Գարնան պոեզիա... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Գարնան պոեզիա…

Գարունն իր ողջ թափով մուտք է գործել մեր կյանք ու սրտեր, մենք էլ առաջարկում ենք կրկնապատկել գարնան չափաբաժինը: Vnews-ն առանձնացրել է հայ դասականների ու ժամանակակիցների սիրուն բանաստեղծությունները, որոնցից գարուն է բուրում:

Գարնանամուտ

Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:

Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:

Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:

Գարուն, շուտով կփռես
Դու քո թևերը կանաչ,
Ու մանկիկս կթռչի
Ծիծեռնակին ընդառաջ:

Եվ ուր որ է կլսեմ
Սարյակների վեճը տաք,
Ակոսներից բարձրացող
Գոլորշու մեջ կապուտակ:

Խայտում է հողն, ու հողից
Քնքուշ ծիլերն են խայտում,
Նայում ես այդ բոլորին,
Հրճվանքից սիրտ է պայթում:

Նայում եմ այդ բոլորին,
Եվ բոլորից, բոլորից
Արթնանում է կրծքիս տակ
Պատանությունս նորից:

Համո Սահյան

***

Գարուն է, գարուն…

Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբույրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների`
Ձյունից ինձ նայող աչերն համբուրեմ,
Գնամ ետևից ծիծեռնակների`
Նրանց հետ ետ գամ` գարունը բերեմ,-
Բարձրանամ կապույտ գահը լեռների`
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ,-
Հագնեմ ծիրանին արշալույսների,-
Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եւ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եւ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,

Երբ գարունները ողջ թագավորեմ…

Հովհաննես Շիրազ

***

Սենտիմենտալ երգ

Արդյոք հիշո՞ւմ ես. անտառ էր, առու…
Հեքիաթի պես էր — երազի նման.
Խաղաղ երեկոն խոսում էր անձայն,
Արդյոք հիշո՞ ւմ ես. — հեռո՜ւ էր, հեռո՜ւ…
Արդյոք հիշո՞ւմ ես. երկիրը պայծառ
Ժպտում էր սիրով հավիտենական.
Գարունն էր երգում ձայնով դյութական,
Արդյոք հիշո՞ւմ ես. առու էր, անտառ…
Արդյոք հիշո՞ւմ ես. գիշերն էր գալու,
Հեքիաթի պես էր… Անտառ էր, առու…
Արդյոք հիշո՞ւմ ես. հեռո՜ւ էր, հեռո՜ւ
Կյա՛նք, տխուր հովիտ, հավիտյան լալու…

Վահան Տերյան

***

Ձմեռն անցավ…
Եկավ գարուն…
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:

Արև ծագեց
Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:

Տաք հարավից
Եկան հավքեր,
Բույն հյուսեցին
Ընկեր-ընկեր:

Ծառը պտկեց,
Տվեց բողբոջ,
Աղբյուրն հանեց
Անուշ խոխոջ:

Փռվեց կակաչ
Սարի լանջին,
Կարմրեց մորին
Թփի միջին:

Դաշտը թավիշ
Զգեստ հագավ,
Կանգնեց քարին
Երգեց կաքավ:

Արոտ գնաց
Ծնած մաքին,
Կաթը տվեց
Անուշ ձագին:

Աթաբեկ Խնկոյան

***

Գարնանամուտ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծ.աղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

Վահան Տերյան

***

առաջին անգամ ասված խոսքը գրվել է գարնանը
ես ծնվել եմ մարտին
առաջին անգամ խոսել եմ վեց ամսականում
ու ասել եմ մամա

եթե դու հեռանայիր Տեր
ես կկանգնեի գիշերվա բեմեզրին
ուր մթության մեջ ցուցադրվող երազները
ավելի մերկ էին
քան լողացող հղի կինը

ես քեզ էի սպասում Տեր
նա` իր զավակին
ու երկուսս էլ վախենում էինք
օրերի արանքում լցվող սպասումից

…եկեղեցում վազվզում էին երեխաները
օդը մաքուր էր
օդի մեջ խունկի հոտը շատ էր
օդում թռչուններ կային
ու ես չգիտեի որ մարդիկ կարող են մահանալ
ես վեց ամսական էի
ու ասացի մա-մա

պատուհանի էկրանից
շենքերը շատ ավելի մեծամիտ էին թվում
իսկ Աստված բավականին ծեր

ինչ-որ մեկը միացնում-անջատում էր լույսերը
տիկնայք և պարոնայք…
ասում էի ես մամայի փոխարեն
ու ոտքերիս քստքստոցը մնում էր երկնքում
և ոչ բոլորն էին անմահ
իսկ Աստված քառասունին մոտ ջահել տղամարդ էր

գարուն է, տիկնայք և պարոնայք,
մեծամտանալու ամենաիսկական եղանակը
առաջին անգամ խոսել եմ վեց ամսականում
ու ասել եմ մամա

մարդկանց երամը դանդաղ հեռանում է երկնքի էկրանից
ջրափոսերի վրայով հեռացիր Տեր
չլմփացրու ինչպես մյուս բոլոր երեխաները

ահա կբարձրանան բեմեզրից կառչած սրբիչները
նոր երազներ կգովազդվեն կոպերի տակ
ավելի մերկ
քան լողացող հղի կինը
որ շուտով
շատ շուտով կկանգնի բեմեզրին
կսեղմի թաց կրծքին դատարկ բարուրը նորածնի
որը չգիտեր որ մարդիկ կարող են մահանալ
և պատրաստվում էր ասել մա-մա
մամա

Հասմիկ Սիմոնյան

***

Գարուն

Եվ նորից գարուն-հին և սիրելի կինո,
Որն արդեն տեսել ես շուրջ քառասուն անգամ,
Նախ ձյուն է հալվում, ծառերն են ծաղկում հետո,
Ապա սիրահարվում ես՝ կարգն է սովորական:
Փողոցում բույրեր՝ ծաղկանց, խոտերի,
և զգեստների՝ քիմմաքրումից հանած…
Ինչ դժվար է հիմա նայել աղջիկներին,
Առավել դժվար է չնայել նրանց:
Իսկ էլ առավել դժվար է մնալ,
Պարկեշտ պատյանում խելոք մտքերի,
Վերարկուիդ պես նետել, հեռանալ
Քո տարիների ծանր հոգսերից:
Եվ սմքած հոգիդ, որ թուղթ է կերել
Ու դեղնած էջեր՝ գրքերի տրտում,
Հիմա ուզում է ապրել ու սիրել,
Ինչպես վայել է կենդանի մարդուն…
Եվ նորից գարուն-հին և սիրելի կինո
և ես մուտքի մոտ մոլորված կանգնած,
Ախ, երանի թե ներս չթողնեին,
Երանի լիներ նորից արգելված…

Հովհաննես Գրիգորյան

***

Անձրև և հետո ծիածան: Երեսնիվայր
պառկիր թաց խոտերի մեջ, աչքերդ
փակիր, սպասիր: Եվ երբ ծաղիկների
ու խոտերի բույրից գլուխդ պտտվի
ու աչքերդ շաղվեն, և երբ թռչունների
երգից սիրտդ սեղմվի և մարի հոգիդ,
պարզորոշ կլսես – ինչ որ տեղ
մոտերքում ինչպես են դանդաղորեն
բացվում դռները Դրախտի…

Հովհաննես Գրիգորյան

***

Քսանհինգ օրից գարուն է,
Թեթևսոլիկ ինչպես քսան տարի առաջ,
Բերանբաց,
Անառիթ ծիծաղի պատրասատ լրջությամբ,
Մուշտակից ազատված կնոջ մեջք,
Գուլպայից մաքրվող սրունքի պես ճերմակ,
Հանկարծակի կեռման անծանոթ խճուղում,
Որից նվաղում է սիրտդ
Ու քեզ նորից քո անցյալն է հղում:

Ջրերը լցվում են ջրերի մեջ,
և ամեն ջուր գիտի որտեղից է գալիս,
և ամեն ինչ թվում է ինքնամատույց ու մերկ,-
աղջիկները մայթին,
ծառը` նախորդ դարից,
շարքը կրպակների
ու երկնագույն ներկած
երկինք` իր ցած սահող
նրբին ներքնաշորով,
որ մի թեթև քամուց դառնում է ամպ
և անձրև է դառնում օրոր-շորոր,

Իսկ քեզ համար` արցունք,-

Որ գարու’ն է, ինչպես քսան տարի առաջ,
Որ գարու’ն է` ինչպես քսան տարի առաջ,
Որ գարու’ն է-
Ո’չ դու…

Ներսես Աթաբեկյան

***

Սերենադ

Էս գարուն անուն չունեցար, սե՛ր իմ,
հասցե չունեցար,
ձեր թաղի տղերքը
չունեցան տղության ասպարեզ,
քաղաքապետը ծառերը կանաչ էր նկարել,
ծաղիկները` բացվող,
մայթերն` աղջկաշատ,
բայց կյանքը հերվա ճնճղապաշար էր,
անուն չունեցար, իմ սե՛ր,
նույնիսկ ընտրողների գերճշգրտված ցանկում,
հասցե չունեցար,
թաղիդ տղերքը անկռիվ ծերացան,
երևի ես էլ.-
ամեն գարուն
նորից-կրկին էիր,
ես` վերստին դարձյալ,
էս անգամ, ա՜խ, անուն չունեցար, սե՛ր իմ,
հասցե չունեցար,
ու հիմա, երբ արդեն մի քիչ ամառ է,
ու բոլորս` անցյալ,
ու երկու անսեր աղավնի`
գիշերվա քիվին,
իրարից խռով էգ ու արու,
երևի վավերացնեմ անսպասելի բացարկդ`
արդարացում ու անուն փնտրելով քեզ համար
մինչև հաջորդ գարուն…

Ներսես Աթաբեկյան

***

ՊԱՏՐԱՆՔ
Համո Սահյանին

Գարնան բույր կա օդում,
Բարի լուր կա օդում,
Ավեր վանքի դռան
Մատաղ գառ են մորթում…
Առ անմեղ գոհն այս,
ՏԵ՚Ր, Ընծա ՀՈՐՆ ու ՈՐԴՈՒՆ,
Եվ ապավեն եղիր
Մեր անմարմին հոգուն…
Գարնան բույր կա օդում.
Ավետիս տամ հողին,–
Ալ ծաղիկ է բացվել Ավեր վանքի կողին…

Երկնից նիրհ է կաթում,
Ողջը համահարթում,
Ոչխարներ են մայում
Ավեր վանքի գավթում…

Սամվել Զուլոյան

***

Տաղ Ձնծաղկի

Հողի մեջ քնած գարունն արթնացավ առավուո կանուխ
Ու դստերն ասաց.
                -Ելիր, ձնծաղիկ…
Ծաղիկը ելավ, շուրջը ձյուն է դեռ ու դող է քամու,
Իսկ ինքը մենակ, ինքը՝ մերկ ու բաց, ինքը՝ բարալիկ…
Եվ կանգնեց այդպես նա աշխարհի դեմ մենակ ու մաքուր,
Եվ կանգնեց այդպես՝ փխրուն, արցունքոտ ու ճառագայթող,
Վերից կարկուտը սպառնաց նրան գնդակով իր կույր,
Ու վարից հողմը՝ իր ծանր թաթով:
Եվ կանգնած այդպես ցուրտ հողմերի մեջ, երազում էր նա.
Շուտով, ախ, շուտով գարուն կլինի ու կանաչ թրթիռ,
Իր հետքով կգա մանուշակների ծփանքը անափ,
Ու քարի կրծքին կվառվի մասրին իբրև ալ հրթիռ:
Ձյունի արցունքը հողի գոլ կանչով սարերից եկած,
Ծիծաղ կդառնա, կանաչ ծիծաղով հողից կհառնի, ՚՚
Դեղձին կբացի մաքուր առագաստն իր հարսանեկան
Ու հարբած մեղվին իր ծոցը կառնի:
Զանգակ ծաղիկը կնազի՝ կապույտ ծարիրը կոպին,
Եվ կապույտ նազով խոստումներ կտա սրան ու նրան,
Զմրուխտ կհագնի ու ալ կհագնի քարափն իսկ կոպիտ
Ջրվեժի ճերմակ օրհնանքը վրան:
Հողը կդառնա հաց մի անսպառ, ու լույսը՝ գինի…
Բոլորը կգան, բոլորը կգան այդ խրախճանքին,
Բայց ինքը, ավաղ,
Մեռած կլինի…
Վահագն Դավթյան

 

 

 

 

 

 


Համո Սահյան [հայրենասիրական]

5 հայ բանաստեղծուհի, որոնց արժե կարդալ. [ժամանակակից պոեզիա]

Վահագն Դավթյան [պոեզիա բոլորիս մասին, բոլորիս համար]

Ժամանակակից պոետները՝ հայրենիքի մասին, հայրենիքի համար

Սևակյան տրամադրություն. մեր սիրունագույն վիդեոշարքը ձեզ նվեր

Ավ․ Իսահակյան [սիրային պոեզիա․ անուշ, քնքուշ]

Յորղոս Սեֆերիս [նոբելյան մրցանակի արժանացած առաջին հույն պոետը]

Ճապոնական եռատող պոեզիա՝ հոքու

Ամերիկյան ժամանակակից պոեզիան հայերեն. Ամանդա Լավլեյս՝ «Արքայադուստրն այս մեկում փրկում է ինքն իրեն»

Ամերիկյան ժամանակակից պոեզիան հայերեն. Ռուփի Քոուր՝ «Մեղր ու կաթ»

Շարլ Բոդլերի խոհափիլիսոփայական, արձակ պոեզիան հայերեն

Ֆրանսիական պոեզիան հայերեն թարգմանությամբ

Օդիսսեաս Էլիտիս. հունական ծովաբույր ու նոբելակիր պոեզիա

Պաբլո Ներուդան ասել է . . .

Չարլզ Բուկովսկին ասել է… [մաս 2]

Ես Կարեն Անտաշյանն եմ…