-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ամերիկացի նկարիչ և ռեժիսոր Ջուլիան Շնաբելի «Սկաֆանդրն ու թիթեռնիկը» ժամանակին առաջադրվել է «Օսկար»-ի, հաղթել «Սեզար»-ի, Կաննի կինոփառատոնի, Բրիտանական ակադեմիայի և «Ոսկե գլոբուս»-ի պատվավոր մրցանակները, նկարահանվել ֆրանսիացի խմբագիր և գրող Ժան–Դոմինիկ Բոբիի ինքնակենսագրական գրքի հիման վրա: Ամենատպավորիչն ու անիրականն (որը դե ֆակտո իրական է) այն է, որ Բոբին «գրել է» իր կենսագրականը միայն թարթելով:
Ինչպես դա եղավ՝
Կատարյալ առողջ տղամարդն իր որդու հետ գնում էր թատրոն, երբ ճանապարհին կաթված ստացավ։ 20 օր անց արթնացավ՝ գիտակցելով, որ իր բոլոր օրգաններն անշարժ են, բոլորն այլևս իր ենթակայության տակ չեն, բացի ձախ աչքից: Բոբին կաթվածն այնքան ուժգին տարավ, որ դարձավ անդամալույծ: Նա լսում է, հասկանում, տեսնում, բայց բացարձակ և ընդհանրապես չի կարողանում շարժվել: Այդ ժամանակ լոգոպեդը մշակում է հաղորդակցման հատուկ համակարգ. մեկ անգամ թարթելը «այո» է, երկու անգամը` «ոչ»: Որպեսզի ամբողջությամբ պարալիզացված Բոբին կարողանա նախադասություններ և բառեր կազմել՝ հատուկ իր համար կարդում են այբուբենը, և երբ ճիշտ տառին են հասնում՝ նա թարթում է ձախ աչքը: Միակ կենդանի և հնազանդ օրգանը։ Հենց այդպես, թարթելով էլ նա ամենասկզբում ասաց, որ ուզում է մեռնել, հետո խոսեց ամենակարևոր հույզերի մասին՝ օգտագործելով աչքի «ապարատը» իբրև լացելու՝ ինքնաարտահայտվելու և հաղորդակցվելու՝ խոսելու միջոց։
Բոբին ապրում էր շքեղ և բարեկեցիկ կյանքով. Շնաբելը պատկերում է հմայիչ տղամարդու առօրյան, իր սնդուսափայլ կյանքը ֆրանսիական Elle–ի խմբագրի կարգավիճակում՝ խնջույքներ, սլացիկ մոդելներ, ճոխ մեքենաներ, երջանիկ երեխաներ և սիրելի կանայք։ Անմիջապես այդ ֆլեշբեքերից մենք՝ Բոբիի պատյանը՝ սկաֆանդրի մեջ պատված, վերադառնում ենք մոխրագույն հիվանդանոցային պալատ, որտեղ անշարժանում ենք գլխավոր հերոսի հետ և զգում բանտարկված լինելու բեռը սեփական, շարժական մարմնի յուրաքանչյուր բջիջով։
Ռեժիսոր Շնաբելի և դերասան Մատյե Ամալրիկի դուետը, որտեղ ժամանակ առ ժամանակ փոքր և էպիզոդիկ դերերով հայտնվում են մի շարք հիանալի դերասաններ (Էմանուել Սենյե, Ժան–Պիեր Կասել, Մաքս ֆոն Սյուդով) հոգու և ոգու կարողությունների ու անպարտելիության մասին է, աննախադեպ պատմություն, որը կոտրում է բոլոր հնարավոր դրույթներն ու կանխարգելիչները՝ ցուցադրելով ամենակարողության վարպետության դաս։
Շնաբելն ու Ամալրիկը կերտել են հզոր ֆիլմ ուժեղ մարդու մասին, բարձրաձայնել իրական պատմությունը, որից հետո ուզում ես շարժվել մարմնիդ յուրաքանչյուր օգտակար մկանն ու գործել՝ սլանալով առաջ։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո