Լուսավորչի աջը. [ըստ ավանդության և ըստ պատմիչների] - VNews

Լուսավորչի աջը. [ըստ ավանդության և ըստ պատմիչների]

Գրիգոր Ա Լուսավորչի աջ ձեռքի սուրբ մասունքները  5-րդ դարում ամփոփվել են բազկի և մատների ձև ունեցող արծաթե պատյանում ՝Աջի մեջ։ Հայ եկեղեցու ավանդական կանոնադրությամբ կաթողիկոսարանում Լուսավորչի աջի առկայությունը պարտադիր է՝ որպես հայրապետական աստիճանի խորհրդանիշ, որի զորությամբ են տրվում օրհնություններն ու կատարվում օծումները։ Լուսավորչի աջը սուրբ Խաչափայտի ու Աստվածամուխ սուրբ Գեղարդի հետ, գլխավոր սրբությունն է և գործածվում է սուրբ Լուսավորչի մյուռոնի օրհնության ժամանակ։

Գրիգոր Ա Լուսավորչի վախճանվելուց կարճ ժամանակ անց նրա նշխարները տարածվել են ողջ Հայաստանում:

Ըստ ավանդության…

Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը հայոց մեծագույն սրբերից մեկի հիշատակին նվիրված երեք տոներից մեկն է: Ըստ ավանդության՝ հայոց մեծ դարձից հետո Ս. Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն ավարտում է ճգնակեցությամբ՝ Սեպուհ լեռան Մանեի այրում, որտեղ էլ վախճանվում է 326 թվականին: Նրա մարմինը գտնում են հովիվները, որոնք, չճանաչելով մահացած կաթողիկոսին, մարմինը ծածկում են քարակույտի տակ: Հետագայում Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսիլքով հայտնում է իր նշխարների տեղն աշակերտներից Գառնիկ Բասենցուն, որից հետո Հայրապետի նշխարները տեղափոխվում և ամփոփվում են Դարանաղի գավառի Թորդան գյուղում:

Ըստ Պատմիչների…

Ղազար Փարպեցին գրում է…

Ըստ Ղազար Փարպեցու՝ Վարդանանց ժամանակ, երբ նախարարները կեղծ ուրացությամբ վերադառնում էին Պարսկաստանից, հոգևոր դասը եկողներին իրենց քրիստոնյա լինելը հիշեցնելու և դարձի բերելու համար ընդառաջ է ելել «առաքելանման նահատակ Սուրբ Գրիգորի նշխարներով»: Նրա հաջորդ վկայությամբ, երբ Վահան Մամիկոնյանը «Հայոց ուխտապահ նախարարներով հանդերձ» վերադարձել է Պարսկաստանից , Հովհաննես Ա Մանդակունին նրանց դիմավորել է «ճգնավոր նահատակ Գրիգորի սուրբ նշխարներով, որոնցով էլ նրանց բոլորին ճանապարհել էր դեպի արքունիք»:

Վարդան վարդապետի հիշատակություններում…

Վարդան Վարդապետը գրում է, որ նշխարների բազմաթիվ տեղափոխություններից հետո  իր օրոք մնացել էր միայն «Աջն լուսընկալ և շնորհաբաշխ»: Լուսավորչի աջով Հայոց կաթողիկոսները բացառիկ դեպքերում օրհնել են ժողովրդին։ Կոստանդին Բ Կատուկեցին, հարկադրաբար հրաժարվելով կաթողիկոսական աթոռից, զգեստավորվել է հայրապետական հանդերձներով, բարձրացրել Լուսավորչի աջը, օրհնել Հայոց թագավորությունն ու ամենայն աշխարհը և հեռացել կաթողիկոսարանից։ Հռոմկլայի անկումից հետո եգիպտական սուլթանը գերի է տարել Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն՝ կաթողիկոսարանի սրբություններով և Լուսավորչի աջով հանդերձ։

Ըստ Առաքել Դավրիժեցու…

Ըստ Առաքել Դավրիժեցու՝ Լուսավորչի աջը, գերեվարվելով Եգիպտոս, «երբ մտավ նրանց ապարանքը, պատժեց նրանց մահվամբ, ինչպես տապանակի միջոցով (պատժվեցին) այլազգիները: Արդեն անհամար ու անթիվ էին մեռելները, երբ սուրբ Լուսավորիչ Գրիգորի աջ ձեռքը վերադարձրին Կիլիկիա՝ Հեթում Բարեպաշտ թագավորին: Ապա ցասումը դադարեց նրանց նկատմամբ»։ Այսպիսի եզակի համեմատություն է արվում Հին կտակարանի գլխավոր սրբության՝ Ուխտի տապանակի հետ, Լուսավորչի աջը համարելով Հայոց Ուխտի տապանակ։

Մասունքների պաշտամունքը մեծացել է կրոնական մաքառման շրջանում՝ Քաղկեդոնի ժողովից հետո։ Գրիգոր Ա Լուսավորչի լույս նշխարները հիշատակել են նաև մատենագիրներ Սեբեոսը, Մովսես Կաղանկատվացին (7-րդ դար), Հովհաննես Ե Դրասխանակերտցին (9–10-րդ դար), Ասողիկը (10-րդ դար), Վարդան Արևելցին, Կիրակոս Գանձակեցին, Մխիթար Այրիվանեցին (13-րդ դար), Առաքել Դավրիժեցին (18-րդ դար) և այլոք։

 


Պատմության ամենաերկարատև գահակալությունները. 10 գահակալ

20-րդ դարի 5 հայտնագործություն, որ փոխեցին մեր կյանքը

Ինչպե՞ս ծնվեց և ընդունվեց ՀՀ օրհներգը

Ժողովուրդների և ամբոխների մասին. Գյուստավ Լե Բոնի եզրակացությունները

Նախիջևան. [ավանդազրույց, պատմական ակնարկ]

Արցախյան հիմնախնդիր. ժամանակագրություն

Լենի Րիֆենշտալ. Կերտելով արվեստ նացիստական պրոպագանդայի կայսրությունում

Պատմության ամենադաժան տիկնայք… 3 պատմություն

Ինչպե՞ս է առաջացել «Արցախ» անունը… (ավանդազրույց)

Կուբաթլուի ազատագրումը… 1993 թվական

1 դար առաջ. թուրք-հայկական պատերազմ

5 միֆ, որոնց հավատացել ենք

Ինչպես հայերը վաստակեցին կոնյակ բառը գործածելու իրավունքը…

Ժողովրդի սիրելին… Արտաշես արքան ավդանդազրույցներում

Գեղարդի հրաշագործ ուժը. Հրաչ Բեգլարյանի «Հրաշապատում»-ից

Մի լուսանկարի պատմություն [Մհեր Մկրտչյանի մկրտությունը]