Գրողի տարած քաղաքը [էսսե] - VNews

Գրողի տարած քաղաքը [էսսե]

․․․իսկ վերադարձը լավ ստացվեց։

Անհնար է 2 ու կես ժամ նույն տաքսիով գնալ ու անծանոթ մնալ՝ իրար դարդերից անտեղյակ, իսկ համըդնհանուր դարդը մեկն է՝ կնացաղային, խնջույքի սեղանի շուրջ արդեն մի-մի շիշ կոնծածի քննարկելիք քաղաքականությունը․երկրիրը՝ դրսից, ներսից, երկիրը սիրելը, սիրո անարժան երկիրը, մեռնելու արժանին, Ղարաբաղը, «կերան», «ծախեցին», «կերան», սովետը, Լևոնը, փոքր ու մեծ ֆիգուրները, բոլոր այն անունները, որոնք ականջի ծայրով մի տեղ լսվել են, մի տեղ աղչքին դիպել՝ անցել։
Տաքսիում հինգն էինք՝ ժամանակին պատմության քննությունն արտագրած վիրաբույժը, որին հրաժավել էին բուհ ընդունել առավելապես «Կոմերիտ» չլինելու պատրվակով, զինվորականը, որը ճանապարհին ինչ ծակ ու ծուկ կար՝ կա՛մ կռվել էր, կա՛մ գոնե կռիվ էր արել, վարորդը յուրահատուկ էր՝ ամբողջ կյանքում հենց միայն վարորդ աշխատած, կողքին նստած երիտասարդից էլ մինչև իջնելու պահը բան չիմացանք․միայն թե ականջակալներից խորոված-քյաբաբը թափվում էր։

Երկինքը սարսափելի սիրուն էր այսօր․ երկինքները՝ Կիրովականից դեռ դուրս չեկածն ու Երևան դեռ չմտածը։

Խաչմերուկից խաչմերուկ մտքեր են գալիս, Սպիտակը դուրս եկանք, ճանապարհը գրել է տալիս․ մտածում եմ՝ դե լավ, ես հո Վանոն չե՞մ՝ ճանապարհի մասին ճկուն ու լավ գրեմ, հետո էլ՝ բայց լավ, ես էլ հո Վանո կարդացել եմ, որ մի երկու միտք իրար կապեմ։
Մինչև Ապարան ես էի, երկինքն էր։ Կողքիս զինվորականին դեռ ամենասկզբում ներողություն էի ասել, որ ծնկներս մի քիչ իր փայ նստարանին հայտնվեն․նա էլ չէր բողոքում։ Երկինքն էր, ես էի՝ հեռացողի ենթագիտակցական տպավորությամբ, հեռացողի արհեստական հայացքով, որովհետև թե հայացքդ իսկապես մնալ ուզեր՝ կմնայիր։ Ես, երկինքը, թողած քաղաքն ու սերերը, թողած մարդիկ, որ ամեն վերադարձի հետ ավելի են հեռվանում։ Իսկ դու ամեն կիսածանոթին ժպտացիր, գյուղի երթուղայինից իջնելիս դիտավորյալ հազարանոց պարզեցիր վարորդին, որ մանրը տալու հետ մի բան ասի, ասի ՝ ո՞նց ես, դու էլ թե՝ լավ եմ, բայց կարոտում եմ, հեռացողի արհեստական հայացքով ասես, որովհետև, թե հայացքդ իսկապես մնալ ուզեր․․ ինչ որ է։ Վարրորդը հարցրեց, ասաց՝ «Էս մի հ՞ատ»։ Հա՜, մեկը։
Հա ուրեմն, Ապարան չհասած ճանապարհը որոշեցի նկարել։ «Չխկի» հետ մեկտեղ զինվորականն ու վիրաբույժը միանգամից լռեցին՝ այդպես էլ օդում թողնելով, այն հարցը, թե վերջիվերջո Առաջին հանրապետության տարիներին Կարսը վրացիք ծախեցին, թե ռուսները։ «Թողած Կարսում, գետի ափին, տուն` շինված անտաշ քարով, Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով»․ թքա՜ծ վրացիների վրա էլ, ռուսների էլ, եթե անգամ Չարենցն է Կարսը թողել․չէ տրամաբանություն չկա, բան էր՝ անցավ մտքովս։ Վարորդն ասում է՝ չխկոցիցդ թվաց, թե արագաչափն է մեքենաս նկարել․նախ չխկացողը ես չէի՝ հեռախոսն էր, հետո էլ՝ ասեք ինձ, գասպադա չիտածիլի, արագաչափով նկարվելիս մեքենայումդ չխկո՞ց է լսվում․ չէ, տրամաբանություն չկա, բան էր՝ անցավ մտքով։ Բայց ամեն մտքի անցելիք չի չէ՞, որ բարձրաձայնում են։

(Ամեն դեպքում, այդ գրողի տարած քաղաքը սիրել ու գրել է տալիս՝ իր մեջ ու իրենից հետո․Կիորվականը, այսինքն, գրողի տարած ու «տարած» գրողների քաղաքը)։

Ապարանում ինչպես միշտ․ 5 րոպե՝ ծխելու, լռելու, «Գնթունիքի»։ Վիրաբույժն ինձ համար պուրի բերեց, իսկ զինվորականին երևի, այնուամենայնիվ, ծնկներս ճանապարհին խանգարել էին։ Շարժվեցինք, «ռադիո Ջանն» ավանդաբար ինչ-որ բան է կլկլացնում, վարորդն էլ այնպիսի պատասխանատվությամ է մատներով ղեկին ռիթմը պահում, որ թվում է, թե մի պահ դադարի այնտեղ՝ ռադիոընդունիչի մեջ երաժիշտները կկորցնեն հաշիվն ու կդադարեն նվագել։ Հիմա ինչպե՞ս չասեմ՝ հարգելի՛ս, մի կտկտաՑԵՔ։
Լինում է չէ՞, որ երկուսի զրույցն ականջներդ 1 ժամ սղոցել է, բայց «առանց ռսի մենք ո՞վ ենք» արտահայտությունից հետո մի այնպիսի ջղայնությամբ ես քիթդ խոթում, որ 1 ժամվա լռության տեղը հանում ես։ Խոսում եմ ու մտածում՝ Լուսանե, հոգի՛ս, այնուամենայնիվ լավ ես ստացվել։ )
Մինչև Երևան․ սովետական դպրոց՝ մսաղաց, սովետական կոլեկտիվ արդյունաբերության քաղաքականության հետևանք՝ Երրորդ հանրապետության անելանելի վիճակ, էլի վիճելի ֆիգուրներ, ժամանակակից դպրոց՝ նույն մսաղացը։
Երևան ենք, վարորդն իր կողքի երիտասարդին իջնելիս ասում է՝ լավ է, բան չլսեցիր, նա էլ թե՝ մի ականջով լսում էի, բայց ես տենց բաներ չգիտեմ, «թուրք ըլի՝ գնամ սըպանեմ»։ Հըմ, նույն մսաղացը․․․
Երևան ենք․ վարորդն ինձ տուն հասցրեց, ասաց՝ ուշ է, ջահել աղջիկ ես։

․․․ Երևան ենք, Երևանում էլ հայացքդ երկնքին չի հասնում, Երևանում տեղի-անտեղի Չարենցը միտքդ չի գալիս։