fbpx

Ֆրունզե Դովլաթյան. հայկական կինոյի հսկա ընկուզենին

1987 թվականին՝ մայիսյան մի երեկո, Սերգեյ Փարաջանովի թիֆլիսյան տանը մեծ խնջույք էր կազմակերպվել՝ թատերային շուքով ու մեծ հանդիսավորությամբ: Կենացների ու զրույցների ամենաթեժ պահին ռեժիսորը պահարանից հանում է այն թիկնոցը, որը բանտարկման տարիներին կարել էր մեկ այլ հայտնի ռեժիսորի՝ Ֆեդերիկո Ֆելինիի համար՝ ի նշան մեծ վարպետի արվեստի գնահատանքի:

Հարցին, թե ինչ է խորհրդանշում այդ թիկնոցը, Փարաջանովն ի պատասխան հանդիսավորությամբ այն գցում է  խնջույքին ներկա բարեկամներից մեկի ուսերին և խմում նրա կենացը՝ նման քայլով հասկացնելով բոլորին, որ մեծարում է իր ժամանակի ռեժիսորներից մեկին՝ Ֆրունզե Դովլաթյանին, որի 60 ամյակի առիթով  էլ Փարաջանովը կազմակերպեր էլ այդ խնջույքը:

Դովլաթյանը Փարաջանովի թիֆլիսյան տանը՝ հայտնի թիկնոցով:

Չգերազանցվածը…

Ֆրունզե Դովլաթյան.  Հայ մեծանուն ռեժիսոր, որն իր կյանքի ընթացքում նկարեց այնպիսի ֆիլմեր, ինչպիսի են՝ «Բարև, ես եմ»,  «Սարոյան եղբայրներ», «Երկունք», «Ապրեցեք երկար», «Մենավոր ընկուզենին», «Կարոտ», «Երևանյան օրերի խրոնիկա», ֆիլմեր, որոնք իրենց հետքն են թողել հայկական կինոմատոգրաֆիայի պատմության մեջ, ֆիլմեր՝ յուրահատուկ ձեռագրով, երազի ու իրականության միաձուլումով, գլխավոր հերոսի ճակատագրով…

Ֆրունզե Դովլաթյանի ներդրումն հայ կինոյի կայացման գործում անգնահատելի է, սակայն ակնհայտ է նաև, որ նրա ստեղծագործական ուղին կարող էր լինել ավելի արգասաբեր, և մենք կարող էինք ժառանգել դովլաթյանական արվեստի առնվազն կրկնակի տաղանդը, եթե չլինեին գաղափարական այն կաղապարները, որոնց պետք է հնազանդվեին արվեստի գործիչները: Նրա ներկայացրած սցենարներից շատերը մերժվում էին, իսկ արդեն նկարահանված տեսարանները՝ մկրատվում, որպեսզի էկրաններին չհայտնվի ռեժիսորի ազատամտությունը: Բայց Դովլաթյանի տաղանդը  նրանում է կայանում նաև, որ նա յուրօրինակ տողատակերով հանդիսատեսին է հասցնում ասելիքը՝ նույնիսկ այսքան տարի անց, նույնիսկ մարդկային արժեհամակարգի խորը անկման մեր ժամանակներում…

«Կինոն մի մարդու բան չէ, կինոն կոլեկտիվ աշխատանք է»…

Ֆրունզե Դովլաթյան

Ճանապարհ

Ֆրունզե Դովլաթյանը ծնվել է 1927 թվականի մայիսի 27-ին նոր Բայազետ քաղաքում, որը ներկայիս Գավառն է: Սովորաբար կյանքը տարբեր մարդկանց տարբեր ճանապարհներով է բերում դեպի արվեստ: Ոմանք պարտական են լինում պատահական դիպվածին, մյուսների համար էլ դեռ մանկությունից է սահմանված լինում արվեստի հետ կապը՝ միայն ու միայն ճակատագրով:

Այդպես եղավ Դովլաթյանի  հետ: Նրա հայրը և հորաքույրը սիրողական ներկայացումներ էին բեմադրում Գավառի թատրոնում: Այդ նախասիրությունները նպաստեցին, որպեսզի փոքրիկ Ֆրունզեն տարվի բեմարվեստով ու հետագայում չպատկերացնի կյանքը դրանից դուրս:

Երբ Դովլաթյանների ընտանիքը տեղափոխվում է Երևան, Ֆրունզեն ընդունվում է Մաքսիմ Գորկու անվան դպրոցը: Դպրոցին կից Դովլաթյանը մասնակցում էր թատերական խմբակի, որը վերջնականապես բացահայտում է նրա մեծ տաղանդը: Դպրոցն ավարտելուն պես՝ նա  դառնում Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի ստուդիայի ուսանող:  Ուսմանը զուգահեռ՝ Դովլաթյանը սկսում է  Սունդուկյանի բեմում հանդես գալ փոքր դերերով:

Ի սկզբանե

․․․ նրա դերասանական կարիերան ընթանում էր շատ հաջող. դերասանի հետ հույսեր էին կապում: Համո Բեկնազարյանի «Դավիթ Բեկ» ֆիլմում նկարահանվելիս՝ Դովլաթյանը դեռ 16 տարեկան էր: Այնուհանդերձ Դովլաթյանը որոշում է կայացնում առավելությունը տալ ռեժիսորի կարիերային՝  չնայած դերասանական նրա տաղանդը ընդհանրապես չտուժեց այդ ընտրությունից և չնայած երիտասարդ տարիքին արդեն իսկ ձեռք բերված ճանաչմանը՝  Ստալինյան մրցանակին:

Այնուհանդերձ,  թատերական վերելքի ժամանակ Դովլաթյանը որոշում է  ռեժիսորական աշխատանքով զբաղվել և 1955 թվականին ընդունվում է Մոսկվայի Կինոյի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետ: Նրա՝ որպես կուրսային աշխատանք ներկավացված «Մեր քաղաքի առավոտը» Վիեննայի կինոփառատոնին արժանանում է առաջին մրցանակի, իսկ հետագայում՝ 1966 թվականին, նա  կմասնակցի Կաննի միջազգային  կինոփառատոնին՝ «Բարև, ես եմ» ֆիլմով, իսկ ժյուրիի նախագահ կլինի Սոֆի Լորենը․․․

Երիտասարդ Դովլաթյանը «Բարև, ես եմ» ֆիլմում

«Տարիներ շարունակ ապրելով հորս կողքին՝  նրանից սովորել եմ մարդ սիրել, հարգել»…

Միքայել Դովլաթյան՝ որդին

Ասում են՝ Դովլաթյանը հենց այնպես ֆիլմ չէր նկարում, նկարում էր այն ժամանակ, երբ ասելիք ուներ, իսկ նրա հեղինակային ձեռագիրն օգնում էր, որպեսզի ասելիքը ընկալվի: Երբ համադրում ենք Դովլաթյանի բոլոր ֆիլմերը, նկատում ենք մի զարմանալի ներքին տրամաբանություն, դեռ ավելին՝ ինքնաբերաբար հյուսվող ժամանակագրություն՝ ստեղծված ամենևին էլ ոչ ժամանակագրական հաջորդականությամբ։

«Կինոռեժիսոր, որը մտածում է մեծ, պրոբլեմային կատեգորիաներով, որին հետաքրքրում է իր ապրած ժամանակի իմաստավորումը»:

Դավիթ Մուրադյան՝ կինոգետ

Դովլաթյանը սիրում էր ֆիլմերում երազներ նկարել, որոնք ավելի շատ խոսուն էին,  քան իրական դիալոգները… Հիշողություն, անցյալի կապը ներկայի հետ, անցյալը՝ իբրև մարդու բարոյական հենարան․․․ ահա սրանք էին Դովլաթյանի աշխատանքային «գործիքները»:

Արմեն Ջիգարխանյանը «Մենավոր ընկուզենին» ֆիլմում

1987 թվականին  նկարահանված «Մենավոր ընկուզենու» նկարահանումների ժամանակ որդին՝ Միքայել Դովլաթյանը, հիշում է, որ հայրը  մեծ նվիրումով էր աշխատում ֆիլմի վրա, ուներ դերասանական հզոր թիմ՝ Արմեն Ջիգարխանյանի գլխավորությամբ, որի մասին նկարահանումների ժամանակ կատակով ասում էր՝ «Հլը էն գազանին կանչեք», և հետաքրքրական է, որ այս ֆիլմում գրեթե ամեն ինչ պատրաստ էր գաղափարից իրականություն դառնալու համար՝ երաժշտությունից մինչև սցենար, բայց մի կարևոր դեր բացակայում էր…

Արմեն Ջիգարխանյան և Ֆրունզե Դովլաթյան

Դովլաթյանը չէր կարողանում ուսուցիչ Կամսարյանի համար դերակատար գտնել: Ընկերներն ու թիմակիցները ում առաջարկում էին, ռեժիսորը չէր հավանում. նա ուներ իր հերոսի իդեալական  կերպարը, բայց ցավոք այդ դերասանը ֆրանսիացի էր ու այն ժամանակվա Սովետմիության հոնորարների համար՝ անասելի թանկ: Այդ դերասանը արտաքինից նման էր Դովլաթյանին՝ նույն ազնվական կեցվածքով, մեծ աչքերով, բարոյական դիմագծերով:

Եվ երկար փնտրտուքներից հետո, Դովլաթյանը ինքն իրեն է ընտրում գլխավոր հերոսի դերակատարման համար և բոլորովին չի սխալվում… Ի դեպ, «Մենավոր ընկուզենին» նկարահանվել է Վարդգես Պետրոսյանի համանուն վիպակի մոտիվներով, որի նկարահանման աշխատանքներին մասնակցել է նաև հեղինակը:

«Մենավոր Ընկուզենին» ֆիլմից հայտնի պարը

Հ.Գ. 1997 թվականին հիվանդանոցում տված հարցազրույցներից մեկում Դովլաթյանը խոստովանում է. «Ես ցավում եմ, որ լի եմ ստեղծագործական ուժերով, սակայն ստիպված եմ ապրել հիշողություններով…»։

1997 թվականի օգոստոսի 31-ին հայ կինոյի հսկա ընկուզենին մահացավ՝ որպես ժառանգություն թողել իր ճյուղերը՝ չգերազանցված ֆիլմերը…

«Եթե սերը չլինի, ջրհեղեղ կլինի՝ հոգեկան ջրհեղեղ»:

Ֆրունզե Դովլաթյան

Կարդացեք նաև՝