշնչել են ծնված օրվանից` «Դու երբեք չես կարող հասնել իդեալի` դու անմաքուր ես»։ Իմ սերունդը հոռետեսական ու ռեպրեսիվ դաստիարակություն է ստացել, դրանում մեղավոր են եկեղեցին, ֆաշիզմը եւ մեր ծնողները: Խոսակցությունները սեռական թեմաներով այն ժամանակ ընդհանրապես անհնար էին:

Լինել կինոռեժիսոր

Կար ժամանակ, ես մտածում էի, թե պիտանի չեմ ռեժիսոր դառնալու համար։ Ես ուրիշի կամքի վրա բռնակալական ճնշում գործադրելու հակում չունեի, չունեի համառություն, մանրախնդրություն, կաշվից դուրս գալու աստիճան աշխատելու սովորություն և շատ ուրիշ բաներ, իսկ գլխավորը իշխելու ձգտում։ Բոլոր այս հատկանիշները խորթ են իմ խառնվածքին։

Լինել ֆիլմի ռեժիսոր, կնշանակի Քրիստափոր Կոլուբոսի նման հրամանատար լինել ծովայինների մի ամբողջ խմբի, որ պահանջում է ետ շրջել նավը։ Որ կողմ նայում ես` լուսավորողների դեմքերն են շարունակ աչքիդ առաջ համր մի հարցով. «Դոտորե, մի՞թե այսօր էլ մեզ պետք է ստիպեք այստեղ տնկվել մինչև երեկո…»։

Եթե մի քիչ տիրական չլինես, հենց քեզ էլ ընդգծված սիրալիրությամբ դուրս կվռնդեն տաղավարից։

Մենությունը

Միայնակ լինել՝ կնշանակի՝ ինքդ քեզ հետ լինել, չէ՞ որ այդժամ դու կարող ես ազատ զարգանալ` ոչ մեկին աչք չածելով: Լիակատար մենությունը բացառիկ վիճակ է, իսկ մենությունը տանելու ընդունակությունը դրանից էլ հազվադեպ է պատահում: Ես միշտ նախանձել եմ ինքնաբավ մարդկանց` միայն դա է անկախություն պարգևում: Բոլորը պնդում են, թե ազատության կարիք ունեն, բայց իրականում վախենում են դրանից: Աշխարհում ամենից շատ մարդիկ վախենում են մենությունից: Միայնակ մնալով, նրանք արդեն մի քանի րոպե անց շրջապատ են փնտրում` ցանկացած, միայն թե դատարկությունը լցնեն: Նրանք վախենում են լռությունից, այն լռությունից, երբ մեն-մենակ ես մնում քո մտքերի հետ՝ անվերջանալի ներքին մենախոսություն վարելով: Չէ՞ որ այդ ժամանակ ստիպված կլինես սիրելու սեփական շրջապատդ: Բայց դա ունի նաև իր առավելությունը` դու կարիք չունես ինքդ քեզ ջարդելու, որպեսզի համակերպվես օտար մարդկանց գաղափարներին կամ պարզապես նրանց սիրաշահես:

Կինը

«Ես միշտ համարել եմ, որ Ջուլիետայի հետ իմ հանդիպումը կանխորոշված էր ճակատագրով, և այլ կերպ չէր կարող լինել։ Ես ամեն ինչով պարտական եմ նրան և երբեք չեմ հոգնի կրկնել, թե որքան բարի, համբերատար ու խելացի է իմ կինը։ Ես նրան հիասթափեցրել եմ, նա ինձ՝ ոչ։ Նրանից ավելի լավ կին չէի կարողանա գտնել»։

Զգացմունքները

Ես միշտ ջանացել եմ թաքցնել իմ զգացմունքները: Շրջապատում ես հաճույքով թե կուրախանամ եւ թե կծիծաղեմ, բայց ոչ մեկին մասնակից չեմ դարձնի իմ վշտերին կամ վախերին:

Ես պաշտում եմ այն մարդկանց, ովքեր ապրում են, չմտորելով ապագայի մասին, ովքեր գժություններ են անում, կարողանում են խենթուխելառ սիրել ու ատել: Ես հիանում եմ պարզ, անկեղծ զգացմունքներով եւ խոնարհվում եմ այն արարքների առաջ, որոնցում չկա վախ հետեւանքներից: Ես ինքս այդպես էլ չսովորեցի գլուխս կորցնել: Եվ միշտ խստորեն եմ դատում ինձ: