«Գրքի բանկը» սկսում է հերթական գրքահավաքը - VNews

«Գրքի բանկը» սկսում է հերթական գրքահավաքը

Հունիսի 23-ին, 19.00 Երևանի Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի դիմաց տրվեց «Գրքի Բանկ» նախագծի երրորդ փուլի պաշտոնական մեկնարկը։

Ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը, հայաստանյան տարբեր հրատարակչությունների ներկայացուցիչներ և շատ գրքասերներ, որոնք տասնյակ գրքեր էին բերել՝ դառնալով «Գրքի Բանկ» գրքահավաք-բարեգործական նախագծի առաջին նվիրատուներն ու մեկամյա ընթացքի լավ և ակտիվ մեկնարկ ապահովողները։

Ներկաները և կազմակերպիչները կարևորեցին «Book Bank»-ի կատարած աշխատանքը՝ գիրքն ու ընթերցանությունը հանրայնացնելու և տարածելու գործում։

«Այստեղ արդեն այնպիսի գրքեր եմ տեսնում, որոնք ինքս կցանկանայի ունենալ և որոնք պատիվ կբերեին ցանկացած գրադարանի», – նշեց գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը։

«Գրքի հանրայնացման և տարածման, գրադարանների համալրման հետ կապված ցանկացած նախաձեռնություն ողջունելի է։ Այն, որ մեր նվիրած գրքերը կարող են այլ մարդկանց ինչ-որ օգուտ տալ, արդեն իսկ ոգևորիչ է։ Վստահ ենք, որ Vivaro News-ի այս նախաձեռնությունը կլինի շարունակական և գնահատված», – ասաց գրականագետ, ԵՊՀ դասախոս, «Զանգակ» հրատարակչության գլխավոր խմբագիր Հայկ Համբարձումյանը։

Կային մարդիկ, ովքեր տասնյակներով գրքեր էին բերել և ոգևորությամբ դրանք տաղավարի մեջ դնելով։ Միայն 15 րոպեների ընթացքում հարյուրից ավելի գիրք հավաքվեց: Լավ սկիզբը լավ ընթացքի երաշխավորն է:

Հիշեցնենք, որ այս անգամ «Բուք Բանկի» կազմակերպիչն է Vivaro News լրատվական կայքը՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Մեկ տարվա ընթացքում հավաքված գրքերը նախագծի աշխատանքային թիմի կողմից խնամքով կդասակարգվեն և կտարվեն տարբեր համայնքային գյուղական գրադարաններ, զորամասեր՝ այնտեղ ուր մարդիկ գրքի և ընթերցանության կարիքն ունեն:

Նվիրե՛ք գիրք, գիրքը լավագույն նվերն է:

 

 

 

 

  • 15