Ֆրիդայի սիրային նամակները Դիեգո Ռիվերային - VNews

Ֆրիդայի սիրային նամակները Դիեգո Ռիվերային

24 lens frida slide X96V superJumbo - Ֆրիդայի սիրային նամակները Դիեգո Ռիվերային

Դիեգո, 

Մի նամակ տեսա մի բաճկոնի գրպանում, որը պատկանում էր ինձ ծանոթ մի մարդու: Այն մի կնոջից էր՝ գրողի տարած Գերմանիայից: Կարծում եմ այն կինն է, որին Ուիլի Ուալենթայներն ուղարկել էր այդ տղամարդու մոտ զվարճանալու, «գիտական», «արվեստի» ու «հնագիտական» նպատակով: Նամակն ինձ բարկացրեց, անկեղծ ասած, ու ստիպեց խանդել: 

Ինչո՞ւ եմ այսքան համառ ու կամակոր և չեմ հասկանում, որ նամակները, խնդիրները կապված շրջազգեստների, անգլերենի կին ուսուցիչների, գնչու մոդելների, «լավը կամեցող» օգնականների, արվեստով հետաքրքրված ուսանողների ու հեռվից ուղարկված լիազոր կանանց հետ ուղղակի հիմարություններ են: Իրականում սրտի խորքում ես ու դու միայն իրար ենք սիրում: Նույնիսկ երբ մենք անսահման արկածներ, դռան ճաքեր, մեր մայրերի մասին խոսակցություններ ու միջազգային բողոքներ ենք ունենում, մենք միշտ սիրում ենք իրար, այդպես չէ՞: Կարծում եմ պատճառն այն է, որ ես ուղղակի մի քիչ հիմար եմ ու անխելք, քանի որ այս ամենն արդեն եղել ու կրկնվել է միասին ապրելու մեր 7 տարիների ընթացքում: Այս ողջ բարկությունը վերջապես ինձ ստիպեց հասկանալ, որ ես սիրում եմ քեզ ավելի քան իմ սեփական մաշկը, որ նույնիսկ երբ դու ինձ այդչափ չես սիրում, դու դեռ սիրում ես ինձ մի քիչ, այդպես չէ՞: Եթե նույնիսկ ճիշտ չէ, ես միշտ մի փոքր հույս կունենամ ու դա բավական կլինի ինձ համար: 

Սիրիր ինձ մի քիչ. ես պաշտում եմ քեզ: 

Ֆրիդա 

***

Դիեգո, 

Ես սիրային նամակներ գրել չգիտեմ: Բայց ուզում էի ասել, որ իմ ողջ էությունը բացվեց քեզ համար: Այն օրվանից, երբ սիրահարվեցի քեզ, իմ ներսում ամեն ինչ տակնուվրա եղավ ու լցվեց գեղեցկությամբ: Սերը նման է բույրի, հոսանքի ու անձրևի… 

Ֆրիդա 

*** 

Դիեգո, 

Իրականությունն այնքան հիանալի է, որ ես չեմ ցանկանում խոսել, քնել, լսել, սիրել: Ուզում եմ ինձ փակված զգալ, առանց արյունից վախենալու, ժամանակից ու հրաշքներից դուրս՝ քո սեփական վախերի, քո անսահան բարկությունների ու քո բաբախող սրտի ներսում: Այս խենթությունը եթե խնդրեի քեզ, գիտեմ՝ քո լռության մեջ միայն շփոթություն կլիներ: Ես քեզնից բռնություն եմ խնդրում, իսկ դու… դու ինձ քո ողորմածությունը, քո լույսն ու տաքությունն ես տալիս: Ուզում եմ նկարել քեզ, սակայն չկա հստակ գույն, որովհետև իմ մտքում այնքան գույներ են կապվում քեզ հետ՝ որպես իմ մեծ սիրո նյութական ձև:

Ֆրիդա 

***

Իմ Դիեգո, 

Գիշերվա հայելի, 

Քո աչքերը կանաչ թրեր են իմ մարմնում, իսկ մեր ձեռքերի միջև ալիքներ են:

Դու ձայներով լի մի տարածություն ես՝ և՛ խավարում, և՛ լույսի ներքո: Քեզ անվանել են Աուքսոքրոմ՝ մարդ, որը գույներ է գտնում, իսկ ինձ՝ Քրոմոֆոր՝ մարդ, որը գույներ է տալիս: 

Դու բոլոր թվերի միացությունն ես, իմ կյանք: Ուզում եմ շողքերի շարժումը հասկանալ… Քո բառերը անցնում են տարածության միջով ու հասնում իմ բջիջներին, որոնք, լինելով իմ աստղերն, անցնում են քեզ, իսկ դու իմ լույսն ես: 

Ֆրիդա

***

Դիեգո, ի՛մ սեր, 

Հիշիր, որ հենց ավարտես որմնանկարը, մենք վերջապես նորից միասին կլինենք… հավերժ: Առանց կռիվների ու այլ բաների՝ միայն միմյանց սիրելով: Քեզ լավ պահիր ու արա այն, ինչ Էմմի Լոուն ասում է: Ես պաշտում եմ քեզ ավելի քան երբևէ:

Քո աղջնակ, Ֆրիդա: 

(Գրիր ինձ)

Հատվածները՝ «Ֆրիդա Կալոյի օրագիրը» գրքից

Թարգմանությունը՝ VNews-ի 


Շրջայց Ֆրիդա Կալոյի տուն-թանգարանում [Vnews-ի ֆոտոշարքը]

Մի նկարի պատմություն. «Հենրի Ֆորդի հիվանդանոց». Ֆրիդա Կալո

Հովհաննես Թումանյանի նամակները կնոջը՝ Օլգային

Մառլեն Դիտրիխ [ժամանակի ամենահայտնի տղամարդկանց սիրելին, մուսան և ճակատագրական կինը]

Ալբերտի հոր բանաստեղծությունը․․․ [Ոգուն Մոնթեի երբ որ հանդիպես…]

Մորս [նամակ առաջնագծից]

ՆԱՄԱԿ-բանալի՝ հասկանալու ֆիդայական շարժման բուն էությունը

Պետրոս Դուրյանի վերջին նամակը [Մնաք բարյավ]

Վահան Տերյանի նամակը Նվարդ Թումանյանին

«Մենք պարտվել ենք». ադրբեջանցի գրողի նամակը իր ազգակիցներին

Ամենասիրուն սիրային նամակը. Ջոնի Քեշից կնոջը՝ Ջուն Քարթեր Քեշին

Նամակ Ավետիք Իսահակյանին [սիրելի Շուշանիկից]

Սևակի սիրային նամակները [Սուլամիթա՜, իմ սեր]

Ալբերտ Էյնշտեյնի նամակը դստերը…

Հայկ Կոնջորյանի ֆուտուրիստական նամակը Թալեաթ փաշայի անունից

Ես գրում եմ ձեզ Իտալիայից, ասել է թե՝ գրում եմ ձեզ ապագայից։