Գաբրիել Գարսիա Մարկես. 100 տարվա միության և սիրո պատմություն - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Գաբրիել Գարսիա Մարկես. 100 տարվա միության և սիրո պատմություն

Մոգական ռեալիզմի հիմնադիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր, աշխարհի լավագույն, ամենաընթերցված, ամենասիրված և գրականության պատմության մեջ նոր դարաշրջան բացած վեպերից մեկի՝ «100 տարվա մենության» հեղինակ, կոլումբացի վիպասան Գաբրիել Գարսիա Մարկեսի սիրո գեղեցիկ պատմության մասին է մեր այս հոդվածը:

Երիտասարդ Գաբրիելն իր ապագա կնոջն առաջին անգամ հանդիպել է պարահրապարակում, երբ աղջիկը դեռ երեխա էր: «Ես միայն հիմա հասկացա, որ բոլոր գրածս բանաստեղծությունները Ձեզ են նվիրված: Դարձե՛ք իմ կինը», – ասաց նա Մերսեդես Բարչա Պարդոյին: «Ես համաձայն եմ: Միայն, եթե թույլ կտաք, նախ ավարտեմ դպրոցը», – պատասխանեց գեղեցկուհին:

Ոմանք ասում էին, որ այդ ժամանակ Մերսեդեսը 13 տարեկան էր, ոմանք էլ՝ 9-ը: 9 տարեկան էր նաև «100 տարվա մենության» Ռեմեդիոս Գեղեցկուհին, որը սիրահարվել էր Աուրելիանո Բուենդիային…

«Մենք նշանված չէինք, մենք ուղղակի համբերատար և անտրտունջ սպասում էինք այն բանին, ինչը տրված էր մեզ ճակատագրով»:

Գաբրիել Գարսիա Մարկես

Իրականն ու երևակայականը

Այդպես է եղել իրականում հանդիպումը, թե ոչ, հայտնի չէ, քանի որ գրողն իր վառ երևակայությունից այնքան էր օգտվում, որ իրականն ու երևակայականը միախառնվում էին իրար՝ ջնջելով դրանց միջի բոլոր սահմանները նույնիսկ իր՝ Մարկեսի գիտակցության մեջ:

Իր տարբեր հարցազրույցներում Մարկեսը նույն դեպքը սիրում էր տարբեր մանրամասներով և տեսանկյունից պատմել, այդպես էր նրան դուր գալիս. նույն դեպքին տարբեր վերլուծություններ տալ և տարբեր «հագուստ» հագցնել: Այդպիսին է նաև նրա գրականությունը. իրականությունը և երևակայական-մոգականն այնքան էին միահյուսված ու իրար նման, որ երբեմն հնարածն ավելի իրական է, քան հենց իրականը:

Գաբրիել, Գաբո

Գաբրիելը ծնվել է 1927 թ. մարտի 6-ին Կոլումբիայում՝ Առակատակա անունով մի փոքրիկ քաղաքում: Հայրը հազվադեպ էր տանը լինում, քանի որ ստիպված շատ էր աշխատում 11 երեխաներին պահելու համար: Փոքրիկ Գաբոն հատկապես շատ էր սիրում մորը, թեպետ նրա դաստիարակությամբ հիմնականում զբաղվում էին տատիկ պապիկը: Հենց նրանք էլ մեծ դեր ու ազդեցություն են ունեցել Մարկեսի հոգեմտածողության և վառ երևակայության զարգացման վրա: Տատիկի կերպարը Մարկեսի շատ ստեղծագործություններում է հայտնվում՝ որպես ցեղի և ընտանիքի հիմքերի, արմատների և ավանդույթների ու սիրո պահապան:

1946 թ. Մարկեսն ընդունվում է Բոգոտայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Նա երազում էր իրավաբան դառնալու, շատ գումար վաստակելու և Մերսեդեսի հետ ամուսնանալու մասին: Թեպետ այդ ընթացքում հասցրել էր բանաստեղծություններ, պատմվածքներ տպագրել, որոնք բոլորի հիացմունքին էին արժանացել, բայց նա վստահորեն իրավաբան դառնալու ուղի էր բռնել:

Մերսեդես, Մեչե

Աղջիկը ծնվել էր 1932 թ. նոյեմբերի 6-ին կոլումբուհու և եգիպտական ծագում ունեցող պաղեստինցու ընտանիքում: Դեռահաս տարիքում նրա ամենասիրելի զբաղմունքը խոտի վրա պառկած միջատներին հետևելն էր. նա երազում էր միջատաբան դառնալու մասին և հայտարարում էր բոլորին, որ ամուսնանալու է Գաբրիել Գարսիա Մարկեսի հետ:

Մերսեդեսին հաճախ էին պատմում ապագա ամուսնու սիրուհիների մասին, բայց նա դրանց ուշադրություն չէր դարձնում: Մեչեն՝ Մերսեդեսը, վստահ էր. ինչ էլ լինի՝ Գաբոն իրենն է: Անգամ երբ Մարկեսը թողեց իրավաբանական ֆակուլտետը, Փարիզ մեկնեց, հայտնի սիրավեպ ունեցավ իսպանուհի մի դերասնուհու հետ, Մերսեդեսի համար ոչինչ էական չէր. կարևորը Գաբոն միշտ պատասխանում է նամակներին և պատմում է՝ ինչ է կատարվում իր հոգում: Դրանից կարևոր բա՞ն:

Միասին, վերջապես միասին

Նրանց՝ նշանադրության տանող ուղին երկար էր, թեպետ ոչ այնքան երկար, որքան «Սեր ժանտախտի օրերին» վեպում, որտեղ գլխավոր հերոս Ֆլորենտինոն ամուսնացավ իր պաշտելի Ֆերմինայի հետ ամուսնության առաջարկությունից միայն 53 տարի, 7 ամիս և 11 օր հետո: Նրանք ամուսնացան սիրո և մինչ մահ միասին լինելու երդումից ընդամենը 13 տարի անց: Մարկեսն այդ ժամանակ 31 տարեկան էր, Մեչեն՝ 26: 1958 թվականն էր:

«Ամուսնության տարիների ընթացքում մենք ոչ մի լուրջ տարաձայնություն չենք ունեցել: Հավանաբար այն պատճառով, որ մենք նայում ենք իրերին այնպես, ինչպես ամուսնությունից առաջ: Ընտանեկան կյանքը սատանայական դժվար գործ է, որն ամեն օր սկսում ես նորից: Ապրում ես անդադար լարվածության մեջ, որը հաճախ այնքան հոգնեցուցիչ է… Բայց այդուհանդերձ՝ արժի…»: 

Գաբրիել Գարսիա Մարկես

Համատեղ կյանքի սկիզբը բարդ էր հատկապես Մերսեդեսի համար, ով տնտեսությունը վարելու փորձառություն չուներ: Մարկեսը բավական համբերատար էր, ինքն էր տունը հավաքում և Մեչեին եփել սովորեցնում: Կենցաղն ամենաանկարևոր բանն էր Մարկեսի համար, քանի որ կինն այնքա՜ն մեծ հարգանք և ակնածություն ուներ նրա ստեղծագործելու նկատմամբ, որ նույնիսկ հուզվել կարելի էր: Մեչեն անգամ Մարկեսի ձեռագրերին էր զգուշությամբ դիպչում՝ ոչինչ չփչացնելու երկյուղով: Մերսեդեսն առհասարակ շատ ինքնամփոփ և փակ մարդ էր, կանոնավոր, զուսպ. ճիշտ Մարկեսի հակառակը:

1959 թ. ծնվում է նրանց առաջնեկը՝ Ռոդրիգոն: Որդու ծնունդից քիչ անց Մարկեսին որպես հատուկ թղթակից անդամ հրատարակչությունն ուղարկում է Եվրոպա: Մեչեն համբերատար սպասում է ամուսնուն անգամ այն ժամանակ, երբ Գաբոն վտանգավոր քաղաքական հոսանքների էր տրվել: Մարկեսը տարվել էր կոմունիստական գաղափարախոսությամբ: Նրան նոր գործ են առաջարկում նյույորքյան խմբագրություններից մեկում: Մարկեսն Ամերիկա է մեկնում ընտանիքով:

Սակայն երբ Կուբայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները լարվում են, նա ստիպված է լինում հեռանալ Նյու Յորքից և վերադառնալ հայրենիք: Իսկ հետդարձի ճանապարհը երկար էր և դաժան: Ինքնաթիռի տոմսի փող չունենալով՝ նրանք ավտոբուսներով, ամենաէժան և վատ հյուրանոցներում, երբեմն էլ՝ բաց երկնքի տակ գիշերելով, նյարդային դեպրեսիաներով մի կերպ հասնում են Կոլումբիա:

Մերսեդեսը ոչ մի անգամ, երբեք չի մեղադրում ամուսնուն ոչ մի բանում:

«Կանայք են ղեկավարում աշխարհը: Միակ բանը, որ նրանք չեն ներում, դավաճանությունն է: Եթե հենց սկզբից կարգավորվեն խաղի կանոնները, նրանք սովորաբար ամեն բան ընդունում են, բայց չեն ընդունում երբ կանոնները փոփոխվում են խաղի ընթացքում: Նման դեպքերում նրանք անողոք են դառնում»:

Գաբրիել Գարսիա Մարկես

1962 թ. ծնվում է նրանց երկրորդ որդին, Մարկեսն ակտիվորեն աշխատում է իր «100 տարվա մենության» վրա: Մեչեն ողջ կենցաղն ու ընտանիքի հոգսը վերցնում է իր ուսերին: Մեկուկես տարի, այդքան է տևում վեպը գրելը, Մեչեն փող էր վաստակում, պարտք էր անում, մի կերպ կերակրում էր ընտանիքը և հույսով ու վստահությամբ սպասում. ամուսինը գլուխգործոց է ստեղծում:

Եվ իրոք…

Նոբելյան մրցանակ, փառք, մեծ գումարներ, ճանապարհորդություններ. Մերսեդեսն արժանի էր Մարկեսի հետ վայեյելու այդ ամենը, նա երկար էր սպասել, դիմացել, հավատացել…

Միակ հարցազրույցում, որը տվել է Մերսեդեսը, նա խոսում է ոչ թե իր, այլ ամուսնու և այն մասին, թե որքան երախտապարտ է, որ Գաբոն իր հետ ամուսնանալու խոստումը պահեց և կատարեց:

Հավերժությունից առաջ՝ կյանքի վերջում

1990-ականներին Մարկեսը բազմաթիվ անգամներ լուրջ հիվանդացավ, հրաժեշտի նամակներ գրեց, որտեղ սեր էր խոստովանում իր Մերսեդեսին.

«Եթե ես իմանայի, որ այսօր քեզ վերջին անգամ եմ տեսնում քնած, ես քեզ պինդ կգրկեի և կաղոթեի Աստծուն, որ ինձ քո պահապան հրեշտակը դարձնի:

Եթե ես իմանայի, որ այսօր վերջին անգամ եմ տեսնում, թե ինչպես ես դուրս գալիս դռնից, ես քեզ կգրկեի, կհամբուրեի և նորից կկանչեի, որպեսզի ավելին տամ: Եթե ես իմանայի, որ քո ձայնը վերջին անգամ եմ լսում, կձայնագրեի ամենն, ինչ ասում ես, որպեսզի էլի ու էլի լսեմ, անվերջ: Եթե ես իմանայի, որ սրանք վերջին րոպեներն են, որ ես քեզ տեսնում եմ, ես կասեի. «Սիրում եմ քեզ» ու հիմարի պես չէի մտածի, որ դու դա գիտեիր»:

Բայց այդուհանդերձ մեծ գրողը հասցրեց գրել իր վերջին վեպը՝ «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին», որը պատմում է ծերուկի և երիտասարդ աղջկա սիրո մասին:

Կյանքի վերջին երկու տարիներին Մարկեսը տառապում էր Ալցգեյմերի հիվանդությամբ և հաճախ չէր ճանաչում հարազատներին, բոլորին՝ բացի Մերսեդեսից, ով ողջ կյանքը նվիրեց սիրելի, պաշտելի միակին՝ ամենատաղանդավորին, ամենախենթին և ամենաարժանիին:

Աղբյուրներ՝ forbes.ru, biography.com, kulturologia.ru, theguardian.com, abc.es/cultura:

Գաբրիել Գարսիա Մարկեսն ասել է…


Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին. [վիպակն ասում է]

ինքնամեկուսացման մեջ գրված գիրք |100 ՏԱՐՎԱ ՄԵՆՈՒԹՅՈՒՆ| լավագույն հատվածները

3 վեպ համաճարակների մասին, որ արժե կարդալ

Մարկեսի հրաժեշտի նամակի պատմությունը

Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» կդառնա Netflix-ի սերիալ

Ի՞նչ կարդալ սեպտեմբերին. Խորհուրդ է տալիս Գրքամոլը

#mustread. 5 վեպ, որ ՊԱՐՏԱԴԻՐ պետք է կարդա յուրաքանչյուրը [թարգմանված են հայերեն]

Գաբրիել Գարսիա Մարկես. «Նամակ մահվանից առաջ»

Լևոն Խեչոյանն ասել է . . .

«Հարյուր տարվա մենությունն» ասում է…

Ի՞նչ կարդալ ձմռանը. Մանուկ Նիգոյանը խորհուրդ է տալիս

Գաբրիել Գարսիա Մարկեսն ասել է…

5 ֆիլմ+5 գիրք. Գրիշա Աղախանյան

5 ֆիլմ+5 գիրք. Մկրտիչ Արզումանյան

5 ֆիլմ+5 գիրք. Արքմենիկ Նիկողոսյան

«Գահերի խաղը» գողացել են և փրկագին են պահանջում