fbpx

Ֆրանսիական պոեզիան հայերեն թարգմանությամբ

Գիյոմ Ապոլիներ՝ «Le pont Mirabeau»/ «Միրաբո կամուրջը»

Միրաբո կամրջի տակով Սենն է հոսում,
Մեր հարատև սերը՝ նույնպես,
Եվ ի՞նչ պատճառով եմ հիմա հիշում.
Ցավից հետո էինք միայն ժպտում:

Զանգերի ձայնից թող գա գիշերը,
Անցնի ամենը, մնա իմ սերը:

Ձեռք-ձեռքի տված մնանք քարացած,
Մինչդեռ այնտեղ`կամրջից ներքև,
Կանցնեն-կգնան անթարթ հայացքներ,
Ուժասպառ եղած, հոգնած ալիքներ:

Զանգերի ձայնից թող գա գիշերը,
Անցնի ամենը, մնա իմ սերը:

Սերը կգնա, ինչպես այն ջուրն է
Ներքևում անվրդով հոսում, սերը կգնա
Ինչպես կյանքն է անշտապ անցնում,
Ինչպես մոլեգին սպասումն է մեր հոգին կրծում:

Զանգերի ձայնից թող գա գիշերը,
Անցնի ամենը, մնա իմ սերը:

Կանցնեն օրերը շաբաթների հետ,
Մեր սերը, սակայն, չի դառնա էլ ետ
Միրաբոյի տակով հոսող
Սենի ալեկոծ ալիքների հետ:

Զանգերի ձայնից թող գա գիշերը,
Անցնի ամենը, մնա իմ սերը:

Սերժ Ռեջանի՝ «Enivrez-vous»/«Արբեցե´ք»

Պետք է մշտապես արբած լինել,
Այս է ամենը,
Միակ խնդիրը.
Չզգալու համար
Ժամանակի ծանր բեռը,
Որ դաժանաբար կոտրում է ուսերդ
Եվ քեզ դեպի գետին է հակում:
Պետք է արբենալ առանց դադարի:
Բայց ինչի՞ց արբենալ,
Գինո՞ւց, պոեզիայի՞ց, առաքինությունի՞ց գուցե:
Ընտրությունը քոնն է,
Միայն թե արբի´ր:
Եվ եթե հանկարծ
Մի պահ արթնանաս
Ինչ-որ պալատում
Կամ խորը փոսում,
Սենյակի մռայլ մթության մեջ,
Թե հանկարծ արբածությունը թուլանա փոքր ինչ`
Հարցրու իսկույն քամուն մոլեգնած,
Ալիքին հուժկու, Աստղին շողացող,
Ժամին անսպառ, Ամեն փախչողին,
Մռնչացողին, գալարվողին,
Երգող, խոսող ամենքին:
Հարցդ թող հնչի. – «Ժամը քանի՞սն է»:
Քամին մոլեգնած,
Ալիքը հուժկու, Աստղը շողացող,
Թռչունն այն անհագ և ժամն անսպառ
Կասեն քեզ հաստատ.
«Ժամն է արբելու՜,
Որ դու չդառնաս անսպառ ժամերի
զոհը խղճալի…
Արբի´ր,
Արբի´ր առանց դադարի…
Գինո՞ւց, պոեզիայի՞ց, առաքինությունի՞ց գուցե:
Ընտրությունը քոնն է…»

Ռոբերտ Դեսնոս՝ «Le dernier poème» / «Վերջին բանաստեղծությունը»

Այնքան ուժգին երազեցի ես քո մասին,
Այնքան քայլեցի, այնքան խոսեցի,
Այնպես սիրեցի ստվերդ լուսավոր…
Ոչինչ չմնաց քո մեջ չսիրված…
Իսկ ես նորից ստվեր եմ, ստվերոտ,
Հարյուրների մեջ մեկն եմ թվացյալ,
Ստվերներից էլ մութ եմ ու խավար…
Բայց այն ստվերն եմ, որ դեռ գալու է,
Դեռ լցվելու է արևով անմար:

Թարգմանությունը՝ Տաթև Մանուկյանի՝ հատուկ VNews-ի համար