Գրականությո՞ւն, թե՞ ոչ [Հովհաննես Հովակիմյան] - VNews

 Գրականությո՞ւն, թե՞ ոչ [Հովհաննես Հովակիմյան]

Արվեստի բաժանումը դեռ վաղուց ընդունված երևույթ է: Գեղագիտության մեջ արվեստի տեսակները նախ և առաջ դասակարգվում են երեք մեծ վերնագրերի տակ՝ ժամանակային, տարածական և համադրական: Ժամանակային արվեստի տեսակներից են, ասենք, թատրոնն ու երաժշտությունը, տարածական է, դիցուք, քանդակագործությունը, համադրականներն էլ նրանք են, որոնք, ինչ-որ առումով, իրենց մեջ ներառում են այս երկու տեսակները:
Այնուամենայնիվ, ժամանակակից արվեստի տեսակներն ու դրսևորումները գնալով ավելի ու ավելի են խտանում, և այս պարագայում անընդհատ փոխում են իրենց արվեստային խումբը՝ համախմբելով համադրական արվեստի տրամաբանության մեջ:
Դեռ նախորդ դարի կեսերից սկսած՝ գրականության և կինոյի կապը ահռելի էր թվում, և հիմա էլ, վերլուծելով վերջին շրջանի կինոմատոգրաֆիան և այն ստեղծագործությունները, որոնց հիման վրա նկարահանվում են ֆիլմեր, հասկանում ենք, որ գրականությունը ինչ-որ տեսանկյունից կապվում է մնացած արվեստների հետ՝ երաժշտության, կինոյի, թատրոնի հետ:
Այն, որ գրականությունը այսօր էլ առանց որևէ արվեստի հետ համարդվելու կենսունակ է, իսկություն է, բայց արդյո՞ք չկա այն վախը, որ գուցե գրականությունը կորցնի իր կենսունակությունը ժամանակային որևէ փուլում: Հարց, որը առաջանում է ժամանակակից գրականությունը ուսումնասիրելիս, բախվելիս այն իրողության հետ, որ ժանրերը գնալով ավելի են փոխլրացվում, ավելի են մխրճվում իրար մեջ, փոքրանում են, ինչ-որ առումով՝ ունենալով ավելի փոքր ընդգրկում:

Նախորդ դարի սկիզբներին բնորոշ մեծածավալ վեպերի այլևս չենք հանդիպում: Վեպեր, իհարկե, գրվում են, սակայն պետք է համաձայնենք, որ դրանք չունեն այն բովանդակային և գոյաբանական հարցադրումները, որոնք դրված էին ժանրի ստղեծումն ի վեր: Միլան Կունդերան իր «Վեպի արվեստը» էսսեի՝ «Սերվանտեսի թերագնահատված ժառանգությունը» գլխում անդրադառնում է վեպի պատմությանը, և դրա անցած շրջափուլերին՝ ինչ-որ տեղ հեգնելով վեպի մահը, ինչ-որ տեղ ցավելով դրա համար, իսկ ամենավերջում ազդարարելով մեզ ծանոթ վեպի պատմության ավարտը.
«Եվ հիմա մենք գիտենք, թե ինչպես է վեպը մահանում, այնպես չէ, որ այն անհետանում է. այն սայթաքում է իր պատմության ուղեծրից, նրանից հետո մնում է միայն կրկնությունների պարբերաշրջանը, երբ վեպը վերարտադրում է իր ձևը ոգուց զատված: Նրա մահը տեղի է ունենում թաքուն, հանգիստ, աննկատ, և ոչ ոք չի վնասվում»:

 Այսպիսով, հարցերը, որ առաջանում են, գրեթե միշտ ունեն միևնույն պատասխանը և այն հարցը, թե ինչո՞ւ, գալիս է քանիցս կրկնվող պատասխանը. գլոբալիզացիա:
Արդյո՞ք այս բարիք-չարիքը սպառնում է նաև արվեստին ու գրականությանը: Նախ՝ գրականության՝ որպես արվեստի բաժնի մեջ գլոբալիզացիան եկավ կոտրելու բոլոր ժանրերը՝ վեպից մինչև պատմվածք, ապա նաև գալիս է կոտրելու ժանրերը՝ առավել լայն առումով՝ պոեզիայից արձակ, և ապա ձեռքերը մեկնելու է դեպի արվեստի բաժանումներին՝ բոլոր արվեստի տեսակները հավաքելու մի ենթավերնագրի տակ՝ համադրական արվեստ:
Գեղարվեստական գրականության մի ստվարածավալ բաժին առհասարակ հենց այս համադրմանն է միտված. խոսքը դրամատուրգիայի մասին է: Այս գործերը պարզապես ստեղծված ու դատապարված են թատրոն ու կինո տեղափոխվելու: Իհարկե, իբրև առանձին ստեղծագործություններ, դրանք ունեն արժեքայնություն, սակայն, ի վերջո, դրանց գլխավոր գործառույթը համադրական արվեստի վերածվելն է:

Ժամանակակից հայ դրամատուրգիայի մեջ հանդիպել ենք նման հրաշալի դրամատուրգիական գործերի, ասենք՝ Վահրամ Սահակյանի  «Խաթաբալադան», որը հրաշալի ներկայացում է ու առավել քան մոտ է գրականություն կոչվելուն:

 Բոլորս էլ դիտում ենք ֆիլմեր, ու շատ ժամանակ մեզ մոտ զգացողություն է առաջանում, որ ֆիլմերից շատերը, կարծես, գրքեր լինեն, որովհետև հետևում և ենթարկվում են գեղարվեստական գրականության շատ ու շատ նորմերի ու տրամաբանությունների:
Հիմա այս էքսկուրսը առավել տեսանելի դարձնելու համար փորձենք բերել օրինակներ, թե, ի վերջո, այդ ո՞ր ֆիլմերի մասին է խոսքը, և արդյոք էական է ֆիլմի ու գրականության այս կապը:
Դեռ մեր կինոմատոգրաֆիայի նախորդ դարի պատմության մեջ կտեսնենք, թե որքան հեշտությամբ էին Հրանտ Մաթևոսյանի վիպակները վերածվում հրաշալի ֆիլմերի, ինպես էին Տիգրան Մանսուրյանի հրաշալի հնչյունները տեղավորվում այդ նույն ֆիլմերի մեջ՝ իբրև սաունդթրեք: Արդյո՞ք գրականության և երաժշտության այս համադրությունը ֆիլմի հետ առավել չհանրահռչակեց այս ստեղծագործությունները, և կամ, չհամարձակվելով անգամ փոքր-ինչ փոքրացնել Մաթևոսյանի և Մանսուրյանի անսահման տաղանդն ու ստեղծագործությունների արժեքը, այնումանենայիվ այս ստեղծագործությունները չօգտվեցի՞ն ֆիլմի տված հնարավորությունից և առավել մեծ մասսայականության չենթարկվեցի՞ն: Կարծում եմ, այնուամենայնիվ, այդպիսի գործոն կա այստեղ:
Հետևելով ժամանակակից ֆիլմերին ու դիտելով, ասենք, լեհ ռեժիսոր Պավլիկովսկու ֆիլմերը՝  «Իդան»  և կամ  «Սառը պատերազմը», ստիպված եմ լինում դրանք համարել գրականություն: Հետևելով Տարանտինոյի ֆիլմերին՝ սկսած  «Քրեական ընթերցանությունից» մինչև «Մեկ անգամ Հոլիվուդում», ականատես եմ լինում այնպիսի հնարքների, որոնք առաջ առավելապես բնորոշ էին գեղարվեստական գրականությանը, խոսքը, օրինակ, կոմպոզիցիոն շրջանակի հնարքի մասին է: Գեղարվետսական գրականության և կինոմատոգրաֆիայի կապը առավել տեսանելի է լինում, ասենք, Չաք Պալանիկի  «Մարտական ակումբ» վեպի ստացված էկրանավորման, և կամ, Դեն Բրաունի վեպերի էկրանավորումների պարագայում: Գրականության համար կենսական կռվա՞ն է սա, թե՞ քմահաճույք: Հարցադրումը դեռ երկար ժամանակ կմնա անպատասխան։

 Հիմա մի փոքր անդրադարձ երաժշտության և գրականության կապին ու համադրմանը:
2016 թվականին գրականության Նոբելյան մրցանակի արժանացավ Բոբ Դիլանը, թեև ինքը հրաժարվեց այդ մրցանակից, սակայն հիմնահարցը, ինչպես հսկայական մի պատ, ծառացավ մեր առջև: Ի վերջո, երգերի տեքստերը գրկանաությո՞ւն են, թե՞ ոչ: Ի վերջո, Վլադիմիր Վիսոցկու վերաբերյալ այս տարակարծությունը ևս կարող է դրսևորվել. երգի՞չ, թե՞ բանաստեղծ։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Զեմֆիրայի երգերի տեքստերի վերաբերյալ։
Հայ հեղինակային երգի ասպարեզում նախորդ դարավերջին առաջ եկան Արթուր Մեսչյանի և Ռուբեն Հախվերդյանի անունները: Եթե Մեսչյանը գործիքավորում և երգի էր վերածում հայտնի հայ բանաստեղծների ստեղծագործություններ ևս՝ ասենք, Մուշեղ Իշխանի, Ռազմիկ Դավոյանի, ապա Հախվերդյանի մոտ այս երևույթը գրեթե չենք նկատում: Այս տեքստերում արդյո՞ք չկա գեղարվեստական գրականություն: Հիշելով թեկուզ միայն «Թռիչքը» երգի տեքստը, կարող եմ պնդել, որ սա գրականությանը նվազագույնը մոտ է: Հախվերդյանի առավել պատմողական երգերը արդյո՞ք չեն նմանվում պատմվածքի և կամ հետաքրքիր ու առօրեական որևէ պատմության:
Վերջերս մեզ լսելի դարձավ  «Project LA» խումբը, որը սկսեց գործիքավորել ու երգերի վերածել հայ մեծանուն պոետների բանաստեղծությունները. արդյո՞ք հենց սա համադրական արվեստի դրսևորում չէ:
Ու, ի վերջո, մեկ անդրադարձ ռեպի երաժշտական ժանրին: Ռեպը ոչ այլ ինչ է, քան բանաստեղծության ինտերակտիվ ընթերցանույթուն՝ որոշակի երաժշտական ռիթմի կամ մեղեդու ուղեկցությամբ: Սա գրականությու՞ն է, թե՞ ոչ, ու արդյո՞ք գրականությունը իրեն ազատ ու, ինչ-որ տեղ, փողոցային խոսք կարող է թույլ տալ: Շատ մեծանուն գրողների գործերում մենք շատ ենք հանդիպել բառապաշարի նման շերտի կիրառության: Ու, ի վերջո, հայկական ռեպի իրականության մեջ վերջին տարիներին ականատես ենք լինում մի հետաքրքրական խմբի՝ «3.33» անվամբ, որի ստեղծման առաջին իսկ օրվանից մենակատարներից Ֆելիքս Խաչատրյանը նշում էր, որ իրենց գլխավոր սկզբունքը առանց հայհոյանքի ռեպ ստեղծելն է: Առ այսօր դա նրանց մոտ ստացվում է: Իսկ մեկ այլ ռեպերի՝ Միշոյի ռեպերում ևս շատ էական և կարևոր միտում է նկատվում վերջին շրջանում. նրա տեքստերը այլևս ունեն լուրջ ու խորը հարցադրումներ, խնդիրների վերհանման գործառույթ, ուղիղ արձագանք իրականությանը: 

Գրականությու՞ն, ի վերջո, թե՞ ոչ…

Հովհաննես Հովակիմյան


էսսե՝ խիստ սիրային, խիստ վանաձորյան

Ալֆոնս Դոդեն ասել է…

Օրվա մեղեդի

Կարդում ենք արևմտահայ պոեզիա

Սերը տևում է մեկ բանաստեղծություն. Նարեկ Կոսմոս

Աղբ թափելու բերկրանքն արտակարգ դրության պայմաններում

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

QUIZ․ ո՞ւմ տողերն են… ժամանակակից հայ գրականություն

Իլյա Խրժանովսկու «Դաու» մեգամասշտաբային նախագիծը ապրիլին հասանելի կլինի համացանցում

Ի՞նչ դիրքերով էին գրում դասականները…

Հեռավար ուսուցում, կամ ինչպես խելքը թռցնել…

Մի օպերայի պատմություն. հուշագրություն

Tango Nuevo. Աստոր Պիացոլա

Հասմիկ Սիմոնյան. բանաստեղծություններ

Վախթանգ Անանյան…

Անտոնիո Լուչիո Վիվալդի