Ֆլանդրիական շուն - VNews

Ֆլանդրիական շուն

Անտվերպենի Աստվածամոր տաճարի դիմացի հրապարակում տեղադված` քնած տղայի և շան հուզիչ քանդակի կողքով անհնար է անտարբեր անցնել։ Նրանց` քնի մեջ  ժպտացող կերպարների պատմությունը շատ տխուր է։

Այդ պատմությունը հորինել է անգլիացի վիպասան Մարիա Լուիզ Ռամեն, ով գրել է «Ֆլանդրիական շուն» (Flanders Dog) վեպը` 1872 թվականին:

Աշխարհում լայն տարածում գտած գրական այս ստեղծագործությունը մեծ տպաքանակով հրատարակվել է ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ասիայում։ Վեպի հիման վրա ստեղծվել է տասը գեղարվեստական և անիմացիոն ֆիլմ։ Իսկ 2010-ին ՝ Բելգիայում, գրքի հոլանդերեն թարգմանության 25-ամյակի կապակցությամբ, թողարկվել է  20 եվրո արժողությամբ արծաթե մետաղադրամ` 40 հազար օրինակով։

Ի՞նչի մասին է վեպը

Մի անգամ Նելլո անունով որբ-տղան գտնում է ծեծված, գրեթե մահամերձ մի շուն։ Նա խնամում  է շանը, կոչում նրան Պատրաշ։ Նրանք դառնում են հավատարիմ ընկերներ։ Նելլոն երազում էր նկարիչ դառնալու մասին, սակայն ուսման փող չուներ։ Ավելին այնքան աղքատ էր, որ իր մտերիմ ընկերուհու` Ալոիսի հայրն արգելում է աղջկան շփվել Նելլոյի հետ։

Տղան հուսահատված գնում է Անտվերպենի տաճար, որպեսզի տեսնի Ռուբենսի «Քրիստոսի խաչից իջեցումը» եռանկարը, սակայն տաճար մտնելու համար նույնպես գումար էր անհրաժեշտ։ Երբ շունն ու տղան, նույնիսկ, հացի գումար չունեին, հանկարծ փողոցում գտնում են ոսկով լի մի քսակ, որը Ալոիսի հայրը ուժեղ փոթորկի ժամանակ էր կորցրել։ Նելլոն քսակը վերադարձնում է տիրոջը` չստանալով ոչ մի գրոշ պարգևատրում։

Ռուբենսի «Քրիստոսի խաչից իջեցումը» եռանկարը

Անտուն, քաղցած ու մրսած երկու ընեկեր  Ծննդյան տոնի նախօրեին կրկին գնում են տաճար։ Միանգամայն հյուծված ու տանջված մոտենում են տաճարի դռանը ու հայտնաբերում, որ այն բաց է։ Վերջապես Նելլոն հնարավորություն ուներ տեսնելու Ռուբենսի այնքան սպասված նկարը։ Սակայն, դժբախտաբար, նա  ուժ չուներ ուրախանալու համար։ Նելլոն իր շան` Պատրաշի հետ պառկում է քարե հատակին։ Հաջորդ առավոտյան տղային  ու շանը գտնում են մահացած Ռուբենսի եռանկարի առջև։

Քանդակը

Վեպի ստեղծումից գրեթե մեկ դար անց, 2016 թվականին, Անտվերպենի տաճարի առաջ տեղադրված քանդակի հեղինակը բելգիացի Բատիստ Տիստ Վերմելենն է։

Քանդակը տպավորիչ է ոչ միայն իր մեջ կրող պատմությամբ, այլ նաև գեղարվեստական առումով։ Բելգիացիների վստահեցմամբ, ոչ ոք չի կարողանում առանց հուզմունքի նայել քանդակին։ Հատկապես ճապոնացիները, որոնք ստեղծել են վեպի և՛ գեղարվեստական, և՛ անիմացիոն տարբերակները ու քաջատեղյակ են այս պատմությանը` շատ սիրում այս արձանախումբը, որից հեռանում են արցունքն աչքերին։