Գանձասար լեռան սուրբ կոթողը... - VNews

Գանձասար լեռան սուրբ կոթողը…

Գանձասար վանական համալիրը գտնվում է Արցախի Հանրապետությունում՝ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում՝ Խաչենագետի ձախ ափին՝ Գանձասար լեռան վրա։ Իր անունը ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։ Գանձասարը հոգևոր և կրթական կենտրոն էր: Այստեղ ուսանում էին ոչ միայն հոգևորականության ներկայացուցիչները, այլև հայ նշանավոր գործիչներ, ովքեր կարողացան նշանակալի ներդրում ունենալ տարածաշրջանի զարգացման գործում:

Վանքը չի դադարել գործել հիմնադրման առաջին իսկ օրվանից…

Այս եկեղեցու մասին առաջին հիշատակումն արվել է 10-րդ դարում  կաթողիկոս Անանիա Մոկացու կողմից: Ըստ նրա, համալիրի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216-1238 թվականներին՝ Արցախի իշխան Հասան-Ջալալի կողմից: Գանձասարի վանական համալիրը շրջապատված է բարձր պատերով և ներառում է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, գավիթը, բնակելի խցերը, սեղանատունը և դպրոցի երկհարկանի շենքը: Վանքի հարավային մասում հին գերեզմանատուն է:

Պատմական աղբյուրներից հայտնի է, որ Գանձասարը Արցախում քաղաքական և կրոնական հանդիպումների վայր էր հանդիսանում: Կարճ ժամանակահատվածում վանքը դարձել էր մշակութային կյանքի կենտրոն, ինչպես նաև կաթողիկոսանիստ:

Հայ Բագրատունիների թագավորության ժամանակաշրջանում Հայոց կաթողիկոս Անանիա Մոկացին՝ անհանգստացած լինելով Հայաստանի արևելյան թեմերի եկեղեցական գործերով, գալով Արցախ, Գանձասարի վանքում հրավիրեց հոգևորականության և իշխանների ժողով, որը ազգային ոգով պաշտպանեց Հայ Առաքելական եկեղեցու դավանանքի ամրությունը և անաղարտությունը: Գանձասարն առաջնորդարան էր և Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։ Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ Գանձասարը պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։

XVII դարի վերջին վանքը դարձավ ազգային-ազատագրական շարժման կարևոր կենտրոններից մեկը: 

17-րդ դարում Գանձասարի կաթողիկոսները սերտ համագործակցել են Արցախի մելիքությունների ազատագրական ոգորումներին։ 1701 թ.-ին այստեղ գրվեց Ռուսական կայսր Պետրոս I-ին ուղղված առաջին նամակը, որում արցախահայությունը օգնություն խնդրեց Ռուսաստանից: Դարասկգբին Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսի շուրջն էին համախմբվել շարժման ղեկավար գործիչները։ Ազատագրական շարժման կենտրոնի դերը պահպանել է մինչև 1815 թվականը, երբ ցարական կառավարության հրահանգով Գանձասարի կաթողիկոսությունը վերացավ, իսկ նրան փոխարինած միտրոպոլիտության աթոռանիստը դարձավ Շուշին։

Էրմիտաժի գիտական խորհրդի անդամ, սովետական հայտնի պատմաբան և արվեստաբան Ա. Յակոբսոնը, ով երկար տարիներ ուսումնասիրում էր վանքը, եկեղեցին անվանել է «հայկական ճարտարապետության շտեմարան»: Ֆրանսիացի հայտնի պատմաբան Չարլզ Դիլը Գանձասարը ներառեց հայկական ճարտարապետության հինգ գլուխգործոցների շարքում, որոնք մտան համաշխարհային ճարտարապետության գանձարան:

Արցախյան պատերազմի ընթացքում Գանձասարը մի քանի անգամ ենթարկվել է հարձակման: Վանքի շրջակայքում կատաղի մարտեր են ընթացել 1992 թվականին, երբ Ադրբեջանը պաշարել էր տարածքը: Վանական համալիրի ներսում գտնվող  շենքերից մի քանիսը վնասվել էին ադրբեջանական ուղղաթիռների կողմից  ռմբակոծության արդյունքում, որոնց նշանակետը հատկապես եկեղեցին էր:Հայերին հաջողվեց կոտրել պաշարումը, ինչը փրկեց Գանձասարը և էլ ավելի մեծացրեց նրա հոգևոր կարգավիճակը:

Ըստ պատմական փաստերի՝ Գանձասարում են ամփոփված Հովհաննես Մկրտչի գլուխը, Հովհաննես Մկրտչի հոր՝ Զաքարիայի արյունը, Գրիգոր Լուսավորչի «Օրէնուսույց սուրբ ծնոտը», Լուսավորչի թոռ Գրիգորիսի, սուրբ Պանտալեոն բժշկի և այլ նահատակների սուրբ նշխարները։


Դեկտեմբերի 31-ին Ստեփանակերտում և Երևանում երկինքը կլուսավորվի օդապարուկներով

«Թևերդ բաց, լայն թևերդ ու զավակիս հով արա». Կարին Տոնոյան

Գևորգ Արշակյան. Ֆանտաստիկ մարդ

Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]

Մանե Թանդիլյան. ՓԱՍՏԵՐ

Արցախի տաք ջրերը. Ջերմաջուր

Նա պիտի էրթար. նարինե Դովլաթյան [ՆՈՐ ԵՐԳ]

Մոնթեի ազատագրած Քարվաճառը

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին  Արցախին նվիրված ստեղծագործություն է կատարել

Մարաղա գյուղի ողբերգական պատմությունը

Կորցրած Շուշին. WarGonzo թիմը հրապարակել է Ղազանչեցոցի 3D համայնապատկերը

«Մերօրյա հերոսները». Անդրանիկ Գրիգորյան

Տիգրանակերտ…

Արցախցի երեխաների խաղաղության թռչունները

Վավերագրություն. Արցախ /Կարեն Ավետիսյան/Մաս 4

Դադիվանքը. հայ եկեղեցականների և ռուս խաղաղապահների մեջտեղում