Գևորգ Էմինն ու Տերյանի դուստրը՝ Նվարդը - VNews

Գևորգ Էմինն ու Տերյանի դուստրը՝ Նվարդը

Երկու վառ անհատականություն՝ Նվարդ Տերյան և Գևորգ Էմին. նրանք հանդիպեցին և այդ հանդիպումը ճակատագրական եղավ՝ պարգևելով սեր, երջանկության, հաջողություններ, նաև դառնություն և բաժանման ցավ։ Ուրեմն, ինչպիսի՞ն էր այն. Վահան Տերյանի միակ դստեր՝ Նվարդի և Գևորգ Էմինի սիրո ու բաժանման պատմությունը:

Մի սիրո պատմություն

Կառլեն Մուրադյանը․ հիդրոտեխնիկից՝ բանաստեղծ

Գևորգ Էմին գրական կեղծանունով հայտնի սիրված բանաստեղծը, իրական անվամբ՝ Կառլեն Մուրադյան, մեծացել է Աշտարակում՝ ուսուցչի և այգեպանի ընտանիքում: 1940 թվականին ապագա բանաստեղծն ավարտում է  Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական ֆակուլտետը։ Այդ տարիներին էլ երիտասարդի համար ճակատագրական է լինում հանդիպումն ու շփումները Եղիշե Չարենցի հետ։ Հանճարեղ բանաստեղծին Գևորգ Էմինի գրական առաջին ուսուցիչը կարելի է համարել։ Հետագայում Գևորգ Էմինը հիշում է՝

«Այն բանի համար, որ ես այսօր ոչ թե կամուրջներ կամ ջրանցքներ եմ սարքում, այլ գրում եմ գրքեր՝ շնորհակալ եմ դպրոցում ինձ հանդիպած հայ գրողներից ամենափայլուններից մեկին՝ Եղիշե Չարենցին։ Ես նաև շնորհակալ եմ իմ մասնագիտության համար՝ միայն ճիշտ գիտությունը կարող է օգնել ստեղծագործողին զարգացնել իր մեջ հոգևոր հավասարակշռություն, խուսափելով շատախոսությունից և հաճախակի տասը քայլ անելուց այնտեղ, որտեղ մի քայլը բավական կլիներ։ Ընդհանուր, ես ունեմ տասը սեփական գիրք, երեք որդի և իմ փոքրիկ Հայաստանը, որը հարուստ է իր ձգտումներով»:

Նվարդ Տերյանը. մեծ մոսկվաներից՝ հայրենի Երևան

Նվարդ Տերյանը Վահան Տերյանի միակ դուստրն էր: Նվարդը մեծացել էր Մոսկվայում։ Նրանց տանը, Նվարդի մայրը՝ Անահիտը, հաճախ էր կազմակերպում գրական-երաժշտական երեկոներ ու հյուրընկալում  ժամանակի անվանի գրողների, նկարիչների ու երաժիշտների։ Մեծ Մոսկվայում ու այս միջավայրում էր հասակ առնում Նվարդը: 1942 թվականին ավարտելով ինստիտուտը,  ստանալով իրավաբանական կրթություն, Նվարդը բնակություն է հաստատում Երևան: Զբաղեցնում Իրավաբանական դպրոցի տնօրենի պաշտոնը:

Առաջին և բախտորոշ հանդիպում

Նվարդը ցանկանում էր վերականգնել իր հոր գրական ժառանգության նկատմամբ ընտանիքի հեղինակային իրավունքները: Բանն այն է, որ Վահան Տերյանի դասընկերը՝ Պողոս Մակինցյանը  հրատարակել էլ Վահան Տերյանի  ստեղծագործությունների քառահատորյակի, իսկ ստացված հոնորարը բաժին չէր հասել Տերյանի ընտանիքին։ Այդ խնդիրների լուծման նպատակով  Նվարդն այցելում է  Պետական հրատարակչություն, որտեղ էլ հանդիպում է Հեղինե Մուրադյանին՝  Գևորգ Էմինի քրոջը։ Հեղինեն ինչպես շատ-շատերը անսահման սիրում էր Տերյանի ստեղծագործությունները։  Այս հանդիպմանը հաջորդում է Նվարդի այցելությունը Մուրադյանների տուն, որտեղ էլ հանդիպում և ծանոթանում են սկսնակ բանաստեղծ ու ինժեներ Գևորգ Էմինն ու Նվարդ Տերյանը։

«Թող, Տերյան Նվարդ, ու հավատա,
Բա՜րձր է գրքերից համբույրը քո,
Դու մոռացե՞լ ես, թե ով ասաց
-«Ափսոս չէ՞, Մարգո, այս երեկոն»»:

Գևորգ Էմին

Էմին-Տերյան ընտանիքը

Էմինի ընտանիքն այդ տարիներին բնակվում էր Կոնդում՝ մի հողե հյուղակում, ինչպես հիշում է Նվարդ Տերյան։ Ամուսնանալուց հետո այդ տանն է հաստատվում նորաստեղծ ընտանիքը։ Նվարդի համար սա կենցաղի կտրուկ փոփոխություն էր, սակայն հաջորդում են ավելի դժվար օրեր։ 1942 թվականին  Գևորգ Էմինին ցանկանում են ուղարկել ռազմաճակատ։  Ավետիք Իսահակյանի օգնությամբ խնդիրը լուծվում է։  Շուտով Նվարդ Տերյանին սենյակ են տրամադրում հենց Տերյան փողոցի վրա, հենց այս բնակարանում 1943 թվականին ծնվում է Գևորգ Էմինի և Նվարդի առաջնեկը՝ Վահանը: Հետագայում ընտանիքը համալրում է նաև երկրորդ որդին՝ Գրիգոր Էմին-Տերյանը:

Հիշու՞մ եք՝ ով էր Էմինի գրական առաջին ուսուցիչը. այո՛, Չարենցը: Գևորգ Էմինն ու Նվարդ Տերյանը որդեգրում և ընտանեկան ջերմություն են տալիս Եղիշե Չարենցի դստերը՝ Արփենիկին, որը հետագա ամբողջ կյանքի ընթացքում Նվարդին «մամա» էր կոչում: Նվարդ Տերյանը հիշում է․

«Հերթական անգամ, երբ լողացնում էի Արփենիկին, հասկացա, որ սա պատմական պահ է. փաստորեն Վահան Տերյանի դուստրը Եղիշե Չարենցի դստերն է խնամում»: 

Զույգը բաժանվում է…

Գևորգ Էմինի գրական գործունեությունը վերելք  է ապրում և 1951 թվականին նա արժանանում է Ստալինյան մրցանակի, դառնում խորհրդային կարևորագույն պարբերականներից մեկի հայաստանյան թղթակիցը: 1951 թվականին մահանում է Նվարդ Տերյանի մայրը՝ Անահիտը: Որոշ ժամանակ անց Գևորգ Էմին և Նվարդ Տերյան ամուսնական զույգը բաժանվում է։ Այդ բաժանությունն անխուսափելի էր և  դրան չխանգարեց անգամ երեխաների առկայությունը: Ամուսնալուծությունն ուղեկցվում է վեճերով ու ծանր դատավարությամբ։ Գումարվում է նաև  Նվարդի հիվանդությունը․ նրա մոտ թոքախտ է ախտորոշվում…

Նոր սեր, նոր մուսա

Որոշ ժամանակ անց Գևորգ Էմինն ամուսնանում է Արմենուհի Ղամբարյանի հետ: Արմենուհին ուսուցչություն էր արել Թիֆլիսում, իսկ Երևանում աշխատում էր որպես թերթի խմբագիր: Նրանց առաջին հանդիպումներից մեկի ընթացքում Գևորգ Էմինն ասում է՝ «շատ գեղեցիկ եք, նման եք քնարական բանաստեղծությունների մի գրքույկի»: Նրանց ընդհանուր հետաքրքրությունները շատ-շատ էին, ինչը թերևս ամուր ընտանիքի կառուցման հիմք դարձավ։

 

Աղբյուրներ՝ Public TV Company of Armenia, zham.ru, www.wikiwand.com

 

 

 


Նրանց սերն ընդհատվեց Ցեղասպանությամբ. [Դանիել Վարուժան, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Սևակ]

Գրիգոր և Կլարա Զոհրապ. մի սիրո պատմություն

Բակունցը, Ժենյան ու «Ալպիական մանուշակը»

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

Լևոնն ու Արիանան. սիրուն սիրո պատմություն

Խաչատուր Աբովյանի սերերն ու ժառանգները…

Սարոյանի հրեա սերն ու կինը. Քերոլ

Խելագար սիրո ու փերֆորմանսի պատմություն. Մարինա Աբրամովիչ և Ուլայ

3 սիրո պատմություն հայ դասականներից

Իսահակյանն ու Շուշանիկը, Իսահակյանն՝ առանց Շուշանիկի

Հայ գրողների սիրո պատմությունները

Աստղիկ և Վահագն. մի հեթանոսական սիրո պատմություն

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Ֆրունզիկ և Դոնարա Մկրտչյաններ…

Օսիպ և Նադեժդա Մանդելշտամ. սեր կյանքի տևողությամբ

Ծաղրածուի սերերը. Լեոնիդ Ենգիբարյան